Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.11.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.11.03/25(143) Հոդ.390
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.08.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հոկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003323

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 օգոստոսի 2003 թ. N 297-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 49 որոշման 6.3 կետը:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի թիվ 49 որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները՝

2.1. Կանոնակարգի 5-րդ կանոնի 1-ին կետից հանել «բանկի անունից գործարքներ կատարելու համար լիազորված բանկի աշխատակիցները» բառերը:

2.2. Կանոնակարգի 12-րդ կանոնի՝

ա) «ա» ենթակետից հանել «կողպվող դռնով» բառերը,

բ) «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Անվտանգության ահազանգման համակարգը պետք է միացված լինի ոստիկանության հետ»:

2.3. Կանոնակարգի 22-րդ կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Կանոն 22.

Բանկի ղեկավարների թեկնածուների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման ու վկայականի տրամադրման կարգ

 

1. Բանկի, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի նշանակվող կամ ընտրվող ղեկավարների (այսուհետև՝ թեկնածուներ) որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (այսուհետև՝ հանձնաժողով) կողմից կամ հանձնաժողովի որոշմամբ՝ այլ կազմակերպության կողմից:

Հանձնաժողովի կողմից իրականացվում է նաև առանձին քաղաքացիների (այսուհետև՝ հավակնորդներ) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում:

2. Որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման քննությունն անցկացվում է թեկնածուների և հավակնորդների համար:

3. Կենտրոնական բանկում որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությանը բանկի ղեկավարների թեկնածուների կամ հավակնորդների մասնակցության համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) բանկի միջնորդագիրը (բանկի ղեկավարի թեկնածուի համար) կամ դիմում հավակնորդի համար (հավելված 16),

բ) բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը, առկայության դեպքում՝ գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի պատճենը,

գ) կենսագրական տվյալներ՝ սահմանված ձևով (հավելված 4),

դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված գումարի վճարումը հավաստող փաստաթուղթ,

ե) աշխատանքային գրքույկի պատճենը:

4. Բանկի ղեկավարների, ինչպես նաև հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը և որակավորման վկայականի տրամադրումն իրականացվում է սույն կանոնով սահմանված կարգով՝ սույն կանոնակարգի 191 կանոնով նախատեսված բացառություններով:

5. Քննությունն անցկացվում, և որակավորման վկայական տրվում է հետևյալ պաշտոններում որպես ղեկավար աշխատելու համար.

ա) բանկի գործադիր տնօրեն (վարչության նախագահ),

բ) բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, ներքին հսկող խմբի ղեկավար (վերահսկիչ, հսկիչ), բացառությամբ՝ կոոպերատիվ բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի,

գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ,

դ) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

ե) բանկի վարչության անդամ, մասնաճյուղի կառավարիչ, գործադիր տնօրենի տեղակալ,

զ) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

է) բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, բացառությամբ՝ կոոպերատիվ բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամների և նախագահի տեղակալի, ընդ որում՝

- բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) վկայական ստացած անձը կարող է աշխատել բանկի վարչության անդամ, մասնաճյուղի կառավարիչ, գործադիր տնօրենի տեղակալ,

- բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի, ներքին հսկող խմբի ղեկավարի (վերահսկիչի, հսկիչի) վկայական ստացած անձը կարող է աշխատել բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ,

- բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի վկայական ստացած անձը կարող է աշխատել մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:

Բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի անդամը չի կարող լինել բանկի այլ աշխատակից:

Բանկի ներքին հսկող խմբի ղեկավարը (վերահսկիչ, հսկիչ) չի կարող բանկում իրականացնել նաև այնպիսի պարտականություններ, որոնց վերահսկողությունն իրականացնում է ինքը կամ իր ստորաբաժանումը:

Մասնաճյուղը կարող է չունենալ գլխավոր հաշվապահ, եթե մասնաճյուղն ապահովված է այնպիսի համակարգչային ծրագրերով, որոնք ապահովում են մասնաճյուղում կատարվող գործարքների ավտոմատ արտացոլումը բանկի հաշվեկշռում:

Բանկի խորհրդի նախագահը (բացառությամբ՝ կոոպերատիվ բանկի) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման համար անցնում է հարցազրույց Կենտրոնական բանկի խորհրդի, իսկ նրա տեղակալը և խորհրդի անդամները (բացառությամբ՝ կոոպերատիվ բանկի)՝ հանձնաժողովի նիստում: Կենտրոնական բանկի խորհուրդը կամ հանձնաժողովը հարցազրույցի արդյունքներով որոշում են խորհրդի նախագահի, խորհրդի նախագահի տեղակալի և խորհրդի անդամների համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին:

6. Սույն կանոնի 5-րդ կետով սահմանված բանկի ղեկավարների, ինչպես նաև հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն անցկացվում է գրավոր (բացառությամբ՝ սույն կանոնակարգի 191 կանոնով նախատեսված դեպքի):

Գրավոր (տեստային) քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով: Քննության ընթացքին կարող են մասնակցել նաև հանձնաժողովի անդամները:

Տեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար ղեկավարի թեկնածուին (հավակնորդին) հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե:

7. Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա: Թեմաների ցանկը հաստատում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Տեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ և ենթակա չեն հրապարակման:

Տեստում պարունակվող հարցերի ցանկը կազմվում է՝ ելնելով բանկային, հաշվապահական հաշվառումը կարգավորող և հարկային օրենսդրությունից (օրենքներ և այլ իրավական ակտեր), ինչպես նաև բանկային գործի տեսությունից:

Տեստերը վերանայվում են ոչ պակաս, քան տարին 1 անգամ:

Տեստերը կարող են վերանայվել նաև անհրաժեշտության դեպքում՝ Կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ:

8. Տեստերը և դրանցում պարունակվող հարցերի թիվը տարբերակվում են ըստ քննություն հանձնող ղեկավարների թեկնածուների և հավակնորդների (ելնելով նրանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշներից) հետևյալ խմբերի՝

ա) բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ (120 հարց),

բ) վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, ներքին հսկող խմբի ղեկավար (վերահսկիչ, հսկիչ) (100 հարց),

գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ (100 հարց),

դ) բանկի գլխավոր հաշվապահ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (100 հարց),

ե) բանկի մասնաճյուղի կառավարիչ, վարչության անդամներ, գործադիր տնօրենի տեղակալներ (100 հարց),

զ) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (100 հարց),

է) բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, անդամ (100 հարց):

9. Տեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը՝ զրո միավոր:

10. Բանկի ղեկավարներին և հավակնորդներին թույլատրվում է մասնակցել տեստային քննությանը՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում: Գրավոր քննության ժամանակ թեկնածուներին (հավակնորդին) արգելվում է օգտվել օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուսների հետ:

Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն կամ հավակնորդը զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

11. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է հանձնաժողովը:

12. Տեստերի հարցերի գնահատումը կատարվում է հետևյալ կերպ՝

- ղեկավարի թեկնածուի (հավակնորդի) կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում արձանագրում է բացասական եզրակացություն,

- ղեկավարի թեկնածուի (հավակնորդի) կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում հանձնաժողովն արձանագրում է դրական եզրակացություն, և նրան տրվում է որակավորման վկայական:

13. Թեկնածուի կամ հավակնորդի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին՝ հանձնաժողովի նիստի օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Կենտրոնական բանկում կամ այլ կազմակերպությունում անցկացված քննության արդյունքներով Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշման հիման վրա լրացվում, և ղեկավարի թեկնածուին (հավակնորդին) տրվում է որակավորման վկայական (հավելված 17):

15. Բանկի ղեկավարների վկայականները տրվում են դրանց տրամադրման պահից հաշված 3 տարի ժամկետով:

16. Որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց անմիջապես հետո Կենտրոնական բանկը գրանցումից հանում է բանկի ղեկավարին, եթե վերջինս չի ստացել որակավորման նոր վկայական կամ բանկի կառավարման իրավասու մարմնի կողմից չի նշանակվել բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (բանկի ղեկավարի համար):

17. Կենտրոնական բանկի նախագահը, հաշվի առնելով բանկի վարչության նախագահի, գործադիր տնօրենի, նրա տեղակալների, վարչության անդամների, բանկի գլխավոր հաշվապահի որակավորման վկայականի գործողության ընթացքում բանկի կողմից բանկային օրենսդրության խախտումների, նշված ղեկավարների նկատմամբ կիրառված պատժամիջոցների բացակայությունը, կարող է բանկի ղեկավարի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել ևս 3 տարով՝ առանց սույն կանոնով նախատեսված որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման:

18. Սույն կանոնի 5-րդ կետով սահմանված բանկի ղեկավարները, ինչպես նաև հավակնորդները որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով: Կորցրած վկայականը հանձնաժողովի կողմից համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով:

19. Տրված որակավորման վկայականների հաշվառման մատյանում գրառվում են վկայական ստացած անձանց անունը, ազգանունը, հասցեն, Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշման համարը և ամսաթիվը, հանձնաժողովի արձանագրության համարը և ամսաթիվը, որակավորման վկայականի համարը և տրման ամսաթիվը:

Հավակնորդը կարող է դիմել Կենտրոնական բանկ՝ նաև մեկից ավելի ղեկավարների համար նախատեսված քննություններին մասնակցելու և համապատասխան վկայականներ ստանալու համար:

20. Հանձնաժողովը քննություններն անցկացնում է փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

2.4. Կանոնակարգի 26-րդ կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Կանոն 26.

Բանկի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը և դրանց գրանցումը

 

1. Բանկի ղեկավարների (բացառությամբ՝ խորհրդի նախագահի և անդամների, բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կազմում փոփոխություններ կատարելու դեպքում բանկը նոր նշանակվող կամ ընտրվող ղեկավարների թեկնածուներին նախապես ներկայացնում է Կենտրոնական բանկ՝ սույն կանոնակարգի 22-րդ կանոնի համաձայն որակավորման վկայական ստանալու համար:

Նշված պաշտոններում առանց որակավորման վկայականի, որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 ամիս, ընդ որում՝

- նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն՝ միևնույն պաշտոնի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը եռամսյա ժամկետի ընդհատում և վերսկսում չի նշանակում, և

- նշված եռամսյա ժամկետում բանկի կողմից նշանակված բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է սույն կանոնակարգով սահմանված կարգով Կենտրոնական բանկում անցնի որակավորման և մասնագիտական համապատասխանության քննություն, և բանկը համապատասխան փոփոխությունը ներկայացնի Կենտրոնական բանկում գրանցման:

2. Բանկը ղեկավարների (բացառությամբ՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կազմում կատարված փոփոխությունները Կենտրոնական բանկում գրանցելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

ա) կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր՝ բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված բանկի կնիքով,

բ) իրավասու մարմնի որոշումը փոփոխությունների վերաբերյալ (եթե որոշում է կայացնում բաժնետերերի կամ մասնակիցների ժողովը, ապա պետք է ներկայացնել ժողովի արձանագրությունը),

գ) բանկի ղեկավարների ընդհանուր ցուցակը՝ կատարված փոփոխություններով,

դ) բանկի ղեկավարի վերաբերյալ կենսագրական տվյալները (հավելված 4),

ե) որակավորման վկայականի պատճենը (բացառությամբ՝ խորհրդի նախագահի և անդամների),

զ) այլ կազմակերպությունում աշխատելու դեպքում՝ տվյալ կազմակերպության իրավասու կառավարման մարմնի գրավոր համաձայնությունը,

է) աշխատանքային գրքույկի պատճենը,

ը) բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը:

3. Բանկի ղեկավարի թեկնածուի գրանցման համար հանձնաժողովն անցկացնում է հարցազրույց՝ հանձնաժողովի նիստում:

4. Որպես որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշ սահմանվում է, որ գրանցման պահին բանկի ղեկավարը պետք է իրազեկ լինի ֆինանսական համակարգի, մասնավորապես՝ բանկերի գործունեությունը կարգավորող օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև բանկի ներքին ակտերին, և

4.1. բանկի խորհրդի նախագահը, խորհրդի անդամները (բացառությամբ՝ կոոպերատիվ բանկի խորհրդի նախագահի և խորհրդի անդամների), բանկի գործադիր տնօրենը (վարչության նախագահը), նրա տեղակալը, վարչության անդամները, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչը, գլխավոր հաշվապահը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, ներքին հսկող խմբի ղեկավարը պետք է ունենան՝

ա) բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա ֆինանսական համակարգում մասնագիտական աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին՝ ղեկավար պաշտոնում,

բ) բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ ֆինանսական համակարգում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոնում:

4.2. Բանկի մասնաճյուղի կառավարիչը և գլխավոր հաշվապահը պետք է ունենան՝

ա) բարձրագույն կրթություն և ֆինանսական համակարգում առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,

բ) բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ ֆինանսական համակարգում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

5. Բանկի ղեկավարների գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ, եթե ղեկավարների թեկնածուները՝

ա) ունեն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն,

բ) դատարանի կողմից զրկված են ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,

գ) սնանկ են ճանաչվել և ունեն չմարված (չներված) պարտավորություններ,

դ) Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 114-Ն որոշմամբ հաստատված «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցին» համապատասխան չեն կարող զբաղեցնել այդ պաշտոնը,

ե) քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,

զ) չունեն բավարար և (կամ) դրական գործարար կամ բարի համբավ բանկային համակարգում,

է) չեն համապատասխանում սույն կանոնի 4-րդ կետով սահմանված չափանիշին:

6. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ բանկի ղեկավարը հանվում է գրանցումից, եթե.

ա) որակավորման վկայականի գործողության ժամկետը լրացել է, և եթե վերջինս չի ստացել որակավորման նոր վկայական և չի նշանակվել համապատասխան իրավասու մարմնի կողմից ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (բանկի ղեկավարի համար),

բ) ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից,

գ) բանկը դիմել է համապատասխան միջնորդությամբ:

7. Բանկի միջնորդությամբ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

ա) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների անհրաժեշտ հիմնավորումներով)՝ բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված բանկի կնիքով,

բ) իրավասու մարմնի որոշումը փոփոխությունների վերաբերյալ (եթե որոշում է կայացնում բաժնետերերի կամ մասնակիցների ժողովը, ապա պետք է ներկայացնել ժողովի արձանագրությունը),

գ) բանկի ղեկավարների ընդհանուր ցուցակը՝ կատարված փոփոխություններով:

8. Սույն կանոնով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը քննարկվում են սույն կանոնակարգի 24-րդ կանոնով նախատեսված կարգով»:

3. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ դիմում ներկայացրած անձանց որակավորումը և գրանցումն իրականացվում է մինչև սույն որոշումը գործող կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ`

Տ. Սարգսյան

 

2003 թ. սեպտեմբերի 1

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան