Գլխավոր տեղեկություն
Համար
N 1008-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.08.2006-06.12.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/42(497) Հոդ.912
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2006 թվականի N 1008-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 487-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 487-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին» բառերով.

բ) որոշման 2-րդ կետի`

«բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն» բառերով,

«գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին» բառերով.

գ) որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին» բառերով.

դ) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 26
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 6-ի N 1008-Ն որոշման


 

«Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
 ապրիլի 13-ի N 487-Ն որոշման

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է (այսուհետ` կազմակերպություն)։

2. Կազմակերպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) 2006 թվականի ապրիլի 13-ի N 487-Ն որոշմամբ` հիմնադրման միջոցով։

3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, որը գործում է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով, 2006 թվականի մարտի 27-ին ստորագրված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով, դրան կից այն պայմանագրերով, որոնց կողմ է հանդիսանում կազմակերպությունը (այսուհետ` բոլորը միասին` համաձայնագիր), և սույն կանոնադրությամբ։

4. Հիմնադրի և կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրով և սույն կանոնադրությամբ։

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք:

6. Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

7. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

8. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

անգլերեն լրիվ` Millennium Challenge Account Armenia State Non-Commercial Organization,

հայերեն կրճատ` «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ,

անգլերեն կրճատ` MCA-Armenia SNCO։

9. Կազմակերպության գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1:

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

10. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համաձայնագրի կատարման վերահսկողությունն ու կառավարումն է, համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքների կատարումը։

11. Կազմակերպության խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության հաշվին` իր անունից համաձայնագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը, որպես Հայաստանի Հանրապետության գործակալ,

բ) համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում աշխատանքների կատարման ժամանակացույցի ու ծրագրի բյուջեի նախագծի կազմումը և կառավարման խորհուրդ ներկայացնելը,

գ) համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման մրցույթների անցկացումը,

դ) համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում աշխատանքների, ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման ժամանակ ներկայացված առաջարկների գնահատումն ու վերլուծությունը,

ե) համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման հետ կապված` իր լիազորությունների սահմաններում բոլոր տեսակի պայմանագրերի նախապատրաստումն ու ստորագրումը,

զ) համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման մոնիթորինգը` ներառյալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի համար ընդունելի ձևով հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը,

է) կապալառուների և մատակարարների կողմից համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունը,

ը) համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը,

թ) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը և (կամ) իրականացումը,

ժ) համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման հետ կապված վճարումների կազմակերպումը,

ժա) համաձայնագրի իրականացման շրջանակներում անհրաժեշտ կամ իրատեսորեն պահանջվող այլ գործողություններ:

12. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` «Ուրիշ խմբերում չներառված այլ ֆինանսական միջնորդություն (65.23.9)»:

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

13. Կազմակերպությունն օգտվում է համաձայնագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված արտոնություններից։

14. Կազմակերպության իրավունակությունը ծագում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

15. Կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ, համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով:

16. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:

17. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի, իսկ հիմնադիրը` կազմակերպության պարտավորությունների համար:

18. Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով։

19. Կազմակերպությունը պարտավոր է`

ա) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

բ) ապահովել կազմակերպության փաստաթղթերի պահպանումը.

գ) համաձայնագրով նախատեսված ծրագրի ավարտից հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) լիազորված պետական մարմնի կողմից իր տարեկան ֆինանսական հաշվետվության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում այն հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:

20. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության գործակալն է և համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հաշվին` Հայաստանի Հանրապետության անունից:

21. Կազմակերպությունն իր պահպանման ծախսերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կողմից որպես գործակալական վարձատրություն տրվող գումարների հաշվին: Համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում կազմակերպության պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրանում առանձին ծախսատեսակների նորմատիվները (ներառյալ աշխատավարձը) և հաստիքացուցակը հաստատվում են լիազորված պետական մարմնի կողմից:

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

22. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, կառավարման խորհուրդը և գործադիր մարմինը:

23. Կազմակերպության հիմնադրի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) կազմակերպության հիմնադրումը,

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,

գ) կազմակերպության կանոնադրության հաստատումը,

դ) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը։

24. Լիազորված պետական մարմնի իրավասության հարցերն են`

ա) կազմակերպության կանոնադրության փոփոխությունների ու լրացումների կատարումը,

բ) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը,

գ) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը,

դ) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը,

ե) կազմակերպության գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը,

զ) կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը,

է) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ հսկողության իրականացումը,

ը) կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ հսկողության իրականացումը,

թ) կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը,

ժ) կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը հաստատելը,

ժա) օրենքով, համաձայնագրով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթներ:

25. Կազմակերպության կառավարման խորհուրդը գործում է համաձայնագրով սահմանված կարգով և համաձայնագրով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

26. Կառավարման խորհուրդը բաղկացած է ձայնի իրավունք ունեցող 11 անդամից և ձայնի իրավունք չունեցող 2 դիտորդից: Կառավարման խորհրդի անդամները պետք է ընդունելի լինեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի համար` հաշվի առնելով պատշաճ ներկայացուցչությունը:

27. Կառավարման խորհրդի առաջին անհատական կազմը հաստատվում է հիմնադրի որոշմամբ, իսկ դրա մեջ փոփոխություններ կատարվում են լիազորված պետական մարմնի կողմից:

28. Կառավարման խորհրդի` ձայնի իրավունք ունեցող անդամներն են`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետը,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը,

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը,

դ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը,

ե) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը,

զ) Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը (կառավարման խորհրդի նշված 6 անդամներն այսուհետ` կառավարության ներկայացուցիչներ),

է) քաղաքացիական հասարակության 5 անդամ` նշանակված համաձայնագրով նախատեսված շահառուների հանձնաժողովի կողմից (կառավարման խորհրդի նշված 5 անդամներն այսուհետ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ):

29. Կառավարման խորհրդի անդամները չեն վարձատրվում:

30. Կառավարման խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

31. Կառավարության ներկայացուցիչները մասնակցում են կառավարման խորհրդի աշխատանքներին` ի պաշտոնե, և ոչ թե որպես անհատներ: Կառավարման խորհրդում հատկացված տեղերն զբաղեցնում են այդ պաշտոններն այդ պահին զբաղեցրած անձինք: Այն դեպքում, երբ կառավարության ներկայացուցչի մասնակցությունը կառավարման խորհրդի նիստին անհնար է, նրա փոխարեն նիստին կարող է մասնակցել ի պաշտոնե նրա հիմնական տեղակալը հանդիսացող պաշտոնատար անձը կամ վերջինիս պաշտոնին հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը:

32. Կառավարության 6 ներկայացուցչից յուրաքանչյուրը կարող է փոխարինվել համաձայնագրով նախատեսված ծրագրին առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներից մեկով, որը պետք է հաստատվի հիմնադրի և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից:

33. Քաղաքացիական հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է քաղաքացիական հասարակության մյուս ներկայացուցիչների մեծամասնության հաստատմամբ նշանակել փոխարինող, որը տվյալ անդամի փոխարեն (երբ նա չի կարող մասնակցել նիստին) կարող է մասնակցել կառավարման խորհրդի նիստին:

34. Կառավարման խորհրդի դիտորդներից մեկին նշանակում է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, իսկ մյուսին` համաձայնագրով նախատեսված շահառուների խորհուրդը: Շահառուների խորհրդի կողմից նշանակված` կառավարման խորհրդի անդամ հանդիսացող դիտորդը պետք է հանդիսանա բնապահպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ: Եթե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից որևէ մեկն արդեն իսկ ներկայացնում է բնապահպանական հարցերով զբաղվող որևէ հասարակական կազմակերպություն, ապա հենց այդ անդամն էլ կգործի որպես բնապահպանության դիտորդ` համաձայն համաձայնագրի:

35. Կառավարման խորհրդի դիտորդներն իրավունք ունեն մասնակցելու կառավարման խորհրդի բոլոր նիստերին և քննարկումներին, ստանալու կառավարման խորհրդին տրամադրված ամբողջ տեղեկատվությունը և բոլոր փաստաթղթերը, ծանոթանալու կառավարման խորհրդի փաստաթղթերին, պարզաբանումներ ստանալու կազմակերպության աշխատողներից, մուտք գործելու կազմակերպության աշխատավայրերը` կառավարման խորհրդի անդամներին հավասար պայմաններով:

36. Կառավարման խորհրդի բացառիկ իրավասություններն են և չեն կարող փոխանցվել կառավարման այլ մարմիններին`

ա) կազմակերպության աշխատակազմի, համաձայնագրին համապատասխան ծրագրի ընդհանուր իրականացման, կազմակերպության կողմից համաձայնագրով սահմանված իրավունքների և պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

բ) այն բոլոր գործարքների, գործունեության, պայմանագրերի կամ փաստաթղթերի հաստատումը, որոնց նկատմամբ համաձայնագրով պահանջվում է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությունը` ներառյալ մատակարարի համար նախատեսված հատկացման վերաբաշխման հաստատումը` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի պահանջով,

գ) այն բոլոր պայմանագրերի` ներառյալ դրանց փոփոխությունների, լրացումների, կասեցումների և լուծումների հաստատումը, որը կազմակերպության համար կարող է առաջացնել 100,000 ԱՄՆ-ի դոլարի (կամ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի և կազմակերպության կողմից սահմանված այլ գումար) և դրանից ավելի պարտավորություն, ինչպես նաև այն բոլոր գործողությունների հաստատումը, որոնց համար «Գնումների մասին» պայմանագրով պահանջվում է կառավարման խորհրդի հավանությունը,

դ) կազմակերպության կողմից «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի վճարման հայտագրի ներկայացումը,

ե) իրագործման պլանի, աուդիտի պլանների և աուդիտի արդյունքում տրված հանձնարարականների նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև կադրային համալրման պլանների հաստատումը,

զ) որևէ լրացուցիչ պայմանագրի կնքումը` ներառյալ դրա որևէ փոփոխությունը, լրացումը, դադարեցումը կամ լուծումը,

է) աշխատակազմի ձևավորումն ըստ համաձայնագրի,

ը) գլխավոր գործադիր տնօրենի, աշխատակազմի անդամների, ինչպես նաև
2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և ավելի ամսական վարձատրությամբ որևէ աշխատողի աշխատանքի ընդունումը, աշխատանքային պայմանագրի հաստատումը և աշխատանքից ազատումը,

թ) «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային կամ կառավարություն ներկայացվելիք հաշվետվությունների, պլանների և այլ փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաստատումը,

ժ) ծրագրի տարբեր մասերի միջև հատկացումների փոփոխումը,

ժա) կառավարման խորհրդի անդամների թվի ցանկացած փոփոխությունը (նախապես ստանալով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գրավոր համաձայնությունը),

ժբ) շահառուների հանձնաժողովի կազմի ցանկացած ընդլայնումը և (կամ) փոփոխությունը (նախապես ստանալով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գրավոր համաձայնությունը),

ժգ) շահառուների հանձնաժողովի տեսակետների կամ առաջարկությունների քննարկումը և, իր հայեցողությամբ, աշխատակազմից` իրեն կամ շահառուների հանձնաժողովին համապատասխան տեղեկությունների և փաստաթղթերի տրամադրում պահանջելը,

ժդ) ցանկացած որոշման ընդունումը, որը վերաբերում է կազմակերպության վերակազմակերպմանը, կազմակերպության լուծարմանը կամ կազմակերպության վերակազմակերպմանը` պայմանով, որ յուրաքանչյուր նման որոշման համար կպահանջվի քվորում ապահովող` նիստին ներկա գտնվող, ձայնի իրավունք ունեցող կառավարման խորհրդի անդամների ձայների 75 տոկոսի հաստատումը (նախապես ստանալով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գրավոր համաձայնությունը),

ժե) ցանկացած այլ գործունեություն, պայմանագիր, փաստաթուղթ կամ գործողություն, որի համար համաձայնագրով պահանջվում է կառավարման խորհրդի հավանությունը կամ, որն անհրաժեշտ է համաձայնագրի իրականացման համար:

37. Կառավարման խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի, այլ նիստերի ու ենթահանձնաժողովների նիստերի միջոցով: Կառավարման խորհրդի արտահերթ նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի, խորհրդի ցանկացած 2 անդամի կամ գլխավոր գործադիր տնօրենի պահանջով:

38. Կառավարման խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը:

39. Նիստի անցկացման վայրի, ամսաթվի, ժամի և օրակարգի մասին ծանուցումը պետք է գլխավոր գործադիր տնօրենի (կամ, նրա կարգադրությամբ, կազմակերպության քարտուղարության) կողմից տրվի կառավարման խորհրդի յուրաքանչյուր անդամին` հերթական եռամսյակային նիստի վերաբերյալ` առնվազն 7 օր առաջ, արտահերթ նիստի վերաբերյալ` առնվազն 48 ժամ առաջ, իսկ հեռախոսով ծանուցման դեպքում` առնվազն 24 ժամ առաջ: Կառավարման խորհրդի ցանկացած անդամ կարող է հրաժարվել ծանուցման իրավունքից: Նիստին մասնակցելը համարվում է ծանուցման ստացման հաստատում:

40. Կառավարման խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի աշխատասենյակում, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման վայր չնշանակի:

41. Կառավարման խորհրդի բոլոր նիստերի ընթացքում որոշումներ ընդունելու համար քվորում ապահովվում է ձայնի իրավունք ունեցող անդամների մեծամասնությամբ` պայմանով, որ այդ մեծամասնությունը պետք է ներառի առնվազն 2 քաղաքացիական հասարակության ներկայացուցչի,

ա) եթե կառավարման խորհրդի որևէ նիստում քվորում ապահովված չէ, ապա ներկա գտնվող կառավարման խորհրդի անդամներն իրավասու են նիստը հետաձգելու` մինչև քվորումի ապահովումը` առանց հավելյալ ծանուցման.

բ) եթե կառավարման խորհրդի որևէ նիստի ընթացքում քվորում ապահովված չէ, ապա կրկնակի նիստի համար քվորում կհամարվի կառավարման խորհրդի` ձայնի իրավունք ունեցող անդամների մեծամասնության ներկայությունը` պայմանով, որ կառավարման խորհրդի բոլոր անդամները կրկնակի նիստի մասին պատշաճորեն ծանուցվել են (կամ հրաժարվել են ծանուցումից), և կրկնակի նիստի օրակարգում փոփոխություններ չեն կատարվել:

42. Կառավարման խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև կառավարության հրավիրված անդամներ` խորհրդակցական ձայնի իրավունքով: Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել նաև օրակարգում ընդունված հարցերի գծով մասնագիտացած կամ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

43. Կառավարման խորհրդի` քվեարկելու իրավունք ունեցող յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայն: Բացառությամբ համաձայնագրով նախատեսված դեպքերի` կառավարման խորհուրդը որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ` պայմանով, որ որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 4 կողմ ձայն, ընդ որում, կողմ պետք է քվեարկի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից առնվազն մեկը: Եթե ձայները հավասար են բաշխվում, ապա նախագահի ձայնը վճռորոշ է: Կառավարման խորհրդի` դեմ քվեարկած անդամներն իրավունք ունեն ներկայացնելու հատուկ գրավոր կարծիք, որը պետք է կցվի նիստի արձանագրությանը: Կառավարման խորհրդի որոշումներն ստորագրում է նախագահը:

44. Եթե համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, ապա կառավարման խորհուրդը կարող է որոշումներ ընդունել գրավոր համաձայնությամբ` առանց նիստ հրավիրելու, պայմանով, որ կառավարման խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է գրավոր ծանուցում ընդունվելիք որոշման մասին, և ձայնի իրավունք ունեցող կառավարման խորհրդի անդամների մեծամասնությունը, ներառյալ քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ, համաձայնել են որոշման հետ: Անկախ նշվածից` կառավարման խորհրդի առնվազն 2 անդամի պահանջով կառավարման խորհուրդը հրավիրում է նիստ (հեռախոսով կամ այլ կերպ)` նախքան գրավոր համաձայնությամբ նման որոշում ընդունելը:

45. Եթե համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, կառավարման խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռախոսակապով, տեսահամաժողովի կամ հաղորդակցության այլ այնպիսի միջոցներով, որոնք նիստի բոլոր մասնակիցներին թույլ են տալիս լսել միմյանց և խոսել միմյանց հետ:

46. Կառավարման խորհրդի նիստերն արձանագրվում են, և արձանագրությունները կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո երկշաբաթյա ժամկետում տեղադրվում են MCA-Armenia ինտերնետային կայքում: Կառավարման խորհրդի նիստերի արձանագրությունները պետք է պարունակեն նիստի օրակարգը, նիստի մասնակիցների անունները, քննարկված հարցերը, ընդունված որոշումները, այդ թվում` գրավոր համաձայնությամբ ընդունված որոշումները:

47. Կազմակերպության գործադիր մարմինը (աշխատակազմը (տնօրենը և մյուս աշխատողները) աջակցում է կազմակերպության կառավարման խորհրդին` համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման վերահսկողության գործում, իրականացնում համաձայնագրով նախատեսված ծրագրի ընդհանուր կառավարումը, այդ թվում`

ա) մշակում, փոփոխում և վերահսկում է իրագործման պլանի բոլոր մասերը, աուդիտի պլանները և աուդիտի արդյունքում տրված հանձնարարականների նկատմամբ վերաբերմունքը, կադրային պլանները և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի` վճարումների հայտագրերի պատրաստումը և ներկայացումը կառավարման խորհրդի հաստատմանը, ինչպես նաև հետևում նշված խնդիրների իրականացմանը.

բ) կառավարում, իրականացնում, համակարգում և վերահսկում է ծրագրի և նախագծերի մոնիթորինգն ու գնահատումը.

գ) մշակում, վերահսկում, կառավարում, համակարգում և իրականացնում է ծրագրեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել համաձայնագրի արդյունավետ իրագործմանը նպաստելու համար, ինչպես նաև ձեռք է բերում ու պահպանում կառավարման տեղեկատվական համակարգեր` ապահովելու համար ֆինանսական և ծրագրային տեղեկատվության պատշաճ գրանցումը.

դ) պատրաստում է ծրագրի ֆինանսական և հաշվապահական հաշվառման մասին հաշվետվությունները և աուդիտային հաշվետվություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող բոլոր ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունները.

ե) վարում է ծրագրի, այդ թվում` յուրաքանչյուր ծրագրի համար` առանձին, հաշվապահական հաշվառումը.

զ) իրականացնում է համաձայնագրով նախատեսված «Մ» և «Գ» պլաններով նախատեսված յուրաքանչյուր ծրագրի սկզբնական և վերջնական ուսումնասիրությունները, ինչպես նաև ընդհանուր ծրագրի և յուրաքանչյուր ծրագրի տվյալների հավաքման, վերլուծության ու հաշվետվության համակարգերի ստեղծման աշխատանքները.

է) իրականացնում և վերահսկում է գնումները` համաձայն «Գնումների մասին» պայմանագրի և գնումների վերաբերյալ ուղեցույցներով սահմանված չափանիշների.

ը) MCA-Armenia ինտերնետային կայքի վերահսկողությունը` համաձայնագրի վերաբերյալ թարմ տեղեկատվություն տեղադրելու համար.

թ) կառավարման խորհրդին ներկայացնում է խորհրդատվություն և գրավոր առաջարկություններ` ներառյալ կառավարման խորհրդի կողմից որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը` որոշումների վերաբերյալ առաջարկություններով.

ժ) հանդիպում է շահառուների հանձնաժողովի հետ` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, կառավարման խորհրդին տրամադրում է հաշվետվություններ հաշվետու ժամանակամիջոցում շահառուների հանձնաժողովի հետ հանդիպումների և դրա կողմից կատարված առաջարկությունների ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ.

ժա) ծրագրին վերաբերող հարկային արտոնությունների մասին տեղեկանքների պատրաստումը և տրամադրումը.

ժբ) կատարում է ծրագրի իրականացումը կառավարելու իր գործառույթի շրջանակներում ցանկացած այլ պարտականություն, որը ժամանակ առ ժամանակ կարող է պահանջվել կառավարման խորհրդի կողմից։

48. Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը գործում է սույն կանոնադրության, համաձայնագրի և հիմնադրի կողմից տրված հանձնարարականների համաձայն։ Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և դրա հետ կապված`

ա) տնօրինում է կազմակերպության գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները) և գործարքներ կնքում կազմակերպության անունից.

բ) ներկայացնում է կազմակերպությունն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

գ) գործում է առանց լիազորագրի և տալիս լիազորագրեր.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

ե) բանկերում բացում է կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

զ) հաստատում է կազմակերպության կառուցվածքը.

է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և հսկում դրանց կատարումը.

ը) բաց և մրցակցային ընտրության գործընթացի միջոցով աշխատանքի է ընդունում կազմակերպության աշխատողներին.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին.

ժ) կազմակերպության աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, համաձայնագրով և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ։

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

49. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից և կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտներից:

50. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ, տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

51. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

52. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

53. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

54. Կազմակերպության կողմից կառավարվող (սպասարկվող) համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցները համարվում են պետական միջոցներ, որոնց ծախսման իրավասությունը, ըստ ծախսերի նախահաշվի, վերապահվում է կազմակերպությանը, և հաշվառվում են կազմակերպության արտահաշվեկշռում` հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գործակալին հանձնված միջոցների հաշվառման կանոններին համապատասխան:

55. Համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցների հաշվին ձեռք բերված (գնված) նյութական ու ոչ նյութական արժեքները համարվում են պետական սեփականություն, բացառությամբ կազմակերպության կարիքների համար ձեռք բերվածի, և հաշվառվում են կազմակերպության արտահաշվեկշռային հաշիվներում` մինչև համապատասխան ստացողին հանձնելը, որից հետո հաշվառվում են համապատասխան ստացողի հաշվապահական հաշվեկշռում` որպես սեփականություն կամ ստացողին ամրակցված գույք:

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

56. Կազմակերպությունը սույն կանոնադրությամբ նախատեսված խնդիրներն իրականացնելիս ստացված շահույթն ամբողջությամբ ուղղում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը:

57. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո մնացած կազմակերպության շահույթը կազմակերպության լիազորված պետական մարմնի թույլտվությամբ ուղղվում է կազմակերպության տեխնիկական զարգացման ֆոնդին:

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

58. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

59. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

60. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

61. Կազմակերպությունը կարող է լուծարվել սնանկության հետևանքով:

62. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել` միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

63. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը կօգտագործվի 2006 թվականի մարտի 27-ին կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրի համաձայն, որից հետո մնացած գույքը կուղղվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

VIII. ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

64. Սույն կանոնադրության որևէ դրույթի և համաձայնագրի որևէ դրույթի միջև հակասությունների առկայության դեպքում համաձայնագրի համապատասխան դրույթը կգերակայի: Համաձայնագրի փոփոխման դեպքում կառավարման խորհուրդը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` հնարավորինս սեղմ ժամկետներում սույն կանոնադրությունը համաձայնագրի փոփոխության հետ համապատասխանեցնելու համար»։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 6-ի N 1008-Ն որոշման

     

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական
Տ. Ղազարյան - «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունների միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ն. Վարդանյան - «Հայաստանի անտառներ» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Վ. Համբարձումյան - Ֆերմերների ազգային միավորման ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Վ. Համբարձումյան - «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Կ. Նազարյան - «Հայաստանի միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան