Գլխավոր տեղեկություն
Համար
N 2116-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.12.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.28/82(454) Հոդ.1594
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2005 թվականի N 2116-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և դրանց ենթակայության պետական հիմնարկների գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում և 1-ին կետում, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգի վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և դրանց ենթակայության պետական հիմնարկների գույքի (տարածքի) վարձակալության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (բացառությամբ հանրակրթական և հատուկ դպրոցներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության» բառերով.

բ) որոշման 2-րդ կետում և որոշմամբ հաստատված կարգում «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերով, իսկ որոշմամբ հաստատված կարգում «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի» բառերով.

գ) որոշմամբ հաստատված կարգում`

2-րդ կետում «Հիմնարկների տնօրինության տակ գտնվող» բառերը փոխարինել «Սույն կարգի 1-ին կետում նշված» բառերով,

2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար` հետևյալ բանաձևով`

 

Վգ = Ագ + ՀԱգ x Դ,

որտեղ`

Վգ-ն յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար ամսական վարձավճարի նվազագույն չափն է` արտահայտված դրամով,

Ագ-ն հաշվարկային արժեք է, որը որոշվում է գույքի սկզբնական (ձեռքբերման) հաշվեկշռային արժեքի և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով` գույքի տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետի հարաբերությունը բաժանելով 12-ի,

ՀԱգ-ն վարձակալության տրամադրվող գույքի սկզբնական (ձեռքբերման) արժեքն է` արտահայտված դրամով,

Դ-ն հաշվարկային տոկոսաչափն է և հավասար է 0.05 տոկոսի.

բ) շենքերի, շինությունների համար` հետևյալ բանաձևով`


Վտ = Բա x Գտ x Գն x Գհ x S,

որտեղ`

Վտ-ն շենքերի, շինությունների ամսական վարձավճարի նվազագույն չափն է` արտահայտված դրամով,

Գտ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման գոտիների գործակիցն է,

Բա-ն շենքերի, շինությունների մեկ քառակուսի մետր մակերեսի բազային վարձավճարի նվազագույն չափն է` արտահայտված դրամ/քառ. մետրով, որը սահմանվում է`

երկաթբետոնե շենքերի, շինությունների համար` 467 դրամ/քառ.մ,

քարե շենքերի, շինությունների համար` 560 դրամ/քառ.մ,

այլ շենքերի, շինությունների (մետաղյա, փայտե, ապակեպատ և այլն) համար` 393 դրամ/քառ.մ,

Գն-ն շենքերի, շինությունների նպատակային նշանակության գործակիցն է, որը սահմանվում է`

հասարակական նշանակության շինությունների համար` 1.0,

բնակելի նշանակության շինությունների համար` 0.6,

արտադրական նշանակության շինությունների համար` 0.3,

Գհ-ն շենքերի, շինությունների հարկայնության գործակիցն է, որը սահմանվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կադաստրային գնահատման կարգերում նշված գործակիցների հետևյալ չափերով`

առաջին հարկի համար` 1.0,

երկրորդ և հաջորդ հարկերի համար` 0.9,

կիսանկուղային հարկերի համար` 0.65,

նկուղային հարկերի համար` 0.5,

ձեղնահարկի և տեխնիկական հարկի համար` 0.7,

S-ն շենքերի, շինությունների վարձակալության տրամադրված մակերեսն է, արտահայտված քառակուսի մետրերով».

դ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի ձևով, եթե առկա է հետևյալ դեպքերից որևէ մեկը`

ա) եթե պետական կառավարման տարբեր մարմինների աշխատակազմերի տնօրինությանը հանձնված` ինչպես սեփականության իրավունքի պետական գրանցում ունեցող, այնպես էլ սեփականության իրավունքի գրանցում չունեցող անշարժ գույքի վարձակալները (որոնց հետ կնքված վարձակալության պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել, կամ այդ պայմանագրերը նոտարական վավերացում ստացել են, սակայն սահմանված ժամկետներում անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցում չեն ստացել) ամբողջությամբ վճարել են կամ մեկամսյա ժամկետում կվճարեն հաշվարկված վճարները: Ընդ որում, այս դեպքում վարձակալության պայմանագրերում պետք է նախատեսվի դրույթ, ըստ որի «Կողմերն ընդունում են, որ նախկինում օբյեկտի օգտագործման համար վարձակալի կողմից վճարված գումարները ենթակա չեն վերադարձման կամ հաշվանցման, և վարձակալը որևէ պահանջ չի կարող ունենալ նախկինում օբյեկտի օգտագործման համար վարձակալի կողմից վճարված գումարների նկատմամբ,

բ) եթե տվյալ գույքի վարձակալն առնվազն 5 տարի կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները` առանց խախտումների,

գ) եթե տվյալ տարածքն ամրացված է պետական ոչ առևտրային կազմակերպությանը, այդ կազմակերպությունը համաձայնություն է հայտնել տվյալ գույքը վարձակալության տրամադրել նախկին վարձակալին` մեկ տարվանից ավելի ժամկետով,

դ) եթե մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարության հրապարակումից հետո առաջին հայտը ներկայացվելու օրվանից 10-օրյա ժամկետում այլ հայտեր չեն ներկայացվել, և դիմողը միանվագ վճարում է առնվազն 3 ամսվա համար հաշվարկված նվազագույն վարձավճարը».

ե) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հանձնաժողովն աճուրդն անցկացնում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան».

զ) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված կարգի 9-11-րդ և 14-22-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 10
Երևան