|
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2006 թվականի N 15-Ն
ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՆԻՏԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ` ԸՍՏ ՍԵՐՆԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաև նրանց` ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատման կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` հաստատել` ա) գյուղատնտեսական տարբեր տեսակի կենդանիների բոնիտավորման և նրանց` ըստ սերնդի որակի գնահատման հրահանգները. բ) անասնաբուծական և տոհմային հաշվառման գրանցամատյանների ձևերը. գ) կենդանիների տոհմային քարտերի ձևերը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |
1. Սույն կարգով հաստատվում են տոհմային կենդանիների բոնիտավորման և նրանց` ըստ սերնդի որակի գնահատման պայմանները` «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան: 2. Սույն կարգի հիմնական նպատակները և խնդիրներն են` ա) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տոհմային կենդանիների (այսուհետ` կենդանիներ) բոնիտավորման, նրանց` ըստ սերնդի որակի գնահատման և հետազոտման գործընթացների կանոնակարգումը. բ) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գենետիկական ներուժն ի հայտ բերելը և այն Հայաստանի Հանրապետությունում բուծվող կենդանիների գենոֆոնդի պահպանման ու տոհմամթերատու հատկությունների կատարելագործման համար օգտագործելը. գ) Հայաստանի Հանրապետությունում բուծվող ցեղերի բարձրարժեք կենդանիների տվյալների հավաքագրման ապահովումը և պետական տոհմային գրքերում դրանց գրանցումը. դ) կենդանիների մթերատվության բարձրացման, նորոգման, մատղաշի աճեցման, տոհմային գործի զարգացման և հոտերի, նախիրների, գծերի, տիպերի ու ցեղերի կատարելագործման նպատակով բոնիտավորման արդյունքների հիման վրա տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը նպաստելը. ե) հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկությունների գնահատման և դասակարգման համար բոնիտավորման իրականացումը: 3. Տոհմային կենդանիների բոնիտավորումն իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից` յուրաքանչյուր տարի, և արդյունքներն ըստ կենդանատեսակների տրամադրվում են լիազորված մարմնին: 4. Տոհմային են համարվում այն կենդանիները, որոնք ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վավերացված փաստաթղթերով առնվազն 4 շարք նախնիների մասին ունեն տվյալներ և օգտագործվում են հոտի, նախիրի վերարտադրության համար: 5. Տավարաբուծությունում տոհմային են համարվում կենդանիների հետևյալ սեռահասակային խմբերը՝ ա) էգ մատղաշն ու տոհմային ցլիկները` 6 ամսական և բարձր տարիքի, բ) էգ մոզիները՝ սերմնավորման հասակի` 16-18 ամսական, գ) երինջները՝ հղիությունը ճշտված կենդանիները, դ) կովերը և արտադրող ցուլերը, որոնք օգտագործվում են նախիրի վերարտադրության համար: 6. Խոզաբուծությունում տոհմային են համարվում հետևյալ սեռահասակային խմբերը՝ ա) արու և էգ մատղաշը՝ հոտի վերարտադրության համար նախատեսված մինչև առաջին զուգավորման հասակը, բ) ստուգվող վարազիկները՝ առաջին զուգավորումից մինչև դրանցից ստացված սերնդի 2 ամսական հասակի բնի զանգվածի գնահատված արու կենդանիները, որոնք փոխադրվում են հիմնական հոտ կամ խոտանվում են, գ) արու և էգ տոհմային կենդանիները` 6 ամսական և բարձր տարիքի, դ) հիմնական վարազները և մերունները՝ հոտի վերարտադրության համար նախատեսված տոհմային լիատարիք կենդանիները: 7. Ոչխարաբուծությունում տոհմային են համարվում կենդանիների հետևյալ սեռահասակային խմբերը՝ ա) շիշակները և խոյիկները՝ հոտի համալրման համար աճեցվող կենդանիները, բ) խոյերը և մաքիները՝ հիմնական հոտի վերարտադրության համար օգտագործվող կենդանիները, գ) փորձախոյերը՝ ցանկության մեջ գտնվող մաքիների և շիշակների հայտնաբերման նպատակով օգտագործվող կենդանիները: 8. Տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաև նրանց` ըստ սերնդի որակի գնահատման համար հիմք են հանդիսանում լիազորված մարմնի կողմից հաստատված ձևերի անասնաբուծական և տոհմային հաշվառման հետևյալ գրանցամատյաններում, ինչպես նաև տոհմային քարտերում գրանցված տվյալները` ա) գյուղատնտեսական կենդանիների զուգավորման և սերմնավորման գրանցամատյանը, բ) գյուղատնտեսական կենդանիների մթերատվության հաշվառման գրանցամատյանը, գ) գյուղատնտեսական կենդանիների մատղաշի մուտքագրման և աճեցման գրանցամատյանը, դ) տոհմային հաշվառման գրանցամատյանը, ե) գյուղատնտեսական կենդանիների տոհմային քարտերը: 9. Ըստ սերնդի որակի` գնահատվում են հոտի, նախիրի վերարտադրության համար օգտագործվող և սերունդ ունեցող կենդանիները: 10. Ըստ սերնդի որակի` տոհմային կենդանիների գնահատումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից հաստատված տոհմային կենդանիների բոնիտավորման և ըստ սերնդի որակի գնահատման հրահանգներին համապատասխան: 11. Ըստ սերնդի որակի` տոհմային կենդանիների գնահատումն իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:
12. Տոհմային կենդանիների հետազոտումը և գնահատումը կատարվում է, ըստ համակազմվածքի և արտակազմվածքի (այսուհետ` գնահատում), յուրաքանչյուր կենդանատեսակի համար առանձին` հաշվի առնելով մթերատվության ցուցանիշները: 13. Եթե կենդանին գնահատված չէ մատղաշ հասակում, ապա այն հետազոտվում և գնահատվում է տվյալ տարվա ընթացքում անցկացվող հերթական հետազոտման ժամանակ: 14. Կենդանիների հետազոտումը և գնահատումը կատարվում է ըստ կենդանու տեսակի և ցեղի: 15. Կենդանու դասայնությունը որոշվում է բոնիտավորման իրականացման ընթացքում: 16. Բոնիտավորման ժամանակ տոհմային կենդանիների դասայնության որոշման գործընթացն իրականացվում է լիազորված մարմնի կողմից հաստատված տոհմային կենդանիների բոնիտավորման և ըստ սերնդի որակի գնահատման հրահանգներին համապատասխան: 17. Բոնիտավորման արդյունքների հիման վրա արժեքավոր կենդանիների տվյալները գրանցվում են պետական տոհմային գրքերում: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |