Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Գերագույն դատարանի պլենում
Ընդունման ամսաթիվ
02.10.1992
Ստորագրման ամսաթիվ
04.10.1992

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 1992 թ. ք. Երևան

 

Հայրությունը որոշելու ԵՎ երեխաների դաստիարակության ու պահելու վերաբերյալ վեճերը լուծելիս դատարանների կողմից օրենսդրության կիրառման մասին

 

Ծնողների` զավակներին դաստիարակելու և պահելու իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ վեճերի ճիշտ լուծումն ապահովում է երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը և կարող է նպաստել երեխաների պատշաճ դաստիարակության համար ծնողների պատասխանատվության բարձրացմանն ու անչափահասների իրավախախտումների կանխմանը:

Հանրապետության դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ վեճերը հիմնականում ճիշտ են լուծվում: Դրա հետ միաժամանակ հիշյալ բնույթի գործեր քննելիս թույլ են տրվում առանձին սխալներ, ինչպես նաև ծագում են հարցեր, որոնք պարզաբանում են պահանջում:

Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Դատարանների ուշադրությունը հրավիրել հայրությունը որոշելու և երեխաների դաստիարակության ու պահելու վերաբերյալ վեճերը քննելիս օրենքը խստորեն պահպանելու, այդ գործերը պատշաճ կարգով դատաքննության նախապատրաստելու, գործի փաստական հանգամանքները, երեխաների կյանքի պայմանները և կողմերի փոխհարաբերությունները լիովին պարզելու անհրաժեշտության վրա:

2. Դատարանի քննությանը ենթակա են ծնողների և զավակների փոխադարձ իրավունքների ու պարտականությունների հետ կապված հետևյալ վեճերը. հայրությունը որոշելու, ծնունդների գրանցման մատյանում երեխայի ծնողների գրանցումն անվավեր ճանաչելու, ալիմենտի բռնագանձման և դրա չափը պակասեցնելու կամ վճարումից ազատելու, անջատ բնակվող ծնողների միջև երեխաների ապրելու վայրի վերաբերյալ, երեխաներից անջատ ապրող ծնողի երեխաների դաստիարակությանը մասնակցելու արգելքները վերացնելու, այլ անձանց մոտ գտնվող երեխաներին ծնողներին վերադարձնելու, ծնողական իրավունքներից զրկելու և ծնողական իրավունքներում վերականգնելու, առանց ծնողական իրավունքներից զրկելու երեխաներին ծնողներից վերցնելու, որդեգրումը վերացնելու ու այն անվավեր ճանաչելու մասին և այլ վեճեր:

3. Հայրությունը որոշելու վերաբերյալ գործերը դատարանները քննության են առնում հայցային վարույթի կարգով այն անձանց դիմումի հիման վրա, որոնք նշված են ՀՀ ամ. և ընտ. օր. 54 հոդվածի առաջին մասում, հետևաբար դատավորը պարտավոր է հայրությունը որոշելու վերաբերյալ հայցադիմում ընդունել ոչ միայն երեխայի մորից, այլ նաև այն անձից, որն իրեն համարում է երեխայի հայրը, բայց մայրը հրաժարվում է նրա հետ համատեղ դիմում տալ:

Նման հայցը կարող է հարուցել նաև ինքը` երեխան, չափահաս դառնալուց հետո: Անկախ նրանից, թե ում կողմից է հայցը հարուցված, չափահաս անձանց նկատմամբ հայրության հաստատումը թույլ է տրվում միայն նրանց համաձայնությամբ:

ՀՀ ամ. և ընտ. օր. 55 հոդվածի համաձայն երեխայի հոր կամ մոր վերաբերյալ ծննդյան գրանցման մատյանում կատարված գրանցումը վիճարկելու իրավունք ունեն միայն այդ անձինք:

4. Հայրության ճանաչման պահանջ ներկայացվող անձի մահվան դեպքում նման գործերի քննությունը կատարվում է հատուկ վարույթի կարգով, շահագրգռված անձանց մասնակցությամբ, որպիսիք հանդիսանում են մահացածի ժառանգները:

Հայրությունը ճանաչելու փաստը դատարանը կարող է հաստատել ինչպես այն դեպքում, երբ երեխան գտնվել է անձի խնամքի տակ նրա մահվան պահին, այնպես էլ դրանից առաջ, եթե այդ անձը իրեն ճանաչել է երեխայի հայր: Այդպիսի փաստ կարող է հաստատվել նաև այն անձի մահից հետո, որն իրեն ճանաչել է ապագա երեխայի հայր մոր հղիության ժամանակամիջոցում:

5. Հայրությունը որոշելու վերաբերյալ դիմումը դատարանի վարույթ կարող է ընդունվել երեխայի ծնունդը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելուց հետո, երբ երեխայի հոր մասին գրանցումը կատարվել է մոր ազգանունով, իսկ երեխայի հոր անունը և հայրանունը գրանցվել են մոր ցուցումով:

Այդ գործերը դատաքննության նախապատրաստելիս անհրաժեշտ է պահանջել երեխայի ծննդյան գրանցման ակտի պատճեն:

Դատարանները վարույթ չպետք է ընդունեն հայրությունը որոշելու վերաբերյալ դիմումը, եթե երեխայի ծննդյան գրանցման ակտում որպես հայր նշված է որոշակի անձ: Նման դեպքերում հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել միայն կատարված գրանցումն անվավեր ճանաչելուց հետո:

6. ՀՀ ամ. և ընտ. օր. 51 հոդվածի համապատասխան ծնողների և զավակների փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների` օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա, ուստի հայրությունը որոշելու վերաբերյալ գործերը քննելիս պետք է պարզել արդյոք չի բացառվում երեխան պատասխանողից սերված լինելու հանգամանքը: Անհրաժեշտության դեպքում երեխայի սերվելու հետ կապված հարցերը պարզելու համար դատարանը կարող է նշանակել դատաբժշկական փորձաքննություն:

7. Հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը բավարարելու համար անհրաժեշտ է ոչ միայն որ հաստատված լինի երեխայի պատասխանողից սերված լինելու փաստը, այլ նաև առկա լինի ՀՀ ամ. և ընտ. օր. 54 հոդվածի 2-րդ մասում թվարկված հանգամանքներից որևէ մեկը:

8. Այն դեպքում, երբ պատասխանողը դատական նիստում ճանաչում է հայրությունը, կողմերին պետք է բացատրել հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա հոր գրանցումը կատարելու կարգը և եթե պատասխանողը համաձայնվում է դիմում տալ, դատարանը կարող է որոշակի ժամկետով հետաձգել գործի քննությունը: Ծնողների համատեղ դիմումի հիման վրա տրված ծննդյան վկայականը ներկայացնելու դեպքում գործի վարույթը ենթակա է կարճման, բայց դատարանը հայց ներկայացնող անձի պահանջով լուծում է ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ վեճը:

9. Ի տարբերություն հայրությունը որոշելու մասին վեճերի, որոնց համար վաղեմության ժամկետ չի սահմանված, երեխաների շահերից ելնելով ՀՀ ամ. և ընտ. օր. 55 հոդվածը սահմանում է երեխայի ծնողների մասին գրանցումը վիճարկելու մեկամյա ժամկետ, որի ընթացքը սկսում է այն ժամանակից, երբ երեխայի հայր կամ մայր գրանցված անձին հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար կատարված գրանցման մասին: Այդ ժամկետը, որպես հայցային վաղեմության ժամկետ, կարող է կասեցվել, ընդհատվել և վերականգնվել, իսկ եթե այն բաց է թողնվել առանց հարգելի պատճառի, ապա հայցը կարող է մերժվել այդ հիմքով

(ՀՀ քաղ.օր. 85-87 հոդվածներ):

10. Դատարանները երեխաների դաստիարակության մասին գործերը քննելիս խստորեն պետք է ղեկավարվեն ՀՀ ամ. և ընտ. օր. 63 հոդ., ըստ որի երեխաների դաստիարակությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ: Ծնողները, որպես կանոն, երեխաների դաստիարակությունը և խնամքը իրականացնում են համատեղ: Երեխայի համատեղ դաստիարակությունն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ նա ապրում է ծնողների հետ, այլ նաև նրանց անջատ բնակության դեպքում, երբ ծնողները հաղորդակցվում են երեխայի հետ, նրա նկատմամբ ցուցաբերելով ծնողական հոգատարություն:

Երեխայի համատեղ խնամքի տակ պետք է հասկանալ ծնողների կողմից նրան պարբերաբար օգնություն ցույց տալը` անկախ օգնության չափից:

11. Երեխաների դաստիարակության հետ կապված բոլոր տեսակի վեճերը քննելիս, անկախ այն բանից, թե ում կողմից է հայց հարուցվել, ՀՀ ամ. և ընտ. օր. 76 հոդվածի համապատասխան գործին մասնակից պետք է դարձվի խնամակալության և հոգաբարձության մարմինը, որը ՀՀ քաղ.դատ.օր. 42 հոդվածով սահմանված կարգով գործի վերաբերյալ եզրակացություն է տալիս:

Գործը դատաքննության նախապատրաստելիս անհրաժեշտ է պահանջել, որ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ուսումնասիրվի երեխայի ու նրա դաստիարակությունը ստանձնելու պահանջ ներկայացնող անձանց կենսապայմանները և միայն այդ մարմնի եզրակացությունն ու կենսապայմանների հետազոտման մասին արձանագրությունը ստանալուց հետո գործը նշանակել քննության:

12. Դատարանները պետք է նկատի ունենան, որ ՀՀ ամ. և ընտ. օր. 66 հոդվածով սահմանված է անջատ ապրող ծնողների միջև երեխաների դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման նախնական արտադատարանական կարգ: Այդ վեճերը դատարանները կարող են քննել, եթե խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայի դաստիարակությանը անջատ ապրող ծնողի մասնակցության կարգ է սահմանել, բայց ծնողները կամ նրանցից որևէ մեկը չեն ենթարկվում այդ մարմինների ցուցումներին: Նման դեպքերում հայցը կարող է հարուցվել խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից: Եթե հայց է հարուցում երեխայի ծնողներից որևէ մեկը, ապա դատարանը պարտավոր է ՀՀ քաղ.դատ.օր. 36 հոդվածի համապատասխան գործի քննությանը, որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, ներգրավել խնամակալության և հոգաբարձության մարմնին:

13. Անջատ բնակվող ծնողների միջև երեխայի ապրելու վայրի վերաբերյալ վեճերը լուծելիս ծնողներից որևէ մեկին առավելություն տրվել չի կարող, քանի որ ՀՀ ամ. և ընտ. օր. 62 հոդվածի համապատասխան հայրը և մայրը իրենց զավակների նկատմամբ ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:

Նույն օրենսգրքի 64 հոդվածի համապատասխան այդ գործերով կայացված վճիռները պետք է բխեն երեխաների շահերից, որի համար անհրաժեշտ է հաշվի առնել երեխաների տարիքը և կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրին, այն հանգամանքը, թե ծնողներից ով է առավել հոգատար և ուշադիր երեխաների նկատմամբ, ծնողների անձնական հատկությունները և դաստիարակության պատշաճ պայմաններ ստեղծելու հնարավորությունը: Ծնողներից մեկի նյութական-կենցաղային դրության առավելությունը երեխաներին նրան հանձնելու որոշիչ պայման չի հանդիսանում:

Դատարանը պետք է կողմերին բացատրի, որ երեխայից անջատ ապրող ծնողը իրավունք ունի շփվելու երեխայի հետ, մասնակցելու նրա դաստիարակությանը, իսկ այն ծնողը, որի մոտ ապրում է երեխան, իրավունք չունի մյուս ծնողին արգելք հանդիսանալ: Նման արգելքը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի վրա և ելնելով երեխայի շահերից հնարավոր է այդ հիմքով երեխային հանձնել մյուս ծնողին:

14. Երեխաներից անջատ ապրող ծնողի երեխաների դաստիարակությանը մասնակցելու արգելքները վերացնելու մասին վեճեր լուծելիս պետք է ստուգել արդյոք խնամակալության և հոգաբարձության մարմինների սահմանած կարգը համապատասխանում է երեխաների շահերին և ապահովում է արդյոք ծնողների բավարար մասնակցությունը նրանց դաստիարակությանը:

Ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից դատարանը կարող է սահմանել երեխայի դաստիարակությանը առանձին ապրող ծնողի մասնակցության կարգ` ծնողի կողմից երեխային տանը, մանկամսուրում, մանկապարտեզում, դպրոցում կամ այլ մանկական հիմնարկներում որոշակի օրերին և ժամերին այցելելը կամ երեխայի կողմից ծնողին այցելելը, երեխայի հետ հանգստյան և տոն օրերը, արձակուրդներն ամբողջությամբ կամ մասնակիորեն անցկացնելը և այլն:

15. Եթե ծնողներն ունեն մի քանի երեխաներ և նրանց բնակության վայրի վերաբերյալ համաձայնության չեն գալիս, դատարանն այդ վեճերը լուծելիս չի կարող մեխանիկական մոտեցում ցուցաբերել և երեխաներին բաժանել իրարից: Սակայն, երբ դա բխում է երեխաների շահերից, հնարավոր է երեխաներից մեկին թողնել մոր մոտ, իսկ մյուսին` հոր: Նման դեպքերում ՀՀ ամ. և ընտ. օր. 81 հոդվածի համապատասխան ալիմենտ է գանձվում նյութապես առավել ապահովված ծնողից` մյուսի օգտին:

16. Ծնողներն այլ անձանց համեմատությամբ իրենց երեխաներին անձամբ դաստիարակելու նախապատվության իրավունք ունեն, բայց դատարանը կարող է մերժել ծնողի հայցը այլ անձանց մոտ գտնվող երեխան վերադարձնելու մասին, եթե գալիս է այն համոզման, որ երեխան նրան հանձնելը հակասում է անչափահասի շահերին:

Այդ վեճերը քննելիս դատարանը հաշվի է առնում երեխայի պատշաճ դաստիարակությունն ապահովելու ծնողի հնարավորությունը, երեխայի փոխհարաբերությունների բնույթը ծնողի և այն անձանց հետ, որոնց մոտ նա ապրում է և այլն:

17. Երեխաների դաստիարակության հետ կապված վեճերի լուծման համար նշանակություն ունի նաև իրենց` երեխաների կարծիքը, բայց անթույլատրելի է նրանց հարցաքննել որպես վկաներ` ծնողների վարքագծի և ապրելակերպի մասին:

Կողմերի նկատմամբ երեխաների կարծիքի, նրանց հարաբերությունների պարզումը կատարվում է ժողկրթբաժնի կողմից հետազոտություն կատարելիս, իսկ եթե դատարանը անհրաժեշտ է համարում լսել երեխային, ապա այդպիսի հարց ու փորձը հնարավոր է կատարել հաշվի առնելով երեխայի տարիքը, զարգացումը, մանկավարժի ներկայությամբ և այնպիսի պայմաններում, որը բացառի նրա վրա շահագրգռված անձանց ազդեցությունը:

18. Օրենքի համաձայն անչափահաս երեխաների նկատմամբ խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորություններն իրականացնում են պատգամավորների շրջանային /քաղաքային/ խորհուրդների գործադիր կոմիտեները, ժողովրդական կրթության բաժինների միջոցով: Ժողկրթբաժնի եզրակացությունը դատարանը գնահատում է գործի մյուս նյութերի հետ ամբողջությամբ: Այդ եզրակացության հետ համաձայն չլինելը պետք է պատճառաբանվի վճռում:

Եթե երեխաների բնակության վայրն, նրանց ծնողներին հանձնելու վերաբերյալ վեճերով կողմերը ապրում են տարբեր շրջաններում, ապա նրանց կենսապայմանների հետազոտման արձանագրությունները պետք է կազմվեն յուրաքանչյուրի բնակավայրի ժողկրթության բաժինների կողմից, իսկ եզրակացությունը պետք է տա երեխայի գտնվելու վայրի ժողկրթբաժինը, որի ներկայացուցիչն էլ պետք է մասնակցի դատական նիստին:

Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է լսել հետազոտման արձանագրությունը կազմած անձանց:

19. Երեխաների դաստիարակությանը վերաբերող հարաբերությունները տևական են, ուստի երեխաների հանձնումը մյուս ծնողին, այլ անձանց խնամակալության և հոգաբարձության մարմիններին արգելք չի հանդիսանում այն ծնողին, որը գտնում է, որ վերացել են այն հանգամանքները, որոնց առկայության պայմաններում դատարանը այդպիսի վճիռ է կայացրել, հայց ներկայացնելու երեխաներին իրեն հանձնելու մասին: Դատարանը հաշվի առնելով փոփոխված հանգամանքները և երեխաների շահերը իրավունք ունի կայացնելու նոր վճիռ:

20. Դատարանները պետք է նկատի ունենան, որ ծնողական իրավունքներից զրկումը ծայրահեղ միջոց է և կարող է կիրառվել միայն ՀՀ ամ. և ընտ. օր. 68 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և նույն օրենսգրքի 69 հոդվածում նշված անձանց կողմից հարուցված հայցի հիման վրա:

Ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականությունից:

Ծնողական իրավունքները կարող են վերականգնել միայն այդ իրավունքներից զրկված անձի կամ դատախազի հայցով, ընդորում վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է:

21. Ալիմենտի բռնագանձման վերաբերյալ դիմումները քննության են առնվում ժողդատավորի կողմից միանձնյա, առանց քաղաքացիական գործ հարուցելու, այն անձի համաձայնության դեպքում, որը պարտավոր է ալիմենտ վճարել, կամ էլ դատարանի կողմից սահմանված ժամկետում` ալիմենտ վճարելու դեմ նրանից առարկություններ չստանալու դեպքում:

Ալիմենտի բռնագանձման որոշման դեմ գանգատ լինելու դեպքում ժողդատավորը բեկանում է իր որոշումը և ալիմենտի պահանջը քննության առնում հայցային վարույթի կարգով: Ծնողները չեն կարող հայց հարուցել իրենց օգնության կարիք ունեցող անաշխատունակ չափահաս զավակների օգտին ալիմենտ բռնագանձելու համար, քանի որ նրանք միայն անչափահաս զավակների օրինական ներկայացուցիչներն են հանդիսանում: Նման հայցադիմում կարող են ներկայացնել ինքը` չափահաս զավակը, իսկ եթե նա անգործունակ է ճանաչված, ապա այն անձը, որն օրենքով սահմանված կարգով նրա խնամակալն է նշանակված:

22. Անչափահաս երեխաների համար բռնագանձվող ալիմենտի չափը որոշվում է պատասխանողի վաստակի նկատմամբ բաժնային հարաբերությամբ ՀՀ ամ. և ընտ. օր. 78 հոդվածով սահմանված չափով: Այդ բաժինները ավելացվել չեն կարող, իսկ նվազեցնել դատարանը կարող է նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում թվարկված հիմքերով:

Նկատի ունենալով, որ ալիմենտի չափը նվազեցնելը օրենքի պարտադիր պահանջը չէ, դատարանը կարող է գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով /երեխայի հիվանդությունը, ծնողներից բավարար նյութական միջոցներ չստանալու պահանջով անչափահասի աշխատելը և այլն/ մերժել այդպիսի հայցը:

Անչափահաս երեխաների համար բռնագանձվող ալիմենտի չափը չի կարող պակաս լինել հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի քառորդ բաժնից` մեկ երեխայի համար, երկու երեխայի համար` 1/3-րդ, երեք և ավելի երեխաների համար` կես բաժնից:

Ալիմենտի բռնագանձումը կայուն դրամական գումարով հնարավոր է նշված չափերից ոչ պակաս, միայն վճարում պահանջող անձի խնդրանքով և ՀՀ ամ. և ընտ. օր. 81 հոդվածում թվարկված պայմանների առկայության դեպքում:

23. Եթե երեխան տեղափոխվում է ալիմենտ վճարող ծնողի մոտ, մշտական բնակության, իսկ ալիմենտ ստացող ծնողը չի հրաժարվում այն ստանալուց, ապա ալիմենտի վճարումից ազատումը կատարվում է ոչ թե կատարողական վարույթի կանոններով, այլ դատարանի վճռով, հայցային վարույթի կարգով:

Բացառիկ դեպքերում ՀՀ քաղ. դատ.օր. 206 հոդվածի համապատասխան կարող է տեղափոխվել ալիմենտի բռնագանձման վերաբերյալ վճռի կատարման եղանակը և ալիմենտը վճռում սահմանված չափով հետագա տարիների համար կատարված հաշվարկով բռնագանձվել միանվագ:

24. ՀՀ ամ. և ընտ. օր. 136 հոդվածի համաձայն որդեգրումը կարող է անվավեր ճանաչվել միայն երեխայի ծնողների խնամակալության ու հոգաբարձության մարմինների և դատախազի հայցի հիման վրա, իսկ որդեգրումը վերացնելու պահանջով, բացի նշված անձանցից, նույն օրենսգրքի 130 հոդվածի համաձայն կարող է դիմել նաև որդեգրողի ամուսինը, եթե որդեգրումը կատարվել է առանց նրա համաձայնության: Որդեգրողների հայցով որդեգրումը վերացվել կամ անվավեր ճանաչվել չի կարող, քանի որ որդեգրման ակտով նրանք որդեգրվածների նկատմամբ ձեռք են բերել ծնողների իրավունքներ և պարտականություններ:

Որդեգրողի, ինչպես նաև որդեգրումը վերացնելու կամ անվավեր ճանաչելու մասին հայցը հարուցելու իրավունք չունեցող այլ անձանց դիմումների ընդունումը դատարանը կարող է մերժել, իսկ այն ընդունված լինելու դեպքում գործի վարույթը կարճել և այդ անձանց բացատրել, որ նրանք կարող են դիմել խնամակալության և հոգաբարձության մարմնին, կամ դատախազին, որոնցից կախված է նման պահանջ ներկայացնելու հայցի լուծումը

(ՀՀ քաղ.դատ.օր. 128 հոդվածի 1-ին կետ, 218 հոդվածի 1-ին կետ և ամ. և ընտ.օր.131 հոդված):

25. Դատարանները որդեգրման մասին գործերը քննելիս պարտավոր են միմյանցից հստակորեն սահմանազատել որդեգրումը վերացնելու և որդեգրումն անվավեր ճանաչելու հասկացությունները:

Որդեգրումը կարող է վերացվել այն դեպքում, երբ կատարվել է առանց որդեգրվածի ծնողների կամ որդեգրողի ամուսնու համաձայնության, ինչպես նաև երբ որդեգրողը իր պարտականությունները պատշաճ կերպով չի կատարում կամ երբ այդ է պահանջում երեխայի շահերը:

Որդեգրումը վերացնել չի թույլատրվում, եթե այն վերացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու պահին որդեգրվածը չափահաս է դարձել: Այդ դեպքերում որդեգրումը կարող է վերացվել միայն որդեգրողների, որդեգրվածի և նրա ծնողների փոխադարձ համաձայնությամբ:

26. Դատարանները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն վերոհիշյալ գործերով վճիռների եզրափակիչ մասի շարադրման, դրանց կատարման վրա: Հաշվի առնելով լուծվող վեճերի առանձնահատկությունները, դատարանները անհրաժեշտության դեպքում պարտավոր են քննության առնել այդպիսի վճիռների կատարման եղանակն ու կարգը որոշելու հարցը:

Հայրությունը որոշելու, հայրության փաստը և հայրության ճանաչման փաստը հաստատելու վերաբերյալ վճռի եզրափակիչ մասում պետք է տեղեկություններ պարունակվեն, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում հայրությունը գրանցելու համար` հոր ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամսաթիվը, ծննդավայրը, ազգությունը, բնակության և աշխատանքի վայրը:

ՀՀ ամ. և ընտ. օր.138 հոդվածի համապատասխան որդեգրումն անվավեր ճանաչելու կամ որդեգրումը վերացնելու վերաբերյալ վճիռը, այն ուժի մեջ մտցնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում, ուղարկվում է որդեգրման վերաբերյալ որոշումը կայացրած մարմնին և այն մարմնին, որտեղ գրանցված է որդեգրումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան