Գլխավոր տեղեկություն
Համար
N 600
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.11.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
30.11.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 1993 թվականի N 600

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 2-րդ կետի և հաշվի առնելով պետական հոգատարության դրսևորումը հաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված լրացուցիչ ծախսերի և նրանց նյութական սպասարկման ծառայությունների բարելավման գործում, ինչպես նաև տրանսպորտի, կապի միջոցների, շենքերի ու մյուս կառույցների հարմարեցման և հաշմանդամների համար դրանց մատչելիության ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագիրը (կցվում է):

2. Սահմանել, որ հաշմանդամների մասնագիտական ուսուցման, վերամասնագիտացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից` այդ նպատակով հանրապետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայավտոսերվիս» պետական ձեռնարկությանը` ապահովել հաշմանդամների տրանսպորտային միջոցների արտահերթ սպասարկումը և նորոգումը:

4. (կետն ուժը կորցրել է 30.10.03 N 1367-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` տեխնիկական հնարավորության դեպքում 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին արտահերթ ապահովել հեռախոսներով, այդ թվում` հատուկ հեռախոսային սարքերով:

Սահմանել, որ հաշմանդամների հեռախոսների տեղադրման ծախսերը փոխհատուցվում են համապատասխան տեղական բյուջեների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանն ու բոլոր գործատուներին (անկախ սեփականության ձևից)` թույլատրել հաշմանդամներին անվճար, արտահերթ օգտվելու մարզական հատուկ գույքից, ինչպես նաև մարզական կառույցների ծառայություններից:

7. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` տրանսպորտի, կապի և տեղեկատվական գործող միջոցների, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտների հարմարեցման վերաբերյալ հաշմանդամների պահանջմունքների բավարարման նպատակով 1994 թվականից սկսել վերանայել հանրապետության քաղաքների և մյուս բնակավայրերի բարեկարգման, շենքերի ու կառույցների շինարարության ու վերակառուցման գործող նորմատիվային փաստաթղթերը` հաշվի առնելով հաշմանդամների համար դրանց մատչելիությունը: Ուժեղացնել վերահսկողությունը` սահմանված նորմաների շեղումներ և խախտումներ թույլ չտալու համար:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության ու սերտիֆիկացման վարչությանը` մշակել և 1994 թվականին ներդնել անհատական և հասարակական ուղևորատար տրանսպորտի, կապի, տեղեկատվական և հաշմանդամների համար նախատեսված արդյունաբերական այլ արտադրանքի անհրաժեշտ ստանդարտներ:

9. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին` 1994 թվականից նախատեսել նոր կառուցվող և վերակառուցվող բնակավայրերի բարեկարգումը, ինչպես նաև շենքերի և կառույցների վերակառուցումը` հաշմանդամների համար մատչելիության պահանջների ապահովման նպատակով:

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության և մյուս շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակել հաշմանդամներն կարիքների բավարարման նպատակով տրանսպորտային միջոցների պատրաստման և վերասարքավորման ծրագրերի հիմնական սկզբունքները, դրանց նկատմամբ լրացուցիչ պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` մարդասիրական օգնության կարգով պարենամթերք և արդյունաբերական ապրանքներ ստանալիս, հաշվի առնելով հաշմանդամների կարիքները, պարբերաբար, առաջնահերթ կարգով, որոշակի քանակի հատկացումներ կատարել համապատասխան կազմակերպությունների միջոցով հաշմանդամներին բաշխելու համար:

12. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մարդասիրական օգնության տեղական հանձնաժողովների կազմում ընդգրկել նաև հաշմանդամների հայկական ընկերության աշխատողների:

Ուժեղացնել վերահսկողությունը և պահանջկոտությունը` հաշմանդամներին հատկացված պարենային և արդյունաբերական ապրանքները նրանց հասցնելու և նպատակային օգտագործելու համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
նոյեմբերի 30-ի N 600 որոշմամբ

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Հաշմանդամների վերականգնումը միջոցառումների համալիր է` ուղղված հաշմանդամների նվազ կամ կորսված մասնագիտական ֆունկցիաների վերականգնմանը, մասնագիտության ընտրությանն ու դրան ընտելանալուն և նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեությունը վերսկսելը հաշմանդամի համար հնարավոր դարձնելուն:

2. Վերականգնողական ծրագրում սահմանվում են վերականգնման միջոցառումների կոնկրետ ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության ձևերը, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև կենսագործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:

3. Վերականգնման հիմնական տեսակներն են` վերականգնողական թերապիան և վերականգնողական վիրաբուժությունը` հետագա պրոթեզավորմամբ (սոցիալական վերականգնում), մասնագիտական կողմնորոշումը, մասնագիտական ուսուցումը կամ վերաուսուցումը, արդյունավետ աշխատանքի տեղավորումը (մասնագիտական վերականգնում), կենցաղի կարգավորումը և սոցիալ-կենցաղային հարմարումը (սոցիալ-կենցաղային վերականգնում), սոցիալ-հոգեբանական վերականգնումը:

4. Վերականգնողական անհատական ծրագիրը հաշմանդամների կամ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անձամբ հաշմանդամի մասնակցությամբ որոշում ու իրականացնում են պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործկոմների կողմից լիազորված հիմնարկները` ԲԱՓՀ-երը, բուժհիմնարկները, բուժձեռնարկությունները, սոցիալական ծառայությունները (այսուհետև` բուժսոցիալական ծառայություն)` կլինիկական-փորձաքննական, մասնագիտական, հոգեբանական-ֆիզիոլոգիական և սոցիալ-միջավայրային ախտորոշման տվյալների հիման վրա (ձևը կցվում է):

5. Հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագիրը ենթակա է պարտադիր կատարման համապատասխան պետական մարմինների կողմից: Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնողական անհատական ծրագիրը կրում է երաշխավորական բնույթ:

 

2. Հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի ֆինանսավորումը

 

6. Հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է հանրապետական և տեղական բյուջեների, ինչպես նաև հասարակական ու այլ կազմակերպությունների և քաղաքացիների կամավոր մուծումների հաշվին:

7. Հանրապետական բյուջեի հաշվին ֆինանսավորվում են վերականգնողական անհատական ծրագիրը ձևավորող և իրականացնող հանրապետական ու տեղական պետական մարմինները և հիմնարկները` անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար:

8. տեղական բյուջեների հաշվին ֆինանսավորվում են վերականգնողական անհատական ծրագրում նախատեսված միջոցառումների անցկացումը և ծրագրի կազմումն իրականացնող հիմնարկների գործունեության հետ կապված ընթացիկ ծախսերը:

9. Վերականգնողական անհատական ծրագրի կազմման և դրա իրականացման համար լիազորված բուժսոցիալական ծառայությունը որոշում է ծրագրի իրականացման անհրաժեշտ միջոցառումների ընդհանուր ծախսերի չափը և բոլոր մասնակիցների մասնակցությունը:

 

3. Պատասխանատվությունը հաշմանդամի վերականգնողական
անհատական ծրագիրը չկատարելու դեպքում

 

10. Վերականգնողական անհատական ծրագրի իրականացման միջոցառումները չկատարող պետական մարմինները, ձեռնարկությունները և հիմնարկները, որոնք կատարողներ են համարվում վերականգնողական անհատական ծրագրում, փոխհատուցման գումարի չափով միջոցներ են հատկացնում սոցիալական ապահովության մարմիններին` վերջիններիս ներկայացրած հաշիվներին համապատասխան:

11. Սոցիալական ապահովության մարմինների և վերականգնման միջոցառումներն իրականացնելու համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների միջև վեճերը լուծվում են դատական կարգով:

12. Վերականգնողական անհատական ծրագիրը մշակող բուժսոցիալական ծառայությունը պատասխանատվություն է կրում ծրագրի ձևավորման որակի և դրա կատարման կազմակերպման համար: Ծրագիրը որակով և ժամանակին (մեկամսյա ժամկետում) չկատարելու հետևանքով հաշմանդամին վնաս պատճառելու դեպքում, այդ մարմինները սահմանված դատական կարգով հաշմանդամներին փոխհատուցում են համապատասխան ծախսերը:

 

4. Հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի
իրականացման վերահսկողությունը

 

13. Հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է բուժսոցիալական ծառայությունը հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների և արհմիությունների հետ համատեղ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.10.2003, N 1367-Ն 27.11.2003, N 600
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան