Գլխավոր տեղեկություն
Համար
N 1321-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.03.2006-07.07.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.07/58(430) Հոդ.1125
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2005 թվականի N 1321-Ն

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված` պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող ու դրանց ամրացված գույքի օտարման կարգով ամրագրված դրույթները և «ԲԱՄՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի օգոստոսի 4-ին գնահատված` 735817 հազ. դրամ արժեքով գույքը` համաձայն N 1 հավելվածի, և ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «ԲԱՄՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (հասցեն` 141530, Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվայի տարածաշրջան, Սոլնեչնոգորսկի շրջան, քաղ. Սոլնեչնոգորսկ, Բուտիրսկի փակուղի, շենք N 2) Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվող առևտրային կազմակերպությանը:

2. Թույլատրել «Մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իր սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի օգոստոսի 4-ին գնահատված` 155160 հազ. դրամ արժեքով հիմնական միջոցներն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «ԲԱՄՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվող առևտրային կազմակերպությանը:

3. «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի օգոստոսի 4-ին գնահատված` 1687295 հազ. դրամ արժեքով գույքը` համաձայն N 2 հավելվածի, և ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «ԲԱՄՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվող առևտրային կազմակերպությանը:

4. Թույլատրել «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իր սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի օգոստոսի 4-ին գնահատված` 270533 հազ. դրամ արժեքով հիմնական միջոցներն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «ԲԱՄՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվող առևտրային կազմակերպությանը:

5. Սահմանել սույն որոշման`

ա) 1-ին և 3-րդ կետերում նշված` ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 1089310 հազ. դրամ,

բ) 2-րդ կետում նշված` ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 55160 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

գ) 4-րդ կետում նշված` ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 70533 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

6. Սահմանել, որ` 

ա) «ԲԱՄՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով հիմնադրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանմամբ առևտրային կազմակերպություն (այսուհետ` գնորդ),

բ) նոր հիմնադրվող առևտրային կազմակերպության կապիտալում «ԲԱՄՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պետք է կատարի անհրաժեշտ ծավալի ներդրում` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանմամբ առևտրային կազմակերպության կողմից գույքի գնի վճարման, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1350000 հազ. դրամ գումարի նվիրաբերության փոխանցման, գույքի արժեքի որոշման հետ կապված 2400000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարի, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացման նպատակով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, որի դրույթներն ուժի մեջ կմտնեն գնորդի կողմից սույն որոշման 5-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված վճարումների կատարումից, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին սահմանված գումարի նվիրաբերության փոխանցումից հետո,

բ) «ԲԱՄՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանմամբ առևտրային կազմակերպության հիմնադրումից հետո «ԲԱՄՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել երաշխավորության պայմանագիր, որով սահմանել, որ «ԲԱՄՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գնորդի ստանձնած պարտավորությունների համար համապարտ պատասխանատվություն է կրում:

8. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 2400000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

բ) Երևանի մարզամշակութային համալիրի վերակառուցման և արդիականացման նպատակով 3 տարվա ընթացքում կազմակերպությունում կատարել 4275000 հազ. դրամի չափով ներդրումներ,

գ) պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում առնվազն 6 ամիս ժամկետով և առնվազն 50000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել սույն որոշման ընդունման պահին «Մշակութային կենտրոն» և «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ,

դ) օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու օրվանից պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը,

ե) պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը,

զ) վերակառուցումից հետո 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության հայտով համապետական նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը,

է) Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծեռնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք` հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում:

9. Սահմանել, որ գնորդն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 50 տարով վարձակալել «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից զբաղեցված 19,54 հեկտար հողատարածքը` ունենալով տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունում գործող հողի կադաստրային արժեքով գնման իրավունքի նախապատվություն:

10. Վճարումները կատարել մինչև 2006 թվականի մարտի 1-ը` գույքի վաճառքի գնի չվճարված մասի նկատմամբ, վճարումների հետաձգված օրերի կտրվածքով, հաշվարկելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը` Հայաստանի Հանրապետության արժույթով, սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետով սահմանված գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ նույն կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված գումարները՝ համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների բանկային հաշիվներին:

(10-րդ կետը փոփ. 23.02.06 N 198-Ն) 

11. Առաջարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ընդունել «ԲԱՄՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարեգործական առաջարկությունը և նրա կողմից ստեղծվող առևտրային կազմակերպության հետ կնքել համապատասխան պայմանագիր, որի համաձայն հիմնադրամին մինչև 2006 թվականի մարտի 1-ը կվճարվի 1350000 հազ. դրամի չափով նվիրաբերություն` Հայաստանի Հանրապետությունում սպորտային և մարզական կառույցների վերանորոգման և վերազինման համար:

(11-րդ կետը փոփ. 23.02.06 N 198-Ն) 

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ     

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 31
Երևան

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1321-Ն որոշման

Ց Ա Ն Կ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ
Գույքի անվանումը   Հասցեն  Զբաղեցված մակերեսը
(քառ. մ)
Գնահատված արժեքը
(հազ. դրամ)   
1.  Շենքի տարածք 

քաղ. Երևան,
Ծիծեռնակաբերդի զբոսայգի 

3300 721764.5  
2.

Լենինի կիսանդրի 

-

-

4881.7 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
          
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1321-Ն որոշման

Ց Ա Ն Կ
«Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ

NN
 ը/կ 
Գույքի անվանումը  Հասցեն  Քանակը  Զբաղեցված մակերեսը
(քառ. մ)

Գնահատված
արժեքը  (հազ.դրամ)    

1.

Շենք

քաղ. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի 

1

43125.7 1681490.76

2.

Ջահ

-

1

-

3990.64

3.

Զինանշան

-

1

-

1813.32


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար          

Մ. Թոփուզյան