Գլխավոր տեղեկություն
Համար
N 2338-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.02.2006-13.02.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.22/10(465) Հոդ.228
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2338-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 438 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների` մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման N 2 հավելվածում նշվածների, տեղափոխման հետ կապված խնդիրները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի 46-րդ կետի երկրորդ պարբերությունը «կողմից» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով» բառերով:

2. Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման կարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 2
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ` հուշարձան) տեղափոխմանն առնչվող փաստաթղթերի կազմման, հաստատման և գործառույթների իրականացման կարգը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը կատարվում է բացառիկ՝ նրա զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող արդյունաբերական, հիդրոտեխնիկական, ինժեներատրանսպորտային հաղորդակցության և այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:

3. Հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` լիազորված մարմին) եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

4. Հուշարձանի տեղափոխումն իրականացվում է հուշարձանի սեփականատիրոջ, օգտագործողի կամ հուշարձանի տարածքում քաղաքաշինական գործունեություն ծավալող կառուցապատողի (այսուհետ` ձեռնարկող) միջոցներով:

Պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանի տեղափոխումը, որպես պատվիրատու, իրականացնում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Հուշարձանի տեղափոխումն իրականացվում է լիազորված մարմնի հսկողությամբ:


II. ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

6. Լիազորված մարմինը հուշարձանի տեղափոխման համար եզրակացություն է տալիս հուշարձանի վերականգնմանը (վերստեղծմանը) հատկացված նպատակահարմար տարածքի, նախագծային առաջադրանքի ու նախագծանախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում` հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը:

7. Գիտանախագծային աշխատանքները կատարող կազմակերպությունն ու մասնագետները նախագծի իրականացման ամբողջ ընթացքում, պատվիրատուի հետ կնքած պայմանագրի համաձայն սահմանված կարգով կատարում են նաև գիտական ղեկավարում և հեղինակային հսկողություն, իսկ տեխնիկական հսկիչները` համապատասխանաբար տեխնիկական հսկողություն:

8. Հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման աշխատանքների ամբողջ ընթացքը, նախագծանախահաշվային փաստաթղթերին, գիտամեթոդական ու տեխնոլոգիական պահանջներին, սահմանված նորմերին, պահանջվող որակին և ժամկետներին կատարված աշխատանքների համապատասխանությունը, ինչպես նաև դիտողությունների ու թերությունների մասին տեղեկությունները, դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունները պարբերաբար փաստագրվում և գրանցվում են հեղինակային ու տեխնիկական հսկողության մատյանում` համաձայն շինարարության որակի տեխնիկական հսկողության և շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման վերաբերյալ գործող իրավական ակտերի:

9. Հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերակառուցման ընթացքում հուշարձանապատկան բեկորների ու տարրերի անվթարության ապահովման պատասխանատվությունը կրում է այդ աշխատանքներն իրականացնողը:


III. ԳԻՏԱՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

10. Հուշարձանը` նպատակահարմար տարածք տեղափոխելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թույլտվություն ստանալուց հետո ձեռնարկողը հուշարձանը վերականգնող հեղինակի հետ մշակում է դրա տեղափոխման նախագծային առաջադրանքը՝ հաշվի առնելով լիազորված մարմնի առաջադրած պայմաններն ու դիտողությունները:

Առաջադրանքում պարտադիր նախատեսվում են հուշարձանի ու դրա տարածքի ուսումնասիրում (տեղահանույթ, ճարտարապետահնագիտական չափագրություն, լուսանկարում, մատենագիտական, արխիվային, գիտահետազոտական աղբյուրներից նյութերի հավաքում, հնագիտական, նյութաբանական հետազոտություններ), ինչպես նաև նոր տարածքի երկրաբանական, հնագիտական, հետազոտական աշխատանքների կատարում, որոնք պետք է նախորդեն և հիմք ծառայեն տեղափոխման նախագիծ կազմելու համար:

Առաջադրանքում նշվում է նաև նախագծի կազմը (ճարտարապետաշինարարական, կոնստրուկտորական, տեխնոլոգիական մասեր, շինարարական աշխատանքների կազմակերպման նախագիծ, նախահաշիվներ և այլն):

11. Գիտանախագծային փաստաթղթերի կազմումը՝ համապատասխան գիտամեթոդական հիմնավորմամբ, իրագործվում է 2 փուլով՝

ա) էսքիզային նախագծային փուլ,

բ) աշխատանքային գծագրերի մշակման փուլ:

Փոքրածավալ և ոչ խնդրահարույց աշխատանքների դեպքում (խաչքար, տապանաքար և այլն) փաստաթղթերի կազմումը թույլատրվում է մեկ` աշխատանքային գծագրեր փուլով:

12. Նախագծի համաձայնեցումների ու հաստատման, նախագծային փաստաթղթերի կազմը, դրանց կատարման և իրականացման, կատարված աշխատանքների գնահատման և ընդունման, կատարված աշխատանքներում բացահայտված խախտումների ու թերությունների վերացման, գիտական հաշվետվությունների կազմման, փաստաթղթերի արխիվավորման պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգին համապատասխան:


 IV. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Ձեռնարկողը հուշարձանի տեղափոխման աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավում է վերականգնման բնագավառում մասնագիտացված, համապատասխան նախագծային և շինարարական լիցենզիա ունեցող կազմակերպությունների ու անձանց:

14. Ձեռնարկողը կարող է իր իրավունքները սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

15. Ձեռնարկողն ապահովում և լիազոր մարմին է ներկայացնում հուշարձանի տեղափոխման համար պետական մարմինների համապատասխան որոշումները` վերականգնման տարածքի հատկացման փաստաթղթերը, հուշարձանի տեղափոխման և նոր տեղում վերականգնման (վերստեղծման) ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինժեներաերկրաբանական, տեխնիկական, հնագիտական պայմանները, հեղինակային իրավունքի նորմերը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

16. Հուշարձանի տեղափոխման աշխատանքները կատարում է ձեռնարկողը` իր միջոցներով` սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի և տեղափոխման ու վերականգնման շինարարական աշխատանքների կատարման թույլտվության հիման վրա:

17. Մինչև հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն սկսելը ձեռնարկողը պարտավոր է համաձայնության գալ հուշարձանի տեղափոխման հետևանքով վնասներ կրող սուբյեկտներին հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:

18. Պետական մարմնի հետ համաձայնեցնելով` ձեռնարկողն իր միջոցներով մինչև տեղափոխելը կազմակերպում և ֆինանսավորում է հուշարձանի ուսումնասիրման, չափագրման, քարերի համարակալման, քանդման, տարածքի պեղման, ինչպես նաև տեղափոխման համար հատկացված տարածքի հնագիտական, երկրաբանական, հետախուզման և հուշարձանի վերականգնման նախագծային աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.01.2014, N 81-Ն 13.02.2014, N 2338-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան