Գլխավոր տեղեկություն
Համար
N 1149-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (22.06.2006-04.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.28/36(211) Հոդ.841
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.08.2017

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1149-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 11.03.04 N 292-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 4-րդ կետը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի բարեփոխումների և մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 199 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.03.04 N 292-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 7
Երևան


 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 25-ի N 1149-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների բանական (արդյունավետ) օգտագործման, վերարտադրության ոլորտում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է համաձայն իր կանոնադրության, որը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(3-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն) 

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

(4-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

(5-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տեսչության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

(6-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`

ա) շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման, բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բնապահպանական վերահսկողության իրականացման ապահովումը.

բ) ստուգվող սուբյեկտների մոտ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրականացման ապահովումը.

գ) բնապահպանական օրենսդրության կիրարկմամբ իրավախախտումների հայտնաբերման և համապատասխան որոշումների կայացման ապահովումը.

դ) տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը նպաստելը։

(7-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

 

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունը բնապահպանության և բնօգտագործման ոլորտում իր նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, սուբյեկտներում վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով`

ա) մթնոլորտային օդի պահպանության`

մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների առկայության և այդ թույլտվություններով սահմանված նորմատիվների պահպանման նկատմամբ,

կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանման նկատմամբ,

մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների ու սարքավորումների առկայության և դրանց կառուցման ու շահագործման ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների ու կանոնների պահպանման նկատմամբ,

տրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի և այլ փոխադրամիջոցների ու կայանքների շահագործման ընթացքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի համար սահմանված նորմատիվների ու չափման կարգերի պահպանման նկատմամբ,

բնակավայրերում արտադրական, սպառման թափոնների և մթնոլորտը փոշով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման սահմանափակումների, պահանջների պահպանման նկատմամբ,

մթնոլորտն աղտոտող վնասակար նյութերի արտանետումների պետական հաշվառման վարման կանոնների կատարման նկատմամբ,

օզոնային շերտի պահպանության համար սահմանված սահմանափակումների և պահանջների պահպանման նկատմամբ.

բ) ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության`

ջրային ռեսուրսների ինքնակամ և ոչ նպատակային օգտագործման սահմանափակումների պահպանման նկատմամբ,

ջրօգտագործման թույլտվություն և ազատ ջրօգտագործում պահանջող ջրօգտագործման իրականացման պահանջների կատարման պահպանման նկատմամբ,

սահմանված չափաքանակներից ավելի ջրային ռեսուրսներն աղտոտելու և ջրհավաք ավազաններում ջրային ռեժիմի սահմանափակումների պահպանման նկատմամբ,

ջրային ռեսուրսների պետական հաշվառման վարման կանոնների պահպանման նկատմամբ,

ջրային ռեսուրսների վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբյուսների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրման պահանջների կատարման նկատմամբ,

ջրային ռեսուրսների վիճակի վրա ազդող աշխատանքների կատարման համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

ջրի ազգային ծրագրով սահմանված ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի` չափաքանակների ու սահմանափակումների կատարման նկատմամբ,

ջրային ռեսուրսների ջրառի ծավալների օգտագործման նպատակայնության և ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի, ինչպես նաև դրանցում պարունակվող վնասակար նյութերի չափաքանակների պահպանման նկատմամբ,

ջրային ռեսուրսներից իրականացվող ջրառի թույլատրված ծավալների պահպանման նկատմամբ,

ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների (բացառությամբ համակարգերի սանիտարական պահպանության և անօտարելի գոտիների) պահանջների կատարման նկատմամբ,

ջրային համակարգերում ջրակորուստների նորմատիվային չափաքանակների պահպանման նկատմամբ.

գ) հողերի պահպանության`

հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, աղակալումից, արտադրական և սպառման թափոններով աղբոտումից, քիմիական նյութերով աղտոտումից, սողանքներից և հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանելու համար սահմանված սահմանափակումների ու նորմերի պահպանման և բնապահպանական միջոցառումների իրականացման նկատմամբ,

հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս` հողի բերրի շերտի հանման, պահման և օգտագործման պահանջների պահպանման նկատմամբ,

բնապահպանական, ջրային, անտառային ֆոնդի հողերի, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերն ըստ նպատակային ու գործառական նշանակության օգտագործելու, ինչպես նաև այդ հողերի սանիտարական և պահպանական գոտիների (բացառությամբ ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիների) համար հողաշինարարական, անտառաշինական, քաղաքաշինական փաստաթղթերով և հողերի գոտևորման ու օգտագործման սխեմաներով սահմանված նորմերի պահպանման նկատմամբ.

դ) ընդերքի օգտագործման և պահպանության`

ընդերքի օգտագործման, պահպանության և ընդերքն օգտագործման տրամադրելու սահմանված պահանջների կատարման նկատմամբ,
երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության (ներառյալ տրանսպորտային ուղիները), արտադրական թափոնների տեղադրման և դրանց շահագործման ընթացքում սահմանված ընդերքօգտագործման և բնապահպանական պահանջների կատարման նկատմամբ,

ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքության, արդյունահանված և ընդերքում թողնված օգտակար հանածոների պաշարների շարժի, պաշարների հաշվառման իրականացման և տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

հաստատված նախագծերին համապատասխան ընդերքօգտագործման աշխատանքների կատարման նկատմամբ,

ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունները կանխող բնապահպանական միջոցառումների իրականացման նկատմամբ,

ընդերքօգտագործողների կողմից արտոնագրերով և (կամ) լիցենզիայով, և (կամ) պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ.

ե) կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանության`

կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

վայրի կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների` Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման սահմանված պահանջների պահպանման նկատմամբ,

Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև բուսական համակեցությունների պահպանության համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ,

կենդանական աշխարհի օբյեկտների վերաբնակեցման, կլիմայավարժեցման և սելեկցիոն նպատակով դրանց օգտագործման համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ,

բուսական աշխարհի օբյեկտների կլիմայավարժեցման և սելեկցիոն նպատակներով դրանց օգտագործման համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ,

ժամանակակից կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի վերափոխված օրգանիզմների օգտագործման պահանջների պահպանման նկատմամբ,

բուսական աշխարհի օբյեկտների աճելավայրերի, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտների բնակության միջավայրի, բնադրավայրերի, միգրացիոն ուղիների պահպանության համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ,

բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման պահանջների պահպանման նկատմամբ,

վայրի կենդանիների որսի և ձկնորսության կանոնների պահպանման նկատմամբ,

բնության հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված ռեժիմների պահպանության պահանջների կատարման, ընդհանուր օգտագործման տարածքներում ծառերի, թփերի, զբոսայգիների և այլ կանաչ գոտիների պահպանման համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

անտառներում ծառերի, թփերի, մատղաշի և մշակաբույսերի պահպանման, ծառերի ու թփերի հատման կանոնների պահպանման նկատմամբ,

անտառների` արտադրական և կենցաղային կեղտաջրերով, արտանետումներով, քիմիական նյութերով և թափոններով աղտոտումը կանխարգելող սահմանափակումների պահպանման նկատմամբ,

անտառներում խոտհնձի, անասունների արածեցման, խոտհարքների և արոտահանդակների օգտագործման կանոնների պահպանման նկատմամբ,

անտառաշինական փաստաթղթերի համապատասխան անտառավերականգնման և այլ աշխատանքների կատարման նկատմամբ.

զ) վտանգավոր նյութերի և արտադրական ու սպառման թափոնների`

Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր նյութերի և արտադրական ու սպառման թափոնների (բացառությամբ ռադիոակտիվ) գործածության` առաջացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման (թափոնի երկրորդային օգտագործում), հեռացման, վնասազերծման, շրջակա միջավայրում դրանց տեղադրման և թաղման համար սահմանված նորմերի պահպանման նկատմամբ,

վտանգավոր նյութերի ու թափոնների Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ.

է) բնապահպանական պետական փորձաքննության`

բնապահպանական պետական փորձաքննական եզրակացության առկայության և փորձաքննության ենթարկված փաստաթղթերում ամրագրված բնապահպանական պահանջների ու միջոցառումների իրականացման նկատմամբ.

ը) բնապահպանական և բնօգտագործման վճարների`
բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգի պահանջների նկատմամբ.

բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների, սահմանափակումների ու վճարների հաշվարկման կարգի պահպանման նկատմամբ` իրեն վերապահված լիազորությունների սահմաններում.

թ) բնապահպանական վարչական վիճակագրության`

բնապահպանական վարչական վիճակագրություն վարելու և հաշվետվություններ ներկայացնելու կարգի պահպանման նկատմամբ:

(8-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

9. Տեսչությունը բնապահպանական վերահսկողությունն իրականացնում է նաև բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:

(9-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

10. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տեսչությունը սուբյեկտների մոտ իրականացնում է տեսչական ստուգումներ:

(10-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

11. Բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերի վարույթի ընթացքում բնապահպանական պետական տեսուչներն օրենքով սահմանված կարգով իրականացնում են քննություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կայացնում որոշումներ:

(11-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

12. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բնապահպանական պետական տեսուչներն իրականացնում են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ:

(12-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

13. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում բնապահպանական պետական տեսուչները դադարեցնում, կասեցնում և արգելում են իրավախախտում թույլ տված անձանց գործողությունները:

(13-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

14. Տեսչության պետական տեսուչներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով թույլատրվում է պահել, կրել և օգտագործել ծառայողական զենք:

(14-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

15. Տեսչության աշխատողները տեսչության կանոնադրական գործառույթներն իրականացնելիս իրավունք ունեն կրելու համազգեստ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(15-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

16. Տեսչությունը սահմանված կարգով մասնակցում է տեսչական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ օրենսդրական և նորմատիվ ակտերի, մեթոդական հրահանգների և ցուցումների մշակմանը, բնապահպանական տեսչական աշխատանքների ոլորտում միջազգային պայմանագրերից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը:

(16-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

17. Տեսչությունը կառավարում, և նրա գործունեությունը համակարգում է նախարարը:

(17-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

18. Տեսչության ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը միաժամանակ Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր տեսուչն է:

Իր գործունեության ընթացքում տեսչության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

(18-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

19. Տեսչության պետը պատասխանատու է տեսչության կողմից վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

(19-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

20. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նախարարության աշխատակազմի ղեկավարին:

(20-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

21. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ, տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

թ) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմին ստեղծելու վերաբերյալ.

ժա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժբ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(21-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

22. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

(22-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

23. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

(23-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

24. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

(24-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն) 

25. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(25-րդ կետը խմբ. 18.05.06 N 766-Ն)

(Հավելվածը խմբ. 18.05.06 N 766-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 25-ի N 1149-Ն որոշման

 

 Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 11.03.04 N 292-Ն)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Հաշվառման և վերլուծության բաժին

Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժին

Ջրերի վերահսկողության բաժին

Մթնոլորտի վերահսկողության բաժին

Անտառների վերահսկողության բաժին

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժին

Կենտրոնական լաբորատորիա

 

II. Տարածքային ստորաբաժանումներ

 

Երևանի տարածքային բաժին

Սյունիքի տարածքային բաժին

Արարատի տարածքային բաժին

Արմավիրի տարածքային բաժին

Արագածոտնի տարածքային բաժին

Գեղարքունիքի տարածքային բաժին

Կոտայքի տարածքային բաժին

Տավուշի տարածքային բաժին

Լոռու տարածքային բաժին

Շիրակի տարածքային բաժին

Վայոց ձորի տարածքային բաժին

(Կառուցվածքը լրաց. 18.03.04 N 363-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան