ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 1995 թվականի N 165
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով հանրապետության սոցիալական ոլորտում ստեղծված իրավիճակի բարելավման և բնակչության առավել անապահով խավերի կենսական կարիքները բավարարելու անհրաժեշտությունից`
1. Հաստատել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ասոցիացիայի միջև կնքված վարկային համաձայնագրի հաստատումից հետո:
|
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը (այսուհետև` ՀՍՆՀ) կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է հանրապետության սոցիալական ենթակառուցվածքի վերականգնմանը և այդ ոլորտում ստեղծված կացության բարելավմանը:
2. ՀՍՆՀ-ն չի հետապնդում շահույթ ստանալու նպատակ:
3. ՀՍՆՀ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իր ղեկավար ձեռնարկով:
Ղեկավար ձեռնարկը ՀՍՆՀ-ի ընթացակարգը սահմանող փաստաթուղթ է, որը մշակվում է Համաշխարհային բանկի և նվիրատուների հետ խորհրդակցելով ու հաստատվում է ՀՍՆՀ-ի խորհրդի (այսուհետև` խորհուրդ) և Համաշխարհային բանկի կողմից:
4. ՀՍՆՀ-ն հանդիսանում է իրավաբանական անձ, ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվներ, իր անվամբ (հայերեն, անգլերեն) ու Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և դրոշմակնիք:
5. ՀՍՆՀ-ի կենտրոնական գրասենյակի գտնվելու վայրն է` 375037, քաղ. Երևան, Կ. Ուլնեցկու 31:
II. ՀՍՆՀ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. ՀՍՆՀ-ի նպատակներն են`
ա) բարձրացնել համայնքների կյանքի որակը` սոցիալական փոքրամասշտաբ ենթակառուցվածքի վերականգման համար անհրաժեշտ գումարների հատկացման միջոցով.
բ) օժանդակել նոր աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալապես անապահով խավերին եկամուտ ստեղծելու գործունեության մեջ ներգրավելուն` սոցիալական ոլորտում իրականացվող շինարարական կամ վերականգնողական ծրագրերի (այսուհետև` ծրագրեր) ֆինանսավորման միջոցով.
գ) աջակցել Հայաստանի բնակչության կյանքի որակի բարձրացման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացմանը և տեղեկատվական բազայի կատարելագործմանը:
7. Իր նպատակներին համապատասխան ՀՍՆՀ-ի խնդիրներն են`
ա) անհրաժեշտության դեպքում ՀՍՆՀ-ի գործունեության վերաբերյալ տեղեկություններ տալ պետական կառավարման տեղական մարմիններին, հասարակական կազմակերպություններին և համայնքներին.
բ) օժանդակել համայնքներին, տեղական հասարակական ու ոչ պետական կազմակերպություններին` ծրագրերի պատրաստման և իրականացման ընթացքում ցույց տալով նրանց մասնագիտական օժանդակություն.
գ) ղեկավար ձեռնարկով սահմանված կարգով փորձաքննել և հաստատել ՀՍՆՀ-ին ներկայացվող ծրագրերը, ֆինանսավորել դրանց իրականացման աշխատանքները, վերահսկել կապալառուների և խորհրդատուների ընտրության նպատակով անցկացվող մրցույթներն ու շինարարական աշխատանքների ընթացքը.
դ) պատվիրել կամ իրականացնել ՀՍՆՀ-ի գործունեության համար անհրաժեշտ հետազոտություններ, նախագծային աշխատանքներ, փորձագիտական գնահատումներ.
ե) աջակցել ՀՍՆՀ-ի ծրագրերի իրականացմանը մասնակցող մանր կապալառուների և մյուս ոչ պետական ձեռնարկությունների հզորացմանը:
III. ՀՍՆՀ-Ի ԳՈՒՅՔՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
8. ՀՍՆՀ--ն տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն հատկացված ու իր կողմից ձեռք բերված ֆինանսական ռեսուրսները և նյութական արժեքները` իր գործունեության նպատակներին, խնդիրներին և գույքի նշանակությանը համապատասխան:
9. ՀՍՆՀ-ի գույքի, այդ թվում ֆինանսական միջոցների, գոյացման աղբյուրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ֆինանսական և նյութական ներդրումները.
բ) բազմակողմանի և երկկողմ միջազգային ծրագրերով նախատեսվող ֆինանսական ու նյութական ներդրումները.
գ) քաղաքացիների և կազմակերպությունների բարեգործական ներդրումները.
դ) տեղական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական ու նյութական ներդրումները և նվիրատվությունները.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՍՆՀ-ն Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկային հիմնարկներում կարող է բացել հաշվարկային և այլ հաշիվներ (այդ թվում` տարադրամային):
11. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցները պահվում են ՀՍՆՀ-ի հաշվին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:
12. ՀՍՆՀ-ի բանկային հաշիվներից բոլոր վճարումները կատարվում են ըստ ղեկավար ձեռնարկում սահմանված ընթացակարգի և հիմնավորում են անհրաժեշտ փաստաթղթերով:
13. ՀՍՆՀ-ի ֆինանսական միջոցներն օգտագործվում են վարկային համաձայնագրերի և նվիրատվությունների նպատակներին համապատասխան:
14. ՀՍՆՀ-ի հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը, հաշվապահական հաշվետվության կազմումը կատարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց համար սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև համաձայն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և Համաշխարհային բանկի պահանջների:
15. ՀՍՆՀ-ի բոլոր գործարքները և վճարումները կատարվում են համաձայն ղեկավար ձեռնարկի:
16. ՀՍՆՀ-ի ֆինանսական և տեխնիկական ստուգումները կատարվում են անկախ աուդիտորների կողմից` առնվազն տարին մեկ անգամ: Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում են խորհրդի կողմից:
IV. ՀՍՆՀ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
17. ՀՍՆՀ-ի կառավարման մարմիններն են`
ա) ՀՍՆՀ-ի խորհուրդը, որը ղեկավարում է խորհրդի նախագահը (այսուհետև` նախագահ).
բ) գլխավոր տնօրենը, որը հաշվետու է խորհրդին:
18. ՀՍՆՀ-ի կառավարման բարձրագույն մարմինը ՀՍՆՀ-ի խորհուրդն է, որը ղեկավարում է ՀՍՆՀ-ի գործունեությունը` սույն կանոնադրությանը և ՀՍՆՀ-ի ղեկավար ձեռնարկին համապատասխան:
19. Խորհրդի կազմի մեջ մտնում են`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը.
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը.
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը.
ոչ պետական կազմակերպություններից երկու ներկայացուցիչ:
Ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում և կազմից հանվում են խորհրդի նախագահի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն է:
ՀՍՀՆ-ի գլխավոր տնօրենն ի պաշտոնե մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով:
(19-րդ կետը փոփ. 11.11.95 N 278, խմբ. 02.07.97 N 269, 08.06.98 N 310)
20. Խորհուրդը`
ա) որոշում է ՀՍՆՀ-ի գործունեության հիմնական ուղղությունները և հաստատում ղեկավար ձեռնարկը.
բ) հաստատում է ՀՍՆՀ-ի տարեկան բյուջեն ու աշխատանքային պլանները.
գ) հաստատում է ՀՍՆՀ-ի եռամսյա ու տարեկան ֆինանսական հաշվետվությունները.
դ) հաստատում է ՀՍՆՀ- հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտորներ ընտրվելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքները.
ե) հաստատում է առանձին ծրագրերի ֆինանսավորումը, համաձայն ղեկավար ձեռնարկի.
զ) իրականացնում է սույն կանոնադրությամբ և ղեկավար ձեռնարկով սահմանված այլ լիազորություններ:
21. Խորհուրդը նիստեր է գումարում պարբերաբար` առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի երկու անդամի պահանջով գումարվում են խորհրդի արտահերթ նիստեր:
Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին:
Խորհրդի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:
22. ՀՍՆՀ-ի գործադիր մարմինը գործադիր գրասենյակն է, որի խնդիրները և գործունեությունը սահմանված են ղեկավար ձեռնարկով:
23. Գործադիր գրասենյակը գլխավորում է գլխավոր տնօրենը, որը պատասխանատու է գործադիր գրասենյակի գործունեության համար:
24. Գլխավոր տնօրենին, գլխավոր տնօրենի տեղակալին և ֆինանսավարչական տնօրենին նշանակում և պաշտոնից ազատում է խորհուրդը` նախագահի առաջարկությամբ:
(24-րդ կետը խմբ. 08.06.98 N 310)
25. Գլխավոր տնօրենը`
ա) առանց լիազորագրի գործում է ՀՍՆՀ-ի անունից և ներկայացնում նրա շահերը.
բ) տնօրինում է ձեռնարկության գույքն ու ֆինանսական միջոցները, համաձայն ղեկավար ձեռնարկի և խորհրդի կողմից հաստատված բյուջեի.
գ) կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
դ) բացում է բանկային հաշիվներ.
ե) սահմանում է գրասենյակի աշխատակիցների աշխատանքի վարձատրության չափերը և վճարման կարգը, համաձայն ղեկավար ձեռնարկի.
զ) կատարում է աշխատանքի բաշխում գրասենյակի ղեկավար աշխատակիցների միջև` ըստ գործունեության բնագավառների.
է) իրականացնում է ՀՍՆՀ-ի գործունեությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
V. ՀՍՆՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
26. ՀՍՆՀ-ն կարող է վերակազմավորվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: