Գլխավոր տեղեկություն
Համար
N 2410-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.03.2006-25.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.22/15(470) Հոդ.328
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2410-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 3
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2410-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են բնապահպանական պետական տեսուչի կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի չափման ընթացակարգը, մեթոդները, ինչպես նաև տեխնիկական և անվտանգության պահանջները:

2. Բնապահպանական պետական տեսուչը չափումների միջոցով ստուգում է շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից արտանետվող ածխածնի օքսիդի, ածխաջրածինների ու ծխայնության (այսուհետ` արտանետվող վնասակար նյութեր) համապատասխանությունը սահմանված թույլատրելի նորմատիվներին:

3. Ավտոտրանսպորտային միջոցներից արտանետվող վնասակար նյութերի չափումները (այսուհետ` չափումներ) իրականացվում են սույն կարգով սահմանված մեթոդներին, տեխնիկական և անվտանգության պահանջներին համապատասխան:


II. ՉԱՓՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Բնապահպանական պետական տեսուչի կողմից չափումների ենթարկվում են`

ա) ավտոճանապարհներին` շահագործվող ավտոտրանսպորտային միջոցները (ընտրանքային կարգով): Սույն ենթակետի համաձայն ավտոմեքենաները կանգնեցնում է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանական ծառայողը` բնապահպանական պետական տեսուչի պահանջով (հաղորդմամբ), որի գործընթացի պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից համատեղ ընդունված հրամանով,

բ) ավտոպարկերում` իրավաբանական անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցները` նախքան ուղեգիծ դուրս գալը (ընտրանքային կարգով),

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող չափիչ կետերում` չափման ենթարկված ավտոտրանսպորտային միջոցները (ընտրանքային կարգով),

դ) տեխնիկական զննման կետերում` ավտոտրանսպորտային միջոցները` տեխնիկական զննություն անցնելու ժամանակ (ընտրանքային կարգով):

5. Չափումների արդյունքում ավտոտրանսպորտային միջոցից վնասակար նյութերի արտանետումների` սահմանված թույլատրելի նորմատիվներին համապատասխանության դեպքում բնապահպանական պետական տեսուչն ավտոտրանսպորտային միջոցը տնօրինողին տալիս է համապատասխան տեղեկանք` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից հաստատված ձևին համապատասխան:

6. Չափումների արդյունքում ավտոտրանսպորտային միջոցից վնասակար նյութերի արտանետումների` սահմանված թույլատրելի նորմատիվների գերազանցման դեպքում բնապահպանական պետական տեսուչն օրենքով սահմանված կարգով կազմում է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու մասին արձանագրություն` մինչև դրա կարգաբերումը:

Ավտոտրանսպորտային միջոցի շահագործումն արգելում է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանական ծառայողը, ինչի համար հիմք է հանդիսանում բնապահպանական պետական տեսուչի կողմից կազմված արձանագրությունը:

Կարգաբերումից հետո ավտոտրանսպորտային միջոցը շահագործող անձը դիմում է ներկայացնում խախտումն արձանագրած բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանում, որը դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ստուգման արդյունքների հիման վրա, վերադարձնում է աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների համապատասխանության կտրոնը (այսուհետ` համապատասխանության կտրոն) և տալիս տեղեկանք` համաձայն սույն կարգի 5-րդ կետի, ինչը հանդիսանում է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի շահագործման թույլտվությունը:

7. Բնապահպանական պետական տեսուչը չափումների արդյունքները գրանցում է ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների ստուգման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան)` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից հաստատված ձևին համապատասխան:

Գրանցամատյանում գրանցվում են ստուգվող ավտոտրանսպորտային միջոցը տնօրինողի անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը, գրանցման վայրը, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի տվյալները, տվյալ ավտոտրանսպորտային միջոցից արտանետվող վնասակար նյութերի արտանետումների քանակը, օգտագործվող վառելիքի տեսակը, ստուգողի անունն ու ազգանունը, ստուգման ամսաթիվը և ժամը, ավտոտրանսպորտային միջոցը տնօրինողին տրվող տեղեկանքի և արձանագրության համարները, ինչպես նաև բնապահպանական պետական տեսուչի կողմից վերցված համապատասխանության կտրոնի համարը:

8. Ավտոտրանսպորտային միջոցից վնասակար նյութերի արտանետումների թույլատրելի նորմատիվների գերազանցման դեպքում բնապահպանական պետական տեսուչը վերցնում է չափիչ կետերի կողմից ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված համապատասխանության կտրոնը` մինչև սույն կարգի 6-րդ կետով սահմանված գործընթացի ավարտը:

9. Ավտոտրանսպորտային միջոցից արտանետվող ածխածնի օքսիդի և ածխաջրածինների չափումները կատարվում են հետևյալ ընթացակարգով`

ստուգվում է ավտոտրանսպորտային միջոցի արտանետող համակարգի սարքինությունը (արտաքին զննմամբ), և շարժիչը տաքացվում է մինչև այն աշխատանքային ջերմաստիճանը, որը նշված է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի շահագործման մասին հրահանգում, փոխանցման տուփի բռնակը դրվում է չեզոք դիրքում, ավտոտրանսպորտային միջոցն արգելակվում է կանգնեցնող արգելակով, խլացվում է շարժիչը, բացվում է ծածկոցը և միացվում տախոմետրը, իսկ գազաանալիզատորի նմուշառման զոնդը հագցվում է ավտոտրանսպորտային միջոցի արտանետող խողովակին` 300 մմ-ից ոչ պակաս խորությամբ: Այնուհետև միացվում է շարժիչը և բացվում կարբյուրատոր- միախառնիչի օդային փականը: Շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման արագությունը բարձրացվում է մինչև պբարձր ռեժիմի և այդ ռեժիմով աշխատեցվում 15 վայրկյանից ոչ պակաս տևողությամբ: Շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման արագությունն իջեցվում է պնվազռեժիմի, և չափվում է ածխածնի օքսիդի ու ածխաջրածինների պարունակությունը` 30 վայրկյանից ոչ շուտ:

Այնուհետև շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման արագությունը բերվում է պբարձր ռեժիմի, և չափվում է ածխածնի օքսիդի ու ածխաջրածինների պարունակությունը` 30 վայրկյանից ոչ շուտ:

Եթե ավտոտրանսպորտային միջոցն ունի արտանետման մեկից ավելի համակարգ, ապա չափումները կատարվում են դրանցից յուրաքանչյուրում` առանձին, և որպես չափման արդյունք ընդունվում է ստացված առավելագույն արժեքը:

10. Ավտոտրանսպորտային միջոցից արտանետվող ածխածնի օքսիդի և ածխաջրածինների պարունակությունը որոշելու համար կիրառվում են ինֆրակարմիր սպեկտրադիտման (սպեկտրոսկոպիա) սկզբունքով աշխատող` անընդհատ գործող գազաանալիզատորներ և շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման հաճախականությունը որոշող տախոմետրեր:

Գազաանալիզատորներին և տախոմետրերին ներկայացվող տեխնիկական պահանջներն են`

գազաանալիզատորների`

ա) հիմնական սխալանքը պետք է լինի չափման վերին սահմանի 5 տոկոսից ոչ ավելի` յուրաքանչյուր ընդգրկույթի (դիապազոն) համար,

բ) ժամանակի հաստատունը պետք է լինի 60 վայրկյանից ոչ ավելի,

գ) ածխածնի օքսիդի չափման սանդղակը պետք է աստիճանավորված լինի ըստ երկակի գազային խառնուրդի (ածխածնի օքսիդ օդում կամ ազոտում) ծավալային բաժինների` արտահայտված ածխածնի օքսիդի տոկոսներով` 0-5 տոկոս և 0-10 տոկոս,

դ) ածխաջրածինների չափման սանդղակը պետք է աստիճանավորված լինի ըստ երկակի գազային խառնուրդի (պրոպան և ազոտ) ծավալային բաժինների` արտահայտված հեքսանի մլն-1 բաժնով, 0-1000 մլն-1 և 0-10000 մլն-1:

Թույլատրվում է օգտագործել այլ սկզբունքով աշխատող գազաանալիզատորներ, եթե դրանք համապատասխանում են սույն կետով սահմանված պահանջներին և ունեն նույն ցուցմունքը:

Տախոմետրի սանդղակը պետք է ունենա 2 ընդգրկույթ` 0-1000 րոպ-1 և 0-10000 րոպ-1, և յուրաքանչյուր ընդգրկույթի սխալանքը պետք է լինի վերին սահմանի` 2.5 տոկոսից ոչ ավելի:

11. Ավտոտրանսպորտային միջոցի ծխայնության չափումները կատարվում են հետևյալ ընթացակարգով`

ծխաչափի նմուշառման զոնդը տեղադրվում է ավտոտրանսպորտային միջոցի արտանետող խողովակի կամ երկարացնող խողովակի ուղղագիծ հատվածում` արտանետող խողովակի մուտքի կտրվածքի ներքին տրամագծի վեցապատիկի չափից ոչ պակաս հեռավորության վրա և ելքի կտրվածքի ներքին տրամագծի եռապատիկի չափից ոչ պակաս հեռավորության վրա: Ուղղագիծ հատվածը պետք է տեղադրված լինի կոլեկտորի ելքային կտրվածքից 3 մետրից ոչ ավելի հեռավորության վրա:

Անթույլատրելի են չափվող սարքավորումների և չափիչ սարքերի միացումներում արտանետվող վնասակար նյութերի հոսակորուստը, ինչպես նաև օդամղումը:

Նմուշառման զոնդերը դրվում են ավտոտրանսպորտային միջոցի յուրաքանչյուր ելքային խողովակում կամ երկարացնող խողովակում, եթե տվյալ ավտոտրանսպորտային միջոցն ունի մեկից ավելի ելքային խողովակ:

Եթե դիզելն ունի հակամրային զտիչ (ֆիլտր) (զտիչներ) կամ կատալիտիկ, կամ ջերմային չեզոքացուցիչ, ապա նմուշառման զոնդերը տեղադրվում են դրանցից հետո:

Ծխաչափի դիրքը նմուշառման զոնդի նկատմամբ որոշվում է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մակնիշի ծխաչափի տեխնիկական փաստաթղթերի համաձայն:

Զոնդի կտրվածքի մակերեսի հարաբերությունը ելքային խողովակի կտրվածքի մակերեսին պետք է լինի 0.05-ից ոչ պակաս:

Ելքային խողովակում չափված հակաճնշումը զոնդի մուտքի մոտ չպետք է գերազանցի 735 Պա-ն (75 մմ ջրի սյուն):

Արտանետվող վնասակար նյութերի ճնշումը ծխախցում չպետք է տարբերվի շրջակա օդի ճնշումից` ավելի քան 735 Պա-ով (75 մմ ջրի սյուն):

Ճնշման տատանումները չպետք է հանգեցնեն լույսի կլանման գործակցի փոփոխությանը` ավելի քան 0.05 մ-1-ով:

Չափման ընթացքում ծխախցի ցանկացած կետում ջերմաստիճանը պետք է լինի 700C-ից ոչ պակաս և ոչ բարձր այն առավելագույն ջերմաստիճանից, որը նշված է ծխաչափը թողարկող գործարանի կողմից:

12. Ծխայնությունը չափվում է ծխաչափով, որն աշխատում է արտանետվող վնասակար նյութերի որոշակի երկարություն ունեցող սյունի լուսարկման սկզբունքով:

Ծխաչափին ներկայացվող տեխնիկական պահանջներն են`

ա) լույսի աղբյուր` շիկացման լամպ, որն ունի 2800-3250 K գունային ջերմաստիճան կամ կանաչ լուսարձակող դիոդ` ալիքների երկարության 550-570 նմ ընդգրկույթով,

բ) լուսատարր (ֆոտոէլեմենտ), որը ծառայում է որպես լուսային ճառագայթի ընդունիչ` մարդու աչքի ցերեկային տեսողության սպեկտրային զգայնությանը հավասար զգայնությամբ:

 Առավելագույն զգայնությունը 550-570 նմ ալիքի երկարության ընդգրկույթում է, ընդ որում, առավելագույն զգայնության մինչև 4 տոկոսը կարող է լինել 430 նմ-ից պակաս և 680 նմ-ից ավելի ալիքի երկարությամբ,

գ) ծխաչափի ինդիկատորը պետք է ունենա 2 չափիչ սանդղակ, որոնցից մեկն աստիճանավորված է լույսի կլանման բացարձակ արժեքներով` մ-1, 0-ից մինչև  , իսկ մյուսը` գծայինը` 0-100 տոկոս,

դ) գծային սանդղակի 0-100 տոկոս և լույսի կլանման գործակցի սանդղակի փոխհարաբերությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

k= Կ = լօգ. (1- Ն / 100) Լ,

որտեղ`

Կ-ն լույսի կլանման գործակցի ցուցմունքն է, մ-1,

Ն-ն գծային սանդղակի ցուցմունքն է, տոկոս,

Լ-ն ծխաչափի լույսի սյան ստանդարտ բարձրությունն է, մ.

ե) ծխաչափը պետք է ունենա ծխախցում ճնշումը և ջերմաստիճանը չափելու սարքեր:

Թույլատրվում է օգտագործել նշված տեխնիկական պահանջներից տարբերվող այլ տեխնիկական պահանջներ ունեցող ծխաչափեր, եթե դրանք ունեն չափման միևնույն պարամետրերը:


III. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. Չափումների ընթացքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ անվտանգության պահանջները`

ա) եթե ածխածնի օքսիդի, ածխաջրածինների և ծխայնության պարունակությունը չափվում է փակ տարածքում, ապա այն պետք է հագեցած լինի օդափոխիչ հարմարանքով և ապահովի աշխատանքային գոտու օդի, աղմուկի ու թրթռանքի համար Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոնները և նորմերը,

բ) չափումները կատարելիս ավտոտրանսպորտային միջոցի արտածող խողովակի վրա անհրաժեշտ է հագցնել արտանետվող վնասակար նյութերը տարածքից դուրս բերող գազատար ռետինե խողովակ, որի ելքում ևս տեղադրվում է գազաանալիզատորի նմուշառիչ,

գ) չափումները կատարելիս ձեռնարկվում են բոլոր միջոցները` ավտոտրանսպորտային միջոցների ինքնաբերաբար տեղաշարժը կանխելու համար:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.11.2017, N 1588-Ն 25.12.2017, N 2410-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան