Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 308
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.11.2001-19.02.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.11.2001
Ստորագրման ամսաթիվ
27.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.02.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 նոյեմբերի 2001 թվականի

թիվ 308

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել 19.02.02 թիվ 49)

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում (նոր խմբագրությամբ) (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը`

1.1. կանոնակարգի 6-րդ կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Կանոն 6. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը

 

1. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված ծրագրի ներկայացմանը հաջորդող առնվազն երկու լրիվ ֆինանսական տարիների համար կազմված տնտեսական գործունեությունը հիմնավորող (նկարագրող) փաստաթուղթ է:

2. Հաշվի առնելով նոր հիմնադրվող բանկերի գործունեության սկզբնական շրջանում բանկային ռիսկերի (այդ թվում` շուկայական, տոկոսային, վարկային, կառավարման (մենեջմենտի) և այլ) առավել մեծ ներգործության, կատարվող կապիտալ ներդրումների զգալի մեծության արդյունքում հավանական կորուստների և վնասների առաջացումը, ինչպես նաև դրա հետ կապված հիմնական տնտեսական նորմատիվների հնարավոր խախտումների կանխարգելման անհրաժեշտությունը` Կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիայի նախնական հավանության նախապատվություն կարող են ունենալ այն նախաձեռնող անձինք, որոնց կազմում ընդգրկված կլինեն միջազգային համբավ (ճանաչում), առաջնակարգ վարկանիշ ունեցող կազմակերպություններ, միջազգային ֆինանսական ինստիտուտներ, կամ որոնց ներկայացրած տնտեսական ծրագրով բանկի կանոնադրական հիմնադրամի չափը կկազմի առնվազն 5 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար:

3. Տնտեսական ծրագիրը (հավելված 3) բաղկացած է հետևյալ բաժիններից`

- ընդհանուր դրույթներ,

- ներքին կազմակերպական կառուցվածքը,

- ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները,

- ակտիվների ու պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը,

- եկամուտների և ծախսերի պլանային հաշվարկն առաջին երկու ֆինանսական տարում:

6.1. Ընդհանուր դրույթներ.

ա) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի անվանումը և գտնվելու վայրը,

բ) նախաձեռնող անձանց կողմից նոր բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ստեղծման նախադրյալները,

գ) տեղեկություններ բանկի հիմնադիրների, առաջարկվող ղեկավարների (հավելված 3, ձև 1), ինչպես նաև այն մասնակիցների մասին, ովքեր ունենալու են բանկի (բացառությամբ բաց բաժնետիրական բանկի) կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն (հավելված 4),

դ) ֆինանսական այն շուկաների նկարագիրը, որոնցում բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը պատրաստվում է ծավալել իր գործունեությունը, մասնավորապես`

- շուկաների տնտեսական բնորոշումն ու ուղղությունները,

- փոխատվական կապիտալի շուկայում մրցակցության գործոնների գնահատումն ու բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի մրցունակության հիմնավորումը,

- ֆինանսական շուկայի տարբեր հատվածներում (փոխատվական կապիտալի, ներդրումային, արժեթղթերի) բանկի գործարար ակտիվության ծավալման ուղղությունների կանխատեսումն ու որակական և քանակական գնահատումը, ռազմավարության հիմնական սկզբունքների բնորոշումը,

- բանկային գործունեության ռիսկերի (վարկային, ներդրումային, տոկոսային, արժութային և այլն), դրանց փոփոխությունների միտումների կանխատեսումը և բանկի գործունեության արդյունքների վրա դրանց հեռանկարային ազդեցության գնահատումը:

6.2. Ներքին կազմակերպական կառուցվածքը.

ա) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքի բնութագիրը, կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու նրանց հիմնական ֆունկցիաները, դրանց փոխհարաբերությունների բնութագիրը,

բ) տեխնիկական վերազինման, բանկային տեխնոլոգիաների ներդրման միջոցառումների ծրագիրը,

գ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարման համակարգը, կառավարման մարմինների իրավասությունները,

դ) բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ներքին աուդիտը և վերահսկողությունը,

ե) աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքները:

6.3. Ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները.

ա) բանկի գործունեության հիմնական ուղղությունները, նախատեսվող ֆինանսական գործառնությունների ցանկը և դրանց համառոտ նկարագիրը,

բ) բանկի կողմից ֆինանսական շուկայում նոր տիպի ծառայությունների ներդրումը,

գ) բանկի հաճախորդների խմբի բնութագիրը և ենթադրվող թիվը:

6.4. Ակտիվների և պասիվների մոտավոր կազմն ու կառուցվածքը.

ա) ակտիվների ու պասիվների կազմը և կառուցվածքը առաջիկա 2 ֆինանսական տարվա կտրվածքով, հիմնական միջոցների (անշարժ ակտիվներ) ներդրումը, եկամտաբեր ակտիվների տեսակարար կշիռը,

բ) բանկի կապիտալիզացիայի ռազմավարությունը (ներառյալ` ընդհանուր կապիտալի նախատեսվող մեծության ապահովումն արտաքին և ներքին աղբյուրների հաշվին, շահաբաժինների վճարման քաղաքականությունը, կապիտալի համարժեքության ապահովմանն ուղղվող հիմնական միջոցառումները) առաջիկա երկու ֆինանսական տարվա համար (հավելված 3, ձև 2),

գ) ներգրավվող միջոցների տեսակների (ավանդների, դեպոզիտների և այլն) բնութագիրը (հնարավորության դեպքում` ըստ միջին մեծության և միջին ժամկետայնության), միջոցների ներգրավման պայմանները (տոկոսադրույքները և այլն),

դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի վարկային պորտֆելի մոտավոր նկարագիրը (ճյուղային և ժամկետային կառուցվածքը), վարկային հնարավոր ռիսկերի գնահատումը և այդ ռիսկերի կառավարմանն ուղղված միջոցառումները,

ե) ներդրումային (ինվեստիցիոն) քաղաքականության հիմնական ուղղությունները (պետական և ոչ պետական արժեթղթերում, պարտատոմսերում և այլն), ներդրումային ռիսկերի գնահատումը և դրանց սահմանափակման մեխանիզմները,

զ) արտարժութային գործառնությունները, արտարժութային ռիսկերի գնահատումն ու կառավարումը, այլ ակտիվային գործառնությունների բնութագիրը,

է) ակտիվների ու պարտավորությունների փոխհամաձայնեցված կառավարման սխեման` ըստ ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետների (GAP), այդ թվում` բանկի իրացվելիության ռազմավարությունը, ակտիվների և պարտավորությունների տոկոսադրույքների կառավարումը:

6.5. Եկամուտների և ծախսերի պլանային հաշվարկը.

ա) եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երկու տարվա համար` հիմնված շուկայի վերլուծության արդյունքների վրա (հավելված 3, ձև 3),

բ) եկամուտների կազմը և կառուցվածքը,

գ) ծախսերի կազմը և կառուցվածքը:

4. Տնտեսական ծրագիրը կարող է բովանդակել նաև այնպիսի տեղեկություններ, որոնք նախաձեռնող անձինք համարում են նպատակահարմար:

5. Տնտեսական ծրագրին կցվում են հաշվեկշռի հաշվարկային նախագծերը գործունեության առաջին երկու ֆինանսական տարիների համար (հավելված 3, ձև 4):

6. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների (բացառությամբ խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների) առաջարկվող թեկնածուի համար պետք է ներկայացվի տեղեկատվություն նաև հետևյալի մասին.

- բանկի ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկերից վերցված վարկերի, այդ թվում` ժամկետանց վարկերի վերաբերյալ,

- թեկնածուի վերաբերյալ առնվազն երկու բնութագիր-երաշխավորագիր:

7. Բանկի գործունեության ցուցանիշերի կանխատեսումների, ղեկավարների, ինչպես նաև բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց կենսագրական տվյալների ներկայացման ձևերը կցվում են:

8. Այլ տեղեկություններ, որոնց վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված չեն պահանջվող ձևեր, կարող են ներկայացվել ազատ ոճով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: