Գլխավոր տեղեկություն
Համար
N 98
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.07.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.07.03/17(226)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.06.2006
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 98

ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման դատական պրակտիկան, արձանագրում է, որ ՀՀ դատարանները հիմնականում պահպանում են գործերի քննության ողջամիտ ժամկետները: Այնուհանդերձ, դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտվում են դատարանների կողմից տարբեր պատճառներով

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է.

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:»:

Գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիան դիտում է որպես անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Եվրոպական դատարանը նշում է, որ այս երաշխիքի նպատակն է դատական քննության բոլոր մասնակիցների պաշտպանությունը դատաքննության անհարկի ձգձգումներից, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունը և վստահությունը վերջինիս նկատմամբ: «Ողջամիտ ժամկետի» էությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում դատական ակտի կայացում, դրանով իսկ վերջ տալով անորոշությանը, որում գտնվում է այս կամ այն անձը` կապված նրա քաղաքացիաիրավական կարգավիճակից կամ նրան առաջադրված քրեական մեղադրանքից:

Քաղաքացիական գործերով ժամանակի հաշվարկը սկսվում է հայցադիմումը վարույթ ընդունելու պահից, իսկ քրեական գործերով` մեղադրանք առաջադրելու պահից (տես «Դեվեյերն ընդդեմ Բելգիայի» գործը): Ժամանակի հաշվարկն ավարտվում է այն պահին, երբ ավարտվում է գործի քննությունը բարձրագույն դատական ատյանում, այսինքն, երբ ընդունվում է վերջնական դատական ակտ (տես «Սկոպելլիտին ընդդեմ Իտալիայի» գործը):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները սահմանված կարգով իրենց վարույթ են ընդունում, որի մասին կայացվում է որոշում: Նույն օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում է հիշատակված հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, այդ թվում` դատական քննություն նշանակելու մասին որոշումը, իսկ օրենսգրքի 293-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական քննությունը պետք է նշանակվի դատական քննություն նշանակելու մասին որոշում կայացնելու պահից 10 օրվա ընթացում: Օրենսգիրքը գործի քննության հստակ ժամկետ չի սահմանում: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատավարական ժամկետների վերաբերյալ ունի նաև հետևյալ կարգավորումները`

ա) նախաքննության կատարման ժամկետը որևէ կերպ սահմանափակված չէ.

բ) 138-րդ հոդվածի 6-րդ մասը որևէ կերպ չի սահմանափակում անձի` կալանքի տակ գտնվելու ժամկետը, եթե գործը գտնվում է դատարանի վարույթում:

Նման պայմաններում քրեական վարույթում ողջամիտ ժամկետի պահպանման հիմնախնդիրն արդիական է դառնում:

Քրեական գործերով վարույթի տևողության ողջամիտ ժամկետի հետ կապված Եվրոպական դատարանը (Այսուհետ՝ Դատարան) ձևավորել է որոշակի սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսանում այդ ժամկետի հաշվարկման սկիզբը որոշելու համար: «Էկլեն ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության» գործով Դատարանն ընդհանրացրել է այդ խնդրի հետ կապված իր հետևյալ մոտեցումները. քրեական գործով «ողջամիտ ժամկետը» սկսում է հաշվվել այն պահից, երբ առաջադրվում է մեղադրանքը: Դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան գործն ուղարկվում է դատարան: Այդ ժամկետը կարող է հաշվվել անձին ձերբակալելու պահից, կամ այն պահից, երբ տվյալ անձը պաշտոնապես տեղեկացվել է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կամ նախնական քննությունն սկսելու պահից:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում Եվրոպական դատարանը յուրաքանչյուր դեպքում ներպետական վարույթի տևողության ողջամտությունը գնահատում է` ելնելով քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքներից: Չնայած դրան, Դատարանը ողջամիտ ժամկետի վիճարկմանը վերաբերող մի շարք գործերի քննության արդյունքում ձևավորել է որոշակի չափանիշներ, որոնք դատաքննության ողջամտությունը գնահատելիս կիրառվում են բոլոր գործերի նկատմամբ: Մասնավորապես, Դատարանը հաշվի է առնում տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների այնպիսի վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը:

Ողջամիտ ժամկետի հետ կապված Դատարանը ելնում է հետևյալ չափանիշներից`

- գործի բարդությունը,

- դիմողի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները,

- համապատասխան մարմինների աշխատանքի օպերատիվությունը,

- դիմողի սեփական վարքագիծը:

Գործի բարդությունը որոշելիս` Եվրոպական դատարանը ելակետային է համարում մի շարք չափանիշներ, նշելով, որ բարդությունը կարող է կապված լինել ինչպես փաստի, այնպես էլ իրավական տեսակետների հետ: Դատարանը մեծ նշանակություն է տալիս հետևյալ գործոններին. հաստատման ենթակա փաստերի բնույթը, մեղադրյալների և վկաների թվաքանակը, միջազգային գործոնները, դատավարությանը նոր անձանց ներգրավումը, հաշվարկները, փորձագետների անհրաժեշտությունը և այլն:

Գործի բարդությունը որոշելիս` Եվրոպական դատարանը հաշվի է առնում նաև «ժամանակի և տարածության առումով այն հեռավորությունը, որ կա քննվող դեպքերի կամ փաստերի և դատավարական գործընթացի միջև»:

Գործի քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը չի կարող արդարացվել անգամ, եթե համապատասխան դատավարական որոշումներն ընդունվել են անձի օգտին (քրեական գործի վարույթի կարճում, պատժի մեղմացում, հայցադիմումի (դիմումի) բավարարում և այլն):

Դատաքննության ժամկետի ողջամտությունը գնահատելիս հաշվի է առնվում կողմի ռիսկի աստիճանի գործոնը, և ակնկալվում է, որ քրեական գործերը, որպես կանոն, պետք է առավել արագացված քննվեն, քան քաղաքացիական գործերը, հատկապես, եթե մեղադրյալը գտնվում է նախնական կալանքի պայմաններում:

Այնուհանդերձ, քաղաքացիական գործերով ևս կարող է պահանջվել գործողությունների անհետաձգելիություն, հատկապես այն դեպքում, երբ վեճն իր բնույթով հատուկ է, կամ որի լուծումն էական նշանակություն ունի դիմողի համար: Դրա օրինակն են անչափահասների խնամակալության հետ կապված վեճերով քաղաքացիական գործերը: «Խոկկանենն ընդդեմ Ֆինլանդիայի» գործով Դատարանը հայտարարեց, որ « … էականն այն է, որ գործերը, որոնք վերաբերում են խնամակալությանը, քննվեն արագացված կարգով»։

Աշխատանքային վեճերի վերաբերյալ Դատարանը նշում է. «աշխատողը, որը կարծում է, որ անօրինական ձևով է ազատվել իր պարտականությունների կատարումից, անձամբ հետաքրքրված է, որ իր նկատմամբ կիրառված միջոցի անօրինականության վերաբերյալ որոշումը կայացվի անհապաղ (տես` «Օբերմայերն ընդդեմ Ավստրիայի» գործը)։

Եվրոպական դատարանի բերված նախադեպերը հաստատում են, որ քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտման փաստը գնահատելիս հաշվի են առնվում միայն օբյեկտիվ պատճառներ: Իսկ մնացածը` դատարանների ծանրաբեռնվածությունը, դատավորների անփորձությունը, դատական կամ ընդհանրապես իրավական համակարգի անկատարությունը, մեղադրյալի և նրա պաշտպանի, ինչպես նաև գործի մյուս մասնակիցների վարքագիծը գործի քննությունը ձգձգելու օբյեկտիվ պատճառ դիտվել չեն կարող:

Ներպետական մարմիններում դատաքննության կամ այլ դատական վարույթի տևողության ժամկետը գնահատելիս Դատարանն առաջնորդվում է այն սկզբունքով, համաձայն որի ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը կարող է կատարվել միայն պետության մեղքով տեղի ունեցող ձգձգումներով:

Որոշ դեպքերում քրեական գործերի քննությունը ձգձգվում է գործերն անհիմն կերպով լրացուցիչ նախաքննության ուղարկելու միջոցով: Չի կարելի գործը լրացուցիչ նախաքննության ուղարկել միայն այն պատճառով, որ մեղադրյալը, տուժողը կամ վկան դատարանում հրաժարվել են իրենց ցուցմունքներից: Այլ կերպ ասած` գործը չի կարելի ուղարկել լրացուցիչ նախաքննության ապացույցների գնահատման հիմքերով:

Գործերի քննությունը ձգձգվում է նաև անհիմն բացարկների բավարարման արդյունքում:

Եվրոպական դատարանը նշել է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ կան օրինական և հիմնավոր կասկածներ, պետք է դուրս գա դատական կազմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը սահմանում է բացարկի և ինքնաբացարկի հիմքերը: Նույն հոդվածի 1.1 մասի համաձայն` առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցող դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի հետագա քննությանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը սահմանում է քրեական դատավարությանը դատավորի մասնակցությունը բացառող հանգամանքները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` մինչդատական վարույթում, առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի հետագա քննությանը, ինչպես նաև դատարանի կազմում չեն կարող ընդգրկվել ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ գտնվող անձինք:

Դատավորի անաչառությունը գնահատելիս Եվրոպական դատարանը առանձնացնում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք պետք է հաշվի առնվեն: Սուբյեկտիվ գործոնները վերաբերում են դատավորի անձին, և այս դեպքում Դատարանը ղեկավարվում է անձնական անաչառության կանխավարկածով: Այն հաստատելու համար անհրաժեշտ են հավաստի տվյալներ: Այստեղ Դատարանին անհրաժեշտ են կանխակալության փաստացի առկայության ապացույցներ: Ուստի, չնայած այն բանի, որ դատավորի անձնական անաչառության հետ կապված շատ բողոքներ են եղել, Դատարանը դեռ երբևէ դրանք հիմնավոր չի ճանաչել: Օբյեկտիվ գործոններ ասելով Դատարանը նկատի է ունենում, փաստորեն, դատավարական նորմերով սահմանված բացարկի այլ հիմքերը: Այսպես. «Ֆեյը ընդդեմ Ավստրիայի» գործով դատարանը հայտնել է, որ օբյեկտիվության գործոնը գնահատելիս, անհրաժեշտ է պարզել գոյություն ունեն արդյոք, անկախ դատավորի վարքագծից, անհերքելի փաստեր, որոնք կասկած են հարուցում նրա անաչառության վերաբերյալ:

Եվրոպական դատարանը «Պիերսակն ընդդեմ Բելգիայի» գործում նշել է. «Միայն այն փաստը, որ դատավորը երբևէ աշխատել է դատախազությունում, դեռևս հիմք չէ նրա անաչառությունը կասկածի տակ դնելու համար … սակայն, եթե ըստ դատախազությունում իր նախկին աշխատանքի բնույթի դատավորը կարող էր գործ ունենալ տվյալ դեպքի հետ, և հետագայում մասնակցում է դրա քննությանը, ապա հանրությունն իրավունք ունի մտավախություն ունենալու, որ բացակայում են անաչառության բավարար երաշխիքները»:

Եվրոպական դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում, քանի որ դատարանում գործը քննող դատավորը նախկինում նույն այդ գործով ղեկավարել է Բրյուսելի դատախազության «Վ» սեկցիան, որը և իրականացրել է տվյալ գործով մինչդատական վարույթ:

Գործերը ողջամիտ ժամկետում քննելուն կարող է մեծապես նպաստել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի առավել լայն կիրառումը:

Դատաքննության ընդհանուր տևողության ողջամտությունը գնահատելիս պետք է հաշվի առնվի նաև վարույթների տևողությունը վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը արձանագրում է, որ մեր երկրում կան որոշ խնդիրներ գործերի քննության ողջամիտ ժամկետների հետ կապված` ինչպես դատական պրակտիկայի, այնպես էլ օրենսդրության կատարելագործման տեսանկյունից:

Այսպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, որը ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է և գերակայություն ունի վերջինիս նկատմամբ, արդար դատաքննության իրավունքի կարևոր տարրերից մեկը գործը ողջամիտ ժամկետում քննելն է։ Գործերի քննության անհիմն և չպատճառաբանված ձգձգումները մարդու իրավունքի կոպիտ խախտումներ են։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի
27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում:

Քաղաքացիական գործերով, մասնավորապես, գործի քննությունը պետք է ավարտվի մեկ դատական նիստի ընթացքում, եթե չկան ՀՀ քաղաքացիական դատավարության 119-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերը` գործի քննությունը հետաձգելու համար:

2. Գործի քննության ժամկետները որոշելիս գործի քննության ժամկետի սկիզբ պետք է համարել.

ա) քրեական գործերով` այն պահը, երբ առաջադրվում է մեղադրանքը, որը կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան գործն ուղարկվում է դատարան, այդ ժամկետը կարող է հաշվվել անձին ձերբակալելու պահից, կամ այն պահից, երբ տվյալ անձը պաշտոնապես տեղեկացվել է, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել, կամ նախնական քննություն սկսելու պահից,

բ) քաղաքացիական գործերով` այն պահը, երբ առաջին անգամ դատարանը հայցը կամ դիմումն ընդունել է վարույթ:

3. Բացարկը բացառիկ միջոց է: Դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները պետք է հիմնավորվեն կոնկրետ, արժանահավատ փաստերով և հանգամանքներով: Կողմերի սուբյեկտիվ և միակողմանի դիրքորոշումը դատարանի կողմից օրենքի շրջանակներում իրականացվող գործողությունների և կայացվող որոշումների նկատմամբ, չի կարող դիտվել որպես դատավորի կողմից անաչառության դրսևորում:

4. Դատարանների նախագահներին` հետևել դատավորների կողմից գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանմանը, դատական գործընթացի կազմակերպվածությանը, կատարողական կարգապահությանը և խախտումներ հայտնաբերելու դեպքում, այդ մասին տեղեկացնել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին:

 

ՀՀ դատարանների
նախագահների
խորհրդի նախագահ՝
Հ. Մանուկյան

 

13 հունիսի 2006 թ.
ք. Երևան