Գլխավոր տեղեկություն
Համար
N 535-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.17/27(482) Հոդ.534
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 3 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2006 թվականի N 535-Ն

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2005 թվականի հունիսի 23-ի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի մասին» որոշմամբ հաստատված կանոնակարգի 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 28
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 20-ի N 535-Ն որոշման

 Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հայկական մասը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որը հանձնաժողովում ներկայացնում է հայկական կողմը և իր իրավասության սահմաններում իրականացնում է աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կանոնակարգին համապատասխան:

2. Հանձնաժողովի հայկական մասը համակարգում է սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման ու շահագործման բնագավառում բազմակողմ և երկկողմ ռազմատնտեսական համագործակցության հարցերին առնչվող առաջարկները, դրանք համաձայնեցնում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության շահագրգիռ պետական մարմինների հետ` հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հայկական մասը, ուսումնասիրելով համապատասխան գործադիր իշխանության մարմինների և հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանը զեկուցելու նպատակով նախապատրաստում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության բազմակողմ և երկկողմ ռազմատնտեսական համագործակցությանը վերաբերող նյութերը` հետևյալ հարցերի շուրջ՝

ա) ռազմատնտեսական համագործակցության հարցերի կարգավորման բնագավառում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների նորմատիվ իրավական դաշտի ներդաշնակեցման աշխատանքների համակարգում.

բ) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմական նշանակության արտադրանքի, համալրող իրերի և պահեստամասերի արտադրության մասնագիտացվածության և կոոպերացիայի պահպանում.

գ) ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաև դրանց պատրաստման տեխնոլոգիական սարքավորումների որակի բարձրացման, ստանդարտացման, միասնականացման և ընդունման հարցերի որոշման փոխգործակցության ընդհանուր կարգի մշակում.

դ) ռազմական և երկակի նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրումների ընթացակարգի և մաքսային ռեժիմների պարզեցման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում.

ե) ռազմական նշանակության արտադրանքի մշակման և արդիականացման ուղղությամբ համատեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների անցկացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում.

զ) ռազմական նշանակության արտադրանքի արտադրության և մշակման ընթացքում օգտագործված և (կամ) ստացված մտավոր գործունեության արդյունքների պահպանման մեխանիզմների մշակում.

է) ռազմական արտադրության փոխարկման (կոնվերսիայի) բնագավառում համագործակցության հարցերի քննարկում.

ը) երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների շրջանառության մեխանիզմների կատարելագործում, քաղաքացիական նշանակության արտադրանքի պատրաստման համար ռազմական նշանակության արտադրանքի արտադրության բնագավառում հնարավորությունների և նվաճումների օգտագործման ուսումնասիրություն.

թ) ռազմատնտեսական համագործակցության հարցերի կարգավորման բնագավառում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների նորմատիվ իրավական բազայի մոտեցումների վերաբերյալ առաջարկությունների մշակում.

ժ) ռազմական նշանակության արտադրանքի մշակման, արտադրության, նորոգման, արդիականացման, օգտահանման և տեխնիկական սպասարկման նպատակով համատեղ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համապատասխան կազմակերպությունների միասնական սկզբունքների և դրանց ստեղծման ու գործառութային կանոնների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում.

ժա) ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համապատասխան կազմակերպությունների կողմից հումքի, նյութերի և համալրող սարքերի կոոպերացիոն մատակարարումների ժամանակ առաջացած վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ հանձնարարությունների մշակում:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հայկական մասն իր գործառույթների իրականացման համար իրավունք ունի՝

ա) ընդունելու որոշումներ իրենց աշխատանքին առնչվող կազմակերպական և ընթացակարգային հարցերի մասին.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմինների քննարկմանը ներկայացնելու իրենց գործառույթների իրականացման վերաբերյալ առաջարկություններ.

գ) հանձնաժողովի հետ պայմանավորվածության համաձայն ստեղծելու համատեղ` մշտական և ժամանակավոր հիմունքներով գործող աշխատանքային մարմիններ (աշխատանքային խմբեր).

դ) կազմակերպելու խորհրդակցություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործադիր իշխանության մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կազմակերպությունների ղեկավարների (կամավորության սկզբունքով) և փորձագետների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱԶՄԸ

 

5. Հանձնաժողովի հայկական մասը բաղկացած է նախագահից և անդամներից:

6. Հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հանձնաժողովի հայկական մասի նախագահը՝

ա) համակարգում է հանձնաժողովի հայկական մասի աշխատանքային պլանում ներառված միջոցառումների իրականացման աշխատանքները.

բ) վարում է հանձնաժողովի հայկական մասի նիստերը.

գ) հանձնաժողովի հայկական մասի անդամների միջև բաշխում է պարտականությունները և նշանակում պատասխանատուներ` հանձնաժողովի հայկական մասի գործառույթներից ու խնդիրներից բխող հարցերի պատրաստման համար.

դ) ներկայացնում է հանձնաժողովի հայկական մասը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների գործադիր իշխանության հանրապետական մարմիններում.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության և հանձնաժողովի հայկական մասի որոշումներին համապատասխան իրականացնում է այլ գործառույթներ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովի հայկական մասն իր նիստերը գումարում է հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի կամ նախագահի համաձայնությամբ, անհրաժեշտություն առաջանալու դեպքում, բայց առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

9. Հանձնաժողովի հայկական մասի նիստը համարվում է կայացած` հանձնաժողովի անդամների երկու երրորդի մասնակցության դեպքում:

10. Նիստի օրակարգի յուրաքանչյուր հարցի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի հայկական մասի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

11. Ընդունված որոշումներն ստորագրում է հանձնաժողովի հայկական մասի նախագահը:

12. Աշխատանքային պլանում ներառվում են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի հայկական մասի և իր աշխատանքային մարմինների (աշխատանքային խմբերի) կողմից՝ նշելով դրանց նախապատրաստման կարգը, քննարկման ժամկետները, ծավալը և նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնելու ժամկետները:

13. Հանձնաժողովի հայկական մասը քննարկում է իր գործունեության տարեկան արդյունքները և հաստատում նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցը:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովի հայկական մասի գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան