Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2004-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.06.01/13(161) Հոդ.165
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.04.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60604116


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 ապրիլի 2004 թ. 
ք. Երևան

N 2-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» N 333-Ն որոշման 2-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 13-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն կից հավելվածի:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 22-ի N 9/7-Ն որոշմամբ սահմանված կարգով հավատարմագրված մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վրա սույն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջը տարածվում է հավատարմագրման վերջնաժամկետը լրանալուց հետո:

3. Ուժը կորցրած ճանաչել կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վկայականների ձևերը հաստատելու մասին» 2002 թ. օգոստոսի 15-ի N 8/3-Ա, «Մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հավատարմագրելու կարգը սահմանելու մասին» 2002 թ. օգոստոսի 22-ի N 9/7-Ն որոշումները:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 

Հավելված

 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 2-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող) կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` ընտրական հանձնաժողովներում գործունեության կազմակերպման հիմնադրույթները, նպատակ ունենալով ապահովել ընտրական հանձնաժողովների գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

Հավատարմագրված լրագրողի գործունեությունն ընտրական հանձնաժողովների տարածքներում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով՝ խոսքի ազատության ապահովման միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

3. Ընտրական հանձնաժողովը`

ա) որևէ ձևով կամ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.

բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.

գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.

դ) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է հանձնաժողովի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին:

Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Ընտրական հանձնաժողովի կամ լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարը, ընտրական մյուս հանձնաժողովներում` համապատասխան հանձնաժողովի նախագահը:

5. Ընտրական հանձնաժողովների գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովին, նշելով`

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի՝ ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).

գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).

դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:

Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը ստացվելուց հետո, այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:

7. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից դիմումում ավելի պակաս ժամկետ նշելու դեպքում` տվյալ ժամկետով:

8. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողին հավատարմագրելու մատյանում և այդ մասին գրություն ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:

10. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 8-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու սույն կարգի 12-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:

11. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է ընտրական հանձնաժողովներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցագրային կետ:

Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարելուց անմիջապես հետո:

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.

բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

գ) նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.

դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:

Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարը լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին, մեկօրյա ժամկետում, գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:

13. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:

14. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`

ա) ստանալու լրատվության միջոցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկատվությունը.

բ) նախապես տեղեկացված լինելու ընտրական հանձնաժողովների միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցելու ընտրական հանձնաժողովների միջոցառումներին.

դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.

ե) կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ` տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

15. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարը լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի բաժիններ և հանդիպումներ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ:

16. Ընտրական հանձնաժողովի միջոցառումներին կարող են մասնակցել կամ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե ընտրական հանձնաժողովի նախագահի հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն և, եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:

17. Ընտրական հանձնաժողովի միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ` համաձայնեցվում է հանձնաժողովի նախագահի հետ: Այդ դեպքում (ինչպես նաև միջոցառումների ժամանակ) լրագրողն ընտրական հանձնաժողով է այցելում սույն կարգի 11-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց ընտրական հանձնաժողովի տարածք մուտք գործելու անցագրի:

18. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ մամուլի քարտուղարի, ընտրական մյուս հանձնաժողովներում՝ համապատասխան հանձնաժողովի նախագահի, հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար: