ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 1995 թ. N 261
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 15-ի «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի վերակազմավորման մասին» N 140 որոշման` Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (այսուհետև` համալսարան) պետական բարձրագույն ուսումնական, գիտական, բուժական հաստատություն է, որը վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 15-ի «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի վերակազմավորման մասին» N 140 որոշմամբ և ենթարկվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
2. Համալսարանն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք ու դրոշմակնիք:
3. Համալսարանի լրիվ անվանումն է`
հայերեն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ՊԲՀ)
ռուսերեն`
անգլերեն` Yerevan State Medical University after Mkhitar Heratsi օf ministry of health of the Republic of Armenia
4. Համալսարանի գտնվելու վայրն է` Երևան, 375025, Կորյունի փողոց, թիվ 2:
II. Համալսարանի խնդիրներն ու գործառույթները
5. Համալսարանի հիմնական խնդիրներն են`
ա) առողջապահության համակարգի բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը.
բ) հետդիպլոմային մասնագիտացումը և մասնագետների որակավորման բարձրացումը.
գ) առողջապահության բնագավառի գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.
դ) բժշկագիտության, դեղագիտության և առողջապահության բնագավառի հիմնարար և կիրառական գիտությունների զարգացումը.
ե) բժշկագիտության և դեղագիտության, ինչպես նաև գործնական առողջապահության նվաճումների քարոզչությունը, լուսավորչական և բարեգործական գործունեությունը.
զ) բնակչությանը մասնագիտացված բժշկական օգնություն ցույց տալը:
6. Համալսարանն իր առջև դրված խնդիրներին համապատասխան`
ա) որոշում է համալսարանի կառուցվածքը, կառավարման մարմինների համակարգը և կառավարման սկզբունքները, կազմում է ուսումնական, ֆինանսատնտեսական պլաններ ու ծրագրեր, մշակում իր գործունեությանն առնչվող այլ հիմնադրույթներ.
բ) համագործակցում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, պայմանագրեր կնքում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական և ոչ պետական ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների հետ.
գ) իրականացնում է հրատարակչական գործունեություն, հրատարակում գիտական աշխատություններ, ժողովածուներ, դասագրքեր, ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, մենագրություններ, գիտահանրամատչելի գրականություն, առողջապահության համակարգի աշխատողների համար մեթոդական ցուցումներ ու մշակումներ, տեղեկատու նյութեր, թերթեր և այլն:
III. Համալսարանի կառավարումը
7. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությանը համապատասխան:
8. Համալսարանի գործունեության հիմնական հարցերի քննարկման և որոշման համար ստեղծվում է համալսարանի խորհուրդ:
9. Համալսարանի խորհրդի կազմի մեջ մտնում են` ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, կլինիկաների ղեկավարները, համալսարանի համակարգի հիվանդանոցների և կենտրոնների տնօրենները` ի պաշտոնե, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների, կլինիկական օրդինատորների և ուսանողների ներկայացուցիչները, որոնք սահմանված կարգով ընտրվում են ֆակուլտետների գիտական խորհուրդների կողմից` հինգ տարի ժամանակով (սովորողների թվաքանակը պետք է կազմի խորհրդի ընդհանուր թվի 15 տոկոսը):
10. Համալսարանի խորհրդի նիստերն ուսումնական տարվա ընթացքում անցկացվում են առնվազն երկու անգամ: Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում են խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Համալսարանի խորհուրդը`
ա) որոշում է համալսարանի գործունեության գլխավոր ուղղությունները. լուծում համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման հիմնահարցերը.
բ) հաստատում է համալսարանի կառուցվածքը և կանոնակարգը, ըստ մասնագիտությունների ուսումնական պլանները, քննարկում համալսարանի գիտական գործունեության գլխավոր ուղղությունները, շնորհում համալսարանի պատվավոր կոչումներ և մրցանակներ, սահմանում անվանական կրթաթոշակներ.
գ) որոշում է կայացնում ֆակուլտետների, ամբիոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակառուցման և լուծարման, համալսարանի մասնագիտությունների անվանացանկում սահմանված կարգով փոփոխություններ մտցնելու վերաբերյալ.
դ) հաստատում է ուսումնական գործընթացի տարեկան արդյունքները, քննարկում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում համալսարանի տարեկան ծախսերը և որոշում արտաբյուջետային միջոցների օգտագործման կարգը.
ե) հաստատում է համալսարանի միջազգային գործունեության ուղղությունները.
զ) հաստատում է իր աշխատակարգը.
է) սահմանված կարգով շնորհում է համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում.
ը) լուծում է սույն կանոնադրությունից բխող համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:
Խորհրդի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամանով:
11. Համալսարանի անմիջական ղեկավարումն իրականացնում է ռեկտորը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
12. Համալսարանի ռեկտորը`
ա) իր իրավասության սահմաններում գործում է համալսարանի անունից, ներկայացնում համալսարանը պետական և ոչ պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և միջազգային ասպարեզում.
բ) կազմակերպում է համալսարանի կառավարման մարմինների աշխատանքը` ապահովելով ներքին օղակների ներդաշնակ գործունեությունը.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու մյուս աշխատողներին.
դ) հաստատում է սահմանված կարգով ուսանողների ընդունելությունը, հրամաններ արձակում ուսանողներին կուրսից կուրս փոխադրվելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու վերաբերյալ.
ե) արձակում է հրամաններ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համալսարանի ուսանողների և աշխատողների համար.
զ) հաստատում է համալսարանի հաստիքացուցակը և ծախսերի նախահաշիվը.
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
13. Համալսարանի ռեկտորն ունի տեղակալներ (պրոռեկտորներ), որոնց թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը: Պրոռեկտորին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` ռեկտորի ներկայացմամբ: Պրոռեկտորների միջև պարտականությունների բաշխումը կատարում է ռեկտորը:
14. Համալսարանի ռեկտորը և պրոռեկտորներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու գիտամանկավարժական գործունեություն.
15. Համալսարանի խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իր կանոնակարգով իրեն ընձեռած լիազորությունների շրջանակներում գործում է համալսարանի ռեկտորատը, որի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, համալսարանի կազմի մեջ մտնող հիվանդանոցների և կենտրոնների տնօրենները, ուսանողական խորհրդի նախագահը և ռեկտորի որոշմամբ` այլ պաշտոնատար անձինք: Ռեկտորատը վերահսկում է համալսարանի խորհրդի որոշումների կատարման ընթացքը:
Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:
16. Համալսարանի կազմի մեջ մտնող հիվանդանոցների և կենտրոնների ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է համալսարանի կլինիկական խորհուրդը, որը գործում է համալսարանի խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ:
Համալսարանի կլինիական խորհրդի կազմի մեջ են մտնում ռեկտորը (նախագահ), համապատասխան պրոռեկտորները և ֆակուլտետների դեկանները, կլինիկական հիվանդանոցների և կենտրոնների տնօրեններն ու խորհրդի կողմից ընտրված այլ անձինք: Կլինիկական խորհրդի որոշումները հաստատվում են ռեկտորի հրամանով:
17. Համալսարանի ուսանողության իտնքնակառավարման և նրանց ընկերային շահերը ներկայացնող մարմինը ուսանողական խորհուրդն է, որը`
ա) ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը.
բ) համալսարանի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողներին առնչվող հարցեր:
18. Համալսարանի ուսանողական խորհրդի կազմավորման կարգը սահմանվում է համալսարանի խորհրդի հաստատած կանոնակարգով:
IV. Համալսարանի կառուցվածքը
19. Համալսարանում ուսուցումը կազմակերպող և իրականացնող ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումը ֆակուլտետն է:
20. Ֆակուլտետն ստեղծվում, վերակառուցվում և լուծարվում է համալսարանի խորհրդի որոշմամբ:
21. Ֆակուլտետի կազմում գործում են ամբիոններ և այլ ուսումնագիտական ու բժշկական ստորաբաժանումներ:
22. Ֆակուլտետն ուսումնական գործընթացը պլանավորում ու կազմակերպում է համապատասխան մասնագիտությունների գծով:
23. Ֆակուլտետը ղեկավարում է դեկանը, որին 5 տարի ժամկետով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համալսարանի ռեկտորը:
24. Ֆակուլտետի դեկանը`
ա) ներկայացնում է ֆակուլտետը համալսարանում և այլ ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում.
բ) սահմանված կարգով համալսարանի ռեկտորին առաջարկություններ է ներկայացնում դեկանի տեղակալին աշխատանքի նշանակելու և աշխատանքից ազատելու, ուսանողներին կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:
25. Համալսարանի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման գլխավոր ստորաբաժանումը ամբիոնն է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող դասախոսներին ու հետազոտողներին: Ամբիոնների գործունեությունն իրականացվում է համալսարանի կանոնակարգին համապատասխան:
26. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հաստատած կարգով մինչև 5 տարի ժամկետով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համալսարանի ռեկտորը:
27. Համալսարանի կազմում գործում են հիվանդանոցներ և կենտրոններ, որոնց կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
28. Համալսարանն իր կառուցվածքում կարող է ունենալ մասնաճյուղեր, բաժանմունքներ, գիտական կենտրոններ, ուսումնափորձնական տնտեսություններ, հիվանդանոցներ, կլինիկաներ, ձեռնարկություններ և առողջապահական այլ ստորաբաժանումներ: Դրանց կարգավիճակը, փոխհարաբերությունները միմյանց և համալսարանի հետ կազմավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով:
V. Ուսումնական գործընթացի կազմակերպումը
29. Ուսանողների ընդունելությունը համալսարան կատարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
30. Համալսարանում իրականացվում է միայն ցերեկային ուսուցում:
31. Ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակով և յուրաքանչյուրն ավարտվում է քննաշրջանով:
32. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:
33. Համալսարանում հետդիպլոմային ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VI. Որակավորման ԵՎ գիտական աստիճանները
34. Համալսարանում ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ): Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
35. Գիտական աստիճաններ շնորհվում են համալսարանում գործող մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VII. Համալսարանի աշխատակիցները ԵՎ սովորողները
36. Համալսարանի աշխատակիցներն են` դասախոսները, գիտական, ուսումնաօժանդակ, վարչատնտեսական աշխատողները: Համալսարանի աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համալսարանի կանոնակարգով` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
37. Համալսարանի կլինիկական ամբիոնների և կլինիկաների աշխատակիցները սահմանված կարգով իրականացնում են նաև բժշկական գործունեություն:
38. Համալսարանի սովորողներն են` ուսանողները, ասպիրանտները, օրդինատորները, ինտերները և ունկնդիրները:
Համալսարանի սովորողներին սահմանված կարգով շնորհվում է համապատասխան որակավորման աստիճան:
Սովորողների պարտականություններն ու իրավունքները սահմանվում են համալսարանի կանոնակարգով` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
39. Համալսարանի սովորողներն իրավունք ունեն`
ա) օգտվելու մասնագիտացված լսարաններից, լաբորատորիաներից, գրադարանից և համալսարանի մարզական, առողջարարական, մշակութային ու հանրակացարանային համալիրներից, ինչպես նաև սոցիալական ապահովության բոլոր ծառայություններից.
բ) առաջադրելու ներկայացուցիչներ համալսարանի ընտրովի մարմիններում.
գ) ստեղծելու համալսարանի կանոնակարգին չհակասող ուսանողական ինքնակառավարման մարմինները.
դ) համատեղելու ուսումը և աշխատանքը համալսարանի համակարգում:
40. Սովորողները պարտավոր են`
ա) ենթարկվել ներհամալսարանական կարգապահական կանոններին, խնամքով վերաբերվել և օգտագործել համալսարանի և նրա ստորաբաժանումների գույքը, գրադարանային ֆոնդն ու լաբորատոր սարքերը.
բ) հաճախել ուսումնական պլանով նախատեսված պարապմուքներին.
գ) ժամանակին կատարել բոլոր առաջադրանքները, հանձնել ստուգարքներն ու քննությունները:
41. Պետական պատվերով համալսարան ընդունված ուսանողների ուսուցումն անվճար է: Պետական պատվերից դուրս ընդունված ուսանողների, այլ բուհերից տեղափոխվածների, ինչպես նաև երկրորդ մասնագիտությամբ ուսուցումը վճարովի է:
Ուսման վարձի չափն օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է համալսարանի ռեկտորատը: Անվճար ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողները կրթաթոշակ են ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուսուցումն իրականացվում է վճարովի հիմունքներով` համաձայն կնքված պայմանագրերի, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան չի սահմանված:
VIII. Համալսարանի գիտական գործունեությունը
42. Համալսարանն օժանդակում է հիմնարար և կիրառական գիտությունների բոլոր այն ճյուղերի զարգացմանը, որոնք կազմում են մասնագետների պատրաստման գործընթացի բաղկացուցիչ մասը:
43. Համալսարանի գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`
ա) պետական բյուջեից.
բ) հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց միջոցներից.
գ) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:
44. Գիտահետազոտական աշխատանքներին մասնակցում են համալսարանի աշխատողները` դասախոսները, ասպիրանտները և կլինիկական օրդինատորները, գիտական աշխատողները, ինչպես նաև ուսանողներ և հրավիրված այլ անձինք:
45. Համալսարանը կազմակերպում է գիտական համաժողովներ և սեմինարներ:
IX. Համալսարանի գույքը ԵՎ ֆինանսատնտեսական գործունեությունը
46. Համալսարանի գույքն են կազմում դրա հիմնական, շրջանառու և դրամական միջոցները, արժույթը, օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:
47. Համալսարանը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքն ու ֆինանսական միջոցները:
48. Համալսարանի գույքի ձեռքբերման աղբյուրներն են`
ա) պետական բյուջեից տրվող հատկացումները.
բ) ծառայությունների մատուցումից, ինչպես նաև հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեության այլ ձևերից ստացված եկամուտները.
գ) բարեգործական ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները:
49. Համալսարանի ֆինանսական միջոցները կազմավորվում են բյուջետային և արտաբյուջետային միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից և օգտագործվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
50. Համալսարանը պետական ձեռնարկություն է, որն իրավասու է`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր, այդ թվում` օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց հետ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու իր խնդիրներին ու նպատակներին համապատասխանող ձեռնարկություններ.
գ) սահմանված կարգով վարձակալության տալու իր գույքը և վարձակալելու գույք:
(50-րդ կետը խմբ. 14.03.96 N 145)
X. Համալսարանի գործունեության դադարեցումը
51. Համալսարանի վերակառուցումն ու լուծարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: