Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.03.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Գերագույն դատարանի պլենում
Ընդունման ամսաթիվ
30.03.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ

 

ՈՐՈՇՈՒՄ

ԹԻՎ

 

30 մարտի 1993 թվականի.
քաղ. Երևան

 

Բնակարանային վեճերը կարգավորող օրենսդրության կիրառման դատական պրակտիկայի մասին

 

Հանրապետության դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարաններում քննվող քաղաքացիական վեճերի թվում զգալի մաս են կազմում բնակարանային գործերը, որոնք հիմնականում ճիշտ են լուծվում: Այնուհանդերձ նման վեճեր քննելիս դատարանները թույլ են տալիս սխալներ` նյութատեխնիկական և դատավարական նորմերը կիրառելիս:

Բնակարանային օրենսդրության ճիշտ կիրառումը ապահովելու և բնակարանային վեճերի լուծման միասնական դատական պրակտիկա ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը

ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Դատարանները պետք է նկատի ունենան, որ բնակարանային գործեր քննելիս անհրաժեշտ է ղեկավարվել ոչ միայն հանրապետության բնակարանային և քաղաքացիական օրենսդրությամբ, այլ նաև սեփականության մասին օրենքի պահանջներով:

2. Դատարաններին ընդդատյա են բնակարանային վեճերը, որոնք ծագում են վարձատուների և վարձակալների, վարձակալների և նրանց ընտանիքների անդամների, ենթավարձակալների, ժամանակավոր բնակիչների, քաղաքացիների ու բնակարանային և բնակարանային-շինարարական կոոպերատիվների միջև` կապված պետական, հանրային, բնակարանային շինարարական կոոպերատիվների և անհատական բնակարանային ֆոնդերի բնակելի տարածությունների, ինչպես նաև ժամանակավոր կացարանների տիրապետման և օգտագործման հետ:

Դատարաններին ընդդատյա են նաև քաղաքացիական և աշխատանքային պայմանագրերից բխող բնակարանային վեճերը (տունը քանդելու, հիմնական նորոգում կատարելու, ոչ բնակելի վերասարքավորելու դեպքում) քաղաքացիներին բնակելի տարածություն հատկացնելու մասին և այլն:

Պետական և հանրային բնակարանային ֆոնդին պատկանող տների վարձատուների, վարձակալների և այդ տներում սեփականացված բնակարանների սեփականատերերի միջև ծագած վեճերը` կապված բնակելի շենքի նորոգման, պահպանման և շահագործման հետ, նույնպես ենթակա են դատարանների քննությանը:

Դատարաններին ընդդատյա են նաև բնակարանային ֆոնդի կազմի մեջ չմտնող բնակելի տների այն ոչ բնակելի տարածությունները, որոնք նախատեսված են, առևտրական, կենցաղային կարիքների և ոչ արդյունաբերական բնույթի այլ կարիքների համար:

3. Պարզաբանել, որ ՀՀ Բնակարանային օրենսգրքի 49 հոդվածի պահանջն այն մասին, որ բնակելի տարածությունն զբաղեցնելու միակ հիմքը օրդերն է, վերաբերում է ոչ միայն պետական բնակարանային ֆոնդի տներին, այլ նաև պաշտոնեական բնակարաններին և հանրակացարաններին: Օրդեր կարող է տրվել միայն փաստացի ազատ բնակելի տարածության համար:

4. Եթե ՀՀ բնակ. օր. 96 հոդվածի համապատասխան օրդերն անվավեր ճանաչելու հետևանքով քաղաքացու վտարումը պետք է կատարվի այլ բնակելի տարածություն հատկացնելով, ապա դատարանը պարտավոր է վճռի եզրափակիչ մասում նշելու այն բնակելի տարածությունը, որտեղ պետք է բնակեցվի վտարվողը:

5. Վարձակալի ընտանիքի անդամ ճանաչելու մասին վեճեր քննելիս պետք է պարզել վարձակալի և ընտանիքի մյուս անդամների հետ փոխհարաբերությունների բնույթը, ընդհանուր տնտեսություն վարելու և համատեղ բնակվելու, որպես մշտական բնակության վայր հաշվառման վերցվելու, ինչպես նաև ընտանեկան հարաբերությունների առկայությունը վկայող այլ հանգամանքներ:

Դատարանները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ընտանիքի անդամ ճանաչելու մասին այն վեճերի լուծմանը, որոնք ծագում են վարձակալների մահից հետո: Նման դեպքերում անհրաժեշտ է պարզել, թե ինչու վարձակալի կենդանության ժամանակ նրա իրավունքն այդ բնակելի տարածության նկատմամբ սահմանված կարգով չի ձևակերպվել:

6. Դատարանները բնակելի տարածության վարձակալության պայմանագրից բխող վեճերը քննելիս պետք է նկատի ունենան, որ ըստ ՀՀ բնակարանային օրենսգրքի 53 հոդվածի վարձակալի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակելի տարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները: Ըստ այդ պայմանագրի վարձակալը և նրա ընտանիքի չափահաս անդամները կրում են համապարտ գույքային պատասխանատվություն:

Այս կանոնը կիրառվում է նաև ժամանակավոր բացակայող վարձակալի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ:

7. Ընդհանուր հարմարություններով բնակարաններում ազատված բնակելի տարածությունների հատկացման մասին վեճերը քննելիս դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ բնակ.օր. 44 և 41 հոդվածներով սահմանված կանոններով: Ընդհանուր հարմարություններով բնակարան է համարվում պետական և հանրային բնակարանային ֆոնդի այն բնակարանը, որտեղ բնակվում են ոչ միայն մեկից ավելի վարձակալներ, այլ նաև վարձակալներ և սեփականատերեր:

Ընդհանուր հարմարություններով բնակարանում ազատված բնակելի տարածությունը վարձակալներից կամ սեփականատերերից մեկին հատկացվելու դեպքում մյուս վարձակալը կամ սեփականատերը կարող է այդ հատկացումը վիճարկել դատական կարգով:

Եթե բնակարանի մի մասը գնվել է վարձակալներից մեկի կողմից, ապա նա օգտվում է ազատված բնակելի տարածությունը գնելու նախապատվության իրավունքից: Մեկից ավելի սեփականատերերի առկայության դեպքում այդ իրավունքը ընձեռնվում է բնակարանային պայմանների բարելավման առավել կարիքավորին: Նշված կանոնները չեն կիրառվում պաշտոնեական բնակելի տարածությունների և հանրակացարանների նկատմամբ:

8. ՀՀ բնակարանային օրենսգրքի 59 հոդվածով սահմանված հիմքով դատարան դիմելու իրավունքից օգտվում են վարձատուն, վարձակալը, կամ նրա այդ հետ բնակելի տարածությունում մշտապես բնակվող այլ անձինք:

Ընդհանուր բնակարանում բնակվող վարձակալը կամ սեփականատերը իրավասու չեն այդ բնակարանում բնակվող այլ վարձակալի կամ նրա ընտանիքի անդամի բացակայության դեպքում նրանց բնակելի տարածության օգտագործման իրավունքը կորցրած ճանաչելու մասին հայցը հարուցելու:

Օրենքով սահմանված ժամկետներից ավելի անձի բացակայության դեպքում բնակելի տարածությունից օգտվելու նրա իրավունքը կարող է կորցված ճանաչվել միայն այն դեպքում, եթե նա բացակայել է առանց հարգելի պատճառների:

Բացակայության հարգելի պատճառները կարող են համարվել ընտանիքի անդամների փոխհարաբերությունների լարվածությունը, ընտանիքի բազմանդամության պատճառով համատեղ բնակվելու անհնարինությունը, տարիքի կամ առողջական վիճակի առումով խնամքի կարիք ունենալը, բնակարանի խարխուլ ու վթարային լինելը և այլն:

Եթե մինչ շահագրգռված անձի դատարան դիմելը բացակայողը վերադարձել ու բնակվում է վիճելի բնակարանում, ապա գործը քննելիս պետք է նկատի ունենալ, որ վեճի հիմքը վերացել է:

9. Բնակելի տարածությունների վարձակալության պայմանագրերի փոփոխման մասին վեճերը քննելիս դատարանները պարտավոր են ղեկավարվել ՀՀ բնակարանային օրենսգրքի 81, 82, 83 հոդվածներով սահմանված կանոններով:

Մինչ դատարան դիմելը քաղաքացին հիշյալ պահանջով պետք է դիմի պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեին:

Վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների պահանջով բնակելի տարածության բաժանման միջոցով, վարձակալության պայմանագրի փոփոխումը հնարավոր է միայն ՀՀ բնակարանային օրենսգրքի 81 հոդվածի և 43 հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանների առկայության դեպքում: Դատարանը կարող է բնակարանի բաժանումը մերժել, եթե սանիտարական-տեխնիկական պայմանները հաշվի առնելով կգտնի, որ հնարավոր չէ մի քանի վարձակալության պայմանագրերի կնքումը:

Եթե բնակելի տարածությունը գտնվում է գերատեսչական բնակարանային ֆոնդի բնակելի շենքում, որի հատկացումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրով, ապա դատարանը վարձակալի ընտանիքի անդամին վարձակալ ճանաչելու հարցը քննելիս պարտավոր է պարզելու, թե արդյոք նա աշխատանքային իրավահարաբերությունների մեջ գտնվում է այն ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության հետ, որին պատկանում է տվյալ բնակելի շենքը:

Դատարանը վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների պահանջով բնակարանը բաժանելիս պետք է նկատի ունենա նաև լրացուցիչ բնակելի տարածությունը, եթե այդպիսին կա: Եթե լրացուցիչ բնակելի տարածությունը առանձին սենյակի ձևով տրվել է ընտանիքի մեկ անդամի (եթե նա չի հանդիսանում պահանջ ներկայացնող կողմ), ապա այն չի կարող մտցվել բաժանման ենթակա ընդհանուր բնակելի տարածության մեջ:

10. Դատարանը բնակելի տարածությունների փոխանակման մասին գործերը քննելիս նախ պետք է պարզի, թե փոխանակվող բնակելի տարածությունները բնակարանային որ ֆոնդատեսակներին են պատկանում, փոխանակումն ինչ բնույթ ունի (սովորական, ազգակցական, թե հարկադրական) և այն արդյոք ողջ բնակարանին է վերաբերում, թե նրա մի մասին:

Բնակելի տարածությունների փոխանակումն ավարտված է համարվում, երբ կողմերը պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից ստանում են փոխանակման օրդերները և փաստացի տեղափոխվում են փոխանակված բնակարանները:

11. Բնակելի տարածությունների փոխանակման մասին գործարքները կարող են անվավեր ճանաչվել, եթե կնքվել են փոխանակումն արգելող հանգամանքներում, որոնք նախատեսված են ՀՀ բնակարանային օրենսգրքի 66 հոդվածով, ՀՀ նախարարների խորհրդի հաստատած Հայաստանում բնակելի տարածությունների փոխանակման մասին կանոններով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գործարքների անվավերության մասին հիմքերով:

Բնակելի տարածությունների փոխանակման անվավերությունը դատական կարգով վիճարկելիս պետք է կիրառել հայցային վաղեմության մասին կանոնները:

12. Դատարանները բնակելի տարածությունների հարկադրական փոխանակման մասին գործերը քննելիս հստակ սահմանազատում պետք է անցկացնեն ՀՀ բնակարանային օրենսգրքի 65 հոդվածի 2-րդ մասի և 94 հոդ. միջև, քանի որ առաջին դեպքում փոխանակման հիմքը` փոխանակման մասին ընտանիքի անդամների անհամաձայնությունն է, իսկ երկրորդ դեպքում` ՀՀ բնակարանային օրենսգրքի 94 հոդ. սահմանված վարձակալի և նրա ընտանիքի անդամի (կամ անդամների) անիրավաչափ վարքագիծը միմյանց, կամ մեկ տան մեջ բնակվող այլ անձանց նկատմամբ:

Եթե ընտանիքի անդամների միջև վեճ է ծագել բնակելի տարածությունների փոխանակման շուրջը, դատարանը պարտավոր է հաշվի առնել տվյալ բնակելի տարածությունում բնակվողների շահերն ու նրանց կողմից բերված ուշադրության արժանի փաստարկները:

ՀՀ Բնակարանային օրենսգրքի 94 հոդ. կիրառելիս դատարանները պետք է նկատի ունենան, որ եթե ընդհանուր բնակարանում բնակվող մյուս վարձակալը (կամ վարձակալները) համաձայն չեն փոխանակմանը, ապա հարկադիր փոխանակումը պետք է վերաբերի, ոչ թե ողջ բնակարանին, այլ այն անձի զբաղեցրած բնակելի տարածությանը, որի վրա տարածվում են հիշյալ հոդվածում սահմանված հիմքերը:

Եթե ընդհանուր բնակարանը վարձակալական հիմունքներով զբաղված է նախկին ամուսինների կողմից, ապա հարկադրական փոխանակումը կարող է վերաբերվել ողջ բնակարանին:

13. Դատարանները բնակելի տարածության նկատմամբ ինքնուրույն իրավունք չունեցող անձանց (ենթավարձակալ, ժամանակավոր բնակիչ, խնամակալ և հոգաբարձու) մասին բնակարանային վեճերը քննելիս պետք է նկատի ունենան, որ պետական ու հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունների ենթավարձակալները, բնակարանային, բնակարանային շինարարական կոոպերատիվների և անհատական բնակարանային ֆոնդի բնակելի տների վարձակալները գտնվում են նույն իրավական վիճակում` բնակելի տարածության նկատմամբ ինքնուրույն իրավունք չունեն, անկախ տարածության զբաղեցման ժամկետից:

Ըստ ՀՀ Բնակարանային օրենսգրքի 73 հոդվածի ենթավարձակալությունը պարտադիր պետք է ձևակերպվի վարձակալի և երրորդ անձի (ենթավարձակալի) միջև կնքված գրավոր պայմանագրով, որը պետք է գրանցվի բնակարանային շահագործման կազմակերպությունում: Եթե խախտված է այս հիմնական կանոնը և 73 հոդ. նախատեսված պայմանները, ապա քաղաքացու անձնական քարտի վրա «ենթավարձակալ» բառի նշումը չի կարող հիմք հանդիսանալ նրան ենթավարձակալ ճանաչելու համար:

Պետական և հանրային բնակարանային ֆոնդի վարձակալի բնակելի տարածությունում որպես ժամանակավոր բնակիչ, խնամակալ կամ հոգաբարձու բնակեցված անձինք բնակելի տարածության նկատմամբ ինքնուրույն իրավունք ձեռք չեն բերում: Այս կանոնը կիրառվում է նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվների և անհատական բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունների նկատմամբ, բացի ՀՀ բնակարանային օրենսգրքի 64 հոդվածում նախատեսված դեպքերից:

14. Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակվարձի և կոմունալ ծառայություններից օգտվելու վարձաչափը որոշվում է նորմատիվային կարգով, իսկ բնակարանային, բնակարանային շինարարական կոոպերատիվների և անհատական բնակարանային ֆոնդերի բնակելի տարածություններինը` կոոպերատիվի անդամների, սեփականատիրոջ և վարձակալի փոխադարձ համաձայնությամբ:

Նման վեճերը լուծելիս դատարանները պետք է նկատի ունենան, որ վարձակալի ընտանիքի չափահաս անդամները վարձակալի հետ համապարտ գույքային պատասխանատվություն են կրում:

Բնակարանային, բնակարանային շինարարական կոոպերատիվների և անհատական բնակարանային ֆոնդերի բնակելի տարածությունների վարձակալների կողմից բնակվարձի և կոմունալ տարածություններից օգտվելու վարձի սիստեմատիկաբար չմուծվելը կոոպերատիվի անդամին և սեփականատիրոջը իրավունք է ընձեռում ցանկացած ժամանակ պայմանագրի լուծման պահանջ ներկայացնելը:

15. Պետական և հանրային բնակարանային ֆոնդերի տներում բնակելի ու օժանդակ տարածությունները վերակառուցելու և վերապլանավորելու շուրջը վարձակալի ընտանիքի անդամների, վարձակալի ու վարձատուի միջև ծագած վեճերը ենթակա են դատարանի քննությանը, եթե վերանորոգման կամ վերապլանավորման համար կա պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի թույլտվությունը: Նման վեճ քննելիս դատարանը իրավասու է միաժամանակ լուծելու բնակելի տարածությունը բաժանելու մասին պահանջը:

16. Այլ վայր մշտական բնակության տեղափոխվելու պատճառաբանությամբ բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ վեճերը քննելիս դատարանը պարտավոր է ապացույցներ պահանջել այն մասին, որ վարձակալը բնակություն է հաստատել ուրիշ բնակավայրում կամ նույն բնակավայրի այլ բնակելի տարածությունում: Այդպիսիք կարող են հանդիսանալ բնակելի տարածությունից դուրս գրվելը, աշխատանքից ազատվելը և նոր բնակության վայրում աշխատանքի տեղավորվելը, նոր աշխատանքի վայրում բնակելի մակերեսով ապահովելու մասին փաստաթղթերը և այլն:

Ըստ ՀՀ բնակարանային օրենսգրքի 84 հոդվածի բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծված է համարվում վարձակալի և նրա ընտանիքի անդամների մեկնելու կամ վերաբնակեցվելու օրից:

17. ՀՀ բնակարանային օրենսգրքի 86 հոդվածի համաձայն, բացառության կարգով դատախազի սանկցիայով թույլատրվում է այն անձանց վտարումը, ովքեր բնակելի տարածությունը զբաղեցրել են ինքնագլուխ կամ բնակվում են փլուզման վտանգի տակ գտնվող տներում:

Քաղաքացու կողմից բնակելի տարածության զբաղեցումը համարվում է ինքնագլուխ, եթե դա տեղի է ունեցել առանց իրավական հիմքի:

Քաղաքացու կողմից բնակելի տարածության զբաղեցումը համարվում է ինքնագլուխ նաև այն դեպքում, երբ այն չնայած զբաղեցվել է նախկին վարձակալի համաձայնությամբ, սակայն նրա կողմից կնքված վարձակալության պայմանագիրը դադարելուց հետո:

Եթե քաղաքացու կողմից և ոչ բնակելի տարածության զբաղեցումը կատարվել է թույլտվությամբ, սակայն ոչ սահմանված կարգով, ապա այն ինքնագլուխ դիտվել չի կարող: Նման դեպքում ծագած վեճը լուծվում է դատական կարգով:

18. Դատարանները բնակելի տարածություններից քաղաքացիների վտարման մասին գործերը քննելիս պարտավոր են պարզել, թե արդյոք այն պետք է կատարվի մեկ այլ բարեկարգ բնակելի տարածության հատկացմամբ, թե ոչ: Եթե քաղաքացին պետք է վտարվի մեկ այլ բնակելի տարածության հատկացմամբ, ապա այդ մասին` բնակելի տարածության կոնկրետ հիշատակմամբ, պետք է նշվի դատարանի վճռում:

Վտարվող քաղաքացուն մեկ այլ բնակելի տարածություն հատկացնելիս դատարանները պարտավոր են խստորեն պահպանել ՀՀ բնակարանային օրենսգրքի 42, 43, 91 և 93 հոդվածների պահանջները, նկատի ունենալով, նաև, որ ժամանակավոր կացարանները չպետք է դիտել, որպես մշտական բնակելի տարածություն:

19. Դատարանները ՀՀ բնակարանային օրենսգրքի 92 հոդ. կիրառելիս պետք է նկատի ունենան, որ այն վերաբերում է ոչ թե գերատեսչական բնակարանային ֆոնդի բնակելի տներին ընդհանրապես, այլ Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների բնակելի տներին, որոնց ցանկը հաստատել է ՀՀ Նախարարների խորհուրդը: Նման տների բնակելի տարածություններից բանվորների և ծառայողների վտարումը կատարվում է մեկ այլ բնակելի տարածության հատկացմամբ, եթե նրանք դադարեցրել են իրենց աշխատանքային հարաբերությունները բնակելի տարածության հատկացրած ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության հետ` սեփական ցանկությամբ առանց հարգելի պատճառի, կամ ազատել աշխատանքից աշխատանքային կարգապահությունը խախտելու կամ հանցագործություն կատարելու համար:

Նման բնակարանային օրենսգրքի 92 հոդ. չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնց հիշյալ բնակելի տարածությունները հատկացվել է օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով (բնակելի տունը քանդելու, բնակելի տարածությունները փոխանակելու և այլն):

20. Աշխատանքային հարաբերությունները դադարեցրած բանվորներին և ծառայողներին պաշտոնեական բնակելի տարածություններից վտարելու մասին հարցերը քննելիս դատարանները պետք է ստուգեն այդ բնակելի տարածության պաշտոնեական լինելը, պատասխանողի հիշյալ անձանց թվին դասվելը և պաշտոնեական օրդերի առկայությունը:

Եթե պատասխանողը չի պատկանում այն աշխատողների շարքին, ովքեր իրավունք ունեն բնակվելու պաշտոնեական բնակելի տարածությունում, սակայն նրան այդպիսի բնակելի տարածություն է հատկացվել, նրա վտարման հարցը պետք է լուծվի, ելնելով օրդերն անվավեր ճանաչելու հիմքից:

Պաշտոնեական բնակելի տարածություններից բանվորների և ծառայողների վտարումը կատարվում է առանց մեկ այլ բնակելի տարածության հատկացմամբ, իսկ օրենքով նախատեսված առանձին դեպքերում այլ բնակելի տարածություն հատկացնելով: Մեկ այլ բնակելի տարածության հատկացմամբ վտարվող քաղաքացիների սպառիչ ցանկը տրված է ՀՀ բնակարանային օրենսգքի 102 հոդ.:

Դատարանները պետք է նկատի ունենան, որ պաշտոնեական բնակելի տարածությունները բանվորներին և ծառայողներին հատկացվում են աշխատանքի բնույթից ելնելով, ուստի նրանց վտարման հիմքը աշխատանքային հարաբերությունների դադարեցումն է այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ, որը հատկացրել է պաշտոնեական բնակելի տարածությունը:

Պաշտոնեական բնակելի տարածությունից վտարումը չի թույլատրվում, եթե աշխատանքից ազատված վարձակալի ընտանիքի անդամներից թեկուզ մեկը աշխատանքային հարաբերությունների մեջ է վարձատուի հետ:

Պաշտոնեական բնակելի տարածություններից վտարման ենթակա չեն այն բանվորներն ու ծառայողները, որոնք աշխատանքից ազատվել են մինչ զբաղեցրած բնակելի տարածությունը պաշտոնեական բնակելի տարածությունների թվին դասվելը:

Դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն պաշտոնեական բնակելի տարածություններից բանվորների և ծառայողների վտարումը բացառող հիմքերին: Դատական նշանակություն ունեն միայն այն հիմքերը, որոնք ծագել են մինչ վտարման մասին գործի դատաքննության սկիզբը:

21. Դատարանները հանրակացարաններից քաղաքացիների վտարման մասին հայցերը քննելիս պետք է ղեկավարվեն ՀՀ բնակարանային օրենսգրքի 102 և 105 հոդվածներով: Միաժամանակ պարտավոր են պարզել արդյոք այն, որպես հանրակացարան, սահմանված կարգով գրանցված է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեում, քաղաքացիների բնակեցումը կատարվել է սահմանված կարգով, առկա են ՀՀ Բնակարանային օրենսգրքի 102 հոդ. նախատեսված հիմքերը կամ աշխատանքային հարաբերությունների դադարումը կատարվել է հարգելի պատճառով, թե ոչ:

22. Այն բնակարանային գործերով, որոնցում շոշափվում են պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, իսկ որոշ դեպքերում նաև պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպությունների շահերը, անհրաժեշտ է նրանց ներգրավել գործի քննությանը:

Բնակելի տարածություններից վտարելու, դրանք բաժանելու, փոխանակելու և օգտագործելու իրավունքը կորցրած ճանաչելու մասին հայցերով դատարանները գործին մասնակից պետք է դարձնեն վարձակալի հետ բնակվող բոլոր չափահաս անձանց, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև անչափահասների ներկայացուցիչներին:

Բնակարանային գործերը քննելիս դատարանները պետք է նպաստեն կողմերի հաշտեցմանը, նման ուղիներ փնտրելով դատաքննության ընթացքում:

23. Բնակելի տարածությունները քանդելու, փչացնելու հետևանքով պատճառված վնասի հատուցման մասին հայցերը քննելիս դատարանները պարտավոր են ղեկավարվել պատճառված վնասի լրիվ ծավալով հատուցման քաղաքացիա-իրավական նորմերով:

Պատճառված վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը պետք է հենվի մասնագիտական հանձնաժողովի կազմած ակտի վրա, անհրաժեշտության դեպքում օգտագործելով նաև գործում եղած այլ ապացույցներ: Նման ակտի բացակայության դեպքում այն կարող է կազմվել դատարանի նախաձեռնությամբ:

24. Բնակարանային վեճերի նկատմամբ կիրառվում է հայցային վաղեմության ժամկետը, բացառությամբ ենթավարձակալների և ժամանակավոր բնակիչների վտարման մասին պահանջների:

Օրդերն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերի քննությանը պետք է մասնակից դարձնել ինչպես օրդեր տվող պատգամավորների տեղական խորհրդի գործկոմին, այնպես էլ բնակելի տարածության հատկացման մասին որոշում կայացնող գործկոմին կամ կազմակերպությանը:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան