Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.12.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Գերագույն դատարանի պլենում
Ընդունման ամսաթիվ
02.12.1993
Ստորագրման ամսաթիվ
02.12.1993

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Թ Ի Վ

2 դեկտեմբերի 1993 թ. ք. Երևան

 

Գողության, կողոպուտի ԵՎ ավազակության գործերով օրենսդրության կիրառման դատական պրակտիկայի առանձին հարցերի մասին

 

 

ՀՀ Գերագույն դատարանի պլենումը, քննության առնելով գողության, կողոպուտի և ավազակության գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները, նշում է, որ հանրապետության դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում նշված բնագավառը կարգավորող քրեական օրենսդրությունը:

Դրա հետ մեկտեղ, պլենումը արձանագրում է, որ դատարանները նշված բնույթի գործերով դեռևս սխալներ են թույլ տալիս արարքների որակման, գույքի հափշտակությունների հանցակազմերի ու դրանք որակյալ դարձնող հատկանիշների սահմանազատման հարցերում:

Առանձին դեպքերում ճիշտ չեն որոշում հափշտակության օբյեկտը, հանցագործությամբ պատճառված իրական վնասի չափը, չեն պարզում արարքների որակման համար կարևոր նշանակություն ունեցող հատկանիշները:

Երբեմն սահմանում են ոչնչով չպատճառաբանված ակնհայտ անհամաչափ պատիժներ, սխալներ թույլ տալիս լրացուցիչ պատիժների նշանակման հարցերում, շատ դեպքերում քննության առարկա չեն դարձնում որպես լրացուցիչ պատիժ գույքի բռնագրավում նշանակելու հարցը, միջոցներ չեն ձեռնարկում պատճառված նյութական վնասը հատուցելու, այդ բնույթի հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների բացահայտման և դրանց վերացման ուղղությամբ:

Գողության, կողոպուտի և ավազակության գործերով օրենսդրության կիրառման բնագավառում դատական պրակտիկայում տեղ գտած սխալները վերացնելու և միասնական դատական պրակտիկա ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Դատարանների առաջնահերթ խնդիրներից մեկը համարել գործող օրենսդրության անշեղ կիրառմամբ գույքի հափշտակությունների վերաբերյալ գործերի քննության արդյունավետության բարձրացման ապահովումը:

2. Դատարանների ուշադրությունը հրավիրել նշված տեսակի հանցագործությունների իրավական ճիշտ որակման վրա: Այդ կապակցությամբ պարզաբանել.

ա) Հանցավորի` որպես գողություն սկսված գործողությունները, որոնք այնուհետև շարունակվում են բացահայտորեն, կոնկրետ գործողությունների հատկանիշներից ելնելով պետք է որակվեն որպես կողոպուտ կամ ավազակություն,

բ) Հանցավոր խմբի կողմից կատարված հափշտակության որակման հարցում պետք է նկատի ունենալ, որ խմբի այն անդամը, որը անմիջականորեն մուտք չի գործել բնակարան, պահեստարան կամ շինություն, սակայն մասնակցել է խոչընդոտները վերացնելուն կամ հսկել դրսում ու կատարել այլ համանման գործողություններ, հանդիսանում է հանցագործության համակատար և նրա արարքը առանձին ՀՀ քր. օր. 17 հոդվածով որակման կարիք չունի,

գ) Դատավճիռներում պարտադիր կարգով պետք է նկարագրվեն մեղսագրված արարքները որակյալ դարձնող հատկանիշները: Այդ թվում պետք է նշվեն ոչ միայն հափշտակված գույքի անվանումն ու քանակը, այլև պարտադիր կարգով` դրա արժեքը դրամական արտահայտությամբ,

դ) Բնակարան, պահեստարան կամ շինություն մուտք գործելով հափշտակության հանցափորձի դեպքերում արարքը գույքի արժեքի հատկանիշով որակելիս հիմք պետք է ընդունել ոչ թե տվյալ օբյեկտում ընդհանրապես գոյություն ունեցող նյութական արժեքների քանակն ու չափը, այլ պետք է ելնել հանցավորի տվյալ պահին ունեցած դիտավորությունից:

3. Որպես մեղադրանքի ծավալի և արարքի որակման հատկանիշ, հափշտակված գույքի արժեքը որոշելիս պետք է ելնել հանցագործության կատարման պահին տվյալ գույքի մանրածախ գնից:

4. Պետք է նկատի ունենալ, որ միևնույն բազմադրվագ հափշտակությունների գործերով չի կարելի մեղադրանք առաջադրել և արարքը որակել առանձին դրվագներով հափշտակված նյութական արժեքները միմյանց մեխանիկորեն գումարելու և դրանց ընդհանուր գումարի չափից ելնելով:

Նման դեպքերում յուրաքանչյուր դրվագի առանձին ինքնուրույն հանցակազմ հանդես գալու հանգամանքը հաշվի առնելով, արարքը պետք է որակել միայն օրենքում նախատեսված հատկանիշներով:

Ընդ որում հանցանքը կրկին անգամ կատարված լինելու հատկանիշը որոշելիս այն պետք է զանազանել շարունակվող և տևական հանցագործություններից:

5. Այն դեպքերում, երբ միևնույն եղանակով բազմադրվագ հափշտակություններ կատարելիս, կհաստատվի, որ հանցավորի դիտավորությունը միասնական խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի նյութական արժեքներ հափշտակելն է, ապա արարքը պետք է որակել հափշտակված արժեքների միացյալ գումարից ելնելով:

6. Դատարանների ուշադրությունը հրավիրել հափշտակությամբ պատճառված նյութական վնասի հատուցման հարցի կարևորության վրա: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գույքի հափշտակությունների վերաբերյալ գործերով նյութական վնասի հատուցման չափը պետք է որոշել գործի քննության պահին գործող մանրածախ գնով, որը կարող է չհամապատասխանել այդ նույն գործով մեղադրանքի ծավալի մեջ նշված հափշտակված ապրանքի գնին:

7. Դատարանները պարտավոր են նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմամբ հստակորեն սահմանազատելու առանց հափշտակելու նպատակի տրանսպորտային միջոցները փախցնելու և դրանք հափշտակելու հանցակազմերը միմյանցից:

Այդ հարցում պետք է նկատի ունենալ, որ ՀՀ քր. օր. 180 հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոցներ փախցնելու վերաբերյալ արարքները ինքնուրույն հանցատեսակ են և տրանսպորտային միջոցի կամ նրա առանձին մասերի հափշտակության դիտավորության դեպքում նրա հետ համակցությամբ հանդես գալ չեն կարող:

8. Ամբողջ մեքենայի հափշտակության դիտավորությունը դրանից միայն առանձին մասեր հափշտակելու դիտավորությունից տարբերելու հարցը լուծելիս, պետք է ելնել նաև այնպիսի ելակետից, ինչպիսին է հափշտակված իրերի քանակը, դրանց նշանակությունը, հանցավոր գործողությունների հետևանքով ավտոմեքենայի տեխնիկական ու արտաքին վիճակներն ու գործի մյուս հանգամանքները: Մասնավորապես, ավտոմեքենայի հափշտակության դիտավորությունը հավաստող հիմք կարող է հանդիսանալ, երբ ավտոմեքենան իր կարևոր հանգույցներով ու հիմնական մասերով ապակոմպլեկտավորվելով կորցրել է իր նպատակային տեխնիկական նշանակությունը կամ կատարված արտաքին ձևափոխումներով կորցրել նախկին հատկանիշները և այլն:

9. Դատարանները պարտավոր են կոնկրետ արարքների կատարման հանգամանքներն ու հասարակական վտանգավորության աստիճանը հաշվի առնելով դատապարտյալների նկատմամբ, պատիժների անհատականացման սկզբունքով, նշանակելու համաչափ ու արդարացի պատիժներ:

10. Դատարանները պարտավոր են այն գործերով, որոնց համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, որպես լրացուցիչ պատիժ նախատեսվում է նաև գույքի բռնագրավում, դատավճիռ կայացնելիս յուրաքանչյուր անգամ քննության առնելու լրացուցիչ պատժի կիրառման հարցը: Իսկ այն դեպքերում, երբ գույքի բռնագրավումը պարտադիր է, այն կարող է չնշանակվել միայն ՀՀ քր. օր. 40 հոդվածի կիրառմամբ:

11. Դատարանները պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձնեն նշված բնույթի հանցագործությունների նպաստող պատճառների ու պայմանների բացահայտմանը և օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկեն դրանց վերացման ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության
Գերագույն դատարանի պլենումի նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան