Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.05.1994-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Գերագույն դատարանի պլենում
Ընդունման ամսաթիվ
20.05.1994
Ստորագրման ամսաթիվ
20.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Թ Ի Վ

 

20 մայիսի 1994 թ. ք. Երևան

 

Բնակելի տան (կամ մի մասի) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման գործերով դատական պրակտիկայի մասին

 

Բնակելի տունը (կամ մի մասը), որպես քաղաքացիների սեփականության իրավունքի հիմնական օբյեկտներից մեկը, ունի կենսական կարևորություն:

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին շատացել և բազմաբնույթ են դարձել բնակելի տների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման մասին դատական վեճերը: Դատարանները հիմնականում ճիշտ և գործող օրենսդրությանը համապատասխան են լուծում բնակելի տան (կամ մի մասի) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչմանը վերաբերող վեճերը: Նման վեճեր քննելիս նաև թույլ են տալիս նյութաիրավական և դատավարական նորմերի խախտումներ, երբեմն ոչ ճիշտ պարզաբանում և կիրառում «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքի հիմնադրույթները և ոչ միշտ զբաղվում քաղաքացիական գործերի իրական հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտմամբ:

Բնակելի տան (կամ մի մասի) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ քաղաքացիական գործերով դատարաններին պարզաբանումներ տալու և միասնական դատական պրակտիկա ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Դատարանները բնակելի տան (կամ մի մասի) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման մասին քաղաքացիական գործերը քննելիս պետք է ղեկավարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսգրքերով «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» և «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքներով, Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի` «Հայկական ԽՍՀ-ում անհատական բնակարանային շինարարության մասին» կանոնադրությամբ և այլ օրենսդրական ակտերով, համակողմանիորեն պաշտպանելով բնակելի տան (կամ մի մասի) նկատմամբ քաղաքացիներին ընձեռված սեփականության իրավունքը և այլ օրինական շահերը:

Դատարանները քաղաքացիական գործեր քննելիս պետք է ղեկավարվեն այն հիմնադրույթներով, որ քաղաքացուն (քաղաքացիներին) է պատկանում բնակելի տան (կամ մի մասի) նկատմամբ սեփականության և այն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու բացառիկ իրավունքը:

2. Դատարանները բնակելի տների (կամ մի մասի) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման մասին գործերը քննելիս պետք է պարզեն, թե ինչ հիմքով է ձեռք բերվել (կառուցման, օտարման պայմանագրով, բնակարանային, բնակարանային-շինարարական կոոպերատիվների անդամների կողմից վճարումները լրիվ կատարելու, ժառանգության, սեփականացման) և ում սեփականությունն է հանդիսանում (քաղաքացու, քաղաքացիների, գյուղացիական տնտեսության, գյուղացիական ծխի):

Դատարանները վիճող կողմերից (պետական մարմիններից) պետք է պահանջեն բնակելի տան (կամ մի մասի) նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը (անհատական բնակելի տուն կառուցելու համար հողհատկացման մասին որոշում, կառուցման թույլտվություն և պայմանագիր, բնակելի տան կառուցման կամ գնահատման ամփոփիչ ակտ, գույքաթերթ, տեխնիկական անձնագիր կամ սեփականության վկայագիր ու հատակագիծ, բնակելի տան (կամ մի մասի) օտարման պայմանագիր, ժառանգության իրավունքի վկայագիր, տեղեկանք ժառանգությունն ընդունելու մասին):

3. Կառուցման հիմքով բնակելի տների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը վիճարկելիս դատարանները պետք է պահանջեն այդ փաստը վավերացնող փաստաթղթեր (թվարկված են սույն որոշման 2 կետի 2-րդ մասում) բնակելի տան (կամ մի մասի) կառուցման փաստաթղթերում, ինչպես մինչ կառուցման ավարտը և ավարտից հետո, նշված կառուցողի (կառուցողների) կազմի փոփոխումը կարող է կատարվել կառուցողի (կառուցողների) և պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեի համաձայնությամբ: Նման վեճերը լուծվում են դատական կարգով:

4. Կառուցման հիմքով բնակելի տների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման մասին գործերը քննելիս դատարանները պարտավոր են ղեկավարվել բնակելի տունը օրինական կառուցողի սեփականությունն է սկզբունքով:

Բնակելի տան (կամ մի մասի) կառուցմանը քաղաքացու (քաղաքացիների) փաստական մասնակցությունը (ֆիզիկական կամ նյութական) եթե չկա գրավոր համաձայնություն կամ օրինական կառուցողն առարկում է, չի կարող հիմք հանդիսանալ փաստական մասնակցին (մասնակիցներին) համասեփականատեր ճանաչելու համար: Նրա մասնակցությունը կարող է բավարարվել դրամական հատուցմամբ, որի չափը որոշում է դատարանը, հենվելով կառուցման ժամանակահատվածում գործող շուկայական գների վրա:

Եթե բնակելի տունը (կամ մի մասը) կառուցվել է ամուսնության ընթացքում` ամուսինների փաստական միջոցներով, անկախ նրանից, թե հողամասը ամուսիններից ում է հատկացվել և բնակելի տունը ում անունով է գրանցված, ինչպես նաև անկախ նրանց համատեղ կամ առանձին բնակվելու հանգամանքից, այն հանդիսանում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը:

Սեփականության իրավունքով ամուսիններից մեկին պատկանող բնակելի տունը դատարանի վճռով կարող է ճանաչվել նրանց ընդհանուր համատեղ սեփականությունը, եթե ամուսնության ընթացքում տան վրա ներդրումներ են կատարվել նաև ամուսինների ընդհանուր միջոցներից կամ ի հաշիվ մյուս ամուսնու, որով զգալիորեն բարձրացել է տան արժեքը (տան հիմնական նորոգում, կիսակառույց տան ավարտում, վերասարքավորում և այլն):

Բնակելի տան (կամ մի մասի) նկատմամբ չգրանցված ամուսնության մեջ գտնվող քաղաքացիների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի դատական կարգով վիճարկումը կատարվում է ընդհանուր սեփականության մասին քաղաքացիաիրավական նորմերի հիման վրա:

5. Դատարանները, հաշվի առնելով կառուցողի (կառուցողների) իրավական վիճակը, բնակելի տունը (կամ մի մասը) կարող են ճանաչել քաղաքացու (քաղաքացիների), ամուսինների, գյուղացիական տնտեսության, գյուղացիական ծխի սեփականությունը:

6. Ինքնակամ կարգով կառուցված բնակելի տների (կամ մի մասի) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման մասին գործերը դատարաններին ընդդատյա չեն: Այդ վեճերը լուծվում են պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:

7. Բնակելի տան (կամ մի մասի) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը ծագում է պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունները սեփականացնելու միջոցով, որի մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով:

Պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունները սեփականության իրավունքով ձեռք բերելու իրավունք ունեն վարձակալները և նրանց ընտանիքների այն անդամները, որոնք բնակեցվել են սահմանված կարգով կամ որոնց օգտագործման իրավունքը տվյալ պահին ճանաչված է եղել դատական կարգով: Այդ իրավունքից օգտվում են ժամանակավոր բացակայողները, որոնք պահպանել են բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը:

Բնակելի տարածությունների սեփականացման իրավունքից օգտվում են ՀՀ բնակ. օր. 59 հոդ. 1,6-րդ կետերում թվարկված այն ժամանակավոր բացակայողները, որոնք չնայած բացակայել են սահմանված ժամկետներից ավելի, սակայն սեփականացման պահին կորցված չի ճանաչվել նրանց օգտագործման իրավունքը բնակելի տարածության նկատմամբ:

8. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունների սեփականացումից չեն կարող օգտվել օրենքով սահմանված կարգով չբնակեցված քաղաքացիները, բնակելի տարածությունների նկատմամբ ինքնուրույն իրավունք չունեցող խնամակալները, հոգաբարձուները, ենթավարձակալները և ժամանակավոր բնակիչները:

9. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունների սեփականացումը կատարվում է վարձակալների դիմումների և ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության հիման վրա: Այն հանդիսանում է ընտանիքի բոլոր անդամների սեփականությունը, անկախ նրանց չափահաս կամ անչափահաս լինելուց:

Դատական կարգով սեփականության իրավունքը կարող է վիճարկվել չափահասների, անչափահասների և վերջինների օրինական ներկայացուցիչների կողմից:

10. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի ընդհանուր բնակարանների սեփականացումը կատարվում է վարձակալների և ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության հիման վրա:

11. Դատարանները հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունների սեփականացման մասին գործերը քննելիս, քանի որ այն կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների, նրանց միավորումների, այլ միությունների, ընկերությունների և կազմակերպությունների սեփականությունն է, պարտադիր կարգով պետք է մասնակից դարձնեն սեփականատերերին:

12. Պետական բնակարանային ֆոնդի մեջ մտնում են նաև այն բնակելի տարածությունները, որոնք դատական կարգով անհատույց հանձնվել են պատգամավորների համապատասխան խորհուրդներին` բնակելի տների կառուցման նպատակով հատկացված բանկային փոխատվությունը քաղաքացիների կողմից չմարելու պատճառով: Այդ բնակելի տարածություններում սահմանված կարգով բնակվող քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման մասին գործերը քննելիս դատարանները պետք է ղեկավարվեն «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքով:

Նման բնակելի տներ կառուցող նախկին սեփականատերերը եթե բնակվում են, ապա անկախ սահմանված կարգով այլ բնակվողների, պատգամավորների համապատասխան խորհուրդների գործկոմները և դատարանները պետք է ճանաչեն միայն առաջինների սեփականության իրավունքը:

13. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականացված բնակելի տարածությունները հանդիսանում են վարձակալների և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքների բոլոր անդամների անհատական ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականությունը, որը պետք է ձևակերպվի վարձակալի կամ նրա ընտանիքի չափահաս անդամի անունով: Այն գրանցվում է բնակելի տան սեփականության իրավունքի վկայագրով:

Սեփականացված բնակելի տարածությունները վարձակալների կամ նրանց ընտանիքների չափահաս անդամի անունով ձևակերպելու կապակցությամբ ծագած վեճերը ընդդատյա են դատարաններին:

Սեփականացված բնակելի տարածությունների վարձակալների և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ (նվիրատվության, առուծախի, ցմահ հոգալու պայմանով տան օտարման և այլ գործարքներով) այն կարող է դառնալ վարձակալի կամ նրա ընտանիքի անդամի (չափահաս կամ անչափահաս) անձնական, ընտանիքի անդամների ընդհանուր բաժնային կամ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը:

14. Պետական և հանրային ընդհանուր բնակարանները սեփականացնելիս ընդհանուր օգտագործման տարածքները համարվում են վարձակալների և նրանց ընտանիքների անդամների ընդհանուր համատեղ սեփականությունը: Այդ տարածքները եթե մինչ դատարան դիմելը սահմանված կարգով առանձնացվել են ապա հանդիսանում են վարձակալներից յուրաքանչյուրի և նրանց ընտանիքների անդամների սեփականությունը:

15. «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքի 12 հոդ. 2-րդ կետի համաձայն բնակարանային, բնակարանաշինարարական կոոպերատիվների այն անդամները, որոնք լրիվ կատարել են մուծումները, սահմանված կարգով հատկացված բնակարանների նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք: Բնակարանային, բնակարանաշինարարական կոոպերատիվների բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ կոոպերատիվների անդամների, այդ իրավունքից օգտվող ընտանիքի անդամների և այլ անձանց սեփականության իրավունքը պետք է գրանցվի պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեում և ձևակերպվի սեփականության իրավունքի վկայագրով:

16. Բնակարանային, բնակարանաշինարարական կոոպերատիվների անդամներին, նրանց ընտանիքների անդամներին և այլ անձանց բնակարանները կարող են պատկանել անձնական ընդհանուր համատեղ և բաժնային սեփականության իրավունքով, որը կարող է վիճարկվել դատական կարգով:

Դատարանները կոոպերատիվների բնակարանների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման մասին գործերը քննելիս պետք է ուշադրություն դարձնեն սեփականության իրավունքը վիճարկող անձանց կոոպերատիվի անդամ հանդիսանալու, մուծումները լրիվ կատարած լինելու և փայագումարի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու հանգամանքների վրա:

17. Բնակելի տան (բնակարանի) ընդհանուր սեփականության յուրաքանչյուր համասեփականատեր իրավունք ունի պահանջելու բաժնի անջատում:

Դատարանները նման վեճեր քննելիս պարտավոր են ղեկավարվել ՀՀ քաղ. օր. 122 հոդվածով, հաշվի առնելով համասեփականատերերի թիվն ու ընտանեկան վիճակը, վիճարկվող բնակելի տան (բնակարանի) չափերը և այդ տարածքում նրանց բնակվելու կամ չբնակվելու հանգամանքը:

Եթե բնակելի տան (բնակարանի) բաժնի անջատման պահանջ ներկայացնող համասեփականատիրոջ բաժինը փոքր է, որի ռեալ բաժանումը տեխնիկապես անհնար է, մշտապես բնակվում է այլ տեղ և ապահովված է բնակելի տարածությամբ, անկախ նրա համաձայնությունից տրվում է դրամական հատուցում:

18. Բնակելի տների (բնակարանների) համասեփականատերերի բաժինների անջատման մասին գործերը քննելիս դատարանները բնակելի տների և շինությունների գույքագրման մարմիններից պետք է պահանջեն տեխնիկական եզրակացություն:

Դատարանը տեխնիկական եզրակացությանը համաձայն չլինելու դեպքում անհրաժեշտությունից ելնելով կարող է պահանջել կրկնակի տեխնիկական եզրակացություն:

19. Դատական կարգով բնակելի տների (բնակարանների) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման մասին գործերը քննելիս, եթե կողմերի միջև կնքվում է հաշտության համաձայնություն, այն պետք է լուծվի սահմանված իրավական ձևով:

20. Բնակելի տների (բնակարանների) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը ճանաչվում է նաև հատուկ վարույթի կարգով, եթե դիմորդը հնարավորություն չունի ստանալու այդ իրավունքը հաստատող փաստաթուղթ այլ կարգով կամ, երբ հնարավոր չէ վերականգնել կորցրած փաստաթղթերը: Այն կիրառվում է միայն օրինական շինությունների նկատմամբ, եթե ոչ ոք չի վիճարկում դիմորդի սեփականության իրավունքը:

Շինությունների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքն անուղղակիորեն հաստատող փաստաթղթեր կարող են հանդիսանալ շենքի հաշվառման, բանկային, հողային ռենտայի և շենքի հարկի վճարման փաստաթղթերը, ապահովագրական վկայագիրը և այլն:

21. Դատարանները բնակելի տների (բնակարանների) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման մասին գործերը քննելիս, անհրաժեշտության դեպքում, պետք է մասնակից դարձնեն պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեի ներկայացուցչին:

22. Բնակելի տների (բնակարանների) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման մասին գործերը քննելիս դատարանները, որպես կանոն պետք է կիրառեն հայցային վաղեմության մասին կանոնները:

23. Այս որոշմամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի 1983 թ. դեկտեմբերի 23-ի որոշումը` Բնակելի տան նկատմամբ անձնական սեփականության իրավունքի հետ կապված վեճերը լուծելու դատական պրակտիկայի մասին» ԽՍՀՄ Գերագույն դատարանի պլենումի 1991 թ. հուլիսի 31-ի թիվ 4 որոշման կատարման ընթացքը և այդ բնույթի գործերով ՀՍՍՀ ժողդատարանների դատական պրակտիկան»: