Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-646
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.08.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

4 օգոստոսի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2006 թվականի մարտի 1-ին:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թ. հոկտեմբերի 7-ին` Երևանում, նպատակ ունենալով խրախուսել Կողմերի տնտեսական համագործակցությունը և փոխադարձ ներդրումները՝ դրանց համար ստեղծելով բարենպաստ պայմաններ։

Այդ նպատակի շրջանակում Հայկական կողմը պարտավորվում է .

ա) մյուս Կողմի ներդրումների և դրանցից ստացված եկամուտների համար տրամադրել ոչ պակաս արդար և հավասար ռեժիմ, քան նախատեսված է իր կամ ցանկացած երրորդ պետության համար,

բ) ապահովել ներդրումների լիարժեք և մշտական պաշտպանությունը և անվտանգությունը,

գ) չխոչընդոտել մյուս Կողմի ներդրումների ընդլայնմանը, կառավարմանը, պահպանությանը, տնօրինմանը, տիրապետմանն ու օգտագործմանը, երաշխավորել իր տարածքում կատարված ներդրումների հետ կապված դրամական միջոցների ազատ փոխանցումը,

դ) հրապարակել կամ այլ կերպ հասարակությանը մատչելի դարձնել այն բոլոր նորմատիվային ակտերը, որոնք կարող են ազդել մյուս Կողմի ներդրումների վրա (հ.4)։

Համաձայնագրում բերվում են Պայմանավորվող կողմերի ներդրումների առգրավման, ազգայնացման կամ նման իրավական հետևանքներ առաջացնող այլ միջոցների ձեռնարկման հիմքերը, նախատեսվում է ներդրումների օտարման հետ կապված, ինչպես նաև ընդունող Կողմի տարածքում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակների հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման կարգը:

Փաստաթուղթը սահմանում է նաև Կողմերի, ինչպես նաև Կողմի և ներդրողի միջև ծագած վեճերի լուծման կարգը: Վեճերը լուծող մարմինների շարքում նախատեսված է նաև Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը (ICSID)` հիմնված «Պետությունների և այլ Պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի հիման վրա։ Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում այդ կոնվենցիայի կողմ և, դա նկատի ունենալով, համաձայնագրում նշված է երկու Կողմերի մասնակցությունն այդ կոնվենցիային` որպես հիշյալ մարմնին դիմելու պայման։

2. Համաձայնագրում տեղ գտած որոշ ձևակերպումներ Կողմերի համար նույնանման չեն, ինչը համաձայնագրի կիրառման ընթացքում կարող է ստեղծել տարակարծություններ, մասնավորապես խոսքը վերաբերում է «իրավաբանական անձ», «ֆիզիկական անձ» հասկացություններին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


4 օգոստոսի 2006 թվականի
ՍԴՈ-646

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան