Գլխավոր տեղեկություն
Համար
N 276-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.04.2006-07.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.24/16(471) Հոդ.366
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2006 թվականի N 276-Ն

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 254-Ն որոշման 1-ին կետը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել բժշկական կազմակերպության կողմից անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կարգը և տրվող ուղեգրի ձևը։

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի ձևը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 11
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 2-ի N 276-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան, կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կառուցվածքային ստորաբաժանումները (փորձաքննական բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին) և տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով):

3. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանի որոշման, անձին հաշմանդամ ճանաչելու` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու և հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի երկարացման թույլտվություն տալու նպատակով:

4. Անձին հաշմանդամ ճանաչելու և մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու համար հիմք են հանդիսանում հիվանդությունների, վնասվածքների կամ արատների հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումները, որոնք առաջացրել են սոցիալական անբավարարություն և սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:

5. Անձին հաշմանդամ ճանաչելը, հաշմանդամության առաջացման պատճառական կապ և մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ` ելնելով ախտաբանական վիճակով պայմանավորված (հիվանդություն, վնասվածք կամ խեղում) օրգանիզմի ֆունկցիաների խանգարումից առաջացած կենսագործունեության սահմանափակման աստիճանից և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից: Փորձաքննությամբ սահմանվում է մահվան պատճառական կապի առկայությունն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ, եթե դրանց հետևանքով առաջացած ախտաբանական պրոցեսները մահվան հետ ունեն անմիջական կապ կամ հետևանք: Հաշմանդամության պատճառական կապ սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի պատճառի (անմիջական կապ կամ հետևանք) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա:

6. Հաշմանդամ ճանաչված 18 տարին լրացած անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ կամ 3-րդ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ:

7. Անձը կամ նրա լիազորած անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ), ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը, կարող են բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքներում որպես խորհրդատու ներգրավել համապատասխան մասնագետի:

8. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը պարտավոր է անձին կամ նրա ներկայացուցչին նրանց պահանջով ծանոթացնել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգին:


II. ԱՆՁԻՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵԼԸ

 

9. Հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն կամ տևական խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում) անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության: Բժշկական կազմակերպության ուղեգրում նշվում է քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի վերաբերյալ տվյալները (օբյեկտիվ, գործիքային և լաբորատոր)` նշելով ֆունկցիայի խանգարման աստիճանը:


III. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

10. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող հանձնաժողովը: Տվյալ հանձնաժողովի կողմից փորձաքննություն իրականացնելու անհնարինության դեպքում (հանձնաժողովի անդամների արձակուրդում գտնվելը, ժամանակավոր անաշխատունակ լինելը, հանձնաժողովի կազմի դեմ բացարկ հայտնելը և նմանատիպ այլ իրավիճակներ)` գործակալության պետի հանձնարարությամբ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է այլ հանձնաժողովի կողմից: Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հանձնաժողովի նախագահին ներկայացված` անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձնագիրը: Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով տրված ուղեգիրը: Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

11. Եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր և դրա մասին նշել է դիմումում, ապա հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց): Եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ:

12. Հանձնաժողովի նախագահը, ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու համապատասխան փաստաթղթերը և հավաստիանալով փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ` անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցելով փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին: Հանձնաժողովի նախագահը նշանակված փորձաքննության օրը ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովը զննում է անձին (բացառությամբ հեռակա փորձաքննության դեպքերի), ձևակերպում փորձաքննական ախտորոշումը, գնահատում նրա կենսագործունեության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները և դրանց հիման վրա ընդունում որոշում:

13. Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննությունն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը` անձին հաշմանդամ ճանաչելու կամ անձին հաշմանդամ ճանաչելու մասին դիմումը մերժելու կամ միայն անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով) որոշելու վերաբերյալ: Անձին հաշմանդամ ճանաչելը մերժելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին: Անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում հանձնաժողովի կողմից նույն օրը կազմվում է անհատական վերականգնողական ծրագիր և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնողական տեխնիկական միջոցների, այլ օժանդակ պարագաների անհրաժեշտության մասին տեղեկանք, որոնք հաստատում է հանձնաժողովի նախագահը և վավերացնում կնիքով: Անհատական վերականգնողական ծրագիրը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնողական տեխնիկական միջոցների, այլ օժանդակ պարագաների անհրաժեշտության մասին տեղեկանքը, փորձաքննական որոշման մասին տեղեկանքի հետ միասին, օրենքով սահմանված կարգով, հանձնվում է հաշմանդամին կամ նրա ներկայացուցչին: Միայն անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու դեպքում հանձնաժողովը փորձաքննական որոշման մասին տեղեկանքը եռօրյա ժամկետում հանձնում է անձին կամ նրա ներկայացուցչին: Վերականգնողական անհատական ծրագիրը 10-օրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն: Հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի, կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմիններ ուղարկվող փորձաքննական որոշման քաղվածքի և անձին տրվող փորձաքննական որոշման տեղեկանքի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

14. Փորձաքննական որոշման քաղվածքը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմին:

15. Հաշմանդամության սահմանման սկիզբ է համարվում հանձնաժողովում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրը: Փորձաքննական որոշումն ուժի մեջ է մտնում բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի կողմից որոշումն ստանալու հաջորդ օրվանից:

Անձը համարվում է հաշմանդամ մինչև բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը:

16. Հանձնաժողովները մասնագիտական հարցերում կողմնորոշվելիս դժվարանալու դեպքում համապատասխան վարչական վարույթի վերաբերյալ գործը գրավոր հիմնավորմամբ 5 աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննական խորհրդատվության նպատակով ներկայացնում են գործակալության համապատասխան ստորաբաժանում` տեղյակ պահելով փորձաքննվողին կամ նրա ներկայացուցչին: Գործակալության համապատասխան ստորաբաժանման մասնագետի (մասնագետների) կողմից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան փորձաքննական խորհրդատվություն:

17. Հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննական որոշումն ընդունում է բոլոր անդամների համաձայնությամբ: Եթե հանձնաժողովի նախագահը կամ անդամներից որևէ մեկը համաձայն չէ փորձաքննական որոշման հետ, ապա գրավոր ձևակերպում է իր անհամաձայնությունը` նշելով հիմքերը, որը կցվում է վարչական վարույթի վերաբերյալ գործին, և այն եռօրյա ժամկետում ներկայացվում է գործակալության պետին: Հանձնաժողովից ստացված վարչական վարույթի գործը քննելու համար գործակալության պետն ստեղծում է գործակալության փորձաքննական բաժնի առնվազն  5 մասնագետներից (ներառյալ բաժնի պետը) կազմված փորձաքննական խումբ, որը տվյալ վարչական գործով իրականացնում է բժշկասոցիալական փորձաքննություն` սույն կարգի 10-13-րդ կետերին համապատասխան և ընդունում է որոշում: Որոշումն ընդունվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

18. Ախտորոշման ճշտման, հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար հանձնաժողովը կազմում է լրացուցիչ հետազոտման ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը և դրա մասին տեղեկացնում անձին կամ նրա ներկայացուցչին: Այդ դեպքում հանձնաժողովի նախագահի կողմից անձին տրվում է ուղեգիր, որում նշվում է բժշկական կազմակերպության անվանումը և կցվում է հետազոտման ծրագիրը: Լրացուցիչ հետազոտման ծրագրով նախատեսված տվյալներն անձի կողմից ներկայացվելուց հետո, ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովն ընդունում է փորձաքննական որոշում: Սույն կետով նշված դրույթը տարածվում է նաև գործակալության փորձաքննական բաժնի վրա:

19. Սույն կարգի 18-րդ կետով նշված դեպքերում հանձնաժողովը կամ փորձաքննական խումբը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, վարույթը կասեցնում է:

20. Հաշմանդամության առաջացման պատճառները սահմանվում են օրենքով:

21. Երբ բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն պատճառական կապը հաստատող փաստեր կամ բացակայում են հաշմանդամության առաջացման պատճառի մասին տվյալներ, հաշմանդամության առաջացման պատճառը սահմանվում է ընդհանուր հիվանդությամբ:

22. Երբ հաշմանդամության պատճառները մեկից ավելի են, ապա որոշման մեջ հաշմանդամության պատճառական կապը նշվում է անձի ընտրությամբ: Հաշմանդամության նոր պատճառի վերաբերյալ դիմումի և համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` պատճառական կապը փոփոխվում է բժշկասոցիալական վերափորձաքննությամբ: Եթե վերափորձաքննության ժամանակ այլ հիմքով որոշվում է ավելի ծանր հաշմանդամության խումբ, ապա նախկին պատճառական կապը կարող է պահպանվել, եթե փորձաքննության պահին առկա է տվյալ պատճառական կապով որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակում:

23. Անձի բժշկասոցիալական փորձաքննական վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարումը և հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված կարգով:

24. Հանձնաժողով դիմած ժամանակավոր անաշխատունակ անձին հաշմանդամ ճանաչելու կամ ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու դեպքում հանձնաժողովի նախագահը կատարում է գրանցում ժամանակավոր անաշխատունակության թերթիկում, որը վավերացնում է կնիքով:

25. Փորձաքննական որոշումն ընդունվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին դիմումը (բողոքը) մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:


IV. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՐՃՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

26. Վարչական վարույթը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշմամբ կարող է կասեցվել մինչև 60 օր ժամկետով, եթե`

ա) փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին պատշաճ ձևով իրազեկված անձը չի ներկայացել փորձաքննության, և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին չի ներկայացվել հեռակա, տնային կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր.

բ) սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերում:

Այդ ժամկետում կասեցման հիմքերի վերանալու դեպքում վարույթը վերսկսվում է:

27. Վարչական վարույթը կարճվում է, եթե`

ա) դիմողը գրավոր ձևով հրաժարվում է դիմումից.

բ) գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած փորձաքննական որոշում կամ դատական ակտ.

գ) դատարանի վարույթում է գտնվում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի և միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ, միևնույն հիմքերով գործ.

դ) լրացել է վարույթի կասեցման օրենքով սահմանված 60-օրյա ժամկետը, իսկ անձն այդ ընթացքում չի ներկայացել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին:

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը վարչական վարույթի ժամկետը կասեցնելու կամ կարճելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում այդ որոշումը պատշաճ ձևով ուղարկում է բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձին կամ նրա ներկայացուցչին: Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

28. Հանձնաժողովի կամ գործակալության կառուցվածքային ստորաբաժանման մասնագետի ինքնաբացարկ և բացարկ հայտնելու հիմքերը և կարգը սահմանվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:


V. ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության (այսուհետ` վերափորձաքննություն) է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Վերափորձաքննություն կարող է իրականացվել նաև դատարանի որոշման կամ վճռի հիման վրա: Վերափորձաքննությունն իրականացվում է սույն կարգի 10-13-րդ կետերին համապատասխան:


VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

 

30. Հանձնաժողովի ընդունած որոշումները վերադասության կարգով կարող են վերանայվել գործակալության պետի հանձնարարությամբ` օրենքով սահմանված կարգով:


VII. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

31. Անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի բողոքարկելու փորձաքննական որոշումները բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործողությունը կամ անգործությունը ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան