Գլխավոր տեղեկություն
Համար
N 166
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (10.12.1998-08.05.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.03.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1991թ. N 166

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է

1. Հաստատել հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի դեկտեմբերի 13-ի «Հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ» թիվ-715 որոշումը:

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի
1991 թվականի մարտի 5-ի N 166 որոշմամն
 

 

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնադրությամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բոլոր կատեգորիաների հողերից հողամասերի հետվերցման և հատկացման կարգը, անկախ նրանից, թե ում օգտագործման տակ են գտնվում կամ սեփականությունն են համարվում դրանք:

2. Արգելվում է նախարարություններին, գերատեսչություններին, հիմնարկ-ձեռնարկություններին, նախագծային և այլ կազմակերպություններին` գյուղատնտեսական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, անտառտնտեսությունների, սեփականատերերի ու հողօգտագործողների հողերի վրա բոլոր տեսակի շինարարության համար հետախուզական և նախագծային աշխատանքներ կատարելը` առանց Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշման:

3. Պետական կամ հասարակական կարիքների համար հողամասերը հետ վերցնելու կամ դրանք ժամանակավորապես օգտագործելու դեպքում հողօգտագործողներին և սեփականատերերին պատճառված վնասները ենթակա են հատուցման: Հատուցման ենթակա են հողի, բնակելի տների, կուլտուր-կենցաղային նշանակության օբյեկտների, արտադրական և այլ շենքերի ու կառուցվածքների արժեքը կամ դրանք նոր տեղ փոխադրելու հետ կապված ծախսերը, բոլոր սեփականատերերի և հողօգտագործողների կողմից աճեցված պտղահատապտղային, դաշտապաշտպան և մյուս բազմամյա տնկարկների, անավարտ արտադրության (հերկի, պարարտացման, ցանքի և այլ աշխատանքների) արժեքը, գյուղատնտեսական կուլտուրաների բերքի արժեքը, ինչպես նաև հողօգտագործողների, հողի սեփականատիրոջ մյուս ծախսերը, որոնք կապված են հողամասերը հետ վերցնելու և հատկացնելու հետ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին հատկացված հողամասերը պետական կարիքների համար կարող են հետ վերցվել, երբ քաղաքացիների, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների համաձայնությամբ համարժեք հողամաս է հատկացվում նրանց:

Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են քաղաքացուն, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին որպես փոխհատուցում տրված նոր հողամասում կառուցել բնակելի, արտադրական և այլ շենքեր, եթե այդպիսիք եղել են նախկին հողամասում ու լրիվ ծավալով հատուցել մյուս բոլոր վնասները:

4. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողերի վրա գյուղատնտեսական նշանակության արտադրական շինություններ կարող են կառուցվել միայն պատգամավորների համապատասխան շրջանային (քաղաքային) խորհուրդների թույլտվությամբ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության Ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ համաձայնեցնելով: Այն բնակավայրերի ցանկը, որտեղ գյուղատնտեսական նշանակության արտադրական շինությունների կառուցումը թույլատրվում է միայն տնամերձ հողամասի վրա, սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:

(4-րդ կետը փոփ. 29.09.93 N 492)

5. Քաղաքացիները, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկները հատկացված հողամասերի օգտագործմանը ձեռնամուխ են լինում այդ հողամասերի սահմանները տեղանքում ամրակցելուց և հողի սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը ստանալուց հետո:

Քաղաքացիները, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններն իրենց սեփականությունը հանդիսացող հողերը կարող են առուծախի ենթարկել միայն «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Հողամասերը հետ վերցնելու և հատկացնելու կարգը

 

6. Պետական կարևորության օբյեկտների շինարարության համար հողամասերը հետ վերցնելու և հատկացնելու վերաբերյալ շրջանային հողաշինարարական ծառայության կողմից կազմվում է հողահատկացման գործ` նախապես համաձայնացնելով տեղական ճարտարապետական ծառայությունների հետ: Օբյեկտների տեղաբաշխման նպատակով հողահատկացման գործը կազմելիս կատարվում է նախնական ուսումնասիրություն (հողի գնահատումը և գրաֆիկական մասի ձևակերպում):

Հողահատկացման գործը կազմվում է ամբողջ օբյեկտի շինարարության համար:

(6-րդ կետը փոփ. 29.09.93 N 492)

7. Գոյություն ունեցող օբյեկտների լրացուցիչ հողամաս հատկացնելու դեպքում հողահատկացման գործը նախապատրաստելիս կատարվում է նախկինում հատկացված հողամասերի մանրազնին ուսումնասիրություն, ստուգվում է դրանց օգտագործումը:

8. Ոչ գյուղատնտեսական կարիքների համար հողամասերի հատկացումը կատարվում է աստիճանաբար, ըստ դրանց իրացման և, որպես կանոն, աճեցրած բերքը հավաքելուց հետո:

9. Եթե հողամասը հատկացվում է հանրատարած օգտակար հանածոների բաց եղանակով արդյունահանման նպատակով կամ այնպիսի շինարարության համար, որը փչացնում է հողի բերրի շերտը, ապա հողամաս ստացող ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկները պարտավոր են հանել ու պահպանել այդ շերտը` հետագայում հողերի ռեկուլտիվացիա կատարելիս այն օգտագործելու համար:

 

Հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգը

 

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, ձեռնարկությունները, հիմնարկները, հասարակական ու կրոնական կազմակերպությունները հողամասեր ստանալու համար հայտ են ներկայացնում պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտե` նշելով հողամասի գտնվելու վայրը, հատկացման նպատակը և պահանջվող հողատարածության չափը:

11. Պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեն 10-օրյա ժամկետում քննության է առնում ստացված հայտերը և հողաշինարարական ծառայության միջոցով կազմում է տվյալ հողամասի հատկացման մասին հողահատկացման գործ, նախապես համաձայնեցնելով տեղական ճարտարապետական ծառայությունների հետ:

(11-րդ կետը փոփ. 29.09.93 N 492)

12. Այն դեպքում, երբ պահանջվող հողամասը հանդիսանում է քաղաքացիները, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սեփականությունը, հարցի նախնական քննարկման ժամանակ պետք է բավարարել նախկին հողատիրոջ սույն կանոնադրության 3-րդ կետով նախատեսված պահանջները: Հողամասերը հատկացնելու, հետ վերցնելու, հողի սեփականության և օգտագործման իրավունքը դադարեցնելու հետ կապված հողային վեճերը լուծվում են դատական կարգով:

Սեփականատիրոջ կողմից հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ դիմումները տրվում են մարզպետներին դիմումին կցելով հողամասի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթը:

Մարզպետները կազմում են գործ և այն սեփականատիրոջ դիմումի հետ միասին ուղարկում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշում նշված հողամասի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը դադարելու, այդ հողամասը պետական սեփականության հողերի շարքը դասելու և, անհրաժեշտության դեպքում, հողի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ:

Հողամասի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը դադարում է դրա պետական գրանցման պահից:

(12-րդ կետը լրաց. 19.11.98 N 729)

13. Հողահատկացման գործեր նախապատրաստելիս պարտադիր կարգով հաշվի են առնվում շրջանի հատակագծման սխեման, ներտնտեսային հողաշինարարական նախագիծը, բնակավայրի կառուցապատման գլխավոր հատակագիծը, հողագիտական և հետազոտական, հողերի համեմատական գնահատման, տեղանքի սեյսմաբանական, բնապահպան և այլ նյութեր:

14. Հողամասերի ընտրությունը կատարվում է երկու և ավելի տարբերակներով, հաշվարկելով նրանց տնտեսական և այլ առավելությունները:

15. Հողային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովի աշխատանքի արդյունքները ձևակերպվում են ակտով, որտեղ նշվում են պահանջվող հողամասի տարածությունն ըստ հողատեսքերի, դրա կադաստրային գնահատականը, փոխհատուցման արժեքը, բնութագիրը, հանձնաժողովի կարծիքը օբյեկտի տեղադրման նպատակահարմար տարբերակի վերաբերյալ:

16. Ոչ գյուղատնտեսական նպատակների համար հողամասերի հատկացումը կատարվում է երկու փուլով` նախնական և վերջնական.

ա) նախնական հողահատկացման նպատակն է կազմել օբյեկտի տեղաբաշխման նախագիծ, ճշտելով պահանջվող հողատարածության չափը.

բ) վերջնական հողահատկացման նպատակն է նախագծով ճշտված տարածքի սահմաններում կատարել հողամասի վերջնական հատկացումը:

17. Կազմված հողահատկացման նյութերը (նախնական և վերջնական) պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեի կողմից ներկայացվում են Ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն` համաձայնեցման, որից հետո` հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

(17-րդ կետը փոփ. 29.09.93 N 492)

18. Նախնական հողահատկացման գործում պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը`

ա) հողամաս ստանալու համար միջնորդություն հարուցող ձեռնարկության , հիմնարկության, կազմակերպության վերադաս մարմնի հայտը.

բ) հողամասի ընտրությունը կատարող տեղական և շրջանային հանձնաժողովների կողմից համատեղ կազմված ակտը.

գ) հողամասի գնահատման ակտը.

դ) պատգամավորների գյուղական խորհրդի եզրակացությունը

ե) հողամասի սահմանները և տարածությունն ըստ հողատեսքերի, նրա կադաստրային գնահատման ցուցանիշներով.

զ) սեփականտիրոջ կամ հողօգտագործողի համաձայնությունը հողամաս հատկացնելու մասին.

է) նախկին հողօգտագործողի վերադաս կազմակերպության համաձայնությունը.

ը) հողամաս հատկացնելու մասին պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը:

(18-րդ կետը փոփ. 29.09.93 N 492)

19.Գյուղատնտեսության նախարարությունը ուսումնասիրում է ստացված նախնական հողահատկացման գործը և իր եզրակացությունը որոշման նախագծի ու նյութերի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի քննարկմանը:

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը նախնական հողահատկացման նյութերի հիման վրա ընդունում է համապատասխան որոշում:

Եթե օբյեկտի շինարարության վերաբերյալ որոշումը կայացվելուց հետո 2 տարվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին չի ներկայացվում վերջնական հողահատկացման նյութերը, ապա տվյալ հողօգտագործողը կորցնում է հողօգտագործման իրավունքը:

20.Վերջնական հողհատկացման գործում պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը`

ա) հատկացվող հողամասի հողաշինարարական հատակագիծը` ճշտված հողատեսքերով.

բ) հողի գնահատման ճշտված ակտը.

գ) շինարարության տիտղոսացուցակը.

դ) Հայաստանի Հանրապետության Ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության կողմից համաձայնեցված տեղանքի հատակագիծը.

ե) պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը:

զ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եզրակացությունը` որոշման նախագծի հետ միասին:

Նշված նյութերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի քննարկմանը, որը որոշում է կայացնում այդ օբյեկտի շինարարության համար հողամաս հատկացնելու մասին:

Ձեռնարկություններին, հիմնարկություններին, կազմակերպություններին տրվում է հողօգտագործման իրավունքի պետական ակտ, որից հետո միայն նրանք իրավունք ունեն ձեռնամուխ լինելու շինարարական աշխատանքներին: Նոր հողօգտագործողին հողամաս հատկացնելու որոշում ընդունելուց հետո նա պարտավոր է 3-ամսյա ժամկետում նախկին հողօգտագործողին փոխհատուցել պատճառված բոլոր վնասների արժեքը` գնահատման ակտի համաձայն:

(20-րդ կետը փոփ. 29.09.93 N 492)

21. Հանրատարած օգտակար հանածոների բաց եղանակով արդյունահանման դեպքում պահանջվող հողամասերի համար հողհատկացման գործում պետք է լինի նաև համապատասխան մարմինների եզրակացությունը պաշարների վերաբերյալ:

22. Բնապահպան նշանակության (արգելանոցներ, ազգային և ծառաբանական զբոսայգիներ, արգելավայրեր, բնության հուշարձաններ) հողերի հատկացման համար հողահատկացման գործում բացի սույն կանոնադրության 18-րդ և 20-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից պետք է լինի նաև պահանջվող տարածքի առանձնահատուկ պայմանների հիմնավորումը:

23. Հանգստավայրերի (հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարաններ, տուրիստական բազաներ, ստացիոնար և վրանավոր տուրիստական-առողջարարական ճամբարներ, մանկական տուրիստական կայաններ, քաղաքների և այլ բնակավայրերի շուրջը եղած զբոսայգիների, կանաչ գոտիների, առողջարարական նշանակության հողերից դուրս գտնվող ուսումնատուրիստական արահետներ, ազդանշանված ուղիներ, մարզական ճամբարներ) հողերի հատկացումը կատարվում է սույն կանոնադրության 18-րդ և 20-րդ կետերի համաձայն:

24. Պատմամշակութային նշանակության (պատմամշակութային արգելանոցներ, հուշազբոսայգիներ, հնագիտական և ճարտարապետական հուշարձաններ, ճարտարապետական-տեղանքապատկերային համալիրներ) հողերի հատկացման համար բացի սույն կանոնադրության 18-րդ կետով նախատեսված փաստաթղթերից պետք է լինի նաև պահանջվող տարածքի առանձնահատուկ պայմանների հիմնավորումը:

25. Անտառային, ջրային ֆոնդի հողերի, ինչպես նաև տրանսպորտի, կապի և ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի հատկացումը կատարվում է սույն կանոնադրության 18-րդ և 20-րդ կետերի համաձայն:

26. Հողի և միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնող օբյեկտների տեղաբաշխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից կազմված պետական հանձնաժողովի միջոցով, որի կազմի մեջ մտնում են հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական, ճյուղային, շրջանային, տեղական հանձնաժողովների, ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեի, պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության, բնութպետկոմի և հողաշինարարական ծառայության ու շահագրգռված այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: Նշված նպատակներին հողամասերի հատկացումը կատարվում է սույն կանոնադրության 18-րդ և 20-րդ կետերի համաձայն:

27. Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ոչ գյուղատնտեսական նպատակներով հատկացված հողամասերը 2 տարի շարունակ նպատակային նշանակությամբ չօգտագործելու դեպքում, սահմանված կարգով հետ են վերցվում և թողնվում համապատասխան խորհրդի իրավասության տակ:

28. Հողամասերը որպես տնամերձ քաղաքացիներին սեփականության իրավունքով հատկացվում են պահեստի հողերից հետևյալ կարգով` պատգամավորների տեղական (գյուղական, ավանային) խորհուրդը միջնորդություն է հարուցում պատգամավորների շրջանային խորհրդին, որը 10-օրյա ժամկետում կազմում է հողհատկացման գործ և որոշում ընդունելուց հետո այն ուղարկում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, կցելով հետևյալ փաստաթղթերը`

ա) պատգամավորների տեղական (գյուղական, ավանային) խորհրդի միջնորդությունը.

բ) հատկացվող հողամասի հատակագիծը, նշելով հողատարածությունն ըստ հողատեսքերի.

գ) շրջանի գլխավոր ինժեներ-հողաշինարարի եզրակացությունը.

դ) պատգամավորների շրջանային խորհրդի որոշումը:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը 10-օրյա ժամկետում ուսումնասիրում և իր եզրակացությունը որոշման նախագծի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի քննարկմանը:

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում տնամերձ հողամաս հատկացնելու մասին:

29. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին գյուղատնտեսական հողերը որպես սեփականություն տրամադրվում են մասնակի հատուցմամբ, որի գումարը կարող է վճարվել նաև միանվագ կարգով:

Հողի հատկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ` պատգամավորների գյուղական, ավանային, շրջանային, քաղաքային խորհուրդների որոշումների հիման վրա` նրանց իրավասության սահմաններում:

Հողահատկացման գործում պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գյուղացիական տնտեսություն վարող քաղաքացու կամ կոլեկտիվի դիմումը պատգամավորների համապատասխան խորհուրդների, որի մեջ նշվում է հողը վերցնելու նպատակը.

բ) հողային ռեֆորմի և սեփականաշնորհման համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը և որոշումը գյուղացիական ու գյուղացիական կոլեկտիվի տնտեսությանը հողամաս հատկացնելու մասին (12 տարի ժամկետով).

գ) հողաշինարարական հատակագիծը, նշելով հատկացվող հողամասն ըստ հողատեսքերի:

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից որոշում ընդունվելուց հետո բնության մեջ առանձնացվում են հատկացված հողամասի սահմանները և տրվում հողօգտագործման իրավունքի պետական ակտ:

 

Հեռագնաց անասնապահության համար պետական ֆոնդի ամառային և ձմեռային արոտները օգտագործման տալու կարգը

 

30. Հեռագնաց անասնապահության համար պետական ֆոնդի ամառային և ձմեռային արոտները, անկախ նրանից, թե որ շրջանի վարչական տարածքում են գտնվում, օգտագործման են տրվում անասնապահական մթերքներ արտադրող գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, պետական գյուղատնտեսական ձեռնարկություններին և այլ իրավաբանական անձանց` վարձակալական հիմունքներով, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ, կարճատև` մինչև 3 տարի և երկարատև` 3-10 տարի ժամկետով:

(30-րդ կետը փոփ. 16.04.91 N 282)

31. Հեռագնաց անասնապահության համար ամառային և ձմեռային արոտների կարիք ունեցող հիմնարկ-ձեռնարկությունները, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, քաղաքացիները հայտերը ներկայացնում են իրենց պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործկոմներին` նշելով ամառային կամ ձմեռային արոտավայրերը տեղափոխվող անասունների գլխաքանակը, տեսակը և սեռահասակային կազմը:

Պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները ուսումնասիրում, ամփոփում են ստացված հայտերը և առաջարկություն ներկայացնում իրենց պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին:

Պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները ուսումնասիրում են ստացված հայտերը և այն պատգամավորների շրջխորհուրդների գործկոմները, որոնց վարչական տարածքում են գտնվում ամառային կամ ձմեռային արոտները, որոշում են ընդունում ու համապատասխան նյութերը ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` հետագա ընթացք տալու համար: Իսկ այն պատգամավորների շրջանային խորհուրդների գործկոմները, որոնց վարչական տարածքում չկան ամառային կամ ձմեռային հեռագնաց արոտներ, կամ պակաս են պահանջվող նորմաներից, հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և պատգամավորների այն շրջխորհուրդների գործկոմներ, որոնց վարչական տարածքում են գտնվում ամառային և ձմեռային արոտները: Ստացված հայտերը ուսումնասիրվում են և 10-օրյա ժամկետում սահմանված կարգով առաջարկություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

(31-րդ կետը փոփ. 16.04.91 N 282)

32. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ուսումնասիրում է ստացված նյութերը, այն ամփոփում և համապատասխան փաստաթղթերը որոշման նախագծի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի քննարկմանը:

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից որոշում ընդունելուց հետո համապատասխան շրջխորհրդի գործկոմներն ըստ տրամադրվող արոտների, կնքում են պայմանագրեր` վարձավճարի վերաբերյալ:

(32-րդ կետը փոփ. 16.04.91 N 282)

33. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի քննարկմանը ներկայացվող հողհատկացման գործում պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը`

ա) հողամասի պահանջի վերաբերյալ պատգամավորների շրջանային խորհրդի գործկոմի հայտը.

բ) արոտավայր տրամադրող շրջանի պատգամավորների շրջանային խորհրդի գործկոմի որոշումը.

գ) տեղեկանք անասնագլխաքանակի և տեսակի մասին, որի համար անհրաժեշտ է արոտավայր հատկացնել.

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եզրակացությունը և հողամաս հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը.

ե) հատկացվող հողամասի հատակագիծը:

(33-րդ կետը փոփ. 16.04.91 N 282)

 

Քաղաքացիների, կոլեկտիվների համար այգեգործության (ամառանոցի) նպատակով հողամասերի հատկացման կարգը

 

34. Քաղաքացիների, կոլեկտիվների ներկայացրած հայտերի հիման վրա այգեգործության (ամառանոցի) համար պահանջվող հողամասերը հատկացվում են պատգամավորների շրջանային խորհուրդների որոշումներով, ըստ տվյալ շրջանի համար կազմված և Նախարարների խորհրդի կողմից հաստատված սխեմայի: Նշված նպատակի համար հողամասեր կարող են հատկացվել նաև սույն կանոնադրության 18-րդ և 20-րդ կետերի համաձայն:

Կոլեկտիվներին հատկացված հողամասերի բաժանումը իրականացվում է համապատասխան հիմնարկ-ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից:

35. Սխեմայով նախատեսված կոլեկտիվ այգեգործության (ամառանոցների) հողամասերն արդյունավետ օգտագործելու նպատակով պատգամավորների շրջանային խորհուրդները հողամասերի հատկացումը պետք է կատարեն աստիճանաբար, ըստ հողազանգվածների, մեկ հողազանգվածը լրիվ բաշխելուց հետո:

36. Կոլեկտիվ այգեգործության (ամառանոցների) համար հողազանգվածների տարածքների կազմակերպման ու կառուցապատման նախագծերը և նախահաշվային փաստաթղթերը պատվիրում են Հայաստանի Հանրապետության Ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ համաձայնեցնելուց հետո, հաստատում են հողահատկացման պատգամավորների շրջանային խորհուրդների գործկոմները և քաղաքացիներին, կոլեկտիվներին են հանձնում` կազմված նախագծի արժեքը նրանց կողմից տվյալ շրջխորհրդի համապատասխան հաշվին փոխանցելուց (մուծելուց) հետո:

(36-րդ կետը փոփ. 29.09.93 N 492)

 

Հատկացված հողամասի սահմանները տեղանքում տեղադրելու և հողային փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու կարգը

 

37. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից հողհատկացման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո, հատկացվող հողամասի սահմանները տեղանքում նշահարվում են հանրապետական հողաշինարարական ծառայության կողմից, որին ներկա են գտնվում շրջանային գլխավոր ինժեներ-հողաշինարարը, հողամաս ստացող ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության ներկայացուցիչը, քաղաքացին, որին սեփականության իրավունքով հողամաս է հատկացվել, նախկին սեփականատիրոջ կամ հողօգտագործողի ներկայացուցիչը:

38. Հատկացվող հողամասը տեղանքում սահմանազատելու ընթացքում նրա արտաքին սահմաններն ամրակցվում են համապատասխան սահմանանիշերով: Հողամասի սահմանները տեղանքում նշելուց հետո կազմվում է ակտ: Ակտին կցվում է հատկացվող հողամասի սխեմատիկ գծագիրը, որի վրա ցույց են տրվում չափած նրա սահմանների ուրվագիծը և գծերի երկարությունը: Ակտը, դաշտային չափումների նյութերի հետ միասին, կցվում է հողաշինարարական գործին:

39. Հողամասի հատկացման կապակցությամբ, հողի սեփականատիրոջ և օգտագործողների հողօգտագործությունում տեղի ունեցած փոփոխությունների հիման վրա, հողաշինարարական ծառայության կողմից ուղղում է մտցվում հողի սեփականատիրոջ և օգտագործողի հողօգտագործման իրավունքի պետական ակտում, հողաշինարարության հատակագծում, շրջանային հերթապահ քարտեզում և հողային այլ փաստաթղթերում, իսկ շրջանային կամ քաղաքային գլխավոր ճարտարապետը ուղղում է մտցնում քաղաքի, ավանի և գյուղական բնակավայրերի կառուցապատման գլխավոր հատակագծերում:

40. Հողհատկացման նյութերի հիման վրա հողաշինարարական ծառայությունը պատրաստում է, իսկ համապատասխան պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեն հողամաս ստացող հիմնարկ-ձեռնարկությանը, կազմակերպությանը, կոլեկտիվին կամ քաղաքացուն հանձնում է օգտագործման կամ սեփականության պետական ակտը:

 

Հողամասերի հատկացման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը

 

41. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, պետական և ոչ պետական ձեռնարկություններին, հասարակական, հասարակական-քաղաքական և այլ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի (բացի բնակավայրերի հողերից) հատկացումը կատարվում է մրցութային կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր նախաձեռնությամբ կամ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեների միջնորդությամբ կարող է հողամասերի հատկացումն իրականացնել ոչ մրցութային կարգով:

(41-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

42. Հողամասերի հատկացման մրցույթի անցկացման համար հիմք են ծառայում պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից կազմված` պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործկոմների կողմից հաստատված սխեմաները և մրցույթի պայմանները, ինչպես նաև շրջանային հատակագծի, տվյալ բնակավայրի գլխավոր հատակագծի, արդյունաբերական հանգույցների սխեմաների հետ առնչությունը: Վերջինիս վերաբերյալ շրջանի (քաղաքի) գլխավոր ճարտարապետի կողմից տրվում է համապատասխան հատակագիծ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ:

 

(42-րդ կետը լրաց. 08.06.93 N 297, փոփ. 29.09.93 N 492)

43. Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեներում ստեղծվում են հողամասերի հատկացման մրցութային հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործկոմների նախագահները կամ նրանց տեղակալները (հանձնաժողովի նախագահ), գլխավոր (ավագ) հողաշինարարները, գլխավոր ճարտարապետները, սանիտարահամաճարակային կայանների գլխավոր բժիշկները, ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության, ինչպես նաև համապատասխան պետական այլ մարմինների ներկայացուցիչները:

Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվում է պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործկոմի կողմից:

(43-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

44. Մրցութային հանձնաժողովը`

ա) սահմանում է մրցույթի պայմանները.

բ) ապահովում է մրցույթի անցկացման կարգի ու պայմանների մասին տեղեկատվության տարածումը.

գ) մրցույթի մասնակիցների համար ապահովում է հավասար պայմաններ.

դ) որոշում է մրցույթի հաղթողին.

ե) իրականացնում է մրցույթի անցկացման հետ կապված այլ միջոցառումներ:

(44-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

45. Մրցույթը կարող է հայտարարվել թե հողամասը (հողամասերը) կոնկրետ նպատակներով օգտագործման տրամադրելու և թե հողամասը (հողամասերը) գործունեության մի շարք նպատակներով օգտագործման տրամադրելու համար:

(45-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

46. Մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացումից առնվազն 2 ամիս առաջ լրատվական միջոցներով հայտնում է մրցույթի անցկացման պայմանները` նշելով.

ա) օգտագործման հատկացվելիք հողամասի (հողամասերի) համարները (ինդեքսները), հեկտարային տարածությունը, կատեգորիաները, կադաստրային տվյալները.

բ) հողամասի (հողամասերի) տեղանքի քարտեզը.

գ) հողհատկացման նպատակը կամ նախընտրելի նպատակները.

դ) ըստ մշակված սխեմաների հաղորդակցությունների (ճանապարհներ, ջրատարներ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր և այլն) առկայությունը.

ե) հաղորդակցությունների բացակայության դեպքում դրանց անցկացման հնարավորությունը.

զ) մրցույթի անցկացման ժամանակը և տեղը.

է) մրցույթին մասնակցել ցանկացողի կողմից ներկայացվող հայտի բովանդակությունը, հատկացման նպատակներն ու պայմանները.

թ) հողի, բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանական առումով ներկայացվող մյուս պահանջները:

(46-րդ կետը լրաց. 08.06.93 N 297, փոփ. 29.09.93 N 492)

47. Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները (այսուհետև` մասնակիցներ) մրցութային հանձնաժողովին ներկայացնում են`

ա) հայտ, որում նշվում են այն հողամասի համար (ինդեքսը), որը նրանք ցանկություն են հայտնում վերցնել հողօգտագործման նպատակով, հողօգտագործման նպատակն ու պայմանները, իրենց հասցեները (իրավաբանական հասցեները), հեռախոսահամարները.

բ) հողի օգտագործման տեխնիկատնտեսական հաշվարկները, փաստաթղթերը և հիմնավորումները:

Պետական և ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ ձեռներեցները ներկայացնում են նաև`

իրենց հիմնադիր փաստաթղթերը կամ գրանցման վկայականի պատճենները.

իրենց սպասարկող բանկերից` տեղեկանք վճարունակության մասին.

արտադրական և ֆինանսական գործունեության մասին տեղեկանք:

Մրցույթի մասնակիցները պատասխանատվություն են կրում իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի ճշտության համար:

(47-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

48. Մրցույթին մասնակցել ցանկացողների հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ:

(48-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

49. Մրցութային հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի կողմից հաստատված կանոնադրության համաձայն:

(49-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

50. Մրցութային հանձնաժողովը մրցույթն անցկացնում է այն հողամասերի համար, որոնց տրամադրման նպատակով ներկայացվել են մեկից ավելի հայտեր:

(50-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

51. Մրցույթից հանվում են այն հայտերը`

ա) որոնցում բացահայտվել են կեղծ տեղեկություններ.

բ) որոնց հետ ժամանակին չեն ներկայացվել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը.

գ) որոնց կից փաստաթղթերը չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից.

դ) որոնցում բացակայում են համապատասխան երաշխիքներ հայցվորի պարտավորությունների կատարման վերաբերյալ:

(51-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

52. Մրցույթի արդյունքները ամփոփելիս և հաղթողին որոշելիս մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում`

ա) հողօգտագործման նպատակը (գյուղմթերքների, շինանյութերի, ժողսպառման և այլ ապրանքների արտադրություն).

բ) արտադրության (շինարարության) կազմակերպման համար ֆինանսական անհրաժեշտ միջոցների առկայությունը.

գ) տվյալ օբյեկտի կարճ ժամկետում կառուցման և շահագործման հնարավորությունը.

դ) հողի ռացիոնալ օգտագործման երաշխիքը ըստ օբյեկտի գլխավոր հատակագծի և բնապահպանական միջոցառումների իրականացման նախատեսումը.

ե) շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, ազատ աշխատուժի օգտագործման նախատեսումը:

(52-րդ կետը լրաց. 08.06.93 N 297, փոփ. 29.09.93 N 492)

53. Շրջանային (քաղաքային) մրցութային հանձնաժողովը սույն կարգին համապատասխան ամփոփում է մրցույթի արդյունքները, որոշում մրցույթի հաղթողին:

Մրցութային հանձնաժողովի որոշման մեջ նշվում են մրցութային հանձնաժողովի կազմը, հաղթողի անունը, քվեարկության արդյունքները, ներկայացված հայտերի ցանկը, հաղթողի հետ պայմանագրի կնքման ժամկետն ու պայմանները:

Մրցութային հանձնաժողովի որոշումը ենթակա է հրապարակման:

Մրցութային հանձնաժողովի որոշումը հաստատում է պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեն:

Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտե որոշումը` սույն կանոնադրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

(53-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

54. Մրցութային կարգով հողամասերի հատկացումը կատարվում է մեկ փուլով` բացառելով նախնական փուլը:

(54-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

55. Մրցութային կարգով հողամասերի հատկացման ժամանակ, հավասար պայմանների դեպքում, նախապատվության իրավունքը տրվում է տվյալ բնակավայրի բնակիչներին:

(55-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

56. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

ա) մրցույթին մասնակցել ցանկացողը միայն մեկ մասնակից է.

բ) մրցութային հանձնաժողովի կողմից չի որոշվել մրցույթում հաղթողը:

(56-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

57. Մրցույթի հաղթողների հետ կնքվում է համապատասխան պայմանագիր, որում նշվում են հողօգտագործման նպատակները և աշխատանքների կատարման ու ավարտման պայմանները:

Հողօգտագործողի կողմից նշված պայմանագրի պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է դադարեցվել հողի օգտագործման իրավունքը:

(57-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

58. Մրցութային հանձնաժողովի կողմից փաստաթղթերի ընդունման մերժումը կամ նրա այլ գործողություններ կարող են մրցույթի մասնակիցների կողմից գանգատարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ժողովրդական դատարան:

(58-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)

59. Հատկացված հողամասերը մեկ այլ հողօգտագործողի վաճառելու կամ տրամադրելու դեպքում, երբ վերանում է հողօգտագործման նպատակը, բնույթը, տվյալ հողամասի վերահատկացումը կատարվում է սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(59-րդ կետը լրաց. 08.06.93 N 297)