Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-644
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

18 հուլիսի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիան ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովում անդամ պետությունների կողմից՝ 2005 թվականի հոկտեմբերի 20-ին` Փարիզում:

Կոնվենցիայի նպատակն է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությունը և խրախուսումը, տարբեր մշակույթների ազատ փոխազդեցության համար պայմանների ստեղծումը, մշակույթների միջև երկխոսությանն աջակցումը, միջազգային համագործակցության և համերաշխության ամրապնդումը:

Կոնվենցիան նախատեսում է մասնակից պետությունների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության ամրապնդում` մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսմանը նպաստող պայմաններ ստեղծելու նպատակով:

Համաձայն կոնվենցիայի` հիմնվում է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ և սահմանվում դրա միջոցների օգտագործման ընթացակարգը:

2. Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- կոնվենցիան իրացնելիս ճանաչել և երաշխավորել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, բոլոր մշակույթների հարգման և հավասար արժեվորման, միջազգային համերաշխության և համագործակցության, զարգացման տնտեսական և մշակութային ասպեկտների փոխլրացման, կայուն զարգացման, հավասար մատչելիության, բաց լինելու և հավասարակշռության սկզբունքները, ճանաչել և հարգել մյուս պետությունների կողմից իրենց տարածքներում մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությանը և խրախուսմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու և քաղաքականություն վարելու ինքնիշխան իրավունքը,

- չորս տարին մեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` իր զեկույցում ներկայացնել մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային մակարդակով ձեռնարկված միջոցների մասին,

- ջանքեր գործադրել ստեղծագործության խթանման և կրթական ծրագրերի ու մշակութային արդյունաբերության ոլորտում մասնագիտական պատրաստվածության ու փոխանակումների ծրագրերի մշակման ճանապարհով արտադրական ներուժի ամրապնդման ուղղությամբ` առանց թույլ տալու բացասական ազդեցություն արտադրության ավանդական ձևերի վրա,

- նշանակել կոնվենցիային վերաբերող տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու համակարգող,

- կոնվենցիայի մյուս մասնակիցների հետ փոխանակել մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման վերաբերյալ տեղեկատվություն,

- ճանաչել կոնվենցիայի` միջազգային այլ պայմանագրերի հետ հավասարազորությունը` խրախուսելով փոխադարձ աջակցության հարաբերությունները կոնվենցիայի և միջազգային այլ պայմանագրերի միջև, որոնց մասնակից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային այլ պայմանագրերը մեկնաբանելիս և կիրառելիս կամ միջազգային այլ պարտավորություններ ստանձնելիս հաշվի առնել կոնվենցիայի համապատասխան դրույթները և այլն:

3. Սույն կոնվենցիան կնպաստի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրով և համընդհանուր ճանաչման արժանացած այլ փաստաթղթերով հռչակված իրավունքների ապահովմանը և մշակութային քաղաքականության բնագավառում միջազգային համագործակցությանն առավել արդյունավետ ինտեգրմանը:

Կոնվենցիայում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9, 11, 40, 41 և 48 հոդվածներին և  հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին լայնորեն կիրառել մշակութային և գիտական նվաճումներից օգտվելու, մշակութային ժառանգությանը հաղորդակից լինելու իրենց սահմանադրական իրավունքը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թվականի հոկտեմբերի 20-ին Փարիզում ընդունված՝ Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


18 հուլիսի 2006 թվականի
ՍԴՈ-644

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան