Գլխավոր տեղեկություն
Համար
N 1883-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.30/74(446) Հոդ.1409
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2005 թվականի N 1883-Ն

ԶԵՆՔԻ, ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի վաճառքի առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 15
Երևան


     

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 27-ի N 1883-Ն որոշման


ԶԵՆՔԻ, ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույնով կանոնակարգվում են քաղաքացիական զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի (այսուհետ` ապրանք) վաճառքի առանձնահատկությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի թույլատրված ապրանքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և օտարերկրյա անձանց վաճառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն առանձնահատկություններին համապատասխան:

3. Ապրանքների մասին տեղեկատվությունն սպառողին է հասցվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Վաճառքի առաջարկվող զենքի յուրաքանչյուր միավոր (բացառությամբ մեխանիկական փոշեցրիչների, արցունքաբեր ու գրգռիչ նյութերով լիցքավորված աերոզոլային և այլ սարքերի, էլեկտրահարող սարքերի, կայծային պարպիչների, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակների) պետք է ունենա տեխնիկական կանոնակարգերով սահմանված չափանիշներ, այդ թվում` անհատական համար, ինչպես նաև, ելնելով շահագործման անվտանգության պահանջներից, ենթարկվի պարտադիր փորձարկման:

Փամփուշտների առաջնային փաթեթների վրա պարտադիր պետք է լինի համապատասխանության նշանի մակնիշը, կամ այդ ապրանքները պետք է ուղեկցվեն սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով:

5. Զենքի և փամփուշտների վաճառքի նախապատրաստական աշխատանքները ներառում են՝

ա) փաթեթների բացումը,

բ) զենքի մաքրումը և յուղումը,

գ) փամփուշտների հերմետիկ փաթեթների բացումը,

դ) զենքի և փամփուշտների արտաքին զննումը, զենքի վրա անհատական համարի, պատրաստողի դրոշմի առկայության, համապատասխանության սերտիֆիկատին կադաստրով հաստատված նմուշներին և անձնագրային տվյալներին դրանց համապատասխանության ստուգումը,

ե) ակոսափող հրազենից ստուգման նպատակով կրակված պարկուճների ու գնդակների` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով պետական գնդակապարկուճային քարտադարանում հաշվառման առկայության ստուգումը,

զ) զենքի լրակազմության, տեխնիկական վիճակի, ապրանքի և այն պատրաստողի մասին անհրաժեշտ տեղեկատվության առկայության ստուգումը,

է) անհրաժեշտութան դեպքում` զենքի հավաքումը և կարգավորումը:

6. Գնորդն իր պահանջով պետք է տեղեկացվի զենքի մեխանիզմի կառուցվածքի մասին, և զենքը պետք է ցուցադրվի հավաքված և տեխնիկապես սարքին վիճակում:

7. Զենքն ստանալիս գնորդն ստուգում է օրենքով սահմանված լիցենզիայում զենքի ճիշտ գրանցումը:

8. Պայթուցիկ նյութերի (բացառությամբ հրագործական արտադրատեսակների և ռազմական նշանակության պայթուցիկ նյութերի, որոնց հետ կապված գործառնությունները կարգավորվում են այլ իրավական ակտերով) վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Պայթուցիկ նյութերի առևտրի իրականացման և (կամ) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա չունեցող իրավաբանական ու ֆիզիկական անձինք չեն կարող հանդիսանալ առուվաճառքի պայմանագրի` գնորդ համարվող կողմ:

10. Ապրանքները փոխարինվում կամ վերադարձվում են օրենքով սահմանված կարգով:

11. Ոչ պատշաճ որակի զենքի և փամփուշտների վերադարձման ժամանակ գնորդը պարտավոր է վաճառողին ներկայացնել իր անձը հաստատող փաստաթուղթը և իրեն պատկանող զենքը ձեռք բերելու (կրելու, կրելու և պահելու) լիցենզիան կամ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը: Ոչ պատշաճ որակի զենքը և փամփուշտները փոխարինվում են գնորդի զենք ու փամփուշտներ ձեռք բերելու (կրելու, կրելու և պահելու) լիցենզիայում նշված զենքի և փամփուշտների մոդելներին համապատասխան տեսակով ու տիպով կամ որսորդության իրավունքը հաստատող փաստաթղթում նշված մոդելով:

Ոչ պատշաճ որակի զենքը և փամփուշտները փոխարինվում, ինչպես նաև պայմանագրի լուծման ժամանակ դրանք վերադարձվում են օրենքով սահմանված կարգով:

Փոխարինված զենքը ենթակա է սահմանված կարգով հաշվառման` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում։

12. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների վաճառքը` կոմիսիայի պայմանագրով իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների առևտրի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` համապատասխան մարմինների կողմից:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան