ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
25 ապրիլի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի սեպտեմբերի 20-ին և 2005 թվականի դեկտեմբերի 30-ին հայտագրերի փոխանակման ձևով ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ընդունող պետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է հայտագրերի փոխանակմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` 2005 թվականի սեպտեմբերի 20-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից` 2005 թվականի դեկտեմբերի 30-ին: Համաձայնագրի կնքման նպատակն է Կողմերի դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունքի իրացման համար պայմանների ապահովումը:
2. Քննության առարկա համաձայնագրի կնքման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 11-ի N 276-Ա որոշումը, որով հավանություն է տրվել նման համաձայնագիր կնքելու առաջարկությանը:
3. Համաձայնագրում սահմանվում են «պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողներ», «խնամքի տակ գտնվող անձինք» և «ընդունող պետություն» հասկացությունները: Հաշվի առնելով «խնամքի տակ գտնվող անձանց»` համաձայնագրով երաշխավորվող աշխատանքի իրավունքի, այդ անձանց աշխատանքի ընդունման ընթացակարգի, պարտականությունների և անձեռնմխելիության հարցերի կարևորությունը, համաձայնագրով սահմանվում է «խնամքի տակ գտնվող անձանց» եզրույթի բովանդակությունը, համաձայն որի` Հայաստանի դեպքում` ծառայողի ամուսին, խնամքի տակ գտնվող` 18 տարեկանից ցածր` չամուսնացած երեխաներ և խնամքի տակ գտնվող` չամուսնացած, ֆիզիկական և մտավոր պակասություններով երեխաներ, իսկ Ամերիկայի դեպքում` ծառայողի ամուսին, խնամքի տակ գտնվող` 21 տարեկանից ցածր` չամուսնացած երեխաներ, խնամքի տակ գտնվող` 23 տարեկանից ցածր` չամուսնացած երեխաներ, ովքեր միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հաճախում են կրթական ինստիտուտ որպես ուսանողներ, և խնամքի տակ գտնվող` չամուսնացած, ֆիզիկական և մտավոր պակասություններով երեխաներ:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձաբար ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց ընտանիքի անդամներին վերապահել աշխատանքի իրավունք` համաձայնագրով սահմանված ընթացակարգով, որը նախատեսում է, որ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հասցեագրված պաշտոնական խնդրանքի առկայության դեպքում տեղեկացնել ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությանը խնամքի տակ գտնվող անձի` աշխատանքի ընդունվելու իրավունքի առկայության մասին` նախապես հավաստիանալով, որ նշված անձը պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողի խնամքի տակ գտնվող անձ է,
- պաշտոնական պարտականություն կատարող ծառայողի ծառայողական գործողությունների դադարման պահից 30 օր հետո դադարեցնել խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքային գործունեությունը,
- կարգավորել Կողմերի միջև առաջացած ցանկացած վեճ փոխադարձ համաձայնությամբ` դիվանագիտական ուղիներով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի սեպտեմբերի 20-ին և 2005 թվականի դեկտեմբերի 30-ին հայտագրերի փոխանակման ձևով ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ընդունող պետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|