Գլխավոր տեղեկություն
Համար
N 2310-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.02.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.08/7(462) Հոդ.164
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2006

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 30 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2005 թվականի N 2310-Ն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ «գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների և մեխանիզմների հայեցակարգին»` համաձայն հավելվածի։



Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 23
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի 
հոկտեմբերի 27-ի N 2310-Ն որոշման


Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության շուկայական կողմնորոշման արդյունքում` ագրարային ոլորտում ձևավորվել են ազատական տնտեսական հարաբերություններ:

Սեփականության և տնտեսավարման բազմաձևությունը, ապրանքների և ծառայությունների գների ազատականացումը պետական աջակցության սահմանափակության պայմաններում առավել ամբողջական են բացահայտում յուրաքանչյուր տարածաշրջանի և արտադրող սուբյեկտի իրական մրցակցային հնարավորությունները: Այդ հնարավորություն է ընձեռում, հիմք ընդունելով գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկությունները, առավել նպատակամետ ու արդյունավետ դարձնել պետական աջակցության քաղաքականությունը:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից զգալի աջակցություն է ցուցաբերվել ոռոգման համակարգերի վերականգնմանը, հողերի բարելավմանը, անասնաբուժական ծառայությունների մատուցմանը, ոլորտի արտադրական ենթակառուցվածքների և գյուղի սոցիալական զարգացմանը: Իրականացվող քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել են դրական տեղաշարժեր:

Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղատնտեսական գոտիներում, պայմանավորված բնական և արտադրական պայմանների տարբերությամբ, առկա է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մրցակցային հնարավորությունների ակնհայտ անհավասարություն: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, նման իրավիճակում պետական կարգավորիչ գործիքը գյուղատնտեսության սուբսիդավորումն է, որը նպատակամետ ձևով կիրառվում է նաև գյուղատնտեսության ոլորտի առավել կարևոր արտադրությունների խթանման համար:

Սույն հայեցակարգում ներկայացվում են գյուղատնտեսության սուբսիդավորման ընդհանուր մոտեցումները և սկզբունքները:


I. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների և մեխանիզմների հայեցակարգի (այսուհետ` հայեցակարգ) նպատակը Հայաստանի Հանրապետության տարբեր բնատնտեսական պայմաններում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար նպաստավոր մրցակցային միջավայրի ձևավորումը և ճյուղի գերակա ուղղությունների զարգացումը խթանող պայմանների ստեղծումն է։

Հայեցակարգի խնդիրներն են՝

ա) սուբսիդավորման անհրաժեշտության հիմնավորումը,

բ) սուբսիդավորման ուղղությունների և իրականացման մեխանիզմների սահմանումը,

գ) սուբսիդավորումից ակնկալվող արդյունքների կանխորոշումը:


II. ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցությունը, մի շարք առավելությունների հետ միասին, առաջացնելու է որոշակի դժվարություններ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության համար։

Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ագրարային ոլորտի կարգավորումը հիմնականում իրականացվում է հետևյալ տնտեսական լծակներով`

ա) ներքին աջակցության սահմանափակումներ,

բ) ներքին շուկա մուտք գործելու մատչելիության ապահովման պարտավորություններ,

գ) արտահանման լրավճարման (սուբսիդավորման) սահմանափակումներ,

դ) համախառն ներքին օժանդակության սահմանափակումներ։

Գյուղատնտեսության ոլորտում ներքին աջակցության և արտահանման լրավճարման առնչությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն են`

ա) արտահանման լրավճարման մակարդակն ամրագրված է զրոյի վրա, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իրավունք չի ունենա իր գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար լրավճարներ տրամադրելու,

բ) գյուղատնտեսական աջակցության համախառն չափի մակարդակն ամրագրված է զրոյի վրա, այսինքն` Հայաստանի Հանրապետությունից պահանջվելու է «դեղին զամբյուղի» լրավճարման մակարդակը պահել ընդամենը սույն բաժնի «գ» կետում նշված նվազագույնի սահմաններում,

գ) առանձին ապրանքի հետ կապված և ապրանքի հետ չկապված ներքին աջակցության նվազագույն մակարդակը մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը կլինի 10 տոկոս, իսկ 2009 թվականի հունվարի 1-ից սկսած՝ 5 տոկոս, այսինքն 2009 թվականի հունվարի 1-ից սկսած Հայաստանի Հանրապետությունից կպահանջվի «դեղին զամբյուղի» լրավճարը սահմանափակել տվյալ տարվա գյուղատնտեսական արտադրության արժեքի 5 տոկոսով.

դ) 2009 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը կվերացնի գյուղատնտեսական տեղական արտադրանքների՝ արտադրողի կողմից իրացման և անասնաբուժական միջոցների իրացման նկատմամբ կիրառվող՝ ավելացված արժեքի հարկից ազատումը, այսինքն՝ 2009 թվականից սկսած գյուղատնտեսական արտադրողների նկատմամբ կկիրառվի ավելացված արժեքի հարկը:

Հայաստանի Հանրապետությունը տնտեսության ազատականացման պայմաններում, որը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության կարևորագույն նախապայմաններից է, Հայաստանի Հանրապետության ագրարային ոլորտը հեռանկարում, միջազգային մրցակցության ուժեղացման պայմաններում, կարող է հայտնվել շատ ավելի վատթար վիճակում, եթե ժամանակին չձեռնարկվեն սուբսիդավորման, ինչպես նաև արտադրողների շահերի պաշտպանության միջազգային պրակտիկայում լայն կիրառում ունեցող այլ միջոցներ և գործողություններ:

Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությամբ պայմանավորված բարդություններից խուսափելու, առկա ռիսկերը մեղմելու, ոլորտի միջազգային ինտեգրման առավելություններից հնարավորինս օգտվելու, աշխատանքի միջազգային բաժանման և մասնագիտացման բնագավառում համարժեք դիրքեր գրավելու նպատակով անհրաժեշտ է առկա իրավիճակի համակողմանի գնահատման արդյունքում կանխորոշել ագրարային ոլորտի սուբսիդավորման ուղղությունները:

Յուրաքանչյուր պետություն պետք է ձգտի հնարավորինս օգտվել անդամակցության առավելություններից՝ զուգահեռաբար նվազեցնելով «անխուսափելի» ռիսկերը:

Հիշատակված ռիսկերի մեղմման արդյունավետ ուղի կարող է հանդիսանալ գյուղատնտեսության համար առաջնահերթ ոլորտներում սուբսիդավորման ծրագրերի իրականացումը:

Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության հետ կապված` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների հետևանքների գնահատման նպատակով, ելնելով զարգացման առկա միտումներից և «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունից» կանխատեսվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2006-2010 թվականների համար։ Ելնելով գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի կանխատեսումներից և դրանում նյութական ծախսումների տեսակարար կշռի փոփոխություններից` հաշվարկվել է գյուղատնտեսական մթերքների իրացումից գանձվող ավելացված արժեքի հարկի գումարը։ Հաշվարկման արդյունքները ներկայացված են աղյուսակում.


Աղյուսակ


Գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեքի հարկի արտոնության վերացումից հետո ավելացված արժեքի հարկի գումարի կանխատեսումները
2009-2010 թթ.

Ցուցանիշները Չափի միավորը 2006 թ. 2007 թ. 2008 թ. 2009 թ. 2010 թ.

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կանխատեսումները* 

մլրդ դրամ

578.9

635.1

690.1

746.3

803.3

Գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի կանխատեսումները

տոկոս

55

56

57.5

60

61.5

Գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի արժեքը 

մլրդ դրամ

318.4

355.6

396.8.

447.8

494.0

Գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի մեջ նյութական ծախսերի տեսակարար կշիռը 

տոկոս

70.0

69.0

68.0

67.0

66.5

Գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի մեջ ավելացված արժեքը (համախառն եկամուտը)  

մլրդ դրամ

95.5

110.2

127.0

147.8

165.5

Ավելացված արժեքի հարկի գումարը` 20 տոկոս դրույքաչափի  հաշվարկի դեպքում 

մլրդ դրամ

0

0

0

29.6

33.1

Ավելացված արժեքի հարկի գումարը` 20 տոկոս դրույքաչափի
80 տոկոս հավաքագրման դեպքում

մլրդ դրամ

0

0

0

23.6

26.5


         *) կանխատեսումների համար գների տարեկան սղաճը ընդունվել է 3 տոկոս։

 

Ներկայացված հաշվարկային տվյալներից երևում է, որ զգալիորեն ավելանալու են գյուղացիական տնտեսությունների ծախսերը։ Ավելացված արժեքի հարկի գանձվող գումարը 2009 և 2010 թվականների համար համապատասխանաբար հաշվարկվել է 23.6 և 26.5 մլրդ դրամ, որը կազմում է գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի 5.3 և 5.4 տոկոսը. այն զգալի բեռ է գյուղատնտեսական մթերքներ արտադրողների և սպառողների համար, ընդ որում, պայմանավորված գյուղատնտեսության առանձնահատկություններից, հիմնական դժվարությունները կրելու են գյուղատնտեսական մթերքներ արտադրողները։

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման և երկրի պարենային ապահովության խնդիրների լուծումը պահանջում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության հետ կապված` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների շրջանակներում առավելագույնս նպաստել ոլորտի զարգացմանը` կիրառելով հետևյալ միջոցառումները.

ա) գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման տարբեր ծրագրերի իրականացում` ելնելով ճյուղերի առաջնահերթություններից և Հայաստանի Հանրապետության մարզերի ու տարածաշրջանների համամասնական զարգացման անհրաժեշտությունից` վերջիններիս համար աղբյուր ունենալով նաև ավելացված արժեքի հարկի հավաքագրված միջոցների վերաբաշխումը.

բ) գյուղատնտեսական մթերքներ արտադրողների կողմից իրացվող արտադրատեսակների համար ավելացված արժեքի հարկի 20 տոկոսից ցածր դրույքաչափի սահմանում.

գ) գյուղացիական տնտեսությունների համար ավելացված արժեքի հարկի գանձման նպատակով գյուղատնտեսական մթերքների իրացման շրջանառության (ծավալի) որոշակի շեմի սահմանում` հարկի գանձումը կատարելով սահմանված շեմից բարձր մթերքների իրացման շրջանառություն ունեցող գյուղատնտեսական մթերքներ արտադրողներից։


III. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

 

Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում տնտեսության շուկայական կարգավորումը զուգակցվում է գյուղատնտեսության պետական աջակցություն ցուցաբերելու քաղաքականության հետ: Այսպիսի մոտեցումը հիմնավորվում է հետևյալ պատճառներով`

ա) գյուղատնտեսությունը ընդունվում է որպես տնտեսության ռազմավարական ոլորտ, քանի որ պարենային ինքնաբավությունը մեղմացնում է արտակարգ իրավիճակների պայմաններում երկրի պարենային անվտանգության ռիսկերը,

բ) գյուղատնտեսությունը կախված է բնական գործոններից, որոնք սահմանափակում են արտադրության դիվերսիֆիկացման հնարավորությունները և ստեղծում անհավասար պայմաններ տարբեր բնական գոտիների գյուղացիական տնտեսությունների համար: Բացի դրանից հողի վրա կատարվող ներդրումները դյուրին չէ արագ վերակողմնորոշել այլ արտադրատեսակների արտադրության ուղղությամբ,

գ) գյուղատնտեսությունը բազմագործառութային ոլորտ է, այն չի սահմանափակվում միայն գյուղատնտեսական արտադրանքների արտադրությամբ, այլ նպաստում է գյուղական տարածքների զարգացմանը, ժողովրդագրական գործընթացների կարգավորմանը, մարդու կենսագոյության միջավայրի, բնական լանդշաֆտների և ամբողջական էկոհամակարգերի պահպանմանը,

դ) գյուղատնտեսությունը ոչ միայն արտադրանքների խոշոր մատակարար է, այլև ապրանքների ու ծառայությունների կարևոր սպառող: Հետևաբար` մեծ ազդեցություն ունի տնտեսության կառուցվածքի և տնտեսական աճի վրա,

ե) քանի որ գյուղատնտեսական արտադրանքներն աշխարհում արտադրվում են տարբեր կլիմայական պայմաններում, դրանց ծավալներն ու գները խիստ տարբերակված և անկայուն են: Ուստի, Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության տեսանկյունից, արդարացում չունի ռազմավարական նշանակություն ունեցող պարենամթերքների պակասը ներկրումների միջոցով լրացնելու երկարաժամկետ քաղաքականությունը:

Այս պատճառներն ինքնին ծանրակշիռ են՝ երկրի տնտեսական և պարենային անվտանգության, գյուղական տարածաշրջանների զարգացման և էկոհամակարգերի պահպանության նկատառումներով, գյուղատնտեսությանը պետական աջակցություն ցուցաբերելու առավել նպատակամետ քաղաքականության իրականացման համար:

Գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների և մեխանիզմների հայեցակարգը գյուղատնտեսության պետական աջակցություն ցուցաբերելու քաղաքականության հստակեցման և ոլորտի կայուն զարգացման ռազմավարության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ընդհանուր մոտեցումները կանխորոշող փաստաթուղթ է:

Սույն հայեցակարգի իմաստով սուբսիդիան տնտեսության որևէ ճյուղի կամ գործունեության որոշակի ոլորտների խթանման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող անհատույց ու անվերադարձ դրամական հատկացումն է:

Տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության ոլորտում կիրառվում են սուբսիդավորման հետևյալ ձևերը`

գնման գների նկատմամբ հավելավճարներ. Պետությունը սահմանում է երկրում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի երաշխավորված (նպատակային) գներ: Այնուհետև, շուկայի իրավիճակից ելնելով, պետության կողմից գյուղացիական տնտեսություններին փոխհատուցվում է երաշխավորված շուկայական գների տարբերությունը,

աջակցություն շուկայական գներին. Նշված մեխանիզմը, ըստ էության, հանդիսանում է անուղղակի սուբսիդավորման ձև, որն իրականացվում է երկրում իրացվող գյուղատնտեսական արտադրանքի նվազագույն շուկայական գնի կարգավորման միջոցով: Հիմնականում դա կատարվում է ի հաշիվ ներմուծվող՝ սուբսիդավորման ենթակա նմանատիպ արտադրանքի նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու միջոցով,

հողի մշակման համար տրվող վճարումներ. Տվյալ դեպքում կիրառվում է մշակվող հողատարածքների յուրաքանչյուր միավորի համար սուբսիդավորման տարբեր մեխանիզմներ,

արտադրության գործոնների ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցում. Սուբսիդավորման տվյալ ձևի դեպքում պետությունը փոխհատուցում է գյուղացիական տնտեսությունների (ֆերմերների) կողմից անհրաժեշտ ռեսուրսների` մեքենաների, սարքավորումների, պարարտանյութերի, վառելիքի, քսանյութերի և այլնի ձեռքբերման, ոռոգման ջրի, ինչպես նաև ապահովագրության վրա կատարված ծախսերի մի մասը:

Սույն հայեցակարգում, որպես Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության սուբսիդավորման նախընտրելի ուղղություններ, առաջարկվում է սուբսիդավորել առավել անբարենպաստ պայմաններում գտնվող գյուղատնտեսական սուբյեկտներին՝ ցանքատարածությունների մշակմանն աջակցելու և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիների սեփականատերերին, մինչև այգիների բերքատվությունը ոռոգման ջրի ծախսերը փոխհատուցելու ձևով:

Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափանիշների՝ գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորումը տարանջատվում է կանաչ, դեղին, կապույտ զամբյուղների, որոնք ապահովում են հետևյալ պահանջները`

«Կանաչ զամբյուղ»` այս խմբի մեջ ընդգրկված են այն սուբսիդիաները, որոնք առևտրի բնագավառում շեղումներ չեն առաջացնում, իսկ եթե դա տեղի է ունենում, ապա նվազագույն չափով: Այս զամբյուղի շրջանակներում ներառվող ծրագրերի թվին են պատկանում շրջակա միջավայրի պահպանման, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության, մասնագետների ուսուցման, հետազոտությունների, խորհրդատվության մատուցման, տեսչական ծառայությունների, եկամուտների ապահովագրման, մարքեթինգի ծառայությունների, տարածաշրջանային օգնության ծրագրերի հետ կապված վճարումները, ինչպես նաև համեմատաբար վատ բնակլիմայական, էկոլոգիական և տնտեսական պայմաններում գտնվող տարածաշրջաններին աջակցությունը, տարերային աղետների դեպքում ցուցաբերվող օգնությունը և երկրի ներսում պարենային օգնության տրամադրումը։

«Դեղին զամբյուղ»` այս խմբի մեջ են մտնում տեղական արտադրողներին տրվող այն սուբսիդիաները, որոնք վերաբերում են գյուղատնտեսական արտադրանքների և նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման գների կարգավորման համար պետական աջակցությանը։ «Դեղին զամբյուղի» միջոցառումներն ունեն գյուղատնտեսական ապրանքների միջազգային առևտրի մրցակցային պայմանների խաթարման հետևանքներ, և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը պահանջում է դրանց կտրուկ սահմանափակում։

«Կապույտ զամբյուղին» դասվող միջոցառումները նույնպես ուղղակի պետական աջակցության ձևեր են, սակայն ավելի թույլ ազդեցություն ունեն միջազգային առևտրում մրցակցային պայմանների խաթարման վրա։ Ուստի, այն մասով, որը նպատակաուղղված է առանձին արտադրատեսակների հաստատագրված չափաքանակներին չգերազանցող արտադրության կարգավորմանը, չի սահմանափակվում։ Իսկ այն մասով, որն ուղղորդվում է գյուղատնտեսական գործունեություն իրականացնողների եկամուտների ավելացմանը, ենթարկվում է որոշակի սահմանափակումների։


IV. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Գյուղատնտեսության սուբսիդավորման հայեցակարգի իրականացումից ակնկալվող սոցիալ-տնտեսական արդյունքները բավականին բարձր են, որոնք լրացուցիչ պայմաններ կստեղծեն գյուղական բնակավայրերում աղքատության հաղթահարման համար: Գյուղատնտեսության մասնակի սուբսիդավորման արդյունքում`

ա) գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցների համալրմամբ կկատարվեն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ագրոտեխնիկական պահանջները և արդյունքում կբարձրանա բերքատվությունը,

բ) զգալիորեն կկրճատվի չօգտագործվող և ոչ նպատակային նշանակությամբ օգտագործվող վարելահողերի տարածքը,

գ) կբարձրանա հողային և աշխատանքային ռեսուրսների օգտագործման մակարդակը և արդյունավետությունը,

դ) կկայունանան սննդի վերամշակող արդյունաբերության հումքային բազան և արտադրության ծավալները, որը էական դերակատարում ունի երկրի մակրոտնտեսական ցուցանիշների բարելավման գործում,

ե) սուբսիդավորման մեխանիզմների կիրառումը հնարավորություն կտա նախադրյալներ ձևավորել գյուղատնտեսության մեջ համատարած հաշվառման գործընթացի կազմակերպման համար,

զ) հնարավորություններ կստեղծվեն նախընտրելի մասնագիտացման ձևավորման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների կարգավորման համար,

է) սուբսիդավորման մեխանիզմների կիրառումը հնարավորություն կտա բարձրացնել հողի հարկի հավաքագրման մակարդակը, որն իր դրական ներգործությունը կունենա գյուղական համայնքների զարգացման համար,

ը) կբարձրանա երկրի պարենային ապահովության մակարդակը և կկրճատվի գյուղական աղքատությունը։


V. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ

 

Գյուղատնտեսության մեջ սուբսիդավորման գործընթացն առնչվում է հազարավոր գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք ունեն տարբեր մասնագիտացում և արտադրում են բազմաթիվ գյուղատնտեսական մթերքներ, հետևաբար, սուբսիդավորման գործընթացի իրականացումը պահանջում է որոշակի նախապատրաստական աշխատանքներ և գործուն մեխանիզմների կիրառում:

Սուբսիդավորման կազմակերպման գործընթացում պետք է ընդգրկվեն գյուղացիական տնտեսությունները, գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողները, տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարանների գյուղատնտեսության ստորաբաժանումները, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները, անշարժ գույքի կադաստրի մարզային և տարածաշրջանային կառույցները, ոլորտը համակարգող պետական կառավարման մարմինը:

Ելնելով սուբսիդավորման կոնկրետ ձևից` գործընթացը պետք է իրականացվի հետևյալ փուլերով՝

ա) գյուղացիական տնտեսություններին, գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման գործընթացի, նրա պայմանների մասին իրազեկում (այդ գործընթացում հիմնական դեր պետք է ունենան գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները և տեղական ինքնակառավարման մարմինները).

բ) գյուղացիական տնտեսավարողների կողմից սուբսիդավորման հայտերի նախապատրաստում և տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին: Վերջիններիս կողմից դրանք ճշգրտելը և համապատասխան մարզպետարաններ ներկայացնելը.

գ) մարզպետարանների կողմից սուբսիդավորման ելակետային փաստաթղթերը վերանայելը և ամփոփելը (այս փուլում իրենց մասնակցությունը պետք է ունենան գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները և անշարժ գույքի կադաստրի մարզային կառույցները).

դ) մարզպետարանների կողմից վերանայված և ամփոփված սուբսիդավորման ելակետային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

ե) ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի, տարածաշրջանների` համայնքների սուբսիդավորման մասին եզրակացությունները և հաշվարկները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը` միջնաժամկետ ծախսային ծրագրերում և տվյալ տարվա բյուջետային ծախսերում ներգրավելու համար.

զ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից սուբսիդիաների հատկացումը (այն նպատակահարմար է հատկացնել անմիջապես գյուղացիական տնտեսություններին` բանկային համակարգի միջոցով, առանց միջնորդավորված օղակների, իսկ այգիների սուբսիդավորման դեպքում՝ անմիջապես տվյալ տարածքն սպասարկող ջրօգտագործողների ընկերություններին՝ հիմք ունենալով ջրօգտագործման պայմանագրերը և դրանց համաձայն փաստացի հատկացված ջրի ծավալի մասին տվյալները` համաձայնեցված սպառողի հետ)։


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան