Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-642
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.07.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

11 հուլիսի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 , 38, 63 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1993 թվականի մայիսի 29-ին Հաագայում ստորագրված` Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը  ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն կոնվենցիան ստորագրվել է 1993թ. մայիսի 29-ին` Հաագայում: Այն ուժի մեջ է մտել 1995թ. մայիսի 1-ին: Հայաստանի Հանրապետությունը չի անդամակցում Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի կոնֆերանսին և չի մասնակցել այդ կազմակերպության տասնյոթերորդ նստաշրջանի աշխատանքներին (որի ընթացքում ընդունվել է կոնվենցիան) և չի ստորագրել կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միանում է այդ կոնվենցիայի 44 հոդվածին համապատասխան:

Կոնվենցիայի նպատակն է օտարերկրյա որդեգրումն իրականացնելիս երեխայի առավելագույն շահերի ապահովումը, միջազգային համագործակցության համակարգի ստեղծումը, ինչպես նաև մասնակից պետություններում որդեգրումների փոխադարձ ճանաչումը:

2. Կոնվենցիային համապատասխան՝ այն միանալու է ներկայացվում Հայաստանի Հանրապետության հայտարարություններով, ըստ որոնց որդեգրումը կարող է իրականացվել կոնվենցիայի 22 հոդվածի 1-ին կետին համապատասխան, ինչպես նաև ՀՀ-ն պարտավորված չէ 39 հոդվածի 2-րդ կետի հիման վրա իրականացված որդեգրումների ճանաչման առումով:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է.

- կոնվենցիայի դրույթների կատարման համար նշանակել կենտրոնական մարմին, որի մասին անհրաժեշտ տեղեկությունները հաղորդվում են կոնվենցիայի ավանդապահին,

- ապահովել որդեգրմանը վերաբերող ՀՀ օրենքների մասին տեղեկատվության և ընդհանուր այլ տեղեկությունների տրամադրումը,

- ապահովել որդեգրման առնչությամբ չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելումը,

- ՀՀ օրենսդրության շրջանակներում նպաստել օտարերկրյա որդեգրումներին առնչվող խնդիրների լուծմանը,

- խոչընդոտել կոնվենցիայի նպատակներին հակասող ցանկացած գործողություն,

- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ տեղեկատվական, ընթացակարգային, խորհրդատվական, փորձի փոխանակման հարցերի առնչությամբ,

- կոնվենցիայի շրջանակներում ստացված տվյալներն օգտագործել միայն ըստ նշանակության:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը  ՈՐՈՇԵՑ.

 

1. 1993 թվականի մայիսի 29-ին Հաագայում ստորագրված` Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


11 հուլիսի 2006 թվականի
ՍԴՈ-642

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան