Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 69
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.05.1999-31.05.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿԲՏ 1999/2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.05.1999
Վավերացման ամսաթից
11.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 11 մայիսի 1999 թվականի

թիվ 69

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԲԱՆԿԵՐԻ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147)

 

 Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Ընդունել ի գիտություն «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետայնության և իրացվելիության վերաբերյալ 1999 թվականի ապրիլի մեկի դրությամբ» տեղեկանքը:

 2. Հաստատել «Բանկերի իրացվելիության ճեղքվածքի գնահատման կարգը»:

 3. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (նոր խմբագրությամբ) երկրորդ բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները.

 ա) կանոն 13.01-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն21 նորմատիվ) սահմանվում է 15%, եթե բանկի իրացվելիության ճեղքվածքը դրական է կամ հավասար 0-ի, և 25%, եթե բանկի իրացվելիության ճեղքվածքը բացասական է»:

 բ) կանոն 13.02-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն22 նորմատիվ) սահմանվում է 80%»:

 4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին`

 ա) սույն որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնակցությամբ կազմակերպել սեմինարներ` «Բանկերի իրացվելիության ճեղքվածքի գնահատման կարգը» պարզաբանելու նպատակով:

 բ) սույն թվականի III եռամսյակի ընթացքում «Բանկերի իրացվելիության ճեղքվածքի գնահատման կարգի» կիրարկման ուսումնասիրության համար նպատակային վերստուգումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում` արդյունքների մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին:

 5. Սույն որոշման 3-րդ կետի «ա» մասը ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 1-ից, 3-րդ կետի «բ» մասը` 2000 թվականի հունվարի 1-ից:

 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 ԲԱՆԿԵՐԻ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳ

 

 Բովանդակություն

 

 1. Ընդհանուր դրույթներ

 2. Սահմանումներ

 3. Ներգրավված և տեղաբաշխված միջոցների կշիռները

 4. Սահմանափակումներ

 5. Իրացվելիության գնահատման մեթոդիկա

 6. Հավելված

 

 I. Ընդհանուր դրույթներ

 

 1.1. Սույն կարգով սահմանվում է բանկերի իրացվելիության մակարդակի հաշվարկման մեթոդիկան:

 1.2. Սույն կարգի նպատակն է որոշել, թե արդյոք բանկը տնօրինում է բավարար քանակությամբ իրացվելի միջոցների, որպեսզի կատարի իր ցպահանջ և ժամկետային պարտավորությունները:

 

 II. Սահմանումներ

 

 Սույն կարգի իմաստով`

 

 2.1.1. Ժամկետային պարտավորությունները և տեղաբաշխված միջոցները մինչև 180 օր մարման ժամկետ ունեցող պարտավորություններն ու տեղաբաշխված միջոցներն են:

 2.1.2. Ներգրավված և տեղաբաշխված միջոցների մարման ժամկետները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի`

 - ցպահանջ,

 - մինչև 29 օր,

 - 30-ից 59 օր,

 - 60-ից 89 օր,

 - 90-ից 119 օր,

 - 120-ից 149 օր,

 - 150-ից 180 օր:

 

 2.1.3. Հաշվարկները կատարվում են ելնելով տեղաբաշխված միջոցների և պարտավորությունների մարմանը մնացած ժամկետներից: Հաշվարկների համար նախապայման է հանդիսանում այն, որ`

 - բանկն իր պարտավորությունները չի մարում նոր պարտավորություններ ներգրավելու միջոցով,

 - ժամկետային պարտավորությունները մարվում են բացառապես պայմանագրով նախատեսված ժամկետներում:

 2.1.4. Իրական իրացվելիությունը ցպահանջ և ժամկետային տեղաբաշխված միջոցներն են, ընդ որում ցպահանջ տեղաբաշխված միջոցները վերցվում են իրացվելիության համապատասխան կշիռներով:

 2.1.5. Ակնթարթային իրական իրացվելիությունը ցպահանջ տեղաբաշխված միջոցներն են` իրացվելիության համապատասխան կշիռներով:

 2.1.6. Ժամկետային իրական իրացվելիությունը ժամկետային տեղաբաշխված միջոցներն են:

 2.1.7. Անհրաժեշտ իրացվելիությունը ցպահանջ և ժամկետային ներգրավված միջոցներն են (պարտավորությունները), ընդ որում ցպահանջ ներգրավված միջոցները վերցվում են հաճախորդի պահանջելու հավանականության համապատասխան կշիռներով:

 2.1.8. Ակնթարթային անհրաժեշտ իրացվելիությունը ցպահանջ ներգրավված միջոցներն են (պարտավորությունները)` հաճախորդի պահանջելու հավանականության համապատասխան կշիռներով:

 2.1.9. Ժամկետային անհրաժեշտ իրացվելիությունը ժամկետային ներգրավված միջոցներն են (պարտավորությունները):

 2.1.10. Ակնթարթային իրացվելիությունը ակնթարթային իրական և ակնթարթային անհրաժեշտ իրացվելիության տարբերությունն է:

 2.1.11. Ժամկետային իրացվելիությունը ժամկետային իրական և ժամկետային անհրաժեշտ իրացվելիության տարբերությունն է:

 2.1.12. Իրացվելիության ճեղքվածքը ակնթարթային իրացվելիության և ժամկետային իրացվելիության գումարն է:

 

 III. Ներգրավված և տեղաբաշխված միջոցների կշիռները

 

 3.1. Ցպահանջ ներգրավված և տեղաբաշխված միջոցները 1*) հաշվարկներում ընդգրկվում են ներքոհիշյալ կշիռներով`

 

 Տեղաբաշխված միջոցների և պարտավորությունների կշիռները

 

 I. Պարտավորություններ

 

 Բանկի թղթակցային հաշիվներ  100 %
 Պարտավորություններ բանկերի նկատմամբ  85 %
 Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ  70 %
 Պարտավորություններ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ  80 %
 Բանկի կողմից թողարկված արժեթղթեր  100 %
 Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ  100 %
 Հաշվարկված վճարվելիք տոկոսներ  100 %

 

 1*) Ցպահանջ ներգրավված միջոցների կազմում ընդգրկվում են նաև այն պարտավորությունները, որոնց մարման ժամկետը լրացել է, սակայն հաճախորդը ստանալու հայտ չի ներկայացրել:

 

 II. Տեղաբաշխված միջոցներ

 

 Կանխիկ միջոցներ դրամով, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր` բացառությամբ ճանապարհին գտնվողների, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, ոսկով ներդրված ավանդներ 100 %
 Պահանջներ ՀՀ ԿԲ-ի նկատմամբ 100 %
 Պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ  90 %
 Պահանջներ Եվրոհամայնքի միության կազմի մեջ մտնող երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի բանկերի նկատմամբ 100 %
 Պահանջներ այլ երկրների բանկերի նկատմամբ  80 %

 Պահանջներ ՀՀ կառավարության նկատմամբ
2*) Պահանջներ Եվրոհամայնքի միության կազմի մեջ մտնող երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի

 90 %
 կառավարությունների նկատմամբ 100 %
 Այլ երկրների կառավարությունների նկատմամբ  80 %
 Վարկային ներդրումներ  70 %
 Հաշվարկված ստացվելիք տոկոսներ  50 %
 Ոչ պետական արժեթղթեր  50 %
 Ֆինանսական լիզինգ, ֆակտորինգ  50 %
 Պահանջներ այլ անձանց նկատմամբ  50 %

 

 2*) Պետական արժեթղթերը համարվում են ցպահանջ և կշռվում են 90% իրացվելիության կշռով:

 

 IV. Սահմանափակումներ

 

 4.1. Եթե տեղաբաշխված և ներգրավված միջոցները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա տեղաբաշխված միջոցները համարվում են 180 օրից ավել մարման ժամկետ ունեցող, իսկ ներգրավված միջոցները` ցպահանջ:

 4.2. Պարտավորությունների կազմում չեն ընդգրկվում պարտավորություններն այն մասով, որը հանդիսանում է ապահովվածություն տեղաբաշխված միջոցների համար:

 4.3. Տեղաբաշխված միջոցների կազմում չեն ընդգրկվում տեղաբաշխված միջոցներն այն մասով, որի համար համապատասխան պարտավորությունները հանդիսանում են ապահովվածություն:

 4.4. Տեղաբաշխված միջոցների կազմում չեն հաշվառվում բանկերի կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվները, ինչպես նաև սառեցված հաշիվները:

 

 V. Իրացվելիության ճեղքվածքի գնահատման մեթոդիկա

 

 5.1. Բանկի իրացվելիությունը գնահատելու համար անցկացվում են ակնթարթային, ժամկետային և ընդհանուր իրացվելիության տեստեր:

 5.2. Ակնթարթային իրացվելիության տեստի անցկացման քայլերը.

 5.2.1. Ցպահանջ տեղաբաշխված միջոցների համար հաշվարկվում է իրական իրացվելիության մեծությունը, ելնելով իրացվելիության կշիռներից (ԿՑՏ):

 5.2.2. Ցպահանջ պարտավորությունների համար հաշվարկվում է անհրաժեշտ իրացվելիության մեծությունը` ելնելով հաճախորդի պահանջելու հավանականության համապատասխան կշիռներից (ԿՑՊ): Խոշոր ցպահանջ պարտավորությունները 3*) հաշվառվում են կրկնակի` երկրորդ անգամ 20% կշիռով:

 

 3*) Խոշոր պարտավորությունների (ցպահանջ և ժամկետային) շարքին դասվում են մեկ պարտապանի և նրա հետ կապված անձանց նկատմամբ պարտավորությունները, որոնց գումարը գերազանցում է ընդհանուր պարտավորությունների 20%-ը:

 

 5.2.3. Ակնթարթային իրացվելիությունը (ԱԻ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԱԻ = ԿՑՏ - ԿՑՊ

 

 5.3. Ժամկետային իրացվելիության տեստի անցկացման քայլերը.

 5.3.1. Ժամկետային տեղաբաշխված միջոցների համար հաշվարկվում է իրական իրացվելիության մեծությունը (ԺՏ):

 5.3.2. Ժամկետային պարտավորությունների համար հաշվարկվում է անհրաժեշտ իրացվելիության մեծությունը (ԺՊ): Խոշոր ժամկետային պարտավորությունները հաշվառվում են կրկնակի` երկրորդ անգամ 20% կշիռով:

 5.3.3. Ժամկետային իրացվելիությունը (ԺԻ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

 

 ԺԻ = (ԺՏ - ԺՊ), կամ

 

 ԺԻ = (ԺՏ - ԺՊ) x 60%  4*)

 

 4*) 4 Եթե (ԺՏ - ԺՊ) < 0:

 

 5.4. Իրացվելիության ճեղքվածքը (ԻՃ) հաշվարկվում է որպես ակնթարթային և ժամկետային իրացվելիության գումար հետևյալ բանաձևով`

 

 ԻՃ = ԱԻ + ԺԻ 

 

5.5. Բանկը համարվում է իրացվելի, եթե ակնթարթային և ժամկետային իրացվելիության մեծությունների գումարը դրական կամ հավասար է 0-ի (ԻՃ (0) և չունի ժամկետանց պարտավորություններ: