Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-623
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.03.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՈՂՄԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՐԱՍԵԿԱ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

14 մարտի 2006 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի ապրիլի 21-ին Բաքվում ստորագրված` «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջև ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության համատեղ ֆինանսավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի ապրիլի 21-ին` Բաքվում: Դրա նպատակն է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության գործունեության համատեղ ֆինանսավորման կարգավորումը:

2. Համաձայնագրի համար իրավական հիմք է հանդիսանում Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագիրը, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1999 թ. դեկտեմբերի 28-ին` Եվրոպայի, Սև ծովի, Կովկասի, Կասպից ծովի և Ասիայի տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների և առևտրի զարգացման նպատակով:

Բազմակողմ համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն Միջկառավարական հանձնաժողովի (ՄՀ) կողմից հիմնվում է Մշտական քարտուղարություն (ՄՔ), որի ֆինանսավորման համակարգը, ըստ նույն հոդվածի 3-րդ կետի, հաստատվում է Կողմերի կառավարությունների կողմից:

3. Ըստ համաձայնագրի` Կողմերը պարտավորվում են ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ գործունեությունը ֆինանսավորելու նպատակով վճարել անդամավճարներ` հավասար բաժնեմասերով: Կողմերի անդամավճարները որոշվելու են` ելնելով գալիք ֆինանսական տարվա համար նախատեսված ծախսերից և գալիք ֆինանսական տարում ակնկալվող եկամուտներից (մուտքերից), ինչպես նաև նախորդ ֆինանսական տարվա միջոցների մնացորդից (հաշվեկշռից) և այլ մուտքերից:

Կողմերի անդամավճարների հաշվին կապահովվեն նաև տարեկան բյուջեի ֆինանսական միջոցները, որոնք կներառեն բանկային տոկոսներից, տարադրամային փոխարժեքից առաջացած եկամուտները, կազմակերպություններից և նվիրատուներից ստացված դրամաշնորհները` եկամտային մասով, և Մշտական քարտուղարության ղեկավարության և աշխատակիցների վարձատրությունը, գրասենյակային ծախսերը և այլ ծախսեր` ծախսային մասով:

Բյուջեի նախագիծը մշակվում է Մշտական քարտուղարության կողմից և այն, կից բացատրագրի հետ մեկտեղ, ուղարկվում է Կողմերին` ՏՐԱՍԵԿԱ ՄՀ հերթական նիստի բացումից ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:

Բյուջեի նախագծի վերաբերյալ Կողմերի դիտողությունները ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ են ուղարկվում Մշտական քարտուղարության ազգային քարտուղարների կողմից:

Բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով աուդիտորական խումբը որոշվում է ՏՐԱՍԵԿԱ ՄՀ-ի կողմից: Աուդիտորական խմբի կազմում ընդգրկվում են ֆինանսների գծով 3 փորձագետներ` տարբեր Կողմերից, որոնցից ոչ մեկը նախագահող չի հանդիսանում:

4. Մշտական քարտուղարության նստավայրը տեղակայված է Բաքու քաղաքում: Կողմերը հաջորդ ֆինանսական տարվա իրենց անդամավճարները փոխանցում են մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, բայց ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը, այլապես Միջկառավարական հանձնաժողովը համապատասխան որոշումներ է կայացնում:

5. Համաձայնագրի անբաժանելի մաս է հանդիսանում Փոփոխությունների և լրացումների մասին արձանագրությունը, որի ուժի մեջ մտնելու կարգն իրականացվում է նույն ձևով, որով ուժի մեջ է մտնում սույն ֆինանսավորման մասին համաձայնագիրը:

ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հիմնական համաձայնագրի գործողության ժամկետով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թվականի ապրիլի 21-ին Բաքվում ստորագրված` «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջև ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության համատեղ ֆինանսավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 մարտի 2006 թվականի
ՍԴՈ-623