«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2005 թվականի N 123-Ն
ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են աուդիտորական ծառայությունների իրականացումը լիցենզավորելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) կողմից աուդիտորների որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Աուդիտորների որակավորումը «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածով սահմանված պահանջները (սույն կարգի 3-րդ կետ) բավարարող աուդիտորի որակավորում ստանալու համար լիազորված մարմին դիմում ներկայացրած ֆիզիկական անձի (այսուհետ՝ դիմող) մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա աուդիտորի որակավորման վկայական (այսուհետ՝ վկայական) տալու ընթացակարգ է: Աուդիտորների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով:
3. Աուդիտորների որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր ունեն`
ա) տնտեսագետի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ՝
բ) բարձրագույն կրթություն և վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:
Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ դատարանի վճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
4. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու համար մասնագիտական աշխատանք է համարվում աուդիտորի, աուդիտորական կազմակերպության ղեկավարի, մասնագիտական աշխատանքների գծով նրա տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և նրանց տեղակալների, աուդիտորի օգնականի, ինչպես նաև հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական բնույթի, նշված բնագավառներում մեթոդաբանի, մասնագետի, փորձագետի, վերահսկիչի, խորհրդատուի, գիտական աշխատողի և դասախոսի աշխատանքը:
5. Աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է լիազորված մարմնի կողմից ստեղծված աուդիտորների որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով): Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն ինն անդամ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մեկական ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում լիազորված մարմնի ներկայացուցիչների թիվը չի կարող չորսից պակաս լինել:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվում լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող նախարարի տեղակալը:
6. Քննությունները կարող են անցկացվել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), հարցերը (թեստերը) և տիպային խնդիրները պաշտոնապես հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան 2 ամիս հետո:
7. Լիազորված մարմնի աշխատակազմը նախապատրաստում է քննությունների հարցերը (թեստերը) և խնդիրները (այսուհետ՝ հարցաշար) և դրանք զետեղում համակարգչում: Յուրաքանչյուր հարց (թեստ) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
Համակարգչում զետեղված հարցերի (թեստերի) ընդհանուր քանակը չի կարող պակաս լինել մեկ հազարից, իսկ խնդիրներինը՝ 60-ից: Հարցաշարը չպետք է պարունակի այնպիսի դրույթներ, որոնք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գերատեսչական նորմատիվ ակտերով:
8. Քննությանը մասնակցելու համար դիմողը ներկայացնում է`
ա) լիազորված մարմնի կողմից հաստատված ձևի դիմում,
բ) անձնագրի պատճենը,
գ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
դ) աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը,
ե) 2 լուսանկար՝ 3 x 4 չափսի,
զ) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը:
9. Դիմումներն ուսումնասիրում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կարգի 3-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում սույն կետում նշված 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմողին: Փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը չներկայացնելը հիմք չի հանդիսանում դիմումը մերժելու համար, սակայն դիմողը պետք է այն ներկայացնի մինչև քննության սկիզբը:
Պետական տուրքը չվճարած դիմողը չի կարող մասնակցել քննությանը:
10. Քննություններն անցկացվում են պարբերաբար՝ լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ, եթե առկա է սույն կարգի 3-րդ կետի պահանջները բավարարող առնվազն մեկ դիմում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին տեղեկացվում է քննությունից առնվազն 7 օր առաջ:
11. Դիմողին թույլատրվում է մասնակցել քննությանը՝ միայն անձնագրի կամ նրա անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում: Իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող, ինչպես նաև քննությունն սկսելուց հետո ներկայացած դիմողը չի կարող մասնակցել տվյալ օրվա քննությանը:
12. Քննություններն անցկացվում են հայերենով՝ 2 փուլով`
առաջին փուլ՝ թեստեր,
երկրորդ փուլ՝ խնդիրներ:
Քննության առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են նույն օրվա ընթացքում: Քննության յուրաքանչյուր փուլի տևողությունը սահմանվում է երեքական ժամ:
13. Քննությունն անցկացվում է գրավոր՝ համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարից համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրված թեստերից (թեստերի փուլի համար) և խնդիրներից (խնդիրների փուլի համար) կազմված հարցաթերթիկներով:
14. Քննության առաջին՝ թեստերի փուլն անցկացնելու համար կազմվող հարցաթերթիկում ներառվում են ծրագրի հաշվապահական հաշվառման բաժնին վերաբերող 30, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների բաժնին վերաբերող 30, տնտեսական իրավունքի և աուդիտի բաժիններին վերաբերող 20-ական թեստեր (ընդամենը 100 թեստ):
Սույն կետում նշված քանակական համամասնությունների սահմաններում բաժիններից յուրաքանչյուրի առանձին թեմային վերաբերող թեստերի քանակը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ՝ հիմք ընդունելով հարցաշարի համապատասխան բաժնում տվյալ թեմային վերաբերող հարցերի համամասնությունը (տեսակարար կշիռը):
15. Հանձնաժողովը քննության առաջին փուլն ավարտվելուց հետո նույն օրն ստուգում է դիմողների աշխատանքները և, հաշվի առնելով սույն կետի պահանջները, ընդունում է որոշում նրանց երկրորդ փուլ անցնելու հարցի վերաբերյալ և քննության երկրորդ փուլն սկսելուց առնվազն մեկ ժամ առաջ հրապարակում քննության արդյունքները: Այդ նպատակով հանձնաժողովն ամփոփում է քննության առաջին փուլի արդյունքները՝ ըստ յուրաքանչյուր դիմողի գնահատման միավորների քանակի և տոկոսի, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատելով մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, ինչպես նաև որևէ պատասխան չնշելը:
Դիմողը քննության երկրորդ փուլ է անցնում առաջին փուլի առաջադրանքների առնվազն 70 տոկոսին, այդ թվում՝ սույն կարգի 14-րդ կետում նշված 4 առանձին բաժինների թեստերի առնվազն 60 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
16. Քննության երկրորդ փուլն անցկացվում է առաջին փուլի արդյունքների հրապարակումից ոչ շուտ, քան մեկ ժամ հետո և ոչ ուշ, քան նշված փուլի ավարտից երեք ժամ հետո:
17. Քննության երկրորդ փուլն անցկացնելու համար կազմվող հարցաթերթիկում ներառվում են հաշվապահական հաշվառմանը, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին, աուդիտորական գործունեությանը վերաբերող երկուական (ընդամենը 6), բարդության տարբեր աստիճաններ ունեցող և առավելագույնը 3, 4 կամ 5 միավորի սահմաններում գնահատվող խնդիրներ, որոնց գնահատման չափանիշները սահմանում է լիազորված մարմինը:
Հարցաթերթիկում ներառված յուրաքանչյուր խնդիր գնահատվում է 0-ից մինչև տվյալ խնդրի գնահատման համար սահմանված առավելագույն միավորը՝ 0,1 տասնորդականի ճշտությամբ՝ ըստ լիազորված մարմնի կողմից սահմանված չափանիշների:
Դիմողը որակավորված է համարվում երկրորդ փուլի առաջադրանքների առնվազն 70 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
18. Քննության հարցերին պատասխանելու համար սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամանակը լրանալուց հետո հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը հայտարարում են սահմանված ժամանակն ավարտված լինելու մասին, որից հետո դիմողը պարտավոր է հարցաթերթիկը, իսկ խնդիրների` փուլում նաև իր գրած պատասխանները հանձնել հանձնաժողովի նախագահին: Դիմողների աշխատանքները ծածկագրվում են հանձնաժողովի սահմանած կարգով: Ծածկագրերը վերծանվում են միայն քննության առանձին փուլերի արդյունքների ամփոփումից հետո:
Հարցերի պատասխանները թեստերի փուլում գրվում են հարցաթերթիկի վրա, իսկ խնդիրների փուլում՝ հանձնաժողովի կողմից տրամադրված թղթերի վրա:
19. Քննության հարցաթերթիկները կազմվում են քննության օրը՝ տվյալ փուլի անցկացումից առաջ, համակարգչային ծրագրի միջոցով` պատահական ընտրության սկզբունքով` հանձնաժողովի առնվազն 3 անդամի ներկայությամբ` 3 տարբերակից, որոնցից հանձնաժողովի նշված անդամների կողմից պատահական ընտրության սկզբունքով ընտրվում է մեկը, որը բազմացվում է քննության մասնակիցներին տրամադրելու համար:
20. Մինչև քննության սկիզբը հայտարարելը` հանձնաժողովի քարտուղարը դիմողներին ծանոթացնում է քննության ընթացակարգին և այն խախտելու հետևանքներին, պատասխանում է նրանց՝ քննությունների ընթացակարգի վերաբերյալ հարցերին: Քննություններն անցկացվում են դռնբաց: Քննությունների ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:
21. Դիմողին չի թույլատրվում քննության ընթացքում երկխոսության մեջ մտնել մյուս դիմողների հետ, օգտվել համակարգչից, հեռահաղորդակցության միջոցներից, իրավական ակտերից և այլ փաստաթղթերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ծածկաթերթիկներից, ինչպես նաև դուրս գալ քննասենյակից:
Սույն կետի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում դիմողը դուրս է հրավիրվում քննասենյակից (դրա մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը, մասնակցի ցանկությամբ, տրվում է իրեն), իսկ եթե դիմողը դուրս է գալիս քննասենյակից, ապա նրա աշխատանքը համարվում է ավարտված, և նա պարտավոր է այն հանձնել հանձնաժողովին:
22. Հանձնաժողովը քննության անցկացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է քննության երկրորդ փուլի (խնդիրների) պատասխանները և, հաշվի առնելով սույն կարգի 17-րդ կետի պահանջները, ընդունում է որոշում դիմողներին աուդիտորի որակավորում շնորհելու վերաբերյալ: Այդ նպատակով յուրաքանչյուր խնդիր ստուգվում և գնահատվում է հանձնաժողովի առնվազն 2 անդամի կողմից:
Հանձնաժողովը քննության արդյունքներն ամփոփում է դռնփակ: Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է:
Քննության արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով հայտնվում է կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան քննությունների ավարտի օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
23. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել լիազորված մարմնի ղեկավարին` 30 օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
Լիազորված մարմնի կողմից բողոքները քննարկվում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում՝ դրանք լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
24. Հանձնաժողովի եզրակացությունը եռօրյա ժամկետում ներկայացվում է լիազորված մարմնի ղեկավարին, որի հիման վրա 10-օրյա ժամկետում դիմողին տրվում է լիազորված մարմնի կողմից հաստատված ձևի վկայական: Եթե վկայականը տրվում է այն դիմողին, որին մինչև այդ տրված աուդիտորի որակավորման վկայականը դեռևս ուժի մեջ է, ապա լիազորված մարմնի կողմից այդ վկայականը համարվում է անվավեր՝ հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Չստացված վկայականը պահպանվում է մեկ տարի, որից հետո այն լիազորված մարմնի կողմից համարվում է անվավեր:
25. Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով: Վկայականի գործողությունը կարող է դադարեցվել օրենքով սահմանված դեպքերում:
26. Դիմողի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում դիմողին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են վկայականը տալուց հետո, ապա լիազորված մարմնի կողմից այն ուժը կորցրած է ճանաչվում՝ հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
27. Քննության արդյունքների հիման վրա որակավորում չստացած, քննությանը չներկայացած, ինչպես նաև սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքերում դիմողն ընդհանուր հիմունքներով նորից կարող է մասնակցել քննությանը: Ընդ որում, քննությանը մասնակցելու համար նա կարող է դիմումին կից չներկայացնել սույն կարգի 8-րդ կետի «բ» և «դ» ենթակետերում նշված փաստաթղթերը, եթե դրանք ներկայացնելու օրվանից չի անցել մեկ տարի:
28. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլնի) դեպքում աուդիտորը պարտավոր է զանգվածային լրատվության միջոցով դրա մասին տալ հայտարարություն և կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու համար դիմել լիազորված մարմին:
Աուդիտորը վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, վկայականի կրկնօրինակը ստանալու նպատակով, դիմումի հետ միասին լիազորված մարմին է ներկայացնում նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը:
Կորցրած կամ ոչ պիտանի դարձած վկայականը հանձնաժողովի եզրակացության հիման վրա համարվում է անվավեր՝ լիազորված մարմնի կողմից, իսկ դրա փոխարեն տրվում է «Կրկնօրինակ» նշագրմամբ նոր վկայական՝ սույն կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում:
Վկայականի կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում վկայականի կրկնօրինակը տրվում է սույն կետով սահմանված ընթացակարգով:
29. Աուդիտորը պարտավոր է իր անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում` այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ներկայացնել դիմում վկայականի վերաձևակերպման համար՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Վկայականը վերաձևակերպվում է աուդիտորի դիմումը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 10-օրյա ժամկետում:
30. Լիազորված մարմինը վարում է դիմումների և տրված վկայականների գրանցամատյաններ: Դիմումների գրանցամատյանում լրացվում են դիմումի գրանցման համարը և ամսաթիվը, դիմողի անունը, ազգանունը, հասցեն, քաղաքացիությունը, անձնագրի սերիան ու համարը, և կատարվում է նշում որակավորվելու կամ չորակավորվելու մասին: Տրված վկայականների գրանցամատյանում լրացվում են աուդիտորի անունը, ազգանունը, դիմումի գրանցման համարը, հանձնաժողովի համապատասխան եզրակացության ամսաթիվը և արձանագրության համարը, վկայականը տալու ամսաթիվը և համարը:
31. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
32. Հանձնաժողովն իր նիստերի նախապատրաստումը, դիմողի մասին անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ:
33. Քննությունների պատասխանները և հանձնաժողովի եզրակացությունները պահպանվում են 3 տարի, որից հետո դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում են արխիվ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Բաժին I. Հաշվապահական (ֆինանսական) հաշվառում
ՀՀՀՀՍ 1 | Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում |
ՀՀՀՀՍ 2 | Պաշարներ |
ՀՀՀՀՍ 4 | Մաշվածության հաշվառում |
ՀՀՀՀՍ 7 | Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին |
ՀՀՀՀՍ 8 | Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ |
ՀՀՀՀՍ 10 | Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր |
ՀՀՀՀՍ 11 | Կառուցման պայմանագրեր |
ՀՀՀՀՍ 12 | Շահութահարկ |
ՀՀՀՀՍ 14 | Սեգմենտային հաշվետվություններ |
ՀՀՀՀՍ 16 | Հիմնական միջոցներ |
ՀՀՀՀՍ 17 | Վարձակալություն |
ՀՀՀՀՍ 18 | Հասույթ |
ՀՀՀՀՍ 19 | Աշխատակիցների հատուցումներ |
ՀՀՀՀՍ 20 | Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում |
ՀՀՀՀՍ 21 | Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխության հետևանքները |
ՀՀՀՀՍ 22 | Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ |
ՀՀՀՀՍ 23 | Փոխառության ծախսումներ |
ՀՀՀՀՍ 24 | Կապակցված կողմերի բացահայտում |
ՀՀՀՀՍ 26 | Թոշակային հատուցումների պլանների հաշվապահական հաշվառումն ու հաշվետվությունը |
ՀՀՀՀՍ 27 | Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում |
ՀՀՀՀՍ 28 | Ասոցացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում |
ՀՀՀՀՍ 29 | Ֆինանսական հաշվետվությունները գերսղաճային տնտեսություններում |
ՀՀՀՀՍ 30 | Բանկերի և նմանատիպ ֆինանսական հաստատությունների ֆինանսական հաշվետվություններում բացահայտումներ |
ՀՀՀՀՍ 31 | Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում |
ՀՀՀՀՍ 32 | Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը |
ՀՀՀՀՍ 33 | Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ |
ՀՀՀՀՍ 34 | Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ |
ՀՀՀՀՍ 35 | Ընդհատվող գործառնություններ |
ՀՀՀՀՍ 36 | Ակտիվների արժեզրկում |
ՀՀՀՀՍ 37 | Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ |
ՀՀՀՀՍ 38 | Ոչ նյութական ակտիվներ |
ՀՀՀՀՍ 39 | Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը |
ՀՀՀՀՍ 40 | Ներդրումային գույք |
Թեմա 3. Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլան
Բաժին II. Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ
Թեմա 1. «Հարկերի մասին» ՀՀ օրենք
Թեմա 2. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 3. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 4. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 5. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 6. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 7. «Հողի հարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 8. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք
Թեմա 9. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 10. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Թեմա 11. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք
Թեմա 12. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենք
Թեմա 13. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք
Թեմա 14. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք
Թեմա 15. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենք
Թեմա 16. «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենք
Բաժին III. Աուդիտ
Թեմա 1. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք
Թեմա 2. Աուդիտի ստանդարտներ
ԱՍ 120 | Աուդիտի ստանդարտների շրջանակները |
ԱՍ 200 | Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները |
ԱՍ 210 | Աուդիտի անցկացման պայմանները |
ԱՍ 220 | Աուդիտորական աշխատանքների որակի վերահսկողությունը |
ԱՍ 230 | Փաստաթղթավորումը |
ԱՍ 240 | Խարդախություն և սխալներ |
ԱՍ 250 | Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը |
ԱՍ 300 | Պլանավորումը |
ԱՍ 310 | Գործիմացությունը |
ԱՍ 320 | Էականությունն աուդիտում |
ԱՍ 400 | Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը |
ԱՍ 401 | Աուդիտի անցկացումը համակարգչային տեղեկատվական համակարգերի միջավայրում |
ԱՍ 402 | Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները |
ԱՍ 500 | Աուդիտորական ապացույցներ |
ԱՍ 501 | Աուդիտորական ապացույցներ- հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ |
ԱՍ 510 | Սկզբնական աուդիտ- սկզբնական մնացորդներ |
ԱՍ 520 | Վերլուծական ընթացակարգեր |
ԱՍ 530 | Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը |
ԱՍ 540 | Հաշվապահական գնահատումների աուդիտ |
ԱՍ 550 | Կապակցված կողմեր |
ԱՍ 560 | Հետագա դեպքեր |
ԱՍ 570 | Կազմակերպության գործունեության անընդհատությունը |
ԱՍ 580 | Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը |
ԱՍ 600 | Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը |
ԱՍ 610 | Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրությունը |
ԱՍ 620 | Փորձագետի աշխատանքի օգտագործումը |
ԱՍ 700 | Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը |
ԱՍ 710 | Համեմատություններ |
ԱՍ 720 | Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվությունը |
ԱՍ 800 | Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը |
ԱՍ 810 | Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը |
ԱՍ 910 | Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքներ |
ԱՍ 920 | Ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքներ |
ԱՍ 930 | Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա |
Թեմա 3. Աուդիտորի վարքագծին ներկայացվող պահանջներ
Բաժին IV. Տնտեսական իրավունք
Թեմա 1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Թեմա 2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
Ընդհանուր դրույթներ
Լիցենզավորման իրականացումը
Լիցենզավորման պայմանները և պահանջները
Լիցենզիայի վավերապայմանները
Լիցենզիաների տեսակները
Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովներում հարցերի քննարկման և լսումների իրականացման կարգը
Թեմա 3. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման անցկացման մասին» ՀՀ օրենք
Թեմա 4. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք
Թեմա 5. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք
Հակամրցակցային համաձայնություններ
Գերիշխող դիրք
Համակենտրոնացում
Անբարեխիղճ մրցակցություն
Թեմա 6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք
Քաղաքացիական օրենսդրությունը և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտեր
Իրավաբանական անձինք
Քաղաքացիական իրավունքների օբյեկտները
Սեփականության իրավունք և այլ գույքային իրավունքներ
Գործարքներ, ներկայացուցչություն, ժամկետներ, հայցային վաղեմություն
Ընդհանուր դրույթներ պարտավորությունների մասին
Պայմանագրից ծագող պարտավորություններ
Թեմա 7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Հիմնական դրույթներ
Ներկայացուցչությունը դատարանում
Ապացույցներ
Դատական ծախսեր
Հատուկ հայցային վարույթներ
Թեմա 8. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք
Վարչական իրավախախտումը և պատասխանատվությունն այն կատարելու համար
Վարչական տույժը և դրա նշանակումը
Սեփականության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումները
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը
Տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթը
Թեմա 9. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք
Թեմա 10. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք
Թեմա 11. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
Թեմա 12. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենք
Թեմա 13. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք
Թեմա 14. «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 15. «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
Թեմա 16. «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենք
Թեմա 17. «Ապահովագրության մասին» ՀՀ օրենք
ԹԵմա 18. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենք
ԹԵմա 19. «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենք
Թեմա 20. «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենք
Թեմա 21. «Գնումների մասին» ՀՀ օրենք
Թեմա 22. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
ԹԵմա 23. «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք
ԹԵմա 24. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք
Թեմա 25. «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենք
Թեմա 26. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
Թեմա 27. «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենք
Թեմա 28. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենք
Թեմա 29. ՀՀ աշխատանքային օրենսգիրք
Թեմա 30. ՀՀ քրեական օրենսգիրք
«Հանցագործություն» հասկացությունը և տեսակները
Քրեական պատասխանատվության ենթակա անձինք
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները
|
Մ. Թոփուզյան |