Գլխավոր տեղեկություն
Համար
N 897-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2006-28.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.19/39(494) Հոդ.842
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 3 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2006 թվականի N 897-Ն

ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման 90-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 22-ի N 897-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են անտառի խնամքի և սանիտարական հատումների իրականացման պայմանները:

2. Խնամքի և սանիտարական հատումները կատարվում են մատղաշ և միջահասակ անտառներում:

3. Խնամքի և սանիտարական հատումները նպատակաուղղված են անտառի կենսունակության և արտադրողականության բարձրացմանը, սանիտարական վիճակի բարելավմանը, կայունությանը, տնտեսապես արժեքավոր տնկարկների ձևավորմանը և դրանց պահպանության ապահովմանը:

4. Անտառներում խնամքի հատումներն իրականացվում են տնկարկի կազմը բարելավելու, արմատի վրա մնացած ծառերի ընթացիկ աճն ավելացնելու, բարձրորակ անտառանյութի աճեցման ժամկետները կրճատելու, միավոր տարածությունից փայտանյութի օգտագործման քանակն ավելացնելու, միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ տնկարկի դիմադրողականությունը բարձրացնելու, ինչպես նաև անտառի սանիտարական վիճակը բարելավելու համար:

5. Սանիտարական հատման անհրաժեշտությունը, ծավալները և ժամկետները որոշվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքների հիման վրա:

 

II. ԽՆԱՄՔԻ ՀԱՏՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

6. Ըստ տնկարկի տարիքի առանձնացվում են խնամքի հատման հիմնական տեսակները՝ լուսավորում, մաքրում, նոսրացում, անցումային: Անտառի խնամքի միջոցառումների համակարգում ներառվում են նաև վերակառուցման և սանիտարական հատումները:

7. Խնամքի հատումների խնդիրներն են`

լուսավորման հատումների՝ ծառուտների կազմի և գլխավոր ծառատեսակի աճման պայմանների բարելավումը,

մաքրման հատումների՝ տարածքի վրա գլխավոր ծառատեսակի հավասարաչափ տեղաբաշխման կարգավորումը և աճման պայմանների բարելավումը, տնկարկի օպտիմալ կազմի ձևավորումը,

նոսրացման հատումների՝ լավագույն ծառերի բների և սաղարթի ճիշտ ձևավորման համար բարենպաստ պայմանների ստեղծումը,

անցումային հատումների՝ լավագույն ծառերի ընթացիկ աճի ավելացման, սերմնատվության բարձրացման և ինքնավերարտադրության համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

Անցումային հատումները դադարեցվում են ասեղնատերև և կարծրատերև տնկարկներում անտառավերականգնման հատումներն սկսելուց 10 տարի առաջ, իսկ փափկատերև և կոճղաշվային ծագմամբ ծառուտներում՝ 5 տարի առաջ:

8. Խնամքի հատման տեսակները՝ ըստ տնկարկի տարիքի, նշված են N 1 աղյուսակում`

 

Աղյուսակ N 1

 

Խնամքի հատման տեսակներն ըստ տնկարկի տարիքի
 

Խնամքի հատման տեսակը

 Տնկարկի տարիքը (տարի)

ասեղնատերև և սերմնային
ծագումով կարծրատերև

կոճղաշվային ծագմամբ
և փափկատերև

Լուսավորում
մինչև 10
մինչև 10
Մաքրում 11-20 11-20
Նոսրացում 21-40 21-30
Անցումային 41-ից բարձր 31-ից բարձր

9. Կախված տնկարկում ծառատեսակների կազմից, հասակից և կենսաբանական հատկանիշներից, ինչպես նաև խնամքի հատման նպատակային նշանակությունից` ընտրված ծառերը հատվում են տնկարկի սաղարթի տարբեր շարահարկերից:

10. Խնամքի հատումները, կախված, թե տնկարկի որ շարահարկից է կատարվում ծառերի հիմնական զանգվածի հատումը, անվանում են ստորին, վերին և համակցված (կոմբինացված) մեթոդներով նոսրացում:

Ստորին նոսրացման մեթոդի դեպքում ծառերի հիմնական զանգվածը հատվում է ենթակա (ստորին) շարահարկից:

Վերին նոսրացման մեթոդի դեպքում ծառերի հիմնական զանգվածը հեռացվում է գերիշխող սաղարթից:

Համակցված մեթոդն ընդգրկում է տարրեր` ստորին և վերին մեթոդներից:

11. Մաքուր տնկարկներում հատման համար ծառերի ընտրությունը հիմնականում իրականացվում է տնկարկի սաղարթի ստորին մասերից:

12. Խառը և բարդ տնկարկներում՝ հատման համար ծառերի ընտրությունը կատարվում է տնկարկի բոլոր մասերից և շարահարկերից, այն հաշվով, որպեսզի հատման արդյունքում լավագույն ծառերի սաղարթի 1/3-ը կամ 1/2-ը լուսավորվեն, իսկ բները մնան ստվերում: Խնամքի հատումների ժամանակ նախատեսվում են միջոցառումներ Կարմիր գրքում ընդգրկված ծառատեսակների պահպանման ուղղությամբ:

13. Ըստ ծառերի ընտրության սկզբունքների՝ տարբեր տարիքի, կազմի, կառուցվածքի և նպատակային նշանակության, տնկարկներում խնամքի հատումներն իրականացվում են ծառերի հավասարաչափ ընտրության մեթոդով, որի դեպքում ծառերն ընտրվում են` ըստ իրենց բնորոշ հատկանիշների և անհավասարաչափ ընտրության մեթոդով, որի դեպքում ծառերն ընտրվում են խմբերով:

14. Նոսրացման և անցումային հատումների ժամանակ ծառերի ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով լավագույն ծառատեսակների համեմատաբար հավասարաչափ բաշխումը տեղամասի ամբողջ տարածքում: Սույն պայմանը չի տարածվում տեխնոլոգիական միջանցքներ և բեռնման կետեր հիմնելու դեպքում:

15. Անտառամասում խոշոր սերմնածառերի առկայության դեպքում, որոնք ծառուտից ժամանակին չեն հեռացվել և որոնց հատումը կարող է վնասել երիտասարդ անտառին, հատումը փոխարինվում է կեղևաօղակահանմամբ` կոճղի մոտ կեղևը հանվում է 20-30 սմ լայնությամբ:

 

III. ԾԱՌԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ

 

16. Խնամքի հատումներ իրականացնելու նպատակով ծառերն ըստ տնտեսական և կենսաբանական հատկանիշների բաժանվում են երեք խմբի՝

ա) լավագույններ.

բ) օժանդակողներ (օգտակարներ).

գ) անցանկալիներ (հատման ենթակա):

Լավագույններ են համարվում առողջ, ուղիղ, ճյուղերից մաքրված բնով, համեմատաբար հավասարաչափ զարգացած, սերմնային ծագման նախապատվությամբ ծառերը, որոնք ընտրվում են I, II, մասամբ III աճման դաս ունեցող գլխավոր ծառատեսակներից:

Օժանդակողներ (օգտակարներ) են համարվում լավագույն ծառատեսակների աճին ու զարգացմանը նպաստող ծառատեսակները:

Անցանկալի են համարվում և ենթակա են հեռացման ընտրված լավագույն և օժանդակող ծառերի աճին ու սաղարթի ձևավորմանը խոչընդոտող, չոր, չորացող, քամուց և ձյունից կոտրատված, հիվանդություններով և վնասատուներով վարակված, անորակ բնով և սաղարթով ծառերը:

 

IV. ՏՆԿԱՐԿՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

17. Մաքուր և աննշան քանակությամբ օժանդակող տեսակներով խառը տնկարկներում խնամքի հատումները նշանակվում են խիտ և գերխիտ ոչ միատեսակ ծագում ունեցող տեղամասերում:

18. Խառը և բարդ անտառներում խնամքի հատումները նշանակվում են այն տեղերում, որտեղ առկա են անբավարար կազմով, աճման տարբեր ցուցանիշներ ունեցող, տարբեր տնտեսական նշանակություն ունեցող ծառատեսակներ: Նման անտառներում գլխավոր տեսակի գերակշռությունն ապահովվում է անցանկալի տեսակների մասնակի կամ ամբողջական հատման միջոցով:

19. Մաքուր տնկարկներում` 0.8-ից ցածր լրիվության, և խառը տնկարկներում՝
0.7-ից ցածր լրիվության դեպքերում նոսրացման և անցումային հատումներ չեն նշանակվում:

20. Ծառերի անհավասարաչափ տեղաբաշխվածությամբ առանձին խմբավորումներով տնկարկներում, որոնցում լրիվությունը 0.8-ից պակաս չէ, խնամքի հատումներ նշանակվում են անկախ տնկարկի ընդհանուր միակցվածությունից և լրիվությունից:

21. Տնկարկներում, որոնցում գերակշռում են կամ առաջին շարահարկը զբաղեցնում են անցանկալի ծառատեսակները, իսկ երկրորդ և մնացած շարահարկերն զբաղեցնում են բավարար քանակությամբ կենսունակ արժեքավոր ծառատեսակները, վերակառուցման նպատակով իրականացվում են խնամքի հատումներ՝ անկախ ծառուտի լրիվությունից:

22. Խնամքի հատումներ յուրաքանչյուր անտառային տեղամասի սահմաններում առաջին հերթին նշանակվում են լավորակության (բոնիտետային) դաս (I, II, III) ունեցող տնկարկներում, որտեղ, ըստ անտառների նպատակային նշանակության, չի թույլատրվում իրականացնել անտառավերականգնման հատումներ:

23. Միահավասար նպատակային նշանակություն ունեցող տնկարկներից առաջին հերթին խնամքի հատումներ կատարվում են խառն անտառներում, որտեղ առկա են տնտեսապես արժեքավոր ծառատեսակներ (կաղնի, հաճարենի, սոճի), որոնց մոտ անցանկալի տեսակափոխության վտանգ կա:

24. Խնամքի հատման մեթոդները, ինչպես նաև խնամքի հատման ինտենսիվությունը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

V. ԽՆԱՄՔԻ ՀԱՏՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

 

25. Խնամքի հատման տեխնոլոգիան որոշվում է` ելնելով սույն կարգի դրույթներից, անտառի տեսակից (տիպից), նպատակային նշանակությունից, խնամքի հատման տեսակից, տեղանքի ռելիեֆից, ինչպես նաև առկա տեխնիկական միջոցներից և տնտեսական նպատակահարմարությունից:

26. Խնամքի հատման տեխնոլոգիան իրականացվում է համաձայն տեխնոլոգիական քարտի, որի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

27. Խնամքի հատման ժամանակ փոխադրամիջոցներ օգտագործելու նպատակով անտառի տեղամասում ստեղծվում է տեխնոլոգիական ցանց (միջանցքներ և բեռնման կետեր):

Տեխնոլոգիական ցանց ստեղծվում է խնամքի հատման բոլոր տեսակների, անտառավերականգնման հատումների և անտառատնտեսական այլ միջոցառումների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

28. Տեխնոլոգիական միջանցքների (փայտանյութի քարշակման, փոխադրման, բեռնման համար անհրաժեշտ ուղիներ) ուղղությունը որոշվում է՝ հաշվի առնելով տնկարկի հատկանիշները, տեղանքի ռելիեֆը և հողակլիմայական պայմանները:

Տնկարկներում, որտեղ արժեքավոր ծառերը տարածքում համեմատաբար հավասարաչափ են տեղաբաշխված և չկան սահմանափակող գործոններ, տեխնոլոգիական միջանցքները բացվում են մեկը մյուսին զուգահեռ:

Տարածքում ծառերի խմբակային տեղաբաշխվածության, ինչպես նաև կտրատված ռելիեֆի պայմաններում, տեխնոլոգիական միջանցքները բացվում են` հաշվի առնելով անտառի տեղամասի բնաաշխարհագրական հատկանիշները:

29. Որպես տեխնոլոգիական միջանցքներ առաջին հերթին օգտագործվում են գոյություն ունեցող ճանապարհները, անտառուղիները, արահետները:

Արհեստական ծագում ունեցող տնկարկներում, որպես տեխնոլոգիական միջանցքներ, օգտագործվում են բավարար լայնությամբ միջշարքային տարածությունները: Այն դեպքում, երբ շարքերի միջև լայնությունը փոքր է 3 մետրից, տեխնոլոգիական միջանցքները բացվում են անտառային կուլտուրաների շարքերի լայնությամբ:

30. Տեխնոլոգիական միջանցքների ընդհանուր տարածքն անցումային հատումների ժամանակ չպետք է գերազանցի անտառային տարածքների հատման տեղամասի տարածքի 15 տոկոսը, ընտրովի սանիտարական հատումների դեպքում՝ 5-7 տոկոսը, ոչ ուղիղ միջանցքներով անցումային հատումների դեպքում` 7-8 տոկոսը, ընտրովի սանիտարական հատումների դեպքում` 3-4 տոկոսը:

31. Բեռնման կետերը տեղադրվում են ճանապարհներին և քառակուսիների անցուղիներին մոտ, դաշտերում, բացատներում և մերկ անտառային հողերում: Բեռնման տարածքը մինչև 4 հեկտար տարածք ունեցող տեղամասում կազմում է 0.2 հեկտարից ոչ ավելի, 5-8 հեկտար տեղամասում՝ 0.3 հեկտարից ոչ ավելի, 8 և ավելի հեկտար տեղամասում և քառակուսում՝ ընդհանուր տարածքի 2 տոկոսից ոչ ավելի:

32. Կախված տեղանքի միջավայրի պայմաններից` փայտանյութի տեղափոխումը կատարվում է տեխնիկայի և կենդանի քաշող ուժի միջոցով: Հատկապես լեռնային պայմաններում փայտի տեղափոխման ժամանակ օգտագործվում են նաև քարշակման օդային ճոպանուղիներ:

33. Խնամքի հատման տեխնոլոգիական գործընթացում աճման ենթակա ընդհանուր ծառերի վնասումը չպետք է գերազանցի` լուսավորման և մաքրման հատումների դեպքում` ծառերի ընդհանուր քանակի 2 տոկոսը, նոսրացման և անցումային հատումների դեպքում՝ 3 տոկոսը:

Հատատեղում կոճղերի բարձրությունը պետք է կազմի հատված ծառերի տրամագծի 1/3-ից ոչ ավելին, իսկ նրբափող (մինչև 8 սմ) տրամագիծ ունեցող ծառերի դեպքում` 5 սմ ոչ ավելին:

Հատման ընթացքում վնասվածության պատճառով կենսունակությունը կորցրած ծառերը կտրելու հետևանքով առաջացած պաշարը մտցվում է հատման ընդհանուր ծավալի հաշվարկի մեջ:

 

VI. ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ` ԽՆԱՄՔԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

34. Տնկարկներում խնամքի հատումներ իրականացնելու նպատակով ծառերի ընտրությունը, դրանց դրոշմումը, հաշվառումը և ստուգիչ փորձահրապարակների հիմնումը լայնատերև մատղաշներում իրականացվում է ամռանը՝ մինչև տերևաթափը, իսկ ասեղնատերևների համար` տարվա բոլոր եղանակներին:

35. Խնամքի հատումների իրականացման նպատակով տնկարկներն ընտրվում և հատկացվում են մեկ տարի առաջ: Հատման տեղամասերի ընտրությունը կատարվում է անտառաշինական նախագծերի հիման վրա: Հատման տեղամասի իրական վիճակը անտառաշինական նախագծին չհամապատասխանելու դեպքում կազմվում է անհամապատասխանության ակտ և հատման տվյալ տեղամասում խնամքի հատումներ չեն իրականացվում:

36. Հատկացված յուրաքանչյուր հատման տեղամասի համար կազմվում է խնամքի հատման նախագիծ, որի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

37. Մատղաշներում լուսավորման և մաքրման հատումներ իրականացնելու նպատակով ընտրվող ծառերի վրա նախօրոք նշումներ չեն կատարվում: Տվյալ հատման տեղամասում հիմնադրվում են մեկ կամ մի քանի ուղղանկյուն կամ ժապավենաձև փորձահրապարակներ:

38. Փորձահրապարակների ընդհանուր տարածքը պետք է կազմի հատման տեղամասի ընդհանուր տարածքի 2-5 տոկոսը, իսկ յուրաքանչյուր փորձահրապարակինը՝ 0.2 տոկոսից ոչ պակաս:

Ոչ միատարր կազմով և կառուցվածքով մատղաշներում փորձահրապարակների տարածքները մեծացվում են 1.5-2.0 անգամ:

Փորձահրապարակներում հատված ծառերի քանակությամբ որոշվում է հատման ենթակա տեղամասի բնափայտի պաշարը:

39. Նոսրացման, անցումային, ինչպես նաև ընտրովի սանիտարական հատման նշանակված ծառերը, որոնք ունեն կրծքավանդակի բարձրության վրա (1.3 մ) 8 սմ և ավելի տրամագիծ, նշվում և համարակալվում են արմատավզիկի վրա՝ յուղաներկով և դրոշմում կատարելու միջոցով, միաժամանակ ցանկալի է ծառերի վրա նշել փայտանյութի տեսակը` մեկ գծիկով՝ շինափայտային, 2 գծիկով՝ կիսաշինափայտային, 3 գծիկով՝ վառելափայտային ծառերը:

Կրծքավանդակի բարձրության վրա (1.3 մ) 8 սմ ցածր տրամագիծ ունեցող ծառերի բնափայտի պաշարը որոշվում է հատված ծառերի դարսման միջոցով:

40. Հատման նշանակված ծառերի հաշվառումը կատարվում է ըստ տրամագծային աստիճանացույցերի ծառատեսակների և փայտանյութի տեսակի՝ շինափայտ, կիսաշինափայտ և վառելափայտ: Տեխնոլոգիական միջանցքներ և բեռնման կետեր բացելու նպատակով կտրված ծառերը հաշվառվում են առանձին:

41. Խնամքի հատման արդյունքները գրանցվում են խնամքի հատման գրքում, որի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը: Յուրաքանչյուր տեղամասում խնամքի հատման արդյունքներն արտացոլվում են հատուկ քարտերում, որի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

VII. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԸ

 

42. Սանիտարական հատումներն ուղղված են տնկարկների սանիտարական վիճակի բարելավմանը և արտադրողականության բարձրացմանը: Հատումներն իրականացվում են տնկարկներում՝ բնականորեն տապալված, ցցաչոր, քամատապալ, ձնակոտոր, ինչպես նաև հիվանդություններով և վնասատուներով վարակված, հրդեհների հետևանքով կենսունակությունը կորցրած ծառերի հեռացմամբ:

43. Սանիտարական հատումները նախատեսվում և ծավալները հիմնավորվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքների հիման վրա:

44. Սանիտարական հատումները լինում են ընտրովի և համատարած:

45. Արգելվում է ընտրովի սանիտարական հատումների իրականացումն առանց ծառերի նախնական դրոշմման:

46. Սանիտարական հատումները համարվում են համատարած, եթե կտրվում են անտառի 0.1 հեկտար և ավելի տարածքի ծառերը:

47. Համատարած սանիտարական հատումներն իրականացվում են կենսաբանական կայունությունը կորցրած տնկարկներում և նշանակվում են անկախ տնկարկի տարիքից այն դեպքում, երբ ընտրովի սանիտարական հատումների միջոցով հնարավոր չէ ապահովել տնկարկների առողջացումը:

48. Անտառներում համատարած և ընտրովի սանիտարական հատումների իրականացումը թույլատրում է պետական կառավարման լիազորված մարմինը՝ անտառաշինական նախագծերի կամ իր կողմից ստեղծված մասնագիտական հանձնախմբի կազմած հետազոտման ակտի հիման վրա:

49. Տնկարկներում, որտեղ նախատեսվում են համատարած սանիտարական հատումներ, մասնագիտական հանձնախմբի կողմից կատարվում է նախնական հետազոտություն:

50. Մասնագիտական հանձնախումբն ստուգում է տնկարկը սանիտարական հատման ենթարկելու նպատակահարմարությունը, իսկ անտառապաթոլոգիական հետազոտության նյութերի բացակայության դեպքում անցկացնում է նաև հետազոտություն:

51. Անտառի յուրաքանչյուր տեղամասում տնկարկների վնասվածության աստիճանի հետազոտության համար հիմնադրվում են փորձահրապարակներ, որոնցում կատարվում է ծառերի հաշվառում՝ ըստ ծառերի վիճակի կարգը (կատեգորիա) բնորոշող սանդղակի՝ համաձայն N 2 աղյուսակի: Մինչև 50 հեկտար տեղամասում փորձահրապարակի տարածքը պետք է կազմի ընդհանուր տարածքի 2 տոկոսից ոչ պակաս, իսկ 50 հեկտարից ավելիի դեպքում՝ 0.5 տոկոսից ոչ պակաս:

52. Հանձնախմբի կողմից կազմված համատարած սանիտարական հատման հետազոտման ակտը ներառում է հետևյալ տեղեկությունները՝ անտառի խումբը, տնկարկի անտառագնահատման բնութագիրը, ծառատապալման պատճառը, համատարած սանիտարական հատման անհրաժեշտության հիմնավորումը, հատման ժամանակահատվածը, տեխնոլոգիան, հետագա անտառավերականգնման միջոցառումների հանձնարարականը, վարակի կամ վնասի կանխարգելման միջոցառումները:

53. Համատարած սանիտարական հատման թույլտվություն ստանալու համար անտառօգտագործողը պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) խմբի կողմից կազմված համատարած սանիտարական հատման տեղազննման ակտը.

բ) համատարած սանիտարական հատման ենթակա տնկարկների փորձահրապարակների հաշվառման ամփոփագիրը, որի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը.

գ) կազմալուծված և չորացած տնկարկների հաշվառման ամփոփագիրը, որի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը.

դ) հատվող տեղամասի գծապատկերը, ուր նշվում են բաժինների համարները, տարածքները, փորձահրապարակների տեղադրությունը:

54. Համատարած սանիտարական հատումների ենթարկված անտառային հողերում պարտադիր իրականացվում են անտառավերականգնման միջոցառումներ:

 

VIII. ԾԱՌԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

55. Անտառային հրդեհներից հետո սանիտարական հատումների համար ծառերի ընտրությունը կատարվում է` գնահատելով սաղարթի, բնի արմատաթաթի, ծառերի ընդհանուր վիճակը՝ այրվածքի հետևանքով առաջացած վնասի չափը գնահատելուց հետո: Առաջին հերթին մշակվում են այրված գետնատապալ, այնուհետև ցցաչոր ծառերը: Ընտրովի սանիտարական հատումներն իրականացվում են ծառուտը հրդեհից վնասվելուց հետո՝ սեղմ ժամկետում և ավարտվում տվյալ տարվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 1-ը: Խոշոր այրվածքների դեպքում մշակման աշխատանքների ժամանակահատվածը երկարացվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

56. Քամիներից ամբողջությամբ կամ մասամբ ջարդված, գետնատապալ ծառերը, ինչպես նաև ձնից և ցրտահարությունից վնասված ծառերի սաղարթի 2/3-ից ավելին ենթակա են մաքրման: Այդ դեպքում վնասված անտառի մշակումն ավարտվում է տվյալ տարվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը: Մեծ տարածքներով հողմակործան ծառերի մաքրման աշխատանքները կարող են երկարաձգվել պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ:

57. Ծառերը, որոնք վարակված են բնափայտային վնասատուներով և բնորոշվում են վիճակի III կարգով (կատեգորիայով), կարող են ընտրվել հատման, եթե տնկարկների լրիվությունը չի իջնում թույլատրելի սահմանից:

Ծառերի ընտրությունը, դրոշմումը և հատումը կատարվում է` ելնելով ծառի ընդհանուր վիճակից, կեղևի տակ և բնափայտում առկա վնասակար միջատների քանակից և բնափայտի կենսաբանական հատկանիշներից:

Ասեղնատերևների և լայնատերևների կրծող միջատներով վարակված ծառերի հատման համար ընտրությունը կատարվում է ասեղնատերևների և լայնատերևների վերականգնման վեգետացիոն ժամանակահատվածից հետո:

58. Արմատային կոշտուկներով և կոճղասնկով վարակված ասեղնատերևավոր տնկարկներում հատման ենթակա են մաքրման վիճակի III-VI կարգ (կատեգորիա) ունեցող ծառերը:

Համանման ընտրովի սանիտարական հատումներ իրականացվում են կաղնուտներում և մյուս լայնատերև տնկարկներում, որտեղ առկա են կոճղասնկային հիվանդությունների օջախներ:

59. Խեժառատ քաղցկեղով վարակված սոճու տնկարկներում հատման համար ընտրվում են միայն բարձր աստիճանի վարակվածություն ունեցող (սաղարթի ստորին հատվածից վերքը շրջապատում է բնի 2/3-ը), դեղնող ասեղնատերևներով, բնափայտային վնասատուներով վարակված ծառերը:

60. Կաղնուտներում, որոնք վարակված են անոթային սնկերով, ենթակա են մաքրման վիճակի IV-VI կարգ (կատեգորիա) ունեցող ծառերը: Հատումը կատարվում է աշուն-ձմեռ ժամանակահատվածում, իսկ այդ ծառերի հատման համար ընտրությունը և դրոշմումը կատարվում են տերևակալված վիճակում:

61. Նեկրոզային քաղցկեղով վարակված ծառերը մաքրման համար ընտրվում են այն դեպքում, երբ վերքը շրջապատել է բնի 1/2-ից ավելին:

 

Աղյուսակ N 2

 

Ծառերի վիճակի կարգը (կատեգորիան) բնորոշող սանդղակը
 

Ծառերի կարգը
(կատեգորիան)

Հիմնական նշանները

Լրացուցիչ նշանները

Ա ս ե ղ ն ա տ ե ր և ն ե ր

I. Առանց թուլացման
նշանների
ասեղնատերևները կանաչ են,
փայլուն, սաղարթը՝ խիտ, տվյալ
տեսակի և տարիքի, աճման
պայմանների և տարվա եղանակի
համար ընթացիկ տարվա աճը նորմալ է

-

II. Թուլացողներ ասեղնատերևները հաճախ
սովորականից բաց են, սաղարթը՝
թույլ թափանցիկ, աճը նորմալի
համեմատությամբ կիսով չափ թույլ է
հնարավոր է բնի և արմատաթաթի,
ճյուղերի տեղային վնասվածքի
նշաններ
III. Թուլացածներ ասեղնատերևները բաց կանաչավուն
կամ անփայլ մոխրագույն են, սաղարթը`
թափանցիկ, աճը նորմալի
համեմատությամբ կեսից ավելի թույլ է
հնարավոր է բնի, արմատաթաթի,
ճյուղերի, սաղարթի վնասվածքի նշաններ,
բնի կամ ճյուղերի վարակվածություն`
վնասատուներով
IV. Չորացողներ ասեղնատերևները մոխրագույն կամ
դեղնականաչավուն են, սաղարթը
նոսրացած է, ընթացիկ տարվա աճը
նկատելի է կամ բացակայում է
ծառի բնի և մյուս հատվածների
վնասվածության նշաններն ավելի
ուժեղ արտահայտված են, քան
նախորդ կարգում (կատեգորիայում)`
հնարավոր է ծառի վարակվածություն
բնային վնասատուներով
V. Ցցաչորներ
 (ընթացիկ տարվա)
ասեղնատերևները մոխրագույն,
դեղին կամ շագանակագույն են,
սաղարթն ուժեղ նոսրացած է,
փոքրիկ ճյուղերը պահպանվում են,
կեղևը պահպանվել է կամ թափվել է մասամբ

-

 VI. Ցցաչորներ
(անցած տարիներից)
ասեղնատերևները թափվել են կամ
պահպանվել են մասամբ, փոքրիկ
ճյուղերը կոտրատվել են, կեղևը թափվել է
բնում և ճյուղերում կան վնասատու
միջատների գոյության հետքեր, կեղևի
տակ առկա է առատ շագանակագույն
ալյուր և բնափայտը քայքայող
սնկամարմին

Լ ա յ ն ա տ ե ր և ն ե ր

I. Առանց թուլացման նշանների տերևները կանաչ են, փայլուն,
սաղարթը` խիտ, տվյալ տեսակի և
տարիքի, աճման պայմանների և
տարվա եղանակի համար
ընթացիկ տարվա աճը նորմալ է

-

II. Թուլացողներ
 (չոր է կեղևի
1/4-ը)
տերևները կանաչ են, սաղարթը՝ թույլ
թափանցիկ, աճը նորմալի
համեմատությամբ թուլացած,
ճյուղերի գրեթե 1/4-ը չորացած են 
հնարավոր է ճյուղերի, արմատաթաթի
և բնի տեղային մեխանիկական
վնասվածքներ
III. Թուլացածներ
 (չոր է կեղևի մինչև
 1/2-ը)

տերևները մանր են կամ սովորականից
բաց, ժամանակից շուտ թափվում են,
սաղարթը թափանցիկ է, ճյուղերի
1/4-1/2-ը չորացել են

նախորդ կարգի (կատեգորիայի)
նշանները վառ արտահայտված են,
առկա են բնային վնասատուների
հետքեր, բնից և ճյուղերից
նկատվում է հյութածորություն

IV. Չորացողներ
 (կեղևի 1/2-ից ավելին
 չորացած են)
տերևները մանր են, սովորականից բաց
կամ դեղնավուն, ժամանակից շուտ
թափվում են կամ թառամում, սաղարթը
թափանցիկ է, ճյուղերի 1/2-3/4-ը
չորացել են
հնարավոր է բնի և ճյուղերի վրա
բնային վնասատուների
առկայություն (անցքեր,
հյութածորություն, շագանակագույն
ալյուր և այլն)
V. Ցցաչորներ
 (ընթացիկ տարվա)
տերևները չորացել են, թառամել
կամ ժամանակից շուտ թափվել,
ճյուղերի ավելի քան 3/4-ը
չորացել են, փոքրիկ ճյուղերը
և կեղևը պահպանվել են
հնարավոր է բնի, ճյուղերի և
արմատաթաթի վրա բնային
վնասատուների առկայության
նշաններ և սնկային հիվանդություններ
VI. Ցցաչորներ
 (անցած տարիներից)

տերևները և ճյուղերի մի մասը թափվել
են, բնի կեղևը մեծ մասամբ քայքայվել
կամ թափվել է

բնի, ճյուղերի և արմատաթաթի վրա
առկա են վնասատուների հետքեր,
կեղևի տակ առկա են սնկամարմիններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.06.2024, N 962-Ն 28.06.2024, N 897-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան