Գլխավոր տեղեկություն
Համար
N 2171-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.01.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.43
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2005 թվականի N 2171-Ն

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2006 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 19
Երևան

 


 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 24-ի N 2171-Ն որոշման


2 0 0 6   Թ Վ Ա Կ Ա Ն Ի   Ծ Ր Ա Գ Ի Ր

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

1. ՆԱԽԱԲԱՆ

Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՓՄՁ-ի ոլորտը համարում է երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը և շարունակական քայլեր ձեռնարկում ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ:

ՓՄՁ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության դինամիկ զարգացող ոլորտներից մեկը: Դրա մասին է վկայում այն փաստը, որ վերջին 3 տարիներին ստեղծվել են շուրջ 25.000 ՓՄՁ-ի սուբյեկտներ, իսկ միայն 2004 թվականի ընթացքում ստեղծվել են շուրջ 9.000 նոր ՓՄՁ-ի սուբյեկտներ` ապահովելով ավելի քան 22.000 նոր աշխատատեղ: Դրա հետ մեկտեղ ՓՄՁ-ի ոլորտը նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի (այսուհետ` ՀՆԱ) ձևավորման գործում: 2004 թվականի տվյալներով ՓՄՁ-ի ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է շուրջ 39 տոկոս, գրեթե կրկնակի գերազանցելով 2000 թվականի մակարդակը, իսկ ըստ նախնական կանխատեսումների 2005 թվականին այս ցուցանիշը կկազմի շուրջ 40 տոկոս:

ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումները պահպանվել են նաև 2005 թվականին: Իրականացման փուլում է ՓՄՁ-ի պետական աջակցության 2005 թվականի ծրագիրը: ՓՄՁ-ի պետական աջակցության 2005 թվականի ծրագրային միջոցառումների շուրջ 70 տոկոսը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում տնտեսական ակտիվության բարձրացմանը: Բացի այդ, միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպություններից ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին ընդլայնվել են ՓՄՁ-ի ոլորտի հեռանկարային զարգացմանն ու այդ նպատակով իրականացվող պետական աջակցությանն ուղղված ծրագրային միջոցառումների շրջանակները: Մասնավորապես`

2005 թվականին միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ծավալվել է արդյունավետ աշխատանք: Շարունակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող ծրագիրը, միաժամանակ սկսվել են այդ ծրագրի հաջորդ փուլի (2006-2008 թվականներ) մշակման աշխատանքները:

2005 թվականի հունիսին Ճապոնիայի տեխնիկական համագործակցության շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) միջև ստորագրվել է եռակողմ արձանագրություն` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրի» (2005-2008 թվականների կտրվածքով) իրականացման վերաբերյալ:

Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի հետ երկարաժամկետ համագործակցության մասին: 2005 թվականի ընթացքում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում իրականացվել է բիզնես ինկուբատորների ստեղծման հետազոտություն, իսկ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի և «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» ծրագրի հետ համատեղ` բիզնես ինկուբատորներին նվիրված միջազգային սեմինար-խորհրդակցություն:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Միացյալ Թագավորության միջազգային զարգացման վարչության կողմից մշակված ՓՄՁ-ի ոլորտի զարգացման տարածաշրջանային համատեղ ծրագիրը, որը կգործարկվի 2005 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այն կիրականացվի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերում (հիմնականում հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում) և կշարունակվի մինչև 2008 թվականը:

2005 թվականին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» ծրագրի միջև շարունակվել է համատեղ ծրագրի իրականացումը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինստիտուցիոնալ ամրապնդման, սկսնակ գործարարներին աջակցության ցուցաբերման, ՓՄՁ աջակցող ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության ապահովման նպատակով ՓՄՁ-ի պետական աջակցության 2005 թվականի ծրագրի շրջանակներում հիմնադրվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ևս 4 մարզային մասնաճյուղ` ՀՀ Արմավիրի (ք. Արմավիր), Արարատի (ք. Արտաշատ), Գեղարքունիքի (ք. Սևան) և Վայոց ձորի (ք. Վայք) մարզերում, ի լրումն արդեն իսկ հիմնադրված 6 մասնաճյուղի ՀՀ Շիրակի (ք. Գյումրի), Սյունիքի (ք. Սիսիան), Տավուշի (ք. Իջևան), Կոտայքի (ք. Չարենցավան), Լոռու (ք. Ստեփանավան) և Արագածոտնի (ք. Ապարան) մարզերում, որով ավարտվեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի ցանցի ձևավորման գործընթացը:

2005 թվականի ընթացքում, ըստ նախնական կանխատեսումների, վարկային երաշխավորությունների տրամադրման, որակի կառավարման համակարգերի ներդրման, ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվել Երևանում և ՀՀ այլ մարզերում գործող շուրջ 4500 ՓՄՁ-ի սուբյեկտի:

2005 թվականի ընթացքում աշխատանքներ են իրականացվել նաև ՓՄՁ-ի պետական աջակցության 2004թ. ծրագրի շրջանակներում ստեղծված «Անդրոն-գիտահետազոտական ինստիտուտ-տեխնոպարկի» (այսուհետ` տեխնոպարկ) ինստիտուցիոնալ զարգացման և ամրապնդման ուղղությամբ:

ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ ՓՄՁ-ի ոլորտի ուսումնասիրությունների և վարչական մոնիթորինգի արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեռ շարունակում են բախվել ՓՄՁ-ի սուբյեկտները: Այդ հիմնախնդիրները պայմանավորված են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիությամբ, գործարար տեղեկատվության, խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններով, ՓՄՁ-ի սուբյեկտների արտադրանքի (ծառայությունների) շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրներով, ինչպես նաև սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների պակասով:

Հայաստանում ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցությանն ու զարգացմանը, գործարար ու ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2006 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային միջոցառումները, ինչը կարևոր նախապայման է հանդիսանում երկրի տնտեսական աճի, բնակչության զբաղվածության ապահովման ու նրա սոցիալական վիճակի բարելավման և ընդհանուր առմամբ երկրում աղքատության հաղթահարման շարունակականության ապահովման գործում:

2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2006 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև՝

ա) 2003 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը,

բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ),

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի N 1736-Ն որոշմամբ հաստատված Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2005 թվականի ծրագիրը,

դ) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշումը,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 777-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը,

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը:

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի հիմնական նպատակն է պետական շարունակական աջակցությամբ նպաստել ՓՄՁ-ի ոլորտի դերի աստիճանական բարձրացմանը` երկրի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային կայուն զարգացման բնագավառներում:

Ծրագրի նպատակներն են`

ա) ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ամրապնդումը,

բ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը,

գ) ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական և արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը,

դ) ՓՄՁ-ի սուբյեկտների՝ գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը,

ե) գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը:

Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

ա) երկրի ՀՆԱ-ում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացումը,

բ) Հայաստանի Հանրապետության մարզերում ՓՄՁ-ի սուբյեկտների թվի ավելացումը և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծումը,

գ) ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացումը և նրանց կողմից թողարկվող արտադրանքի և մատուցվող ծառայությունների քանակական և որակական աճը,

դ) Հայաստանի Հանրապետության մարզերում և հեռավոր բնակավայրերում գործարար ակտիվության բարձրացումը` այդ նպատակով ծրագրի շրջանակներում ցուցաբերվող աջակցության շուրջ 70 տոկոսն ուղղելով Երևան քաղաքից դուրս գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

ա) Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի ոլորտին աջակցող այլ կառույցների միջոցով:

բ) Ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության ոլորտում գործող, նորարարություններ ու բարձր տեխնոլոգիաներ կիրառող և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը, ինչպես նաև սկսնակների, երիտասարդների, կանանց, գործազուրկների, հաշմանդամների ու փախստականների ձեռներեցության զարգացմանը:

գ) Ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության այլ մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը:

դ) Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով, կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

ե) Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում 2006 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր (համաֆինանսավորման սկզբունքով)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

2006 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները՝ 

5.1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ամրապնդումը

5.1.1. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի ամրապնդում և դրանց գործունեության ընդլայնում

 

Կարևորելով ՓՄՁ-ի ոլորտի դերը Հայաստանի Հանրապետության տարածքային տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերում (տարածաշրջաններում) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի (միջոցառումների) համակարգման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր` ձևավորելով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի ցանց:

Ծրագրով նախատեսվում է կատարելագործել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի բոլոր մարզային մասնաճյուղերի նյութատեխնիկական ապահովվածությունը, ինչպես նաև ներդնել «Իրտեկ» տեղեկատվական համակարգ, որից կարող են օգտվել ՓՄՁ-ի սուբյեկտները:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի կողմից ՓՄՁ-ի սուբյեկտներին երկրի ընդհանուր տնտեսական վիճակի, արտաքին և ներքին շուկաներում, իրավաօրենսդրական դաշտում կատարվող փոփոխությունների և ձեռնարկատիրության ոլորտին առնչվող այլ գործընթացների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությամբ ապահովելու նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավարտել համապարփակ տեղեկատվական բազայի նախագծման և ներդրման աշխատանքները: Հայաստանի Հանրապետության մարզերում ՓՄՁ-ի սուբյեկտները հնարավորություն կունենան ինտերնետի միջոցով անմիջական կապի մեջ լինել խորհրդատու փորձագետների մշտական գործող աշխատանքային խմբի հետ և ստանալ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի յուրաքանչյուր մասնաճյուղում կտեղադրվի մեկ հանրային համակարգիչ, որից կարող են օգտվել ՓՄՁ-ի սուբյեկտները:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի ամրապնդումն ու դրանց գործունեության ընդլայնումը մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համակարգի ձևավորման գործընթացին:

 

5.1.2.  Որպես ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառույց` «Անդրոն» կոմպլեքսային էլեկտրասարքավորումների գիտահետազոտական ինստիտուտ»-տեխնոպարկի  ամրապնդում և զարգացում

 

Շուկայական տնտեսավարման պայմաններում առանձնակի կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որը նպաստում է տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանն ու նրանց արտահանման ներուժի ընդլայնմանը:

ՓՄՁ-ի սուբյեկտների տեխնոլոգիական և նորարարական աջակցության նպատակով ստեղծված տեխնոպարկում արդեն իսկ իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ` վերջինիս ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և զարգացման, տեխնոպարկի հաճախորդ ՓՄՁ-ի սուբյեկտների զարգացմանը նպաստող գործարար ծառայությունների մատուցման կարողությունների ընդլայնման ուղղությամբ:

ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և նոր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության տրամադրման նպատակով կիրականացվեն միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն տեխնոպարկում նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ներգրավման համար համապատասխան պայմանների ձևավորմանը, ինչը ենթադրում է առկա ենթակառուցվածքների զարգացում, վերանորոգում և նոր բաղադրիչների ավելացում: Դրա հետ մեկտեղ 2006 թվականին աշխատանքներ կիրականացվեն տեխնոպարկի գործունեության ընդլայնման և զարգացման ուղղությամբ:

 

5.2. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շարունակումը և ընդլայնումը

 

ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման, դրանց ֆինանսական և ներդրումային աջակցության ցուցաբերման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում, 2006 թվականին կշարունակվի և կընդլայնվի վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը:

Վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, որպես սույն ծրագիրն իրականացնող կառույցի, գործընկեր առևտրային բանկերի միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման նպատակով: Այս ուղղությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կընդլայնի պայմանագրային հիմունքներով ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման ծրագրեր իրականացնող առևտրային բանկերի հետ իր համագործակցությունը:

Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրից կարող են օգտվել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ՓՄՁ-ի սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Այստեղ նախապատվությունը կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում առևտրի ոլորտում գործող շահառուներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող և նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

Ծրագրի շրջանակներում նպատակային ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության 70 տոկոսը և 10 մլն դրամը:

2006 թվականին կշարունակվեն վարկային երաշխավորությունների տրամադրման մեխանիզմի և ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքները:

Դրա հետ մեկտեղ ծրագրի շրջանակներում կդիտարկվի մշակված ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրի նախագիծը, որի ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովման պարագայում հիմք կդրվի դրա իրականացման համար:

 

5.3.  Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցությունը

 

Սկսնակ գործարարների աջակցություն ծրագրի նպատակն է խթանել նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը և նրանց աջակցություն ցուցաբերել հենց հիմնադրման շրջանում, քանի որ ՓՄՁ-ի սուբյեկտները հաղթահարելով հիմնադրման և հաստատման կրիտիկական շրջանը (սովորաբար այն համարվում է 3 տարի ժամանակահատվածը) ավելի հազվադեպ են սկսնակ համարվում: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր երկրներում սկսնակ և երիտասարդ գործարարների հաջողության գրավականն է արդիական գիտելիքները գործարար պլանավորման, շուկայավարման, կառավարման, մասնավորապես, ֆինանսների կառավարման և այլ բնագավառների վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան գործարար հմտությունների առկայությունը, գործարար խորհրդատվության և ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը և այլն: Այդ իսկ պատճառով նախատեսվում է համապատասխան աջակցություն ցուցաբերել սկսնակներին հենց հիմնադրման փուլում` նվազեցնելով վերջիններիս ձախողման ռիսկը:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ մարզերում իրականացնել միջոցառումներ, որոնք կներառեն ուսուցման, մասնագիտական խորհրդատվության, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման բաղադրիչներ: Այդ միջոցառումների նպատակն է խթանել նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը և համապատասխան աջակցություն ցուցաբերել նրանց հիմնադրման շրջանում:

Փորձը ցույց է տալիս, որ նման ծրագրերը նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծման համար հանդիսանում են արդյունավետ գործիք, սակայն հմտությունների զարգացման և գիտելիքների փոխանցման հետ մեկտեղ նոր գործ ձեռնարկելիս սկսնակ գործարարները բախվում են ֆինանսական միջոցների ձեռք բերման հետ կապված բազմաթիվ խնդիրների: Այդ իսկ պատճառով աշխատանքներ կիրականացվեն նաև ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովման, մասնավորապես ծրագրի շրջանակներում միկրոֆինանսական հաստատություններից արտոնյալ պայմաններով փոխատվության տրամադրման (միկրովարկավորման) և փոխատվական հիմնադրամի ստեղծման մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացման նպատակով աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցությանը սկսնակ գործարարների աջակցություն ծրագրին և նրանցից առավել հաջողակների հետ կիրականացվի երկարատև համագործակցություն:

5.4. ՓՄՁ-ի սուբյեկտներին` մտավոր սեփականության պաշտպանության,  ստանդարտացման և համապատասխանության հավաստման ուղղությամբ աջակցությունը

ՓՄՁ-ի սուբյեկտների համար մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտացման և համապատասխանության հավաստման հնարավորությունների ապահովումը դա նրանց գործունեության հաջողության, տեղական շուկայում ամրապնդվելու և արտաքին շուկաներ մուտք գործելու գրավականներից է:

Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի աջակցություն մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտացման և համապատասխանության հավաստման հարցերում: Մասնավորապես. ՓՄՁ-ի սուբյեկտների համար կկազմակերպվեն մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտացման և համապատասխանության հավաստման թեմաներով դասընթացներ, ինչպես նաև վերոհիշյալ հարցերին նվիրված սեմինար-խորհրդակցություններ և կլոր-սեղան քննարկումներ: Դրա հետ մեկտեղ վերոհիշյալ ուղղություններով ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն մասնագիտացված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

5.5. ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող  ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցությունը

Շուկայական տնտեսավարման պայմաններում արդյունավետ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմնական գրավականը թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) պատշաճ մակարդակով շուկայում ներկայացնելը, սպառման ծավալներն ավելացնելը և ընդհանուր առմամբ թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջ մղելն է:

Ելնելով նշված նկատառումներից` 2006 թվականին ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման ԻՍՕ 9001-2000 համակարգի ներդրման ուղղությամբ խորհրդատվության տրամադրման ճանապարհով, ինչպես նաև կկազմակերպվեն ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) և այլ միջազգային ստանդարտների ներդրման գործընթացներին նվիրված տեղեկատվական և ուսուցողական բնույթի միջոցառումներ, կհրատարակվեն համապատասխան տեղեկատվական նյութեր:

ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող կարևոր միջոցառումներից է Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցության ապահովումը: Այս ուղղությամբ 2006 թվականին ծրագրի շրջանակներում համապատասխան աջակցություն կցուցաբերվի արտահանման ներուժ ունեցող և հեռանկարային ՓՄՁ-ի սուբյեկտներին՝ Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին նրանց կողմից թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) լավագույն տեսքով ներկայացնելու համար:

Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն կցուցաբերվի նրանց կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկայում ներկայացնելու, մասնավորապես, դրանց զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներ) լուսաբանման, ապրանքների փաթեթավորման, պիտակավորման, ձևավորման և այլ համապատասխան գործընթացների ուղղությամբ, որը վերջին հաշվով կնպաստի ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) մրցունակության և ՓՄՁ-ի սուբյեկտների հեղինակության բարձրացմանը:

5.6. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցությունը

ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվությամբ ապահովումը դրանց արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից է:

Ծրագրով նախատեսվում է տեղեկատվական ու վերլուծական նյութերի և պարբերականի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների) հրատարակում (դրանք կտեղադրվեն նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում), ինչպես նաև առկա տեղեկատվական բազայի կատարելագործում, ինչը համապարփակ գործարար տեղեկատվությամբ կապահովի Հայաստանի գործարար համայնքին:

Դրա հետ մեկտեղ ծրագրի շրջանակներում ԶԼՄ-ների միջոցով կապահովվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) վերաբերյալ, ինչպես նաև պարբերաբար կկազմակերպվեն հեռուստաժամեր` ներկայացնելով ինչպես ՓՄՁ-ի սուբյեկտների առաջավոր փորձը, այնպես էլ նրանց հուզող հիմնախնդիրները և դրանց հաղթահարման (լուծման) հնարավոր ուղիները:

ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից և կարևոր նախադրյալներից է նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվության ապահովումը:

Ծրագրով նախատեսվում է շարունակել ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցությունը` խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման հարցում:

ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի մասնագիտացված խորհրդատվական կազմակերպությունների միջոցով՝ ներդրումային և զարգացման ծրագրերի մշակման, կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծության, շուկայական հետազոտությունների իրականացման, կառավարման և շուկայավարման, հաշվապահության վարման, նորարարությունների կիրառման և ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացման, իրավաբանական, հարկային և մաքսային, արտադրանքի (ծառայությունների) առաջմղման, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների (համակարգերի) ներդրման, ինչպես նաև այլ ուղղություններով՝ ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

 

5.7.  ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցությունը

 

Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի նաև ուսուցողական աջակցություն:

Գործարար հմտությունների զարգացման և գործարար գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտների համար կկազմակերպվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներ՝ ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ի սուբյեկտներին մեծամասամբ հասանելի չեն գործարար ուսուցողական ծառայությունները՝ հիմնականում դրանց թանկության պատճառով, ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի այդ դասընթացներին նրանց մասնակցության ուղղությամբ` ամբողջությամբ կամ մասնակիորեն վճարելով դասընթացների արժեքը:

Նման դասընթացներին մասնակցությունը հնարավորություն կընձեռի սկսնակ գործարարներին ծանոթանալու ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, իսկ գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին՝ ստանալու պարզաբանումներ և ուղեցույցեր գործող հարկային և մաքսային համակարգերի, ֆինանսների կառավարման, գործարար ու զարգացման ծրագրերի կազմման, ինչպես նաև ձեռք բերելու համապատասխան մասնագիտական գիտելիքներ և նոր հմտություններ կառավարման, շուկայավարման, գործարար էթիկայի, բանակցությունների վարման, վաճառքի տեխնիկայի և գործարարությանն առնչվող այլ բնագավառներում:

Ուսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով ծրագրի շրջանակներում վերջիններիս համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ:

Ծրագրի շրջանակներում շահագրգիռ կառույցների հետ համատեղ կշարունակվեն կազմակերպվել ՓՄՁ-ի հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովներ, սեմինարներ և կլոր-սեղան քննարկումներ:

5.8. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակումը և իրականացումը

2006 թվականին աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես, ՓՄՁ-ի ոլորտի զարգացման (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի, ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ:

Համաձայն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև կայացած հանդիպման և Ճապոնիայի տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրի վերաբերյալ 2005 թվականի հունիսին ստորագրված արձանագրության` 2006 թվականին կշարունակվի իրականացվել 2005 թվականի աշնանն սկսված վերոհիշյալ եռամյա (2005-2008 թվականներ) ծրագիրը:

2006 թվականին կշարունակվի համագործակցությունը նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի, ինչպես նաև գերմանական «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» ծրագրի հետ:

Մինչև 2006 թվականի սեպտեմբեր ամիսը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև համագործակցության շրջանակներում կշարունակվեն իրականացվել ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումներ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության արդյունավետության ամրապնդման, կենտրոնական և տարածաշրջանային մակարդակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների տրամադրման, ՓՄՁ-ի սուբյեկտների շրջանում, հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում, գործարար գիտելիքների և հմտությունների մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների զարգացման և ամրապնդման ուղղությամբ:

Բացի այդ, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման վարչության հետ համագործակցության շրջանակներում 2006 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր Հայաստանի Հանրապետության մարզերում` ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի հիմնական միջոցառումների շրջանակներում:

6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով որպես ծրագրի իրականացման կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 350,000.0 հազ. դրամ:

Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ առանձին տողով:

7. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

5.1.

ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների   ամրապնդում

   

5.1.1. Հայատանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի ամրապնդում և դրանց գործունեության ընդլայնում

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

2006 թվականի    ընթացքում

5.1.2. Որպես ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառույց` «Անդրոն»  կոմպլեքսային էլեկտրասարքավորումների գիտահետազոտական ինստիտուտ» - տեխնոպարկի ամրապնդում և զարգացում

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

2006 թվականի ընթացքում

5.2.

ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շարունակում և ընդլայնում

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

սկսած
2006 թվականի
1-ին եռամսյակից

5.3.

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

սկսած
2006 թվականի
2-րդ եռամսյակից

5.4.

ՓՄՁ-ի սուբյեկտներին` մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտացման և համապատասխանության հավաստման ուղղությամբ աջակցություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

2006 թվականի ընթացքում

5.5.

ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

սկսած
2006 թվականի
1-ին եռամսյակից

5.6.

ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

սկսած
2006 թվականի
1-ին եռամսյակից

5.7.

ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

սկսած
2006 թվականի
1-ին եռամսյակից

5.8.

Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
ՀՀ շահագրգիռ նախարարներ

2006 թվականի ընթացքում


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան