Գլխավոր տեղեկություն
Համար
N 666-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.06.2006-26.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.14/31(486) Հոդ.630
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2017

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2006 թվականի N 666-Ն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել անասնաբուժական դրոշմակնիքների օրինակելի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ     

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 26
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 18-ի N 666-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ


ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԴՐՈՇՄՄԱՆ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների, ինչպես նաև վայրի որսակենդանիների և թռչունների սպանդից գոյացած մթերքի` մսեղիքի, մսեղիքի կտորների, գլխի, լեզվի, ներքին պարենքիմատոզ օրգանների` սրտի, թոքերի, լյարդի, փայծաղի, երիկամների, ճարպի, ճարպոնի` որովայնային ճարպի (այսուհետ` միս) դրոշմման (այսուհետ` դրոշմակնքում) կարգը:

2. Դրոշմակնքումն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա կատարում են անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, կենդանիների սպանդ իրականացնող կազմակերպությունները` հաստատելով մսի անասնաբուժասանիտարական պիտանիությունը:

3. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտադրվող, իրացվող, վերամշակվող մսի դրոշմակնքումը պետք է լինի պարզ, ընթեռնելի:

4. Անասնաբուժական դրոշմակնիքները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Դրոշմակնքման համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված` անվտանգ, մանուշակագույն ներկեր:

 

II. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԸ

 

6. Մսի դրոշմակնքման համար օգտագործվում են անասնաբուժական դրոշմակնիքներ, որոնք պատրաստվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված նյութերից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշման N 2 հավելվածում նախատեսված ձևերով և չափսերով, ակոսված շրջանակով, թվերով և տառերով:

7. 40 x 60 մմ և 25 x 40 մմ չափսերի ձվաձև դրոշմակնիքները հաստատում են, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը լիարժեք է, և միսը ենթակա է իրացման` առանց սահմանափակման:

25 x 40 մմ չափսի ձվաձև դրոշմակնիքն օգտագործվում է ճագարի, նապաստակի, թռչնի, կուղբի, ճահճակուղբի մսի դրոշմակնքման համար, 40 x 60 մմ չափսի ձվաձև դրոշմակնիքը` մյուս տեսակի գյուղատնտեսական և որսակենդանիների մսի դրոշմակնքման համար:

8. 40 x 60 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիքը հաստատում է, որ միսն ստացված է կարանտինային հիվանդությունների նկատմամբ ապահով տնտեսության առողջ սպանդային կենդանուց, որը ենթարկվել է նախասպանդային և հետսպանդային զննման: Միսն այսպիսի դրոշմակնքման ենթակա է իրացման լիարժեք անասնաբուժասանիտարական փորձաքննությունից հետո:

9. 40 x 70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիքը հաստատում է, որ միսը ենթակա է օգտագործման վնասազերծումից հետո` անասնաբուժասանիտարական կանոններին համապատասխան: Այդպիսի դրոշմակնիքի կենտրոնում նշված մեծատառերը պարզաբանում են վնասազերծման եղանակը կամ հիվանդության անվանումը (եփում, սառեցում, երշիկի ստացում, պահածոյացում, հալեցում` ճարպի համար, օգտահանում, դաբաղ, ֆիննոզ, տուբերկուլյոզ և այլն):

10. 20 x 50 մմ չափսի լրացուցիչ ուղղանկյունաձև դրոշմակնիքը հաստատում է մսի տեսակը (տավարի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ուղտի, արջի, եղջերուի, եղնիկի, վարազի, փորսուղի, ճագարի, կուղբի, ճահճակուղբի և այլն):

11. Դրոշմակնիքներում նշված թվերը բացահայտում են, թե որտեղ և ով է իրականացրել անասնաբուժասանիտարական փորձաքննությունը: Թվերի առաջին զույգը Հայաստանի Հանրապետության մարզի պայմանական հերթական համարն է, երկրորդ զույգը` քաղաքի կամ համայնքի, իսկ քառանիշ թվերը` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձի համապատասխան գործունեության լիցենզիայի համարի 4 թվերը:

12. Անասնաբուժական դրոշմակնիքների առաջին թվային 2 զույգը սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

13. Անասնաբուժական դրոշմակնիքները և լրացուցիչ դրոշմակնիքները պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՄՍԻ ԴՐՈՇՄԱԿՆՔՈՒՄԸ

 

14. Միսը դրոշմակնքվում է հետևյալ կերպ`

ա) կենդանու ամբողջական մսեղիքի կամ դրա կեսերի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր թիակի և ազդրի հատվածում.

բ) կենդանու մսեղիքի քառորդների վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր քառորդի թիակի կամ ազդրի հատվածում.

գ) գլխի, լեզվի, ճարպի կամ նրա կտորների, ներքին պարենքիմատոզ օրգանների վրա դրվում է մեկական դրոշմակնիք.

դ) ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` թիակի հատվածում և ազդրի արտաքին մակերեսին.

ե) թռչնի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` պարանոցին կամ ազդրի արտաքին մակերեսին, թռչնաֆաբրիկաներում և սպանդանոցներում կարելի է կիրառել էլեկտրական դրոշմակնիք` առանց շրջանակի, 20 մմ բարձրությամբ 1 կամ 2 թվերով, որը դրվում է ցատկիչ հոդի արտաքին մակերեսին` հավի, հավի ճտի, բադի ճտի մի ոտքին, իսկ բադի, սագի, սագի ճտի, հնդկահավի և դրա ճտի երկու ոտքին: Թռչնի մսի փաթեթավորման դեպքում կարելի է դրոշմակնիքը դնել փաթեթի վրա.

զ) միայն նախասպանդային և հետսպանդային զննման ենթարկված մսի վրա դրվում է 40 x 60 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիք.

է) ճարպոնը չի դրոշմակնքվում. դրա վրա փակցվում է դրոշմակնքված պիտակ.

ը) վնասազերծումից հետո իրացման կամ վերամշակման ենթակա մսի վրա դրվում է 40 x 70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիք, որը բացահայտում է վնասազերծման եղանակը կամ սպանդի ենթարկված հիվանդ կենդանու ախտորոշումը.

թ) տեխնիկական օգտահանման ենթակա մսի վրա դրվում է «Օգտահանում» դրոշմակնիքը` առնվազն 3-4 տարբեր մասերում։

15. Սույն կարգի 14-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» և «ը» ենթակետերում նշված դեպքերում մսի վրա դրվում է նաև մսի կենդանատեսակը հաստատող 20 x 50 մմ չափսի լրացուցիչ ուղղանկյունաձև դրոշմակնիք:

16. Կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա միսը ենթակա է կրկնակի դրոշմակնքման` համապատասխան դրոշմակնիքներով, որոնք կսահմանեն դրա հետագա օգտագործման հնարավորությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 18-ի N 666-Ն որոշման

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ Ե Ր

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ

1. Ձվաձև դրոշմակնիքներ`

ա) ձվաձև դրոշմակնիք` 40 x 60 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում` 2 զույգ երկնիշ և 1 քառանիշ 12 մմ բարձրությամբ թվերով, վերևում և ներքևում` 6 մմ բարձրությամբ մեծատառերով (վերևում` ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ներքևում` ԱԲՍՓ (անասնաբուժասանիտարական փորձաքննություն).

Ներմուծեք նկարագրությունը_13900

 

բ) ձվաձև դրոշմակնիք` 25 x 40 մմ չափսի, 1 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում` 2 զույգ երկնիշ և 1 քառանիշ 6 մմ բարձրությամբ թվերով, վերևում և ներքևում` 3 մմ բարձրությամբ մեծատառերով (վերևում` ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ներքևում` ԱԲՍՓ (անասնաբուժասանիտարական փորձաքննություն)։

Ներմուծեք նկարագրությունը_13900

 

2. Ուղղանկյունաձև դրոշմակնիք` 40 x 60 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում` 2 զույգ երկնիշ և 1 քառանիշ 12 մմ բարձրությամբ թվերով, վերևում և ներքևում` 6 մմ բարձրությամբ մեծատառերով (վերևում` ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ներքևում` ՆԶ (նախնական զննում)։

Ներմուծեք նկարագրությունը_13899

 

3. Ուղղանկյունաձև դրոշմակնիք` 40 x 70 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում և վերևում` 7 մմ բարձրությամբ մեծատառերով (վերևում` ՀՀ (Հայաստանի Հանրապետություն, կենտրոնում, օրինակ, ԴԱԲԱՂ, ներքևում` 7 մմ բարձրությամբ 2 զույգ երկնիշ և 1 քառանիշ թվերով)։

Ներմուծեք նկարագրությունը_13901

 

4. Լրացուցիչ ուղղանկյունաձև դրոշմակնիք` 20 x 50 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում` 7 մմ բարձրությամբ մեծատառերով:

Ներմուծեք նկարագրությունը_13902

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան