Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.04.03/10(219) Հոդ.103
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.02.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006072


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

14 փետրվարի 2006 թ.

 N 68-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 392/01 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգավորման նպատակը և նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետը.

Հաշվի առնելով, որ ֆոնդային բորսայում գրանցված արժեթղթերի գները պահպանելու, սահմանելու կամ կայունացնելու նպատակով տվյալ ֆոնդային բորսայում մեկ կամ ավելի անձանցով մի շարք գործարքներ կատարելու նկատմամբ պահանջների սահմանմամբ հնարավոր կլինի առավելագույնս ապահովել ֆոնդային բորսայում գրանցված արժեթղթերի իրացվելիությունը.

Համարելով, որ ֆոնդային բորսայում գրանցված արժեթղթերի գները պահպանելու, սահմանելու կամ կայունացնելու նպատակով տվյալ ֆոնդային բորսայում մեկ կամ ավելի անձանցով մի շարք գործարքներ կատարելու նկատմամբ պահանջների սահմանման միջոցով ֆոնդային բորսայում գրանցված արժեթղթերի իրացվելիության բարձրացումը կուղեկցվի առանց արժեթղթերի շուկայում գնային չարաշահման երևույթի` հրապարակայնորեն վաճառվող արժեթղթի վաճառքի ակտիվության կամ տվյալ արժեթղթերի շուկայի մասին կեղծ, թվացյալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծման, ինչն ուղղակիորեն բխում է արժեթղթերի շուկայի կարգավորման և ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է. 

1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի  հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 28-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ը հաստատելու, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» «(47.4) Ֆոնդային բորսայից դուրս կատարված գործարքների հայտարարագրում» վերնագրի ներքո միավորված 47.4-1 կանոնից հետո լրացնել նոր կետով` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ
 

Տ. Սարգսյան


2006 թ. փետրվարի 22
Երևան 

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի փետրվարի 14-ի
թիվ 68-Ն որոշման

(48.2) Ֆոնդային բորսայում մեկ կամ ավելի անձանցով արժեթուղթ գնելու և/կամ վաճառելու մի շարք գործարքներ կատարելը

 

Առարկան

 

Ֆոնդային բորսայում գրանցված արժեթղթերի գինը պահպանելու, սահմանելու կամ կայունացնելու նպատակով տվյալ ֆոնդային բորսայում մեկ կամ ավելի անձանցով արժեթուղթ գնելու և/կամ վաճառելու մի շարք գործարքներ կատարելու նկատմամբ ներկայացվող պահանջները` սահմանված սույն վերնագրի կանոններով:  

 

Աղբյուրը

 

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ և դրան համապատասխան:

 

Կանոն 48.2-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝

(1) «Առևտրային նստաշրջան». աշխատանքային օրվա ժամանակահատված, որի ընթացքում ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով կազմակերպվում է արժեթղթերի հրապարակային առևտուր.

(2) «Առևտրային համակարգ». էլեկտրոնային եղանակով ֆոնդային բորսայի կողմից հրապարակային առևտրի կազմակերպման, անցկացման և դրա հետ կապված տեղեկատվության մշակման և պահպանման համար ֆոնդային բորսայում օգտագործվող տեխնիկական, ծրագրային և այլ միջոցների համախումբ.

(3) «Շուկա ստեղծող». ֆոնդային բորսայի անդամ, որը ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայում գրանցված որևէ դասի արժեթղթերի գինը պահպանելու, սահմանելու կամ կայունացնելու նպատակով իր անունից և իր հաշվին կնքում է տվյալ դասի արժեթղթերով գործարքներ.

(4) «Հայտ». առևտրային նստաշրջանի ընթացքում առևտրային համակարգում ներկայացված` արժեթղթերի գնման կամ վաճառքի առաջարկ, որտեղ նշված են այդ առաջարկի բավարարման  համար անհրաժեշտ բոլոր պայմանները.

(5) «Գնանշում». արժեթղթերով գործարքներ կնքելու նպատակով առևտրային համակարգում արժեթղթի գնման և/կամ վաճառքի գնի հայտարարումը.

(6) «Երկկողմանի գնանշում». առևտրային համակարգում Շուկա ստեղծողի կողմից տվյալ դասի արժեթղթերի առնվազն մեկ գնման և մեկ վաճառքի գնի միաժամանակյա հայտարարումը.

(7) «Գնանշման ծավալ». հայտում նշված գնման կամ վաճառքի ենթակա արժեթղթի քանակ.

(8) «Սպրեդ». Շուկա ստեղծողի կողմից առևտրային համակարգում ներկայացված համապատասխան դասի արժեթղթերի գնման հայտերում նշված ամենաբարձր և վաճառքի հայտերում նշված ամենացածր գների տարբերությունը.

(9) «Լրիվ նախնական դեպոնացմամբ առևտուր». ֆոնդային բորսայի կողմից արժեթղթերով կազմակերպվող հրապարակային առևտրի ձև, որի ընթացքում ֆոնդային բորսայի անդամը գործարքներ կարող է կնքել նախապես դեպոնացված արժեթղթերի և դրամական միջոցների սահմաններում:

 

Կանոն 48.2-2. Ֆոնդային բորսային ներկայացվող պահանջներ

 

(ա) Ֆոնդային բորսայում գրանցված որևէ դասի արժեթղթերի գները պահպանելու, սահմանելու կամ կայունացնելու նպատակով ֆոնդային բորսան, սույն վերնագրի կանոններին համապատասխան, պետք է սահմանի Շուկա ստեղծողի գործունեությունը կանոնակարգող կանոն (այսուհետ նաև` Շուկա ստեղծողի կանոն):

(բ) Շուկա ստեղծողի կանոնը պետք է սահմանի.

(1) Շուկա ստեղծողի կարգավիճակի շնորհման, դրա կասեցման և դադարեցման կարգը, այդ թվում` Շուկա ստեղծողի կարգավիճակի շնորհման մերժման, կասեցման և դադարեցման հիմքերը.

(2) Շուկա ստեղծողին ներկայացվող պահանջները, այդ թվում` Շուկա ստեղծողի զուտ կապիտալի նվազագույն չափը և դրա հաշվարկման կարգը.

(3) Շուկա ստեղծողի գործունեությանը ներկայացվող պահանջները, այդ թվում` սպրեդի չափը և հաշվարկման կարգը, ինչպես նաև նվազագույն գնանշման ծավալը.

(4) Շուկա ստեղծողի գործունեության սահմանափակումները և արտոնությունները.

(5) Շուկա ստեղծողի և նրա գործունեության նկատմամբ սահմանված պահանջների պահպանման վերահսկման կարգը.

(6) Շուկա ստեղծողի պատասխանատվությունը` Շուկա ստեղծողի և նրա գործունեության նկատմամբ սահմանված պահանջների խախտման համար.

(7) սույն վերնագրի կանոններով սահմանված այլ ընթացակարգեր և պահանջներ:

(գ) Ֆոնդային բորսայի անդամին Շուկա ստեղծողի կարգավիճակի շնորհումը պետք է իրականացվի առանձին` ըստ արժեթղթերի յուրաքանչյուր դասի:

 

Կանոն 48.2-3. Շուկա ստեղծողին ներկայացվող պահանջները

 

(ա) Ֆոնդային բորսայում Շուկա ստեղծողի կարգավիճակ կարող է շնորհվել միայն տվյալ ֆոնդային բորսայի անդամին:

(բ) Շուկա ստեղծողի կարգավիճակի շնորհման և Շուկա ստեղծողի գործունեության ընթացքում ֆոնդային բորսայի անդամը պետք է բավարարի Շուկա ստեղծողի կանոնով սահմանված կարգով հաշվարկված զուտ կապիտալի նվազագույն չափին և Շուկա ստեղծողի կանոնով սահմանված այլ պահանջներին:

(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված` զուտ կապիտալի նվազագույն չափի պահանջը չի տարածվում ֆոնդային բորսայում լրիվ նախնական դեպոնացմամբ առևտրի ընթացքում Շուկա ստեղծողի կարգավիճակի և նրա գործունեության վրա:

 

Կանոն 48.2-4. Շուկա ստեղծողի գործունեության պահանջները

 

(ա) Շուկա ստեղծողը պարտավոր է.

(1) անընդհատ ապահովել երկկողմանի գնանշում.

(2) երկկողմանի գնանշման ընթացքում գնման և/կամ վաճառքի հայտի բավարարման դեպքում Շուկա ստեղծողի կանոնով սահմանված ժամկետում, բայց ոչ ավելի, քան երեք րոպեում, ապահովել նոր երկկողմանի գնանշում.

(3) երկկողմանի գնանշման ընթացքում ապահովել Շուկա ստեղծողի կանոնով սահմանված նվազագույն գնանշման ծավալ` մասնակի բավարարման պայմանով.

(4) երկկողմանի գնանշումը կատարել Շուկա ստեղծողի կանոնով սահմանված սպրեդի սահմաններում:      

(բ) Շուկա ստեղծողն իրավունք ունի.

(1) փոփոխել երկկողմանի գնանշումը Շուկա ստեղծողի կանոնով սահմանված սպրեդի սահմաններում.

(2) հրաժարվել երկկողմանի գնանշման պարտավորության կատարումից, եթե իր անունից և իր հաշվին կնքված գործարքների ընդհանուր ծավալը գերազանցում է Շուկա ստեղծողի կանոնով սահմանված նվազագույն չափից կամ առկա է Շուկա ստեղծողի կանոններով սահմանված այլ հիմք:

 

Կանոն 48.2-5. Շուկա ստեղծողի գործունեության սահմանափակումները

 

(ա) Շուկա ստեղծողին արգելվում է արժեթղթի գնման լավագույն գնի իջեցման կամ վաճառքի լավագույն գնի բարձրացման նպատակով փոփոխել երկկողմանի գնանշումը.

(բ) Շուկա ստեղծողին արգելվում է առևտրային համակարգում կնքել գործարք, որի արդյունքում գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում տեղի չի ունենում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան