Գլխավոր տեղեկություն
Համար
N 268
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.07.1997-30.09.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.08.11/18
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.1997

040.0268.11.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
11 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 1997 թվականի N 268
քաղ. Երևան

«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

1. «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել միջազգային մրցույթով (այսուհետև՝ մրցույթ):

2. Սահմանել «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի մեկնարկային գինը 206555,00 (երկու հարյուր վեց հազար հինգ հարյուր հիսունհինգ) հազ. դրամ։

3. «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (այսուհետև՝ հանձնաժողով, կազմը կցվում է)։

4. «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել

ա) սրճարան-տաղավարը (քաղ. Իջևան, Վասիլյան 4) և այն սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) Ենոքավանի օժանդակ տնտեսությունր (Տավուշի մարզ, գ. Ենոքավան), անավարտ շինարարության օբյեկտները՝ 3 անասնագոմերը (քաղ. Իջևան, Սպիտակ Այգեղեցի հանք.), ֆիրմային խանութի շենքը (քաղ. Իջևան, Երևանյան խճուղի), մոդուլը (քաղ. Իջևան, Վասիլյան փող.), ջերմոցը (քաղ. Իջևան, Վասիլյան փող.), N 2 արտադրամասը (Տավուշի մարզ, քաղ. Բերդ), օժանդակ տնտեսությունը (քաղ. Իջևան, Խոզամարագի հանդամաս), պանսիոնատն ու սնուցող ջրագծի անավարտ շինարարությունը և դրանք սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) անավարտ շինարարության 3 բնակելի շենքերը, հանրակացարանը (քաղ. Իջևան, Օհանյան փող.), մանկապարտեզը (քաղ. Իջևան, Վասիլյան փող.), և դրանք երկամսյա ժամկետում հանձնել Իջևանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

5. Սահմանել «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի սեփականաշնորհման մրցույթի անցկացման հետևյալ պայմանները։

5.1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն սեփականաշնորհման այն սուբյեկտները, որոնք սահմանված կարգով սույն որոշման 13.1-ին և 13.2-րդ կետերին համապատասխան վճարել են մրցույթի մասնակցության և գրանցման վճարներն ու ներկայացրել մրցույթին մասնակցելու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը՝ սույն որոշման 5.2-րդ կետին համապատասխան։

5.2. Դիմողները մրցույթի մասնակցի կարգավիճակ ստանալու համար պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

հայտ (ձևը կարելի է ստանալ հանձնաժողովից),

գրավոր համաձայնություն մրցույթի հաղթողին ներկայացվող պահանջներին,

առաջարկություններ մրցույթի հաղթողի որոշման չափանիշների վերաբերյալ (փակ ծրարով),

մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարված վճարումների իսկությունը հաստատող վճարային փաստաթղթերի պատճենները,

ձեռնարկության կարգավիճակ ունեցող մասնակիցների հիմնադիր փաստաթղթերի պատճենները,

այն անձի (անձանց) լիազորագիրը (լիազորագրերը), որը (որոնք) մրցույթի անցկացման ժամանակ ներկայացնելու է (են) մրցույթի մասնակից ձեռնարկությունը (կնքված տվյալ ձեռնարկության կնիքով) կամ քաղաքացիների խմբերը (հաստատված նոտարի կողմից),

բիզնես-պլան՝ սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար (փակ ծրարով)։

5.3. Մրցութային առաջարկները, ինչպես նաև այդ առաջարկի հետ ներկայացվող բոլոր փաստաթղթերը և թղթակցությունը, պետք է ներկայացվեն հայերեն, իսկ առաջարկություններին կցված օտար լեզուներով գրված տպագրական նյութերը պետք է ուղեկցվեն նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանություններով։

5.4. Մրցույթի հաղթողի որոշման չափանիշների վերաբերյալ առաջարկությունները և սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար կազմված բիզնես-պլանը պետք է ներկայացվեն երեք օրինակից (կնքված փակ ծրարներով, այսուհետև ներքին ծրար)։ Ներքին ծրարները պետք է տեղադրվեն մեկ այլ կնքված ծրարի (այսուհետև՝ արտաքին ծրար) մեջ։ Մրցույթին մասնակցելու համար ներկայացվող մյուս փաստաթղթերը պետք է ներկայացվեն մեկ օրինակից և դրվեն արտաքին ծրարի մեջ։

5.5. Մրցույթին ներկայացվող բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն տպագիր, ստորագրված լինեն դիմողի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից և կնքված լինեն ձեռնարկության կնիքով (եթե դիմողն ունի ձեռնարկության կարգավիճակ): Ներքին ծրարներով ներկայացվող մրցութային փաստաթղթերի բոլոր էջերը նույնպես պետք է ստորագրված լինեն դիմողի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից և կնքված լինեն ձեռնարկության կնիքով (եթե դիմողն ունի ձեռնարկության կարգավիճակ)։

5.6. Արտաքին և ներքին ծրարները պետք է հասցեագրված լինեն հանձնաժողովին (հասցեն նշվում է մրցույթի տեղեկագրում): Դրանց վրա պետք է նշված լինեն նաև սեփականաշնորհվող օբյեկտի անվանումը և «Չբացել մինչև------------------ » մակագրությունը:

5.7. Ներքին ծրարների վրա պետք է նշվեն նաև մրցույթի մասնակցի անվանումը և հասցեն:

5.8. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև սույն որոշման 13.3-րդ կետում նշված ժամկետը պետք է ներկայացվեն հանձնաժողովին։

5.9. Մրցութային փաստաթղթերի ընդունման համար սահմանված վերջին ժամկետից հետո ներկայացվող առաջարկությունները չեն դիտարկվում և չբացված ներքին ծրարներով վերադարձվում են դիմողներին։

5.10. Սույն որոշման 5.2-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնողը հանձնաժողովից ստանում է այդ փաստաթղթերն ստանալու մասին ծանուցում: Փոստային առաքման դեպքում դիմողներն իրենց առաջարկությունների փաթեթը պետք է ուղարկեն «Ծանուցման պահանջով» մակագրությամբ։

5.11. Դիմողը կարող է մինչև մրցույթի անցկացման օրը փոփոխություններ կատարել իր առաջարկության մեջ կամ հետ վերցնել այն դրա մասին դիմում ներկայացնելով հանձնաժողովին։

5.12. Մրցութային առաջարկությունների փոփոխության մասին տեղեկանքը պետք է կազմվի սույն որոշման 5.3 — 5.9-րդ կետերի պահանջների համաձայն։ Մրցութային առաջարկը հետ վերցնելու մասին ծանուցումը կարելի է ուղարկել նաև հեռագրով հետագայում այն հաստատելով համապատասխան գրավով հայտարարությամբ, մինչև մրցույթի անցկացման օրը։

5.13. Մրցութային առաջարկները չեն կարող փոփոխվել համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերջին ժամկետից հետո։

5.14. Մրցութային առաջարկներում դրամական միջոցները պետք է արտահայտված լինեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով (դրամով) կամ միջազգային առևտրում լայնորեն օգտագործվող այլ արժույթով (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով)։ Տարբեր արժույթներով արտահայտված առաջարկները համեմատվում են մրցույթի անցկացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի հետ։

5.15. Դիմողների ներկայացրած առաջարկությունների ծրարները բացվում են մրցույթի անցկացման օրը հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովը հայտարարում է ստացված հայտերի քանակը և դիմողների անվանումները։ Հանձնաժողովն ստուգում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և կազմում արձանագրություն, որի մեջ նշվում են ինչպես այն դիմողների անվանումները, որոնք ստացել են մրցույթի մասնակցի կարգավիճակ, այնպես էլ այն դիմողների անվանումները, որոնց ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում մրցույթի անցկացման պայմաններին։

5.16. Հանձնաժողովը քննարկում է մրցույթի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները՝ հիմք ընդունելով մրցույթի հաղթողի որոշման կարգը (սույն որոշման 6-րդ կետ) և մրցույթի հաղթողին ներկայացվող պահանջները (սույն որոշման 7-րդ կետ)։

5.17. Հանձնաժողովն իրավասու է առանց պատճառաբանության մերժելու մրցույթի մասնակիցների ներկայացրած բոլոր առաջարկությունները։

5.18. Դիմողները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի անցկացման արարողությանը՝ ծրարների բացմանը, դիմողների առաջարկների հրապարակմանն ու մրցույթի արդյունքների հայտարարմանը։

5.19. Հանձնաժողովը, մրցույթի հաղթողին ճանաչելու մասին որոշումն ընդունելուց հետո, մրցույթի արդյունքների արձանագրությունն (երեք օրինակից) ուղարկում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն հաստատման։

5.20. Մրցույթի արդյունքների արձանագրության պատճեններն ուղարկվում են մրցույթի բոլոր մասնակիցներին։

5.21. Հանձնաժողովի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։

5.22. Մրցույթը համարվում է չկայացած, եթե սահմանված ժամկետում ոչ մի առաջարկություն չի ստացվել կամ ստացված առաջարկությունները չեն համապատասխանում մրցույթի անցկացման պայմաններին ու մրցույթի հաղթողին ներկայացվող պահանջներին։

5.23. Մրցույթը համարվում է անվավեր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում։

5.24. Միայն մեկ առաջարկությունը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար։

6. Սահմանել «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի սեփականաշնորհման մրցույթի հաղթողի որոշման հետևյալ կարգը։

6.1. Սույն որոշման 7.6-րդ կետով սահմանված մրցութային առաջարկությունների գնահատման չափանիշներին վերագրվում են հետևյալ կշռային գործակիցները`

սեփականաշնորհվող օբյեկտի համար առաջարկվող գինը` 0,1.

ներդրումների գումարը սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար` 3,7.

աշխատավարձի ֆոնդը սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար` 0,2։

6.2. Մրցույթի մասնակիցների առաջարկություններում հաղթողի որոշման չափանիշների համար տրված ֆինանսական պարտավորությունները գնահատվում են, հանձնաժողովի հաստատած կարգով։

6.3. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը գրավոր համաձայնություն է տալիս սույն որոշման 7.1-7.6-րդ կետերով սահմանված պահանջներին և ստանում հանձնաժողովի ամենաբարձր գնահատականը։

7. Սահմանել մրցույթի հաղթողին ներկայացվող հետևյալ պահանջները՝

7.1. Վեց ամսվա ընթացքում չփոփոխել աշխատողների նվազագույն թվաքանակը` 680 աշխատող։

7.2. Մինչև նշված ժամկետը լրանալը աշխատողների կրճատման դեպքում, բացի կրճատված աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տալուց, յուրաքանչյուր կրճատված աշխատողի համար Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին վճարել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր քառասունապաատիկի չափով գումար։

7.3. Մրցույթի հաղթողին որոշելու պահից սկսած երեք ամսվա ընթացքում աշխատավորական կոլեկտիվի հետ սահմանված կարգով կնքել կոլեկտիվ պայմանագիր։

7.4. Մրցույթի հաղթողին որոշելու պահից սկսած վեց ամսվա ընթացքում սահմանված կարգով կնքել աշխատանքային նոր պայմանագրեր մինչև նշված պայմանագրերը կնքելը գործողության մեջ թողնելով նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը։

7.5. Սեփականաշնորհման պայմանագրի կնքման օրվանից հաշված առաջին վեց ամսվա ընթացքում մարել մրցույթի անցկացման օրվա դրությամբ ունեցած ձեռնարկության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին պարտքի 50 տոկոսը, մնացածը՝ մեկ տարվա ընթացքում։

7.6. Ներկայացնել առաջարկություններ հաղթողի որոշման հետևյալ չափանիշների վերաբերյալ`

սեփականաշնորհվող օբյեկտի համար առաջարկվող գինը,

ներդրումների գումարը սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար,

աշխատավարձի ֆոնդը սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար։

8. Սահմանել մրցույթի հաղթողին սեփականության իրավունքի փոխանցման հետևյալ կարգը`

8.1. Մրցույթի հաղթողի հետ սեփականաշնորհման պայմանագիրը կնքում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթողին արձանագրությունն ուղարկվելու օրվանից երկու ամսվա ընթացքում։

8.2. Եթե մրցույթի հաղթողը երկու ամսվա ընթացքում չի կնքում նշված պայմանագիրը, ապա մրցույթի մասնակցության վճարը նրան չի վերադարձվում, և մրցույթի արդյունքները համարվում են անվավեր։

8.3. Մրցույթի հաղթողը, ստանալով հանձնաժողովի արձանագրության պատճենը, պարտավոր է ձեռնարկության վաճառքի համար իր առաջարկած գումարը սույն որոշման 9.1-ին կետով սահմանված ժամկետներում վճարել պայմանագրում նշված հաշվի համարին։ Եթե հաղթողն այդ գումարը նշված ժամկետում չի վճարում, ապա նա զրկվում է տվյալ օբյեկտի սեփականատեր դառնալու իրավունքից։ Այդ դեպքում մրցույթի մասնակցության վճարը նրան չի վերադարձվում։

9. Սահմանել վճարումների կարգը:

9.1. Հաղթողը ձեռնարկության պետական բաժնեմասի վաճառքի գումարի վճարումը պետք է կատարի մեկ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր եռամսյակում վճարելով այդ գումարի 25 տոկոսը։

9.2. Հաղթողի կողմից մասնակցության համար վճարված գումարը ներառվում է օբյեկտի վաճառքի գնի մեջ։ Անկախ մրցույթի արդյունքներից գրանցման վճարը չի ներառվում օբյեկտի վաճառքի գնի մեջ և չի վերադարձվում։

9.3. Դիմողներին (բացի մրցույթի հաղթողից) մրցույթի մասնակցության վճարները վերադարձվում են մրցույթի ավարտից հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում։

9.4. Վճարումները կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով (դրամով) ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով։

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։

10. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում բացել հատուկ հաշիվ միջազգային մրցույթների անցկացման հետ կապված վճարումներն իրականացնելու համար։

11. Հանձնաժողովին՝ երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով (այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս) հրապարակել տեղեկատվություն մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին, ինչպես նաև սեփականաշնորհվող ձեռնարկության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր այլ տեղեկություններ։

12. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` սույն որոշման հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մրցույթի տեղեկագիրն արտասահմանում հրատարակելու համար։

13. Մրցույթի անցկացման այլ պայմաններ.

13.1. Սահմանել գրանցման վճարի չափը 50000,0 դրամ։

13.2. Սահմանել մրցույթի մասնակցության վճարի չափը՝ 25,0 մլն դրամ։

13.3. Սահմանել հայտի ներկայացման վերջին օրը, ժամը և տեղը՝ 1997 թվականի հոկտեմբերի 1-ը, ժամը 14.00-ն, քաղ. Երևան, կառավարական 3-րդ շենք, 219 սենյակ, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն։

13.4. Սահմանել մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը՝ 1997 թվականի հոկտեմբերի 1-ը, ժամը 14.30-ը, քաղ. Երևան, կառավարական 3-րդ շենք, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն։

14. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում 1997 թվականի հուլիսի 11-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Կ Ա Զ Մ

 

մրցութային հանձնաժողովի

 

Ն. Խաչատրյան

-

ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Դարբինյան

-

ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարար

Գ. Նանագուլյան

-

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

Պ. Ղալթախչյան

-

ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետ

Ա. Հացագործյան

-

ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.09.1997, N 424 30.09.1997, N 268
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան