ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա արժույթի փոխանակման կետերի գործունեության կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ 1993թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա արժույթի փոխանակման կետերը ղեկավարվում են սույն որոշմամբ հաստատված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչությանը`
ա) վերահսկողություն իրականացնել օտարերկրյա արժույթի փոխանակման կետերի կողմից սույն որոշմամբ հաստատված կարգի պահպանման նկատմամբ.
բ) յուրաքանչյուր ամսվա 5-ին և 20-ին Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովին հաշվետվություն ներկայացնել կատարված ստուգումների արդյունքների վերաբերյալ:
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ և ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ |
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ | |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ` |
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ | |
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ` | Ի. ԻՍԱՀԱԿՅԱՆ | |
25 հոկտեմբերի 1993 թ. |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա արժույթի փոխանակման կետերը (այսուհետև` փոխանակման կետեր) պարտավոր են ապահովել աշխատանքային ամենօրյա ռեժիմ, աշխատանքային օրը սկսելով ոչ ուշ, քան ժամը 9.00 և ավարտել ոչ շուտ, քան ժամը 18.00:
Օտարերկրյա արժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող բանկերը և դրանց բաժանմունքները իրենք են սահմանում այդ գործառնությունների իրականացման ժամկետները:
2. Փոխանակման կետեր սպասարկող բանկերը պարտավոր են ապահովել դրանց անխափան աշխատանքը:
3. Փոխանակման կետերը պարտավոր են հաճախորդների համար երևացող մասում ցուցատախտակի վրա նշել սպասարկող կազմակերպության կամ բանկի անվանումը, տվյալ պահին օտարերկրյա արժույթի առքուվաճառքի կուրսերը:
4. Փոխանակման կետերի համար սահմանվում են հետևյալ նվազագույն արժութային ռեզերվները.
ա) 200 ԱՄՆ-ի դոլար.
բ) ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1993թ. նմուշի բանկային տոմսեր.
գ) ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության արժույթ:
5. Նշված նվազագույն արժութային ռեզերվը չապահովելու դեպքում փոխանակման կետը պարտավոր է անմիջապես դադարեցնել բոլոր գործառնությունները:
Այն դեպքում, երբ փոխանակման կետը 24 ժամ անընդմեջ գործառնություններ չի կատարում, ապա ՀՀ կենտրոնական բանկը պարտավոր է հետ վերցնել օտարերկրյա արժույթով գործառնություններ իրականացնելու համար տրված լիցենզիան:
6. Փոխանակման կետը իրավունք չունի հաճախորդին մերժել ԱՄՆ-ի դոլարի, ՌԴ ռուբլու, ինչպես գնումը, այնպես էլ վաճառքը, եթե գործարքի գումարը չի գերազանցում նվազագույն ռեզերվների մեծությունը:
7. Փոխանակման կետերում կատարվող բոլոր գործարքները ենթակա են խիստ հաշվառման և հատուկ մատյանում գրանցման ըստ ժամանակային հերթականության` նշելով վաճառված և գնված արժույթի քանակը և կուրսը: Գրանցման մատյանները պետք է նախապես համարակալվեն և կնքվեն տվյալ կազմակերպության և հարկային պետական տեսչության կողմից:
8. Փոխանակման կետերը պարտավոր են հաճախորդներին տրամադրել կատարված գործարքը հաստատող տեղեկանք-անդորրագիր:
9. Փոխանակման կետերում օտարերկրյա արժույթի առքուվաճառքի կուրսերի շեղման սահմանը չպետք է գերազանցի 7 օ/օ-ը:
10. Սույն կարգով նախատեսված պահանջների խախտման դեպքում փոխանակման կետի օրական հասույթները ենթակա են ՀՀ կենտրոնական բանկի կամ ՀՀ պետական հարկային տեսչության կողմից գանձման ՀՀ պետական բյուջե:
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ | ||
|
|
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ |
|
|
Ի. ԻՍԱՀԱԿՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|