Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.01.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Գերագույն դատարանի պլենում
Ընդունման ամսաթիվ
31.01.1997
Ստորագրման ամսաթիվ
31.01.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 1

 

Ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտման վերաբերյալ օրենսդրության կիրառման դատական պրակտիկայի մասին

 

31 հունվարի 1997 թ. ք. Երևան

 

Քննարկելով զինծառայողների միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում նրանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտման վերաբերյալ գործերի դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները, Գերագույն դատարանի պլենումը նշում է, որ հանրապետության դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում նշված բնագավառը կարգավորող քրեական օրենսդրությունը:

Նկատի ունենալով, որ նշված արարքները ոչ միայն ոտնահարում են զինվորական ծառայության կարգը, խախտում կարգապահությունն ու զորամասերի մարտական պատրաստականությունը, այլև ուղղված են զինծառայողների պատվի ու արժանապատվության, առողջության դեմ, հաճախ պատճառ են դառնում զորամասերը ինքնագլուխ լքելու, երբեմն էլ նույնիսկ ինքնասպանության, դատարանները, որպես կանոն, ճիշտ են գնահատում դրանց հասարակական վտանգավորությունը և վարում են համապատասխան պատժական քաղաքականություն:

Այնուհանդերձ, ամփոփման արդյունքները վկայում են, որ դատական պրակտիկայում դեռևս տեղ են գտնում սխալներ ու թերություններ, որոնք հիմնականում վերաբերում են արարքների քրեաիրավական գնահատությանը, հանցակազմը որակյալ դարձնող հատկանիշների տարբեր կերպ ընկալմանն ու մեկնաբանմանը, պատիժների անհամաչափությանը, հանցագործություն ծնող պատճառների ու պայմանների բացահայտման և դրանց վերացման նպատակով օրենքով սահմանված միջոցների ձեռնարկմանը:

Նշված բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերով թերություններն ու սխալները բացառելու, օրենսդրության ճիշտ և միասնական կիրառումը ապահովելու նպատակով ՀՀ Գերագույն դատարանի պլենումը

 

ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Դատարանների ուշադրությունը հրավիրել զինծառայողների միջև ստորադասության բացակայության պարագաներում նրանց փոխհարաբերությունները կարգավորող կանոնագրքի կանոնների խախտումների հասարակական մեծ վտանգավորության և այդ արարքների ճիշտ ու միատեսակ իրավական գնահատական տալու կարևորության վրա:

Յուրաքանչյուր գործով պետք է մանրակրկիտ պարզել մեղքի ձևը, հանցագործության շարժառիթն ու նպատակը, բոլոր հանգամանքները, որոնք կարևոր նշանակություն ունեն արարքի ճիշտ որակման և մեղավորի նկատմամբ արդարացի պատիժ սահմանելու համար:

2. Դատարանները պետք է նկատի ունենան, որ մեկ զինծառայողի ֆիզիկական բռնությունը մեկ ուրիշ զինծառայողի նկատմամբ կարող է համարվել ՀՀ քր.օր. 252 հոդ. նախատեսված հանցագործություն միայն այն դեպքում, երբ այդ բռնությունը ոտնձգում է ՀՀ քր.օր.-ի 245 հոդ. բնութագրմամբ զինվորական ծառայությունը կրելու համար սահմանված կարգը և անմիջականորեն կապված է զինվորական գործունեության հետ:

Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ ծառայության մեջ գտնվելու ժամանակաշրջանում զինծառայողները մտնում են ոչ միայն զինվորական-ծառայական հարաբերությունների, այլ զինվորական օրենսդրության նորմերով չկարգավորվող այլ իրավահարաբերությունների մեջ: Այդ պատճառով յուրաքանչյուր կոնկրետ գործով անհրաժեշտ է պարզել, թե զինծառայողի կողմից մեկ ուրիշ զինծառայողի նկատմամբ կիրառված բռնությունը արդյոք ուղղված է եղել զին. ծառայողների միջև փոխհարաբերությունների սահմանված կարգի դեմ, թե դրանով խախտվել են միայն ընդհանուր-քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները:

ՀՀ քր.օր-ի 252 հոդվածով պետք է որակել`

ա) այն բռնությունը, որ կիրառվել է տուժողի նկատմամբ վերջինիս կողմից իր զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ,

բ) այն բռնությունը, որը կիրառվել է տուժողի կամ հանցավորի զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ժամանակ,

գ) այն բռնությունը, որը թեև անմիջականորեն կապված չէ տուժողի զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ կամ հանցագործության կատարման պահին, ոչ տուժողը և ոչ էլ հանցավորը չեն գտնվել այդ պարտականությունների կատարման մեջ, սակայն մեղավոր անձի կողմից կիրառվել է զինվորական հարաբերությունների կարգի խախտմամբ և դրսևորվել է զինվորական կոլեկտիվի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով կամ խախտվել է ստորաբաժանման ներքին կարգ ու կանոնը, կամ խանգարվել անձնակազմի հանգիստն ու ազատ ժամանակը:

Բռնության վերը թվարկված հատկանիշների լրիվ բացակայությունը բացառում է արարքի որակումը ՀՀ քր.օր-ի 252 հոդվածով, սակայն չի բացառում զինծառայողների նկատմամբ քրեական այն ընդհանուր նորմերի կիրառումը, որոնք պատասխանատվություն են սահմանում բնությամբ կատարված արարքների կամ խուլիգանության համար:

3. Դատարանների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ քննարկվող հանցագործությունը կարող է կատարվել ինչպես զորամասի տեղակայման տարածքում, այնպես էլ դրանից դուրս, ծառայության կամ հանգստի, մշակութային, սպորտային միջոցառումների ժամանակ, աշխատանքի վայրում կամ գործուղման մեջ, բուժ. հիմնարկում գտնվելիս և այլն:

4. ՀՀ քր.օր-ի 252 հոդ. համաձայն տվյալ հանցագործության սուբյեկտ կարող են լինել շարքային, սերժանտական (ավագային) կազմի այն զինծառայողները, ինչպես նաև այն ենթասպաներն ու սպաները, որոնք ստորադասության մեջ չեն գտնվում տուժողի հետ, այսինքն ծառայության բերումով և կոչում նրա պետը կամ ենթական չեն համարվում: Նրանք կարող են լինել ծառայական դրությամբ (պաշտոնով) և զինվորական կոչումով միմյանց հավասար, ինչպես նաև կրտսեր կամ ավագ զինվորական կոչումով, եթե չեն գտնվում ստորադասության հարաբերությունների մեջ:

5. Ըստ քր.օր-ի 252 հոդ. «ա» կետի արարքը քրեորեն պատժելի է համարվում միայն այն դեպքում, եթե այն դրսևորվել է ծեծով կամ այլ բռնությամբ:

«Ծեծը» դա տուժողին ֆիզիկական ցավ պատճառելու նպատակով նրան հասցված երկու կամ ավելի հարվածն է:

Կանոնագրքային փոխհարաբերությունների կարգի խախտմամբ տուժողին հասցված մեկ հարվածի հետևանքով պատճառված մարմնական վնասվածքի դեպքում, ըստ ծանրության աստիճանի, արարքը պետք է որակել ՀՀ քր.օր-ի 252 հոդ. «բ» կամ «գ» կետով: Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ եթե մեկ հարվածը հետևանք չի առաջացրել, համաձայն ՀՀ քր.օր-ի 7-րդ հոդ. 2-րդ մասի արարքը պետք է դիտվի որպես նվազ կարևոր և քրեորեն ոչ հետապնդելի:

«Այլ բռնություն» ասելով պետք է հասկանալ տուժողի նկատմամբ ներգործության տարբեր ձևերը, որոնք թեև ծեծ չեն և որոնցով մարմնական վնասվածք չեն պատճառվում, սակայն սահմանափակում են տուժողի իրավունքներն ու ազատությունները: Այդ շարքին են դասվում տուժողին կապկպելու, ազատությունից ապօրինի կերպով զրկելու, հալածելու դեպքերը, ինչպես նաև նրան տրված զին. հագուստի, հասանելիք ուտելիքի, նյութական արժեքների յուրացումը, որը զուգորդված է եղել տուժողի նկատմամբ բռնության կիրառման ակնհայտ սպառնալիքով:

6. Բռնությունը կարող է լինել ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական: Դրա համար էլ «այլ բռնության» հասկացությունն իր մեջ ներառում է նաև ֆիզիկական բռնության սպառնալիքը, երբ հանցավորը նման սպառնալիքով տուժողին ստիպում է կատարել պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող գործողություններ, հանցավորի փոխարեն կատարել զին. ծառայության տարբեր պարտականություններ, անձնական ծառայություններ մատուցել նրան և այլն:

7. Երբ զինծառայողների միջև փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումը զուգորդվել է արվամոլության, բռնաբարության, կամ բռնի կերպով սեքսուալ բնույթի տարբեր գործողությունների կատարման հետ, արարքը ՀՀ քր.օր-ի 252 հոդ. բացի լրացուցիչ պետք է որակել նաև համապատասխանաբար ՀՀ քր.օր-ի 116, 112 և 112.1 հոդվածներով:

8. Դատարանները պետք է նկատի ունենան, որ ՀՀ քր.օր-ի 252 հոդ. նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը ենթադրում է դիտավորության առկայություն, այսինքն, երբ հանցավորը գիտակցում է, որ ինքը խախտում է զին. ծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքով սահմանված կարգը, ծառայական դրությամբ և զինվորական կոչումով իր հետ հավասար զին. ծառայողի նկատմամբ կատարում է բռնի գործողություններ և ցանկանում է վտանգավոր հետևանքների առաջացումը, կամ գիտակցաբար թույլ է տալիս դրանց առաջացումը:

Միաժամանակ իր գործողությունների հետևանքի նկատմամբ հանցավորի վերաբերմունքը կարող է դրսևորվել ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ:

Նշված հանցակազմի շարժառիթները կարող են տարբեր լինել` խուլիգանական դրդումները, զին.ծառայության նկատմամբ տուժողի վերաբերմունքից հանցավորի դժգոհությունը, անձնական հակակրանքը, մյուս զինծառայողներին իր ազդեցության տակ պահելու, նրանց հանդեպ իր թվացյալ գերազանցությունը հաստատելու ցանկությունները և այլն:

9. ՀՀ քր.օր-ի 252 հոդ. «բ» կետով ենթակա են որակման զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների այն խախտումները, որոնցով մեկ կամ մի քանի տուժողների պատճառվել են թեթև (առողջությունը քայքայող կամ չքայքայող) կամ նվազ ծանր մարմնական վնասվածքներ: Այդ դեպքում տուժողին կամ տուժողներին պատճառված մարմնական վնասվածքների հատկանիշներով արարքը ՀՀ քր.օր-ի անձի դեմ ուղղված հանցագործությունների հոդվածներով լրացուցիչ որակում չի պահանջում:

Նույն կետով է նաև որակվում, երբ ծեծի կամ այլ բռնության են ենթարկվել մի քանի (երկու կամ ավելի) տուժողներ: Ընդ որում հանցավորի կողմից նույն տուժողին տարբեր ժամանակներում ծեծի ենթարկելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն կիրառելը, ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, պետք է որակել ՀՀ քր.օր-ի 252 հոդ. «ա» կետով:

10. Պետք է գիտենալ, որ միաժամանակ կատարված և մեկ ամբողջական հանցագործություն համարվող զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումը կարող է իր մեջ պարունակել քր.օր-ի 252 հոդ. ոչ թե մեկ, այլ երկու կամ երեք կետերի հատկանիշներ: Նման դեպքերում արարքը պետք է որակել հոդվածի այն կետով, որը նախատեսում է առավել ծանրացնող հանգամանքներ (ավելի որակյալ հանցակազմ), բայց միաժամանակ դատավճռում պետք է նշվեն նաև տվյալ արարքը որակվող բոլոր հատկանիշները:

11. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների տարբեր ժամանակներում կատարված խախտումները, որոնք իրենց մեջ պարունակում են ՀՀ քր.օր-ի 252 հոդ. տարբեր կետերի հատկանիշներ, առաջացնում են ռեալ համակցություն, որի մեջ մտնող յուրաքանչյուր հանցագործություն պետք է որակվի նշված հոդվածի համապատասխան կետով:

Հանցագործությունների համակցություն չեն դիտվում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի այն խախտումները, որոնք թեև կատարվել են տարբեր ժամանակներում, բայց ընկնում են ՀՀ քր.օր-ի 252 հոդ. միևնույն կետի հատկանիշների տակ:

Եթե փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների կրկնակի խախտումը դրսևորվել է սկզբում մեկ, իսկ այնուհետև մեկ ուրիշ զինծառայողի ծեծելով, կամ այլ բռնությամբ, ապա այդ արարքները պետք է որակել որպես մի քանի անձանց նկատմամբ կատարված (ՀՀ քր.օր-ի 252 հոդ. «բ» կետ.), եթե դրանք պարունակում են միևնույն դիտավորությունը:

12. Դատարաններին պարզաբանել, որ ՀՀ քր.օր-ի 252 հոդ. «գ» կետով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խմբային խախտում պետք է դիտել դիտավորության ընդհանրությամբ միավորված երկու կամ ավելի զինծառայողների համատեղ գործողությունների կատարումը, որոնցից յուրաքանչյուրը այդ հանցագործության սուբյեկտ է:

Նշված հանցագործությունը խմբով կարող է կատարվել ինչպես նախնական համաձայնության գալով, այնպես էլ առանց դրա:

Եթե օբյեկտիվ կողմով հանցագործությունը մի զինծառայողի կողմից կատարվել է մեկ ուրիշի դրդմամբ, կամ օժանդակությամբ կամ նա հանդես է եկել որպես կազմակերպիչ` ապա կատարողի գործողությունները պետք է որակվեն ՀՀ քր.օր-ի 252 հոդ. համապատասխան կետով, իսկ կազմակերպչի դրդիչի կամ օժանդակողի գործողությունները` ՀՀ քր.օր-ի 17-252 հոդ. համապատասխան կետով:

Համանման ձևով պետք է որակվեն նաև համակատարողների կողմից կատարված ոչ կանոնագրքային բռնի գործողությունները, երբ նրանցից մեկը զինծառայող է, իսկ մյուսը` քաղաքացիական անձ: Նրանց գործողությունները չեն կարող որակվել ՀՀ քր.օր-ի 252 հոդ. «գ» կետով որպես խմբակային, քանի որ քաղաքացիական անձը զինվորական հանցագործությունների սուբյեկտ չէ և կարող է դիտվել միայն որպես օժանդակող, կազմակերպիչ կամ դրդիչ:

13. Երբ փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումը կատարվում է տուժողի նկատմամբ ենթակայության տակ չգտնվող զինծառայողի կողմից բռնության գործադրմամբ, որին մասնակցում է պետը, ընդ որում օգտագործելով իր ծառայական դիրքը հակառակ ծառայության շահերի, ապա վերջինիս կողմից գործողությունները պետք է որակվեն ՀՀ քր.օր-ի 17-252 հոդվածով ինչպես նաև 268 կամ 251 հոդվածներով:

Այդպիսի դեպքերում կատարողի գործողությունները չեն կարող դիտվել որպես խմբին բնորոշ հատկանիշներ և որակվել քր.օր-ի 252 հոդ. «գ» կետով, քանի որ պետը տվյալ դեպքում այդ հանցագործության սուբյեկտ չէ և չի կարող դիտվել որպես համակատարող:

Իսկ, երբ ոչ կանոնագրքային գործողությունները կատարվում են պետի կողմից ծառական դրությամբ իրեն հավասար զինծառայողի նկատմամբ, որոնց միանում է մեկ ուրիշ զինծառայող, որը ստորադաս է մեղավոր անձից և տուժողից, ապա պետի գործողությունները պետք է որակվեն ՀՀ քր.օր-ի 252 հոդ. (առանց խմբի հատկանիշի), ստորադասինը` քր.օր-ի 17 և 252 հոդվածներով որպես հանցակցություն, իսկ որոշակի հանգամանքներում` նաև ենթակայության կարգի դեմ հանցագործություն նախատեսող հոդվածով, քանի որ ստորադասը այս պարագայում նույնպես ՀՀ քր.օր-ի 252 հոդ. նախատեսված հանցագործության սուբյեկտ չէ և չի կարող դիտվել համակատարող:

14. «Զենք» հասկացությունն իր մեջ ներառում է մարդուն խոցելու, վնասելու կամ ոչնչացնելու նպատակով պատրաստված հատուկ առարկաները: Դրանք զինվորական հաստիքային զենքերն են, ինչպես նաև գործարանային արտադրության կամ ինքնաշեն հրազենները կամ սառը զենքերը:

«Զենքի գործադրում» նշանակում է տուժողի վրա ֆիզիկական կամ հոգեբանական ներգործության նպատակով այն օգտագործելը:

Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային խախտումների ժամանակ տնտեսական կամ այլ նշանակության առարկաների օգտագործումը հիմք չի կարող հանդիսանալ հանցագործությունը ՀՀ քր.օր-ի 252 հոդ. «գ» կետով որակելու համար:

Զենքը կարող է օգտագործվել մի դեպքում որպես մահ կամ մարմնական վնասվածքներ պատճառելու գործիք, մյուս դեպքում որպես «այլ բռնության» հոգեբանական ներգործության միջոց, երբ մեղավորը զենքի սպառնալիքով ստիպում է տուժողին կատարելու արժանապատվությունը նսեմացնող գործողություններ, իր փոխարեն կատարել որոշակի զինվորական ծառայության պարտականություններ, տարբեր բնույթի ծառայություններ մատուցել և այլն:

15. Պարզաբանել դատարաններին, որ ՀՀ քր.օր-ի 252 հոդ. «գ» կետով նախատեսված «ծանր հետևանքներ» բառակապակցության տակ պետք է հասկանալ հանցագործությամբ տուժողին ծանր մարմնական վնասվածք կամ անզգուշաբար մահ պատճառելը, ինքնասպանության հասցնելը կամ դրա փորձը: Ընդ որում, այդպիսի դեպքերում արարքը անձի դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսված հոդվածներով լրացուցիչ որակում չի պահանջում, իսկ եթե այդ գործողությունները զուգորդվել են դիտավորյալ սպանությամբ կամ առաջացրել են ՀՀ քր.օր-ի 105 հոդ. 2-րդ մասով նախատեսված հետևանքներ, ապա արարքը պետք է որակել համակցությամբ` ՀՀ քր.օր-ի 252 հոդ. «գ» կետով և անձի դեմ ուղղված հանցագործությունների համապատասխան հոդվածով (99, 100 կամ 105 հոդ. 2-րդ մասերով):

Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումները կարող են հանգեցնել ոչ միայն մարդկային զոհերի, այլև մարտական առաջադրանքի կատարման ձախողմանը, ռազմական տեխնիկան շարքից հանելուն և այլ ծանր հետևանքների:

16. Դատարանների ուշադրությունը դարձնել այն բանին, որ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումները կարող են կատարվել հանցավորի կողմից զինվորական ծառայության հատուկ ձևի պարտականությունները կրելու ժամանակ (պահակային, ներքին, սահմանապահային ծառայություններ, մարտական հերթապահություն): Եթե անձը միաժամանակ խախտում է նաև հատուկ ձևի այդ ծառայությունները կրելու կանոնները, ապա նրա արարքը պետք է որակել համակցությամբ, այն է` ՀՀ քր.օր-ի 252 հոդ. և հատուկ ձևի ծառայության խախտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ քր.օր-ի համապատասխան հոդվածով:

17. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումների հետ կապված գործերը քննելիս դատարանները պետք է խստորեն պահպանեն պատժի անհատականացման սկզբունքը, որպեսզի բացառվեն մեղավորի նկատմամբ ինչպես չպատճառաբանված մեղմ, այնպես էլ ակնհայտ խիստ պատիժ նշանակելու դեպքերը:

18. Նշված գործերը քննելիս դատարանները պարտավոր են բացահայտել այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները և մասնավոր որոշումներով համապատասխան պաշտոնատար անձանցից պահանջել դրանց վերացումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան