Գլխավոր տեղեկություն
Համար
N 2006-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2005-23.03.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.1489
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2005 թվականի N 2006-Ն

«ԳԻՐՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել «Գիրք» հիմնադրամ:

2. Հաստատել`

ա) «Գիրք» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) «Գիրք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ «Գիրք» հիմնադրամի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է:

4. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 100.0 հազ. դրամ՝ որպես գույքային ներդրում «Գիրք» հիմնադրամին տրամադրելու համար։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. նոյեմբերի 3
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 13-ի N 2006-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԳԻՐՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Գիրք» հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է մշակութային, սոցիալական և բարեգործական նպատակներ:

2. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

4. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Հիմնադրամի հնարավոր շահառուներն են`

ա) հրատարակիչները,

բ) տպագրիչները,

գ) գրականություն տարածողները,

դ) մշակութային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք:

Հիմնադրամի գործունեության ժամկետը` անժամկետ:

5. Հիմնադրամի հիմնադիրը կատարել է 100.0 հազ. դրամի չափով գույքային ներդրում:

6. Հիմնադրամի անվանումն է՝ 

հայերեն լրիվ՝ «Գիրք» հիմնադրամ,
հայերեն կրճատ՝ «Գիրք» հիմնադրամ,
ռուսերեն լրիվ՝ Фонд «Книга»,
ռուսերեն կրճատ՝ Фонд «Книга»,
անգլերեն լրիվ՝ «Book» fund,
անգլերեն կրճատ՝ «Book» fund։

7. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Զարյան 24:

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

8. Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակը գրական ժառանգության պահպանման, տարածման ու գրավոր մշակույթի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բնակչության տեղեկատվական ապահովումը և գրողների, հրատարակիչների, պոլիգրաֆիստների սոցիալական պաշտպանության իրականացումն են:

9. Հիմնադրամի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հայ գրական ժառանգության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանն աջակցելը.

բ) Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում գրահրատարակչական նպատակային ծրագրերի իրականացմանն աջակցելը.

գ) մշակույթի ասպարեզում հեռագնա ծրագրերի կազմման աշխատանքներին աջակցելը.

դ) գրական ստեղծագործական ընթացքին խթանելը և պատանի ու երիտասարդ ստեղծագործողներին աջակցելը.

ե) գիտական համաժողովների, գրական փառատոների անցկացումը և գրքի շնորհանդեսների, ցուցահանդես-տոնավաճառների կազմակերպումը.

զ) գրողներին, հրատարակիչներին, պոլիգրաֆիստներին կամ նրանց անապահով ընտանիքներին սոցիալապես աջակցելը.

է) գրքերի հրատարակմանն աջակցելը.

ը) Հայաստանի Հանրապետությունում գրատարած ցանցի զարգացմանն աջակցելը.

թ) տեղեկատվական շտեմարանների և ցանցի ստեղծումը.

ժ) մեթոդական ուսուցման միջոցով գրահրատարակիչների և պոլիգրաֆիստների վերապատրաստումը.

ժա) իր կողմից հրատարակվող գրականության գնագոյացման գործառույթի իրականացումը.

ժբ) օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը:

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

10. Հիմնադրամն ստեղծված է համարվում պետական գրանցման պահից:

11. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտավորություններ:

12. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում բանկային հաշվարկային և այլ հաշիվներ՝ Հայաստանի Հանրապետության դրամով ու արտարժույթով, իր անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր եռալեզու կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ ու այլ նշաններ:

13. Հիմնադրամն իր անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

14. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

ա) հրատարակչական գործ.

բ) մասնագիտական խորհրդատվական ծառայությունների մատուցում.

գ) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.

դ) գրքերի, թերթերի, գրենական պիտույքների մանրածախ առևտուր.

ե) ցուցահանդեսների կազմակերպում.

զ) տեղեկատվության մեքենայացված կրիչների վերարտադրում.

է) հուշանվերների պատրաստում:

15. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը:

16. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը՝ հիմնադրամի պարտավորությունների համար:

17. Հիմնադրամի հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած՝ նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար: Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

18. Հիմնադրի՝ հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է:

19. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

20. Հիմնադրամը կարող է որպես սեփականություն ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ՝ դրամով ու արտարժույթով:

21. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են՝

ա) հիմնադրի ներդրումը.

բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

դ) դրամաշնորհները.

ե) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

զ) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվել են դրանց կուտակմանն ուղղված մշակութային և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթման գործունեությունից.

է) իր կողմից իրացված գրականությունից գոյացած միջոցները.

ը) օրենքով չարգելված այլ միջոցներ:

22. Հիմնադրամը յուրաքանչյուր մասնակցի տալիս է վկայական` իր մուծումների չափին համապատասխան:

23. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների` բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա ծախսերի: Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունները կարող են օգտագործվել այլ նպատակներով՝ միայն նվիրաբերողի համաձայնությամբ: Հանգանակությունից ստացված միջոցները կարող են օգտագործվել միայն այն նպատակով, որը հայտարարվել է նախապես:

24. Հիմնադրամի ծախսերն են՝

ա) կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը.

բ) վարչակառավարչական ծախսերը:

25. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը չպետք է գերազանցեն հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը:

26. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր գույքի օգտագործման մասին:

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

27. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:

Հիմնադրամի մարմիններն են՝

ա) հոգաբարձուների խորհուրդը,

բ) կառավարիչը` գործադիր տնօրենը:

28. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը 14 մարդուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ՝ խորհուրդ), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը:

29. Խորհրդի առաջին կազմը կազմավորում է հիմնադիրը:

30. Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:

31. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները` իրենց կազմից, ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

32. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամի համար կարող է սահմանվել փոխհատուցում` նրա այն ծախսերի համար, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է խորհուրդը:

33. Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետի դադարման և նոր անդամի ընտրության կարգը սահմանվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք):

34. Խորհուրդն իր լիազորություններն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

35. Խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի վերակազմակերպման, լուծարման ու կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

36. Խորհրդի նիստերը գումարվում են պարբերաբար՝ ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա կարող են նիստ հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

37. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային և այլ շահերին վերաբերող հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

38. Խորհրդի իրավասությանն են պատկանում՝

ա) հիմնադրամի ռազմավարական ծրագրերի հաստատումը.

բ) հիմնադրամի բյուջեի, դրանում կատարվող փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների հաստատումը.

գ) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

դ) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

ե) խորհրդի նոր անդամի ընտրությունը, խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

զ) խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

է) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը.

ը) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների մասին որոշումների ընդունումը.

թ) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

ժ) սույն կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ` գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը.

ժա) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

ժբ) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

ժգ) սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

39. Խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերը կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

40. Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

41. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները:

Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

42. Խորհրդի նախագահը՝

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

բ) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

գ) կազմակերպում է նիստի արձանագրության վարումը:

43. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է անդամներից մեկը:

44. Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է կառավարիչը` գործադիր տնօրենը:

45. Գործադիր տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ խորհրդի իրավասությունը հանդիսացող հարցերի:

Գործադիր տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը:

Գործադիր տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է խորհուրդը: Նրան՝ առաջին անգամ պաշտոնի կարող է նշանակել նաև հիմնադիրը:

Գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը:

46. Հիմնադրամի գործադիր տնօրենը՝

ա) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

բ) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

գ) գործում է առանց լիազորագրի.

դ) տալիս է լիազորագրեր.

ե) կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.

զ) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ հաշիվներ.

է) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքն ու հաստիքացուցակը.

ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) սահմանված կարգով աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին.

ժ) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

47. Գործադիր տնօրենն այլ կազմակերպությունում կարող է այլ վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն խորհրդի համաձայնությամբ:

48. Խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու գործադիր տնօրենի հետ կնքած պայմանագիրը՝ օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

49. Խորհրդի նիստերն արձանագրվում են օրենքին համապատասխան:

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

50. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:

Գործադիր տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված՝ պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև հիմնադրամի մարմիններին և անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

 51. Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտը կատարվում է անկախ աուդիտորների կողմից՝ առնվազն տարեկան մեկ անգամ:

52. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում:

53. Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

54. Հիմնադրամի կողմից օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմիններ՝ իրենց իրավասություններին և օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

55. Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումների հայտնաբերման դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգը և ժամկետները:

56. Հիմնադրամը հաշվետվության հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Սահմանված ժամկետում հաշվետվության թերի հրապարակման դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները: Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակվելու կամ նախազգուշացման պահանջները չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:

57. Հիմնադրամը ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել՝

ա) հաշվետվություն իր գործունեության մասին.

բ) իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները.

գ) ֆինանսական հաշվետվությունների մասին աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

58. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

59. Հիմնադրամի լուծարման դեպքում դրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

      

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 13-ի N 2006-Ն որոշման


Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

«ԳԻՐՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Հ. Հովեյան  -  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Հ. Բիշարյան  -  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր  (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան  -  ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ջ. Մովսիսյան  -  ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սփյուռքի հետ կապերի գործակալության պետ
Ժ. Ասատրյան  -  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի տեղակալ
Ռ. Ասատրյան  -  ՀՀ Նախագահի խորհրդականի օգնական
Լ. Անանյան  -  Հայաստանի գրողների միության նախագահ  (համաձայնությամբ)
Ա. Իսաբեկյան  -  Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի  ռեկտոր
Պ. Մուրադյան  -  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտահետազոտական խմբի ղեկավար
Ա. Դարբինյան  -  «Հայաստան» համահայկական հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու
     
-  Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչ
     
-  Համազգային հայ կրթական և մշակութային  միության ներկայացուցիչ
     
-  Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչ
     
Վ. Խաչատրյան -  «Հրատարակիչների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ
   
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան