Գլխավոր տեղեկություն
Համար
N 2305-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.02.2006-26.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.01/6(461) Հոդ.148
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.02.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2305-Ն

ԿԱԹԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի  30-ի N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 130-րդ կետի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 13
Երևան



Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2305-Ն որոշման



Կ Ա Ր Գ

ԿԱԹԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Սույն կարգով սահմանվում են կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննություն դրույթները` կաթի մթերման, պահպանման, վերամշակման, իրացման (այսուհետ` իրացում) գործընթացներում:

2. Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարում են անասնաբուժական ծառայություն իրականացնող լիցենզավորված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:

3. Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կաթն իրացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

4. Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման գործընթացը գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, հանրային սննդի և առևտրի օբյեկտներում, կաթ վերամշակող կազմակերպություններում ապահովում են կաթ իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

5. Իրացման համար նախատեսված կաթն անասնաբուժասանիտարական փորձաքննության է ներկայացվում անասնաբուժական ծառայության կողմից տրված ուղեկցող անասնաբուժական համապատասխան փաստաթղթով:

II. ԿԱԹԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԿԱԹ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

6. Անասնաբուժասանիտարական փորձաքննության է ենթակա բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիների կաթը:

7. Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ներառում է սենսոր և լաբորատոր արագացված մեթոդներով հետազոտությունները:

8. Կաթի` հիվանդ կենդանիներից ստացման կասկածի դեպքում՝ հիմք ընդունելով մանրէական ախտոտվածության ցուցանիշները, կատարվում են լաբորատոր լրացուցիչ հետազոտություններ:

9. Իրացման համար ներկայացված կաթը հետազոտվում է` համաձայն սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի դրույթների:

10. Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար կաթի նմուշները վերցվում են ապրանքախմբի յուրաքանչյուր տարայից` 50-150 միլիլիտր չափով: Նմուշը վերցնելուց առաջ անհրաժեշտ է կաթը լավ խառնել:

11. Նույն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից մշտապես իրացվող կաթն ամիսը 3 անգամ ենթարկվում է հսկիչ-լաբորատոր հետազոտության: Հսկիչ-լաբորատոր հետազոտության համար նմուշներ են վերցվում ապրանքախմբի տարաների առնվազն 1/3-ից:

12. Նմուշները հետազոտվում են վերցնելուց հետո 30-40 րոպեից ոչ ուշ: Մինչև հետազոտության արդյունքների ստացումը` իրացման համար նախատեսված կաթը պահվում է առանձնացված:

13. Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա տրվում է եզրակացություն կաթի անսնաբուժասանիտարական տեսակետից պիտանելիության մասին, որը կազմվում է 2 օրինակից և մեկ օրինակը տրվում է իրացնողին: Եզրակացության օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը:

Դրական եզրակացության արդյունքում անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի ճանաչված կաթի իրացման համար տրվում է անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանելիությունը հաստատող պիտակ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը:

Անասնաբուժասանիտարական փորձաքննության բացասական արդյունքներով անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի (թույլատրվում է օգտագործել սննդում վերամշակումից` եռացումից, պաստերիզացումից հետո) կամ ոչ պիտանի (ենթակա են օգտահանման կամ ոչնչացման) ճանաչելու դեպքում եզրակացության մեջ նշվում են նաև վերամշակման, օգտահանման կամ ոչնչացման եղանակները: Օգտահանման անհնարինության դեպքում խոտանված կաթը ոչնչացվում է:

Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ կենդանիների կերակրման համար պիտանի ճանաչված կաթն ապաբնականացվում է սննդային ներկով կամ սուրճով և վերադարձվում տիրոջը:

14. Սիբիրախտով, խշխշան պալարով, կատաղությամբ, ժանտախտով, տուբերկուլոզով, բրուցելոզով, պարատուբերկուլոզով, ծաղկով, չարորակ հարբխային տենդով, լեպտոսպիրոզով, սալմոնելոզով, դաբաղով, Քյու-տենդով, կրծի նեկրոբակտերիոզով և ակտինոմիկոզով, կրծի, մարսողական և վերարտադրողական օրգանների բորբոքումներով, լեյկոզով հիվանդ, կանխարգելիչ պատվաստումների և մշակումների ենթարկված կենդանիներից սահմանված ժամկետներից շուտ ստացված կաթն անասնաբուժասանիտարական տեսակետից ոչ պիտանի է, ենթակա է ոչնչացման:

15. Բավարար կասկածանքի դեպքում` կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներով կաթի վարակվածության, հիվանդության ախտորոշումը հաստատելու նպատակով, ինչպես նաև, երբ հնարավոր չէ սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված հետազոտությունների միջոցով տալ անասնաբուժասանիտարական լիարժեք գնահատական, անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները 1-15 օրվա ընթացքում վերահաստատվում կամ հերքվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված եզրակացությամբ: Փորձաքննության կասկածելի արդյունքները լաբորատոր հետազոտությամբ հաստատելու համար անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք նմուշներն ուղարկում են ամուր խցանված ու զմռսված, անջրաթափանց տարաներով, կից փաստաթղթով, որում նշվում են կաթն անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացրած ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, կաթի նմուշի ստացման վայրը և ժամկետը, նմուշառման ամսաթիվը, փորձաքննության արդյունքում ենթադրվող ախտորոշումը, անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունների տեսակը, ուղարկողի ստորագրությունը: Կազմվում է արձանագրություն` 3 օրինակից, որն ստորագրվում է նաև իրացնողի կողմից և մեկ օրինակը տրվում է նրան:

Եթե նմուշներ ուղարկելը հետաձգվում է, ապա դրանք պահպանվում են սառնարանային՝ 40  C (Ցելսիուս) պայմաններում կամ դրանց ավելացվում են համապատասխան պահպանող նյութեր: Կաթի նմուշների մնացորդները հետազոտություններից հետո օգտահանվում են կամ վնասազերծելուց հետո ոչնչացվում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
 Մ. Թոփուզյան