Ոչ պաշտոնական թարգմանություն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄԸՆՏԻՐ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն`
Ի ՎԵՐԱՑՈՒՄՆ ՄԱՀԱՊԱՏԺԻ
ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի 44/128 ԲԱՆԱՁևՈՎ
ՈԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ
Գլխավոր ասամբլեան`
վկայակոչելով 1948 թվականի դեկտեմբերի 10-ի իր 217 Ա (III) բանաձևով ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3 հոդվածը,
վկայակոչելով նաև 1966 թվականի դեկտեմբերի 16-ի իր 2200 Ա (XXI) բանաձևի հավելվածի բովանդակած Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 6 հոդվածը,
նկատի առնելով 1981 թվականի նոյեմբերի 25-ի իր 36/59 բանաձևով հաստատված 1980 թվականի դեկտեմբերի 15-ի իր 35/437 որոշումը` քննարկելու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրության նախագիծ մշակելու գաղափարը` ի վերացումն մահապատժի,
Նկատի առնելով նաև 1982 թվականի դեկտեմբերի 18-ի իր 37/192 բանաձևը, որով Մարդու իրավունքների հանձնաժողովին խնդրում էր քննարկել երկրորդ կամընտիր արձանագրության մշակման գաղափարը, ինչպես նաև 1984 թվականի դեկտեմբերի 14-ի իր 39/137 բանաձևը, որով Հանձնաժողովին և փոքրամասնությունների նկատմամբ խտրականության կանխման ու նրանց պաշտպանության ենթահանձնաժողովին խնդրում էր շարունակել այդ հարցի քննարկումը,
ուշադրության առնելով փոքրամասնությունների նկատմամբ խտրականության կանխման և նրանց պաշտպանության ենթահանձնաժողովի հատուկ զեկուցողի նախապատրաստած համեմատական վերլուծությունը (1),
ուշադրության առնելով նաև կառավարությունների արտահայտած կարծիքները` ի պաշտպանություն մահապատժի և դրա դեմ, և երկրորդ կամընտիր արձանագրության վերաբերյալ նրանց մեկնաբանություններն ու դիտողությունները, որոնք բերվում են Գլխավոր քարտուղարի համապատասխան զեկուցագրերում (2),
վկայակոչելով 1987 թվականի դեկտեմբերի 7-ի իր 42/421 որոշումը և Մարդու իրավունքների հանձնաժողովի 1989 թվականի մարտի 6-ի 1989/25 բանաձևը և Տնտեսական ու սոցիալական խորհրդի 1989 թվականի մայիսի 24-ի 1989/139 որոշումը, որոնց համապատասխան, հատուկ զեկուցողի նախապատրաստած համեմատական վերլուծությունն ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրության նախագիծը` ի վերացումն մահապատժի, ուղարկվել էին Գլխավոր ասամբլեա` համապատասխան որոշում ընդունելու համար,
ձգտելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի մասնակից պետություններին հնարավորություն ընձեռել իրենց ցանկությամբ դառնալու այդ դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրության մասնակիցներ,
քննարկելով երկրորդ կամընտիր արձանագրության նախագիծը`
1. իր երախտագիտությունն է հայտնում Մարդու իրավունքների հանձնաժողովին և փոքրամասնությունների նկատմամբ խտրականության կանխման ու նրանց պաշտպանության ենթահանձնաժողովին` նրանց կատարած աշխատանքի համար.
2. ընդունում է և ստորագրման, վավերացման ու միանալու համար բացում Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրությունը` ի վերացումն մահապատժի, որ բովանդակում է սույն բանաձևի հավելվածը.
3. բոլոր կառավարություններին, որոնք կարող են դա անել, կոչ է անում քննարկել երկրորդ կամընտիր արձանագրությունն ստորագրելու և վավերացնելու կամ նրան միանալու հարցը:
82-րդ լիագումար նիստ, 15 դեկտեմբերի, 1989 թվական |
Հավելված
|
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունը` ի վերացումն մահապատժի
Սույն արձանագրությանը մասնակից պետությունները` համարելով, որ մահապատժի վերացումը կնպաստի մարդկային արժանապատվության ամրապնդմանը և մարդու իրավունքների առաջադիմական զարգացմանը, վկայակոչելով 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3 հոդվածը (3) և 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 6 հոդվածը (4),
նշելով, որ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 6 հոդվածը, որը վերաբերում է մահապատիժը վերացնելուն, այն չեղյալ հայտարարելու ցանկալիության ծանրակշիռ ուղեցույց է,
համոզված լինելով, որ մահապատիժը վերացնելու բոլոր միջոցները պետք է դիտել որպես առաջադիմություն` կյանքի իրավունքի ապահովման ասպարեզում,
ցանկանալով սույնով ստանձնել մահապատիժը վերացնելու միջազգային պարտավորություն,
համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.
Հոդված1
1. Սույն արձանագրության մասնակից պետության իրավասության ներքո գտնվող ոչ մի անձ մահապատժի չի ենթարկվում:
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում է իր իրավասության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար:
Հոդված 2
1. Չի թույլատրվում ոչ մի վերապահություն սույն արձանագրության առնչությամբ, բացառությամբ վավերացման կամ միանալու պահին արված վերապահումից, որով մահապատժի կիրառում է նախատեսվում պատերազմի ժամանակ` պատերազմական բնույթի առավել ծանրագույն հանցագործությունների կատարման համար մեղքի խոստովանումից հետո, որոնք կատարվել են պատերազմի ժամանակ:
2. Մասնակից պետությունը, որը նման վերապահություն է անում, վավերացման կամ միանալու պահին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հաղորդում է պատերազմի ժամանակ կիրառվող իր ազգային օրենսդրության համապատասխան դրույթների մասին:
3. Մասնակից պետությունը, որը նման վերապահություն է արել, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցում է իր տարածքին առնչվող ամեն մի պատերազմական վիճակի սկսվելու կամ դադարելու մասին:
Հոդված 3
Սույն արձանագրության մասնակից պետությունները, Դաշնագրի 40 հոդվածին համապատասխան, Մարդու իրավունքների կոմիտեին ներկայացվող զեկուցագրերում տեղեկություն են զետեղում սույն արձանագրության իրականացման համար իրենց ձեռնարկած միջոցների մասին:
Հոդված 4
Ինչ վերաբերում է Դաշնագրի մասնակից այն պետություններին, որոնք հայտարարություն են արել 41 հոդվածի համաձայն, ապա այն հաղորդումներն ստանալու և քննարկելու Մարդու իրավունքների կոմիտեի իրավասությունը, որ մասնակից ինչ-որ պետություն պնդում է, թե մի այլ մասնակից պետություն չի կատարում իր պարտավորությունները, տարածվում է սույն արձանագրության դրույթների վրա, եթե միայն շահագրգիռ մասնակից պետությունը հակառակը չի հայտարարել վավերացման կամ միանալու պահին:
Հոդված 5
Ինչ վերաբերում է 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից առաջին կամընտիր արձանագրության մասնակից պետություններին, ապա նրանց իրավազորության ներքո գտնվող առանձին անձանց հաղորդումներ ստանալու և քննարկելու Մարդու իրավունքների կոմիտեի իրավասությունը տարածվում է սույն արձանագրության դրույթների վրա, եթե միայն շահագրգիռ մասնակից պետությունը հակառակ հայտարարություն չի արել` վավերացման կամ միանալու պահին:
Հոդված 6
1. Սույն արձանագրության դրույթները կիրառվում են որպես Դաշնագրի լրացուցիչ դրույթներ:
2. Առանց սույն արձանագրության 2 հոդվածի համաձայն վերապահում անելու հնարավորության համար վնասի, սույն արձանագրության 1 հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքը ենթակա չէ նրանից որևէ շեղման` Դաշնագրի 4 հոդվածի համաձայն:
Հոդված 7
1. Սույն արձանագրությունը բաց է Դաշնագիրն ստորագրած ցանկացած պետության ստորագրման համար:
2. Սույն արձանագրությունը ենթակա է վավերացման ցանկացած պետության կողմից, որը վավերացրել է Դաշնագիրը կամ միացել նրան: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Սույն արձանագրությունը բաց է Դաշնագիրը վավերացրած կամ նրան միացած ցանկացած պետության միանալու համար:
4. Միանալն իրականացվում է միանալու փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով:
5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն արձանագրությունն ստորագրած կամ նրան միացած բոլոր պետություններին հաղորդում է յուրաքանչյուր վավերագրի կամ միանալու փաստաթղթի մասին:
Հոդված 8
1. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս անց:
2. Յուրաքանչյուր պետության համար, որը սույն արձանագրությունը կվավերացնի կամ նրան կմիանա տասներորդ վավերագիրը կամ միանալու փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո, սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում սեփական վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս անց:
Հոդված 9
Սույն արձանագրության դրույթները տարածվում են դաշնապետությունների բոլոր մասերի վրա` առանց որևէ սահմանափակման կամ բացառության:
Հոդված 10
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը այն բոլոր պետություններին, որոնց մասին ասված է Դաշնագրի 48 հոդվածի 1-ին կետում, հաղորդում է ներքոհիշյալի`
ա) սույն արձանագրության համաձայն վերապահումների, հաղորդումների և ծանուցումների,
բ) սույն արձանագրության 4 և 5 հոդվածների համաձայն արված հայտարարությունների,
գ) սույն արձանագրության 7 հոդվածին համապատասխան ստորագրումների, վավերացումների և միացումների,
դ) սույն արձանագրության 8 հոդվածի համաձայն նրա ուժի մեջ մտնելու ժամկետի մասին:
Հոդված 11
1. Սույն Դաշնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ենթակա է ի պահ հանձնման Միավորված ազգերի կազմակերպության արխիվ:
2. Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարը սույն արձանագրության հավաստագրված պատճեններն ուղարկում է այն բոլոր պետություններին, որոնք նշված են Դաշնագրի 48 հոդվածում:
1. E (CN. 4) Sub. 2 (1987) 20
2. A (36) 441 և Add. 1 և 2, A (37) 407 և Add. 1 և A (44) 592 և Add. 1
3. Բանաձև 217 A (III)
4. Տես բանաձև 2200 A (XXI)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|