Գլխավոր տեղեկություն
Համար
N 92
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.15/7(216)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.02.2006
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 92

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հավանություն տալ ՀՀ դատական համակարգում հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի նախագծին (կցվում է):

2. Ծրագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

    ՀՀ դատարանների
նախագահների
        խորհրդի նախագահ՝
 

Հ. Մանուկյան


21 փետրվարի, 2006 թ.
ք. Երևան


  


Հավելված
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 2006 թ. փետրվարի 21-ի
թիվ 92 որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր /նախագիծ/

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ


 

I Ներածություն

 

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը դատական համակարգում պահանջում է շարունակել դատաիրավական բարեփոխումները և լուծել բացահայտված համակարգային թերությունները: Այսօր արդեն հայտարարված է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի սկիզբը: Այդ բարեփոխումների հիմնական նպատակը անկախ, արդյունավետ և արդար դատարանի ստեղծումն է, ինչը երկրում կոռուպցիայի նվազեցման հիմնական գրավականն է:

Միջոցառումների ստվար զանգվածը պահանջում է կոդիֆիկացված օրենսդրական միջամտություն: Այսպես, անհրաժեշտ է մշակել մեկ միասնական Դատական օրենսգիրք, որը կարող է փոխարինել այսօրվա գործող, սակայն արդիականությունը կորցրած «Դատարանակազմության մասին», «Դատավորի կարգավիճակի մասին», «Արդարադատության խորհրդի մասին» և մի շարք այլ օրենքների:

Դատական օրենսգիրքը, մասնավորապես, պետք է սահմանի՝

Դատական օրենսգրքի ընդունումը տրամաբանորեն կբերի նաև նոր դատավարության օրենսգրքերի ընդունման անհրաժեշտության: Դրանք են քաղաքացիական, քրեական, վարչական դատավարության օրենսգրքերը: Այդ օրենքների հիմնական առաքելությունն է լինելու մրցակցային դատավարության իրական երաշխիքների ապահովումը:

II Միջոցառումների վերծանություն


 

Նախատեսված միջոցառումները ստորև դասակարգված են ըստ ոլորտի և դատական համակարգի բարեփոխումների ընթացքի գնահատման միջազգայնորեն ընդունված ցուցանիշների:


 

Ա. Դատավորների նշանակում և ուսուցում

1. Դատավորների ընտրության և նշանակման գործընթացը պետք է լինի առավելագույնս թափանցիկ և հիմնված լինի օբյեկտիվ չափանիշների հիման վրա: Դատական համակարգը պետք է համալրվի միայն ստեղծվելիք Դատական դպրոցում ուսուցում անցած շրջանավարտներից: Դատական դպրոցի շրջանավարտներին պետք է երաշխավորվի աշխատանք դատավորի պաշտոնում: Այդ դպրոցում ուսանելու իրավունք կունենան այն իրավաբանները, ովքեր օրենքով սահմանված որակավորման ստուգման արդյունքների հիման վրա կընդգրկվեն Հանրապետության Նախագահի կողմից հաստատվող դատավորների թեկնածուների ցուցակում:

Դատավորների ընտրության և նշանակման գործընթացում պետք է բացառվի որևէ սուբյեկտիվ ներազդեցություն, այդ թվում գործադիր իշխանության մարմինների կողմից:

2. Դատական դպրոց. Դատական դպրոցի կազմակերպման կարգն ու իրավասությունները պետք է սահմանվեն օրենքով:

Դատական դպրոցը պետք է ունենա երկու հիմնական գործառույթ՝

3. Դատավորների թեկնածուների պատրաստում. Այս գործառույթը պետք է նպատակ հետապնդի դատավորի թեկնածուներին սովորեցնելու դատական գործունեության հմտություններին:

4. Շարունակական ուսուցում. Դատավորների բարձր մասնագիտական որակավորումը արդյունավետ արդարադատության նախապայմաններից է: Այսպիսի որակավորում կարելի է ապահովել շարունակական ուսուցման միջոցով: Ուստի Օրենքը պետք է սահմանի բոլոր դատավորների շարունակական ուսուցման պահանջ:


 

Բ. Դատարանների իրավասությունը և մասնագիտացումը

 

1. Վարչարարության իրականացման նկատմամբ վերահսկողություն. Դատարանը պետք է արդյունավետ վերահսկողություն իրականացնի պետական մարմինների կողմից իրականացվող վարչարարության նկատմամբ: Այն պետք է դրսևորվի պետական մարմինների օրենքին չհամապատասխանող որոշումների վերացմամբ կամ պետական մարմիններին օրենքով նախատեսված որոշակի գործողություններ իրականացնելուն պարտադրելով: Վերահսկողության օբյեկտ են հանդիսանալու պետական մարմինների անհատական, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև՝ նորմատիվ իրավական ակտերը: Սակայն դատարանը պետք է սահմանափակվի պետական մարմինների ակտերի ընդունման պատշաճ ընթացակարգի վերանայմամբ և ակտի՝ օրենքին համապատասխանությունը պարզելով:

2. Դատարանների և դատավորների մասնագիտացումը. Դատավորների մասնագիտացումը արդարադատության արդյունավետության բարձրացման ճանապարհներից մեկն է:

Սակայն մասնագիտացումը պետք է բխի օբյեկտիվ անհրաժեշտությունից և հիմնված չլինի գործերի արհեստական սահմանազատման վրա: Մասնավորապես, տնտեսական և քաղաքացիական գործերի սահմանազատման հիմքը արհեստական է, քանի որ առանձնահատկությունը տվյալ դեպքում բխում է ոչ թե իրավահարաբերության առանձնահատկությունից, այլ սուբյեկտային կազմից:

Դատավորների մասնագիտացումը մասնագիտացված դատարաններում ողջամիտ է իրականացնել միայն վարչական և սնանկության գործերի համար: Սա բացառություն է: Սրա անհրաժեշտությունը բխում է անցումային ժամանակաշրջանին բնորոշ առանձնահատկություններից, մասնավորապես վարչարարության անկատարության արդյունքում դատական վերահսկողության ընթացքում հնարավոր դժվարություններից, իսկ սնանկության գործերի մասով նման առանձնահատկությունը բխում է հենց սնանկության գործերի շարունակական և բազմատարր բնույթից:

Ընդհանուր իրավասության դատարաններում պետք է իրականացնել մասնագիտացում քրեական և քաղաքացիական գործերով, ինչը ևս պայմանավորված է դատավարության և գործերի քննության առանձնահատկություններով:

3. Առաջին ատյանի դատարանի դերի և նշանակության բարձրացում. Արդարադատության իրականացման հիմնական բեռը կրում են առաջին ատյանի դատարանները: Սակայն այսօր առաջին ատյանում արդարադատությունն անարդյունավետ է: Որպեսզի բարձրացվի առաջին ատյանի դատարանի դերը և այս մակարդակում իրականացվի արդյունավետ արդարադատություն, անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ մի քանի ուղղություններով, մասնավորապես՝

4. Դատարանների բեռնաթափում. Դատավորը որպես բարձր վարձատրվող պաշտոնյա պետք է քննի նշանակալի գործեր: Անկարևոր տասնյակ, հարյուրավոր գործերով դատավորին զբաղեցնելը անթույլատրելի շռայլություն է պետության համար: Ցավոք, այսօր առկա է նման իրավիճակ: Բայց միաժամանակ, այս մոտեցումը պետք է հավասարակշռվի դատական պաշտպանության իրավունքն ապահովելու անհրաժեշտությամբ: Նման հավասարակշռված մոտեցում կարելի է ձևավորել, իրականացնելով հետևյալ միջոցառումները՝

5. Վերաքննության համակարգի վերափոխում. Անհրաժեշտ է հրաժարվել կրկին անգամ ըստ էության քննության ինստիտուտից, ինչը էականորեն նվազեցնում է արդարադատության արդյունավետությունը: Վերաքննությունը պետք է իրականացվի բողոքի շրջանակներում և առաջին ատյանի դատարանում քննարկված հարցերի վերաբերյալ: Ավելին, վերաքննությունը պետք է հիմնականում անդրադառնա միայն իրավունքի հարցերին և իրականացվի այն փաստերի շրջանակում, որոնք քննարկվել են առաջին ատյանի դատարանում:

Փաստական հանգամանքների վերագնահատում վերաքննիչ վարույթում կարող է իրականացվել բացառիկ դեպքում, երբ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել «ակնհայտ» սխալ: Վերաքննության շրջանակներում լրացուցիչ ապացույցների ընդունումը պետք է բացառվի:

6. Վճռաբեկության դերի վերանայում. Սահմանադրության փոփոխությունները և արդարադատության արդյունավետությունն ապահովելու հրամայականը թելադրում են նաև վճռաբեկության կարգի վերանայում: Օրենքը պետք է սահմանի վճռաբեկ բողոքների «թույլատրելիության» համակարգ, որի պայմաններում վճռաբեկության կարգով քննվելու են միայն նախադեպային կարևորություն ունեցող գործեր և գործեր, որոնցով կայացված դատական ակտերը չեն համապատասխանում վճռաբեկ դատարանի ձևավորած դատական պրակտիկային, ինչպես նաև գործեր, որոնցով թույլ տրված իրավունքի խախտումները կողմի համար կարող են առաջացնել ծայրահեղ անբարենպաստ հետևանքներ:

Վճռաբեկ դատարանի գործունեությունը պետք է ուղղված լինի օրենքի միասնական կիրառությունն ապահովելուն:

7. Ազդեցիկ դատական սանկցիաների սահմանում. Դատական սանկցիաների խստացումն ու կիրառումը կմեծացնի գործն արագ ու արդյունավետ քննելու դատարանի կարողությունը: Սա հնարավորություն կտա կանխել դատավարական իրավունքների չարաշահումը և կվերացնի դատական քննության անհարկի ձգձգումների հնարավորությունը՝ ստիպելով դատարանին ապահովել վեճերի արագ լուծում:

 

Գ. Դատարանների ֆինանսավորում

 

1. Ֆինանսավորման չափանիշը. Դատական համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության հիմնական պահանջներից է դատարանների պատշաճ ֆինանսավորումը: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված /40/146 13 դեկտեմբերի 1985 թվական/ դատական իշխանության անկախության հիմնական սկզբունքների համաձայն, յուրաքանչյուր պետություն պարտավոր է հատկացնել բավարար միջոցներ, որպեսզի դատական իշխանությունը կարողանա պատշաճ ձևով իրականացնել իր լիազորությունները: Նմանատիպ դրույթ անհրաժեշտ է ամրագրել բյուջետային օրենսդրության մեջ:

Դատական իշխանության կողմից իր լիազորությունների պատշաճ իրականացումը ենթադրում է դատարանների ֆինանսավորման տարբեր մակարդակներ, մասնավորապես.

2. Դատավորների ֆինանսավորման անձնական մակարդակը, պետության կողմից տրվող ֆինանսական հատուցումն է դատավորին իր պարտականությունների կատարման համար: Դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, ինչպես արդեն իսկ նշվել է, կհանգեցնի պետական համակարգի այլ բնագավառներում կոռուպցիայի դրսևորումների և դրանց հետևանքների կանխմանը: Դատարանը կոռուպցիոն դրսևորումների հետևանքով խարխլվող արդարության և խախտված իրավունքների վերականգնման «վերջին» ատյանն է: Այս հանգամանքը պահանջում է նաև հատուկ վերաբերմունք ցուցաբերել դատավորների վարձատրության հարցում: Դատավորի վարձատրությունը պետք է բավարար լինի երաշխավորելու այն լայն իրավասության անկախ, արդար և արդյունավետ իրականացումը, որով օժտված է դատավորը: Դատավորին պետք է տրվի աշխատավարձ, որը համարժեք է կոռումպացված հասարակությանը նետվող մարտահրավերին: Վարձատրության մակարդակը պետք է արդարացնի նաև օրենքով և վարքագծի կանոններով նախատեսված այնպիսի սահմանափակումներին ենթարկվելը, որոնք էականորեն ավելի խիստ են, քան պետական որևէ այլ պաշտոնյայի համար սահմանված վարքագծի կանոնները:

Դատավորների ֆինանսավորման անձնական մակարդակը, բացի աշխատանքի վարձատրությունից, պետք է ներառի նաև լրացուցիչ այլ նյութական երաշխիքներ, ինչպիսիք են կենսաթոշակային ապահովվածությունն ու դատավորի կյանքի և առողջության ապահովագրությունը:

3. Դատական համակարգի ֆինանսավորումը հաջորդ կարևոր պայմանն է՝ որպես արդյունավետ արդարադատության ապահովման երաշխիք: Բյուջետային գործընթացը պետք է կազմակերպվի այն հաշվով, որպեսզի հատկացված միջոցները ապահովեն դատարաններին օրենքով վերապահված լիազորությունների լրիվ, պատշաճ և անընդհատ իրականացումը:

Բյուջետային գործընթացը պետք է գործնական հնարավորություն ընձեռի դատական համակարգին ներազդելու կառավարության և Ազգային ժողովի կողմից դատարանների ֆինանսավորման ծավալների որոշման վրա: Այս նպատակին կծառայի դատավորների խորհրդի ձևավորումն ու վերջինիս կողմից բյուջետային պրոցեսում ակտիվ դերի ստանձնումը:

Դատավորների խորհուրդը պետք է դառնա դատական համակարգի բյուջետային գործընթացի պատասխանատուն, և վերահսկողություն իրականացնի բյուջեի կատարման նկատմամբ:

Ավելին, դատավորների խորհուրդը պետք է որոշակի բյուջետային ճկունություն ունենա իրենց հատկացված բյուջետային միջոցների սահմաններում որոշելու ծախսային առաջնահերթությունները:

 

Դ. Կառուցվածքային երաշխիքներ

 

1. Դատավորների պաշտոնեական առաջխաղացման օբյեկտիվ չափանիշները կնպաստեն դատավորների ավելի որակյալ կորպուսի ձևավորմանը և կխթանեն դատավորներին մշտապես զբաղվել իրենց մասնագիտական ունակությունների կատարելագործման հարցերով: Դատավորի տեղաշարժը ատյանից ատյան պետք է կատարվի միայն նրա մասնագիտական և գործնական կարողությունների հաշվառմամբ, բացառելով որևէ սուբյեկտիվ ներազդեցություն այս գործընթացում:

2. Կարգապահական պատասխանատվություն և անձեռնմխելիություն պաշտոնեական պարտականությունների կատարման համար. Դատավորների կարգապահական պատասխանատվությունը պետք է լայնորեն կիրառվի՝ ապահովելով դատավորի պահվածքի պատշաճությունը, ինչը դատարանի նկատմամբ վստահության վերականգնման խիստ կարևոր նախապայման է:

Դատավորի կարգապահական պատախանատվության գործընթացում էական դերկատարությունը պետք է վերապահվի արդարադատության խորհրդին: Արդարադատության խորհրդի գործունեության արդյունքում են սահմանվելու կարգապահական պատասխանատվության և դատավորի վարքագծի չափանիշները:

3. Գործերի բաշխումը դատարանում (դատարանի կազմի ձևավորում). Անհրաժեշտ է սահմանել գործերի բաշխման «պատահական ընտրության» սկզբունք: Միաժամանակ, այդ պատահական ընտրության սկզբունքը պետք է համատեղվի դատավորների ողջամիտ ծանրաբեռնվածության և մասնագիտացման սկզբունքների հետ:

4. Դատարաններ ինքնակառավարում. Դատարանների ինքնակառավարման նպատակը պետք է կայանա դատավորների կողմից դատական համակարգին առնչվող հարցերը թափանցիկ կերպով քննարկելու և որոշելու ունակության մեջ: Ինքնակառավարման ոլորտները բազմազան են, սակայն կարևորագույն ոլորտներն են կարգապահական վերահսկողությունը, ֆինանսավորման և բյուջետային խնդիրները, ուսուցման և վերապատրաստման հարցերը:

Դատավորների ընդհանուր ժողովը  սահմանադրական մարմին է, որը արդարադատության խորհրդի անդամներ ընտրելու սահմանադրական լիազորությունից բացի կիրականացնի դատական ինքնակառավարման բարձրագույն օղակին բնորոշ մի շարք լիազորություններ:

Դատական խորհուրդը պետք է ձևավորվի դատավորների միության ընդհանուր ժողովում և դառնա դատական ինքնակառավարման մշտական գործող մարմինը: Այս մարմինը կունենա ֆունկցիոնալ հանձնաժողովներ, որոնք կկրեն խորհրդի լիազորությունների ծավալի հիմնական բեռը:

 

Ե. Թափանցիկ և հաշվետու դատարան

 

Ստորև շարադրված մոտեցումներն ու միջոցառումները պետք է ապահովեն, որպեսզի դատական ակտերը հիմնվեն բացառապես փաստերի և օրենքի վրա՝ բացառելով արդարադատությանը չարտոնված միջամտությունները:

1. Ապացույցների ընդունելիության և վերաբերելիության կանոնների սահմանումը կաշկանդում է դատական կամայականությունը: Ապացուցման կանոնները կողմերի և դատարանի համար հստակ ուղեցույց են սահմանում փաստական որևէ հանգամանքի ապացուցված համարելու կամ չհամարելու համար, դրանով իսկ իմաստավորելով և ճիշտ ուղղորդելով դատաքննությունը:

2. Նիստերի արձանագրումը ձայնագրության միջոցով թույլ է տալիս առավելագույնս վերահսկել դատավորի կողմից անկողմնակալությունն ու դատավարության սկզբունքների պահպանումը, ինչպես նաև վարքագծի կանոնների պահպանումը: Մյուս կողմից այն առավելագույնս երաշխավորում է դատավարության մասնակիցների իրավունքների և շահերի պաշտպանությունը՝ բառացի վերարտադրելով դատաքննության ընթացքը: Անհրաժեշտ է բոլոր դատարաններում տեղադրել դատական նիստերի ձայնագրման ժամանակակից համակարգեր:

3. Դատավորի «ընդդիմազերծ» (միակողմանի) հաղորդակցության (Ex-parte communication) արգելումը թույլ կտա նվազեցնել կողմերից մեկի անթույլատրելի ազդեցությունը գործի ելքի վրա:

4. Դատական նախադեպի ինստիտուտը, այլ կերպ ասած՝ վերադաս դատարանի դատական ակտի իմպերատիվ կամ որոշիչ ուժի ամրագրումը օրենքով կապահովի արդարադատության /արդյունքում՝ դատական ակտերի/ կանխատեսելիությունը և կնվազեցնի դատական կամայականության հնարավորությունը: Արդյունքում, կբարձրանա հասարակության վստահությունը դատարանի նկատմամբ որպես արդարադատությունը երաշխավորող համակարգի, իսկ մյուս կողմից կխթանի վեճերի լուծման արտադատական եղանակները: Այս ինստիտուտը թույլ է տալիս նաև լրացնել օրենսդրական կարգավորման բացերն ու բարձրացնել նման կարգավորման ճկունությունը՝ արձագանքելով իրավիճակի փոփոխություններին:

5. Դատավորի հատուկ կարծիքը. Հատուկ կարծիքի դերը պետք է բարձրացվի այն հաշվով, որ այն դառնա արդարադատության կայացմանը նպաստող գործիք: Այն ըստ էության պետք է դառնա դատական ակտի անբաժանելի մաս: Այն պետք է լինի հրապարակային:

Այս ինստիտուտը կունենա նաև դատարանի որոշումների հիմնավորվածության նկատմամբ հասարակական վերահսկողության տարր: Կարծիքների հրապարակային մրցակցություն ստեղծելով այն թույլ է տալիս մատնանշել և հասարակական քննարկման առարկա դարձնել դատարանի կարծիքը՝ առավելագույնս բացառելով թերի հիմնավորված կամ չհիմնավորված դատական ակտերի կայացումը:

6. Դատարանի գործունեությանը միջամտելու փորձերի բացահայտումը. Անհրաժեշտ է սահմանել գործի քննությանը միջամտելու ցանկացած փորձի բացահայտման պարտականություն դատավորի, դատախազի և փաստաբանի համար: Նման պարտականության չկատարումը պետք է բերի խստագույն պատասխանատվության հատկապես դատավորի համար, ընդհուպ մինչև վերջինիս լիազորությունների դադարեցում:

Պետք է խստացնել պատասխանատվությունը դատավորի գործունեությանը ապօրինի միջամտելու համար: Նման պատասխանատվությունը հատկապես պետք է խիստ լինի պետական պաշտոնյաների համար, այդ թվում նաև՝ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Վերջիններս, բոլոր դեպքերում, անկախ քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվելու հանգամանքից, պետք է ենթարկվեն կարգապահական պատասխանատվության, ընդհուպ մինչև պաշտոնանկություն:

Նախատեսվում է խստացնել նաև դատավորների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների համար:

7. Արդարադատության հրապարակայնությունը. Օրենքը պետք է երաշխիքներ սահմանի ապահովելու համար արդարադատության իրականացման առավելագույն հրապարակայնությունը:

Այդ երաշխիքների թվում կարևորագույնը դատական ակտերի պարտադիր հրապարակումն է: Դատական բոլոր ակտերը պետք է հրապարակվեն ինտերնետային տեղեկատվական համակարգերի միջոցով: Վճռաբեկ դատարանի և վերաքննիչ դատարանի նախադեպային որոշումները պետք է հրապարակվեն միասնական պաշտոնական հրատարակման միջոցով:

Յուրաքանչյուր անձ օրենքով սահմանված կարգով պետք է իրավունք ունենա պահանջելու և ծանոթանալու որևէ գործով դատարանին ներկայացված որևէ փաստաթղթին կամ ապացույցին: Յուրաքանչյուր անձի պահանջով նրան պետք է տրամադրվի ավարտված ցանկացած գործի ամբողջական պատճենը՝ գանձելով պատճենահանման ծախսերը: Արխիվացումը պետք է հնարավորություն ստեղծի ցանկացած գործ արագ գտնել և պատճենահանել:

Հրապարակայնության որևէ սահմանափակում կարող է բխել միայն դռնփակ դատաքննության էությունից:

8. Վարքագծի կաննոների սահմանում, ուսուցում և պահպանում. Դատավորի վարքագծի կանոններն արդեն իսկ սահմանված են Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ: Սակայն այսօր դրանց կիրառումը սահմանափակ է: Անհրաժեշտ է ապահովել դատավորի վարքագծի կանոնների կիրարկման արդյունավետությունը: Այդ նպատակով պետք է կազմակերպել դատավորների ուսուցումը նշված կանոնների վերաբերյալ և նրանց պարբերաբար տեղեկացնել այդ կանոնների կիրառման պրակտիկայի մասին:

9. Բողոքների հաշվառումը. Դատավորի վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ արդյունավետ վերահսկողությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել դատավորի վերաբերյալ ներկայացվող բողոքների հաշվառման համակարգ, որը թույլ կտա արձանագրել բողոքը և պարզել դրա հիմնավորվածությունը:

 

Զ. Վարչարարություն

 

1. Դատական դեպարտամենտ. Դատական համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ստեղծել միասնական վարչարարության համակարգ: Այդ վարչարարության համակարգը մարմնավորելու է դատական դեպարտամենտը:

Դատական դեպարտամենտի հիմնական գործառույթներն են, մասնավորապես՝

Դատական դեպարտամենտն իրենից ներկայացնելու է դատական ծառայության համակարգ, որը պետական ծառայության մասն է: Այս ծառայությանը բնորոշ են լինելու քաղաքացիական ծառայության համար սահմանված բոլոր երաշխիքները, այդ թվում՝ ծառայողի անփոփոխելիությունը:

2. Դատական ոստիկանություն. Դատական նիստերի ընթացքում կարգի պահպանությունն ու դատարանների շենքերի պահպանությունն իրականացնելու նպատակով նախատեսվում է օրենքով ստեղծել դատական ոստիկանություն, որպես դատական դեպարտամենտի կազմում գործող ինքնուրույն ծառայություն: Այս ծառայությունը պետք է ապահովի նաև վարույթի ընթացքում դատավորի կողմից կիրառվող դատական սանկցիաների իրականացումը կամ դրանց ապահովումը:

3. Դատական գործերի պահպանում. Կարևոր խնդիր է դատական գործերի մշակման և պահպանման համակարգի ներդրումը: Անհրաժեշտ է ստեղծել արխիվացված գործերի էլեկտրոնային փնտրողական համակարգ: Ավելին, նպատակահարմար է ստեղծել դատական գործերի թվային պատճենների բազա, որը կհեշտացնի գործի առանձին փաստաթղթերի վերհանումն ու օգտագործումը:

 

Է. Վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ

 

Վեճերի լուծման ալտերնատիվ եղանակների կիրառության ընդլայնումը թույլ կտա էականորեն նվազեցնել ինչպես դատարանների ծանրաբեռնվածությունն ու բարձրացնել վեճերի լուծման արդյունավետությունը, այդպես էլ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերն ընդհանրապես:

Վեճերի լուծման ալտերնատիվ եղանակների կիրառության ընդլայնման նպատակով անհրաժեշտ է ընդունել «Արբիտրաժի մասին» օրենք, որը կհամապատասխանի միջազգայնորեն ընդունված չափանիշներին, մասնավորապես UNCITRAL-ի մոդելային օրենքում ամրագրված նորմերին:

Օրենքը պետք է ապահովի արբիտրաժային որոշումների արագ գործադրման երաշխիքներ, մասնավորապես բացառելով վեճի «ըստ էության կրկնակի քննությունը» պետական դատարանում:

Արբիտրների պատասխանատվությունը կաշառք ստանալու կամ կոռուպցիոն բնույթի այլ հանցատեսակների համար պետք է համադրելի լինի դատավորի համար սահմանվող պատասխանատվությանը:

 


 

III Միջոցառումների ժամանակացույց

 

  Միջոցառում  Կատարող Ժամկետ
1 Դատական օրենսգրքի նախագծի ներկայացում ԱԺ Կառավարություն 2006 հունիս
2 Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի ներկայացում ԱԺ  Կառավարություն 2006 նոյեմբեր
3 Վարչական դատավարության օրենսգրքի նախագծի ներկայացում ԱԺ  Կառավարություն 2006 նոյեմբեր
4 Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ներկայացում ԱԺ  Կառավարություն 2007 սեպտեմբեր
5 Դատական դպրոցի հիմնադրում  Դատավորների խորհուրդ  2007 հունվար
6 Օրենքից բխող կառուցվածքային փոփոխություններ դատական համակարգում Արդարադատության նախարար Արդարադատության խորհուրդ,
Դատավորների խորհուրդ,
Դատական դեպարտամենտ
2007 հունվար
7 Դատավորների մասնագիտացում ընդհանուր իրավասության դատարաններում  Դատարանների նախագահների խորհուրդ  2007 մայիս
8 «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխություններ  Արդարադատության նախարարություն
2006 օգոստոս
9 «Դատավորների աշխատավարձի մասին» օրենքի նախագծի ներկայացում ԱԺ  Կառավարություն  2006 նոյեմբեր (բյուջետային փաթեթի հետ մեկտեղ)
10 Դատարանների ֆինանսավորման բարելավում ըստ միջնաժամկետ ծրագրի ներկայացրած առաջարկի  Կառավարություն  2007-2009
11 Դատական դեպարտամենտի ստեղծում  Դատավորների խորհուրդ  2006 նոյեմբեր
12 Դատական ոստիկանության ստեղծում  Դատավորների խորհուրդ  2007 հունվար
13 Դատավորների խորհրդի ընտրություն դատավորների ընդհանուր ժողովում  Դատավորների ժողով  2006 հոկտեմբեր
14 Նիստերի ձայնագրման համակարգի ներդրում բոլոր դատարաններում  Դատական դեպարտամենտ  2007 թ. ընթացքում
15 Վճռաբեկ դատարանի դատական ակտերի և վերաքննիչ դատարանների նախադեպային ակտերի պաշտոնական հրապարակման սկիզբ Արդարադատության նախարարություն  2007 հունվար
16 Դատական իշխանության ինտերնետային հիմնական (միասնական) էջի գործարկում  Դատական դեպարտամենտ  2006 հոկտեմբեր
17 Դատավորների վերաբերյալ ներկայացվող բողոքների հաշվառման և վերահսկողության համակարգի ներդրում  Դատավորների խորհուրդ  2007 հունվար
18 Դատավորների պատասխանատվություն սահմա-նող / խստացնող օրենսդրական փոփոխությունների փաթեթի ներկայացում  ԱԺ   Կառավարություն 2006 նոյեմբեր
19 «Արբիտրաժի մասին» օրենքի նախագծի ներկայացում ԱԺ  Կառավարություն 2006 հոկտեմբեր