Գլխավոր տեղեկություն
Համար
N 619-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.06.2006-01.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.585
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 20 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    11 մայիսի 2006 թվականի N 619-Ն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասի «ե» կետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում աշխատունակության կորստի աստիճանի սահմանման չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 18
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 11-ի N 619-Ն որոշման

Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

I. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Լրիվ ծավալով մասնագիտական գործունեություն` նորմալ աշխատաժամանակի ընթացքում իր մասնագիտությամբ նախատեսված աշխատանքների ամբողջական կատարում` ներառյալ աշխատանքը վնասակար և վտանգավոր պայմաններում և չնորմավորված աշխատանքները:

2. Մասնագիտական աշխատունակություն` անձի ունակությունը կամ հնարավորությունը կատարելու տվյալ մասնագիտությամբ որոշակի որակավորման, ծավալով և որակով աշխատանք:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ` ելնելով ախտաբանական վիճակով պայմանավորված (հիվանդություն, վնասվածք կամ խեղում) օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումից առաջացած աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանից:

4. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է տոկոսներով` 10-100 տոկոս:

5. Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ տուժողի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշվում է հետևյալ հատկանիշների ամբողջական վերլուծությամբ`

ա) կլինիկաֆունկցիոնալ հատկանիշներ.

բ) մասնագիտական գործունեության բնույթ (մասնագիտություն, որակավորում, աշխատանքի որակ և ծավալ, դրանց կատարման հնարավորություններ).

գ) կենսագործունեության սահմանափակման տեսակներ ու աստիճաններ:

6. Կլինիկաֆունկցիոնալ հատկանիշներն են`

ա) աշխատանքի վայրում դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության բնույթը և ծանրության աստիճանը, ինչպես նաև աշխատանքի վայրում դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ախտաբանական վիճակների առանձնահատկությունները.

բ) օրգանիզմի ֆունկցիաների խանգարման բնույթը և տեսակը.

գ) օրգանիզմի ֆունկցիաների խանգարման աստիճանը (խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր, աննշան).

դ) կլինիկական և վերականգնողական կանխատեսումը` հիվանդության ելքը, ընթացքը, բուժման հնարավորությունը, արդյունքը և վերականգնման իրականացման կանխատեսվող հնարավորությունը.

ե) հոգեֆիզիոլոգիական ունակությունները.

զ) աշխատանքային գործունեության կարողության վերականգնման ենթադրվող հավանականությունը:

7. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելիս հաշվի է առնվում տուժողի օրգանիզմի ֆունկցիաների խանգարումների բնույթը, տեսակը և արտահայտվածության աստիճանը, որոնք հանգեցնում են աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և կենսագործունեության այլ տեսակների սահմանափակման: Տուժողների մոտ կլինիկական պատկերի բազմազանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես վնասվածքների, մասնագիտական հիվանդությունների անմիջական հետևանքների առկայությամբ, այնպես էլ դրանց ծանրացումներով կամ բարդացումներով:

 

III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

8. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելիս, հիմք ընդունելով բուժման և վերականգնողական միջոցառումների արդյունքները, հաշվի է առնվում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի հետևանքով` տուժողի մասնագիտությամբ լրիվ ծավալով աշխատանք կամ հավասարազոր որակավորմամբ ու վճարովի այլ աշխատանք կամ սովորական կամ հատուկ ստեղծված արտադրական պայմաններում մնացորդային մասնագիտական աշխատունակության կիրառմամբ ավելի ցածր որակավորման աշխատանք կատարելու կարողությունը:

9. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի գնահատման հիմքում ընկած են հետևյալ գործոնները`

ա) տեխնոլոգիական` աշխատանքային գործընթացների, աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատանքային գործիքներն օգտագործելու (սպասարկելու) բարդությունը,

բ) կազմակերպական` աշխատողի ինքնուրույնության աստիճանն աշխատանքային պարտականությունների ընդհանուր ծավալը կատարելիս,

գ) աշխատողի նյութական պատասխանատվությունը,

դ) առողջության համար ծանր, վտանգավոր, առանձնապես ծանր, առանձնապես վտանգավոր պայմաններում կատարած աշխատանքը:

10. Եթե տուժողը չի կարող կատարել նախկին բարդության (որակավորման) աշխատանք, ապա նրան այլ ավելի թեթև աշխատանքի տեղափոխելու պահանջ է առաջանում` հաշվի առնելով անհատական վերականգնողական ծրագրի պահանջները:

11. Որակավորում չունեցող ֆիզիկական աշխատանք կատարող տուժողի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է` կախված նրա հոգեֆիզիոլոգիական վիճակից, ֆիզիկական աշխատանք կատարելու դեպքում` անձի ֆիզիկական կարողությունից:

12. Ստացած վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության հետ կապված աշխատողի մասնագիտության, որակավորման, նրա արտադրական գործունեության ծավալի փոփոխման անհրաժեշտության հարցի լուծման հիմք է հանդիսանում աշխատատեղը բնորոշող հատկանիշների համալիրը:

13. Երբ աշխատանքի վայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի հետևանքով առաջացել է առողջության խաթարմամբ պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարում կամ ֆունկցիայի բացակայություն, որի հետևանքով տուժողի մոտ առաջացել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցվածություն, նույնիսկ հատուկ ստեղծված արտադրական կամ այլ պայմաններում, հանգեցնելով մասնագիտական աշխատունակության ու մասնագիտական գործունեության լրիվ կորստի, սահմանվում է մասնագիտական աշխատունակության 100 տոկոս կորուստ:

14. Երբ տուժողն օրգանիզմի ֆունկցիաների արտահայտված խանգարումների հետևանքով մասնագիտական աշխատանք կարող է կատարել միայն հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների և (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է 70-90 տոկոս:

15. Երբ տուժողն օրգանիզմի ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումների հետևանքով կարող է մասնագիտական աշխատանքը կատարել սովորական արտադրական պայմաններում` որակավորման իջեցմամբ կամ կատարվող աշխատանքի ծավալի փոքրացմամբ կամ, եթե օրգանիզմի ֆունկցիայի չափավոր խանգարման հետևանքով նա կորցրել է տվյալ որակավորմամբ մասնագիտական գործունեությունը շարունակելու ունակությունը, սակայն սովորական արտադրական պայմաններում կարողանում է շարունակել ավելի ցածր որակավորմամբ մասնագիտական աշխատանքային գործունեություն, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է 40-60 տոկոս:

16. Երբ տուժողն օրգանիզմի ֆունկցիաների աննշան արտահայտված խանգարումների հետևանքով որակավորման իջեցմամբ մասնագիտական աշխատանքը կարող է կատարել սովորական արտադրական պայմաններում կամ աշխատանքի ծավալի փոքրացմամբ կամ աշխատանքային բնույթի փոփոխման պայմաններում, որոնք հանգեցնում են տուժողի աշխատավարձի նվազեցման, կամ, եթե նրա մասնագիտական գործունեության իրականացումը պահանջում է մեծ լարում, քան նախկինում, սահմանվում է 10-30 տոկոս մասնագիտական աշխատունակության կորուստ:

17. Եթե աշխատանքային գործունեության ժամանակ աշխատանքի վայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումը, մասնագիտական հիվանդությունը կամ առողջությանը հասցված այլ վնասը տուժողի մոտ չեն առաջացրել մասնագիտական աշխատունակության կորուստ, թույլ են տվել նրան կատարելու իր մասնագիտական գործունեությունը` առանց որակավորման, աշխատանքի ծանրության աստիճանի և աշխատավարձի իջեցման, մինչև տարիքային կենսաթոշակի անցնելը, ապա կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո փորձաքննվելիս մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան չի սահմանվում:

18. Աշխատանքի վայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված կրկնակի խեղման, կրկնակի մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ կրկնակի վնասի դեպքում, անկախ նույն, թե մեկ այլ գործատուի մոտ աշխատելուց, տուժողի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին և չի կարող ընդհանուր առմամբ գերազանցել 100 տոկոսը:

19. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է մեկ կամ երկու տարով, կամ անժամկետ` ելնելով տուժողի առողջության խաթարմամբ պայմանավորված օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճանից, օրգանիզմի պահուստային ներուժից ու հարմարողական հնարավորություններից: Հաշվի են առնվում նաև աշխատանքի վայրում ստացած խեղման և մասնագիտական հիվանդության բնույթը, մասնագիտական աշխատունակության լրիվ կամ մասնակի վերականգնման հնարավորությունը, բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հեռանկարի կանխատեսումը:

20. Վերականգնման հեռանկարի բացակայության դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է անժամկետ:

21. Երբ մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է հաշմանդամության հետ միաժամանակ, ապա մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է մինչև հաշմանդամության ժամկետի ավարտը:

22. Վերականգնողական միջոցառումների տեսակները, ծավալները և ժամկետները սահմանվում են անհատական վերականգնողական ծրագրում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան