Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 27
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.06.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հունիսի 2000 թվականի

թիվ 27

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

 Իրավաբանական անձանց մասնակցությամբ գործերով օրենսդրության կիրառման տարակարծիք մեկնաբանումը բացառելու նպատակով և ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը պարզաբանում է.

 1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50 հոդվածի համաձայն իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

 Դա նշանակում է, որ իրավաբանական անձի գույքն առանձնացված է իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) գույքից և սեփականության իրավունքով պատկանում է իրավաբանական անձին: Մասնավորապես, առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) իրենց գույքը ի սեփականություն հանձնելով իրավաբանական անձին, դրա փոխարեն ձեռք են բերում պարտավորական իրավունք (պահանջի իրավունք), այսինքն` մասնակցել իրավաբանական անձի կառավարմանը և շահույթի բաշխմանը, տեղեկատվություն ստանալ գործունեության մասին, իրավաբանական անձի լուծարման դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած գույքի մասը կամ դրա արժեքը և այլն:

 Իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող ամբողջ գույքով: Նրա հիմնադիրները (մասնակիցները) պատասխանատու չեն իրավաբանական անձի պարտավորությունների համար, բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի: Իրավաբանական անձը պատասխանատու չէ իր հիմնադիրների (մասնակիցների) պարտավորությունների համար:

 Գույքային շրջանառությունում իրավաբանական անձն իր անունից է ձեռք բերում և իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում հանդես գալիս որպես հայցվոր և պատասխանող:

 2. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի համաձայն «օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից իրավաբանական անձինք կարող են ստեղծվել բացառապես օրենսգրքի 5 գլխով  նախատեսված կազմակերպական իրավական ձևերով:

 Մինչև օրենսգրքի ուժի մեջ մտնելը ստեղծված ձեռնարկությունների այն կազմակերպական իրավական տեսակները, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5 գլխով, մինչև 2001թ. հունվարի 1-ը ենթակա են վերակազմակերպման և գրանցման: Նշված ժամկետում չվերակազմակերպվելու և չգրանցվելու դեպքում դրանք ենթակա են լուծարման»:

 3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով (30.04.96թ.) նախատեսված է իրավաբանական անձի այնպիսի կազմակերպական իրավական ձև, ինչպիսին է մինչ այժմ գործող «պետական փակ բաժնետիրական ընկերությունը»:

 Մինչև նշված կազմակերպական իրավական ձևը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5 գլխում նախատեսված կազմակերպական իրավական ձևերին համապատասխանեցնելը, պետական փակ բաժնետիրական ընկերությունների մասնակցությամբ գործեր քննելիս, պետք է նկատի ունենալ, որ իրավաբանական անձի հասկացությանը և էությանը վերաբերող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնները կիրառվում են նաև պետական փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ, այսինքն` այս դեպքում ևս ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքն առանձնացված է հիմնադրի` պետության գույքից, ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող ամբողջ գույքով: Ընկերությունը պատասխանատու չէ իր բաժնետիրոջ` պետության պարտավորությունների համար, իսկ պետությունը` ընկերության պարտավորությունների համար: Գույքային շրջանառությունում պետական փակ բաժնետիրական ընկերությունը հանդես է գալիս իր անունից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան