ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 սեպտեմբերի 2001 թվականի |
թիվ 43 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
Յուրաքանչյուր պետության տնտեսական կյանքի հիմքը բնականոն գույքային (քաղաքացիական) շրջանառությունն է, որը կարելի է կարճ սահմանել որպես «պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ ձևով»: Քաղաքացիական օրենսդրության տեսանկյունից իրավական հետևանքների հանգեցնող գործողությունները իրենցից ներկայացնում են տարբեր բնույթի գործարքներ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289 հոդվածում տրված է գործարքի հասկացությունը, համաձայն որի գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն: Հատկանշական է, որ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմքերին նվիրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10 հոդվածում որպես առաջին հիմք նշված են հենց գործարքները:
Գործարքները կամային գործողություններ են և ինչպես ամեն մի կամային գործողություն, գործարքներն իրենցից ներկայացնում են կամքի և դրա արտահայտության (դրսևորման) համատեղում: Որպես ընդհանուր կանոն կամքի արտահայտությունը ձեռք է բերում որոշակի գործողության ձև` պայմանագիր ստորագրելը, գույքը հանձնելը և այլն:
Գործարքի ձևերին նվիրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-300 հոդվածները:
Որոշ դեպքերում օրենսդիրը պարտադիր պահանջներ է ներկայացնում ոչ միայն գործարքի գրավոր ձևին (հասարակ գրավոր կամ նոտարական), այլ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցմանը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301 հոդվածը սահմանում է, որ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Գործարքի վավերությունը` կախված է գործարքը կազմող բաղկացուցիչ մասերի վավերությունից: Դրան համապատասխան գործարքները կարող են անվավեր ճանաչվել տարբեր, մասնավորապես, կապված գործարքի սուբյեկտների կազմի, կամքի արտահայտության, բովանդակության, ձևի, ինչպես նաև այլ պարտադիր վավերապայմանների խախտման հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303 հոդվածը անվավեր գործարքներն ավանդաբար բաժանում է վիճահարույցների և առոչինչների: Անվավեր գործարքները տարբերվում են կախված այն բանից, թե գործարքն անվավեր ճանաչելու համար արդյոք պետք է դատարանի վճիռ, թե այն անվավեր է անկախ նման ճանաչումից: Դրան համապատասխան դատարանի վճռի ուժով անվավեր ճանաչված գործարքը համարվում է վիճահարույց, իսկ այն գործարքը, որն անվավեր է ինքնին, այսինքն` օրենքի ուժով, անկախ դատարանի վճռից` առոչինչ է:
Գործարքի անվավերության դեպքում, մասնավորապես, երբ օրենքը գործարքը ճանաչում է առոչինչ, դատարանի դերը սովորաբար հանգում է սոսկ դրա նկատմամբ օրենքով նախատեսված հետևանքների կիրառմանը, այսինքն` կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով:
Սակայն մի շարք դեպքերում օրենքով նախատեսված է նշված գործարքների անվավերությունից (առոչինչությունից) խուսափելու հնարավորություն, այսինքն` օրենքը նախատեսում է առոչինչ գործարքը վավեր ճանաչելու (վերակենդանացնելու, ռեանիմացիայի) հնարավորություն: Այդ դեպքերը կոչվում են վերակենդանացում (ռեանիմացիա), քանի որ, անվավեր գործարքը չի առաջացնում որևէ իրավունքներ և պարտականություններ, չի հանգեցնում իրավական հետևանքների, այսինքն` իրավաբանորեն այդ գործողությունը առկա չէ: Մինչդեռ, առոչինչ գործարքը վավեր ճանաչելու մասին դատարանի վճիռը առաջացնում է գործարքի օրինական հետևանքներ այն կատարելու պահից: Խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ առոչինչ գործարքը լիովին կամ մասնակիորեն կատարվել է կամ առկա է օրենքով նախատեսված այլ հիմքեր:
Այս դեպքերում գործարքը կատարած կողմն իրավունք ունի իր շահերի պաշտպանությամբ դիմել դատարան: Օրենսդիրը սահմանել է այդպիսի չորս դեպք` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300, 302, և 309 հոդվածներ:
1. Եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա վավերացում չի պահանջվում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 2 կետ):
2. Եթե գործարքը կնքվել է պատշաճ ձևով, իսկ կողմերից մեկը հրաժարվում է գործարքից ծագող իրավունքների գրանցումից, դատարանն իրավունք ունի մյուս կողմի պահանջով վճիռ կայացնել այդ իրավունքների գրանցման մասին: Այդ դեպքում գործարքից ծագող իրավունքները գրանցվում են դատարանի վճռի հիման վրա (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302 հոդվածի 2 կետ):
3. Հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու շահերից ելնելով` նրա կնքած գործարքը խնամակալի պահանջով դատարանը կարող է վավեր ճանաչել, եթե այն կնքվել է ի շահ այդ քաղաքացու (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307 հոդվածի 2 կետ):
4. Փոքրահասակի շահերից ելնելով` նրա կնքած գործարքը ծնողների, որդեգրողների կամ խնամակալի պահանջով դատարանով կարող է ճանաչվել վավեր, եթե այն կնքվել է ի շահ փոքրահասակի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 309 հոդվածի 2 կետ):
Դատական պրակտիկայի ուսումնասիրությունից պարզվում է, որ գործարքների անվավերության վերաբերյալ դատարաններ ներկայացվում են հայցեր տարբեր անվանումներով և պահանջներով: Դրանք հիմնականում վերաբերում են մինչև 1999թ. հունվարի 1-ը, այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործողության մեջ դնելը կնքված գործարքների անվավերությանը: Ներկայումս դատարաններում դեռևս չի ձևավորվել գործարքների անվավերության վերաբերյալ օրենսդրության կիրառման միատեսակ պրակտիկա, իսկ առանձին դեպքերում վճռի պատճառաբանական մասում դատարանը հիմնավորում է, որ գործարքը առոչինչ է, իսկ եզրափակիչ մասում` այն անվավեր է ճանաչում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործ ունի իր յուրահատկությունները, անհնարին է առաջարկել մեկ ընդհանուր լուծում բոլոր դեպքերի համար: Միաժամանակ, գործարքների անվավերության վերաբերյալ օրենսդրության կիրառման տարակարծիք մեկնաբանումը բացառելու նպատակով, ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը գտնում է, որ դատարաններին անհրաժեշտ է առաջարկել սկզբունքներ կամ ընդհանուր մոտեցումներ նման բնույթի գործեր քննելիս:
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը պարզաբանում է.
1. Դատարանի, որպես դատական իշխանության լիազորություններով օժտված մարմնի միակ առաքելությունը արդարադատություն իրականացնելն է, այսինքն` Սահմանադրությամբ և օրենքով ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման դեպքում դրանց պաշտպանելը և վերականգնելը: Հետևաբար, գործարքների անվավերության վերաբերյալ հայցեր ներկայացվելու դեպքում, անկախ դրանց անվանումից և իրավաբանորեն ձևակերպված պահանջներից, դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53, 130-132 հոդվածների պահանջներով, վեճը պետք է լուծի ըստ էության:
2. Առաջին հերթին պետք է քննարկվի առոչինչ գործարքը վավեր ճանաչելու հնարավորության, այսինքն` վերակենդանացնելու հարցը: Անթույլատրելի համարել այն դեպքերը, երբ դատարանները անտեսելով գործարքի փաստացի կատարման և այլ կարևոր հանգամանքները, օրինակ, առանց քննարկելու գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումից խուսափելու պատճառները, ցուցաբերում են ձևական մոտեցում և վճիռ կայացնելիս հիմք են ընդունում միմիայն պետական գրանցման պահանջները չպահպանելը:
3. Բացառել այն դեպքերը, երբ դատարանը կիրառում է գործարքի անվավերության հետևանքները (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304 հոդվածի 2 կետ) միակողմանի, այսինքն` վճռով լուծում է միայն մի կողմից գործարքով ստացածի վերադարձման հարցը, իսկ մյուս կողմից` գործարքով ամբողջ ստացածը, ներառյալ գույքի անբաժանելի բարելավումների, վերասարքավորումների, վերանորոգումների և այլն, վերադարձնելու հարցը թողնվում է առանց լուծման: