«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հոկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60404282
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 սեպտեմբերի 2004 թ. |
N 122-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի առաջին մասի «զ» կետը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Հակամրցակցային համաձայնությունների որոշման կարգը» (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝ |
Ֆ. Փիրումյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Հակամրցակցային համաձայնությունների որոշման
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կարգով սահմանվում են հակամրցակցային համաձայնություններ համարվող տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն պայմանագրերի, համաձայնագրերի կամ նրանց համաձայնեցված գործողությունների (այսուհետ նաև՝ համաձայնություն) հիմնական հասկացությունները, տեսակները, բացահայտման ընթացակարգերը, որոնք կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:
1.2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), ինչպես նաև Իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված (արհեստական) գնի որոշման կարգով սահմանված իմաստը:
1.3. Հակամրցակցային համաձայնությունները դրսևորվում են բացահայտ և ոչ բացահայտ (թաքնված) ձևերով.
1.3.1. Բացահայտ են համարվում այն համաձայնությունները, որոնց դեպքում առկա են այդ մասին վկայող պայմանագիր, հայտարարություն կամ պատշաճ կարգով սահմանված այլ փաստական տվյալ,
1.3.2. Ոչ բացահայտ են համարվում այն համաձայնությունները, որոնց վերաբերյալ փաստական տվյալ առկա չէ և որոնք հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է համաձայնության առարկա հանդիսացող հանգամանքները հաստատող լրացուցիչ փաստական տվյալների ձեռքբերում:
1.4. Համաձայնությունները կարող են կայացվել.
ա) միևնույն ապրանքային շուկայում գործող մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն),
բ) տեխնոլոգիական փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն),
գ) տարբեր շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) և, միաժամանակ, միևնույն ապրանքային շուկայում գործող մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) միջև (խառը համաձայնություն):
1.5. Միևնույն ապրանքային շուկայում հակամրցակցային չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, եթե այդ համաձայնության մասնակիցների ընդհանուր բաժինը տվյալ ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը:
1.6. Հակամրցակցային համաձայնությունների առարկա կարող են լինել.
ա) խտրական գների սահմանումը,
բ) ապրանքային շուկայում գների արհեստական բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը,
գ) շուկայի բաժանումը տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, սպառողների կամ մատակարարների խմբերի և այլն,
դ) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելը (սահմանափակելը) կամ շուկայից նրանց դուրս մղելը:
1.7. Սույն կարգի իմաստով խտրական գների սահմանումը, ինչպես նաև ապրանքային շուկայում գների արհեստական բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը կարող են արտահայտվել Իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված (արհեստական) գների որոշման կարգի համաձայն:
1.8. Շուկայի բաժանումը տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, սպառողների կամ մատակարարների խմբերի և այլն կարող են արտահայտվել.
ա) հորիզոնական համաձայնության մասնակիցների միջև պայմանավորվածության կայացմամբ կամ փաստացի գործողությունների կատարմամբ, որոնց արդյունքում սահմանափակվում կամ կարող է սահմանափակվել նույն ապրանքային շուկայի որոշակի տարածքներում, իրացման կամ ձեռքբերման որոշակի ծավալով, տեսականիով, սպառողների կամ մատակարարների խմբերով կամ այլ կերպ ապրանքների ազատ շրջանառությունը,
բ) ուղղահայաց կամ խառը համաձայնության մասնակիցների միջև պայմանավորվածության կայացմամբ կամ փաստացի գործողությունների կատարմամբ, որոնց արդյունքում սահմանափակվում կամ կարող է սահմանափակվել որևէ ապրանքային շուկայի որոշակի տարածքներում, իրացման կամ ձեռքբերման որոշակի ծավալներով, տեսականիով, սպառողների կամ մատակարարների խմբերով կամ այլ կերպ ապրանքների ազատ շրջանառությունը և եթե համաձայնության մասնակից մատակարար տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) ընդհանուր բաժինը տվյալ ապրանքային շուկայի մատակարարման ծավալում առնվազն 1/3 է:
1.9. Այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելը (սահմանափակելը) կամ շուկայից նրանց դուրս մղելը կարող է արտահայտվել համաձայնության մասնակիցների միջև պայմանավորվածության կայացմամբ կամ փաստացի գործողությունների կատարմամբ, որի արդյունքում.
ա) հորիզոնական համաձայնության դեպքում չի թույլատրվում նույն ապրանքային շուկայում այլ տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) մուտք գործելը կամ հանգեցնում է նույն ապրանքային շուկայում մրցակից տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) գործունեության դադարմանը.
բ) ուղղահայաց կամ խառը համաձայնության դեպքում չի թույլատրվում համաձայնության մասնակիցների գործունեության որևէ ապրանքային շուկայում այլ տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) մուտք գործելը կամ հանգեցնում է որևէ ապրանքային շուկայում մրցակից տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) գործունեության դադարմանը:
1.10. Սույն կարգի համաձայն՝ մրցակցությունը սահմանափակող, կանխող, արգելող կարող են համարվել այնպիսի համաձայնությունները, որոնց արդյունքում համաձայնության մասնակիցներից առնվազն մեկը հնարավորություն է ձեռք բերում կամ փաստացի այդ հնարավորությունը օգտագործում՝ ազդելու որոշակի ապրանքային շուկայում (շուկաներում) ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների (շրջանառության ծավալներ, տեսականի, գին և այլն) վրա: Համաձայնությունների հետևանքով ապրանքային շուկայում (շուկաներում) մրցակցության սահմանափակումը, կանխումը կամ արգելումը կարող են արտահայտվել.
ա) տվյալ ապրանքային շուկայում (շուկաներում) տնտեսվարող սուբյեկտների թվի նվազմամբ, և (կամ) համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտների բաժինների ավելացմամբ,
բ) համաձայնության բոլոր կամ որոշ մասնակիցների՝ այլ հավասար պայմաններում լրացուցիչ շահույթ ստանալով կամ շահույթի ստացման հնարավորության ձեռքբերմամբ,
գ) համաձայնության բոլոր կամ որոշ մասնակիցների կողմից այլ հավասար պայմաններում որոշակի ժամանակահատվածում վնասով կամ առանց շահույթի գործունեություն իրականացնելով կամ դրա հնարավորության ստեղծմամբ,
դ) ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանների նախապես որոշված տարածքների բաժանումով համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) կողմից ապրանքների իրացմամբ կամ ձեռքբերմամբ,
ե) համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) կողմից ապրանքային շուկայում նախապես որոշված տեսականիով փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացմամբ կամ ձեռքբերմամբ,
զ) ապրանքների իրացման կամ ձեռքբերման ծավալների սահմանափակմամբ,
է) վաճառողներին (գնորդներին) ապրանքի գնման (վաճառքի) հետ չառնչվող լրացուցիչ պայմանների պարտադրմամբ,
ը) այլ հավասար պայմաններում առանձին տնտեսվարող սուբյեկտների հետ ապրանքների իրացման պայմանագիր կնքելուց հրաժարվելով,
թ) այլ հավասար պայմաններում ապրանքի համար նույն գնի (սակագնի), զեղչի սահմանմամբ (կիրառմամբ) կամ գների միևնույն (համանման) փոփոխության կատարմամբ կամ սահմանված գնի պահպանմամբ,
ժ) հօգուտ համաձայնության մասնակից այլ տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների)` ապրանքային շուկայում իր գործունեության դադարեցմամբ կամ մրցակից տնտեսվարող սուբյեկտներին ապրանքային շուկա մուտք գործելուն խոչընդոտելով,
ժա) ապրանքը միևնույն վաճառողից ձեռքբերելով,
ժբ) առանձին տնտեսվարող սուբյեկտներին հումքի աղբյուրներից, արտադրական կարողություններից, ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությունը սահմանափակելով կամ արգելելով,
ժգ) մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող այլ գործողությունների կատարմամբ:
II. Հակամրցակցային համաձայնությունների բացահայտումը
2.1. Բացահայտ հակամրցակցային համաձայնությունը ապացուցված է համարվում.
ա) եթե հորիզոնական համաձայնությունների դեպքում միաժամանակ առկա են սույն կարգի 1.6. կետով սահմանված հակամրցակցային համաձայնության առարկաներից որևէ մեկը նախատեսող պայմանագիր, համաձայնագիր, հրապարակային հայտարարություն, գովազդ կամ այլ փաստական հանգամանք, սույն կարգի 1.10. կետով սահմանված մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման դրսևորումներից առնվազն մեկը և համաձայնության մասնակիցների համատեղ բաժինը տվյալ ապրանքային շուկայում գերազանցում է 20 տոկոսը կամ չի գերազանցում այն՝ սույն ենթակետի երկրորդ պարբերության պահանջի պահպանմամբ:
- Հակամրցակցային համաձայնություն առկա չէ, եթե հորիզոնական համաձայնության մասնակիցների համատեղ բաժինը չի գերազանցում տվյալ ապրանքային շուկայի իրացման ընդհանուր ծավալի 20 տոկոսը և նրանց գործունեությունն ուղղված է եղել ապրանքային շուկայում իրենց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը.
բ) եթե ուղղահայաց կամ խառը համաձայնության դեպքում մատակարար տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) բաժինը տվյալ ապրանքային շուկայի մատակարարման ընդհանուր ծավալում առնվազն 1/3-րդ է և, միաժամանակ, առկա են սույն կարգի 1.6. կետով սահմանված հակամրցակցային համաձայնության առարկաներից որևէ մեկը վկայող պայմանագիր, համաձայնագիր, գների հրապարակային հայտարարություն, գովազդ և (կամ) այլ փաստական տվյալներ, ինչպես նաև սույն կարգի 1.10. կետով սահմանված պայմաններից որևէ մեկը:
2.2. Ոչ բացահայտ հակամրցակցային համաձայնության համար անհրաժեշտ է համաձայնության մասնակիցների համաձայնեցված գործողությունների միջոցով սույն կարգի 1.6. կետով սահմանված համաձայնության առարկայի և 1.10. կետով սահմանված պայմանների միաժամանակ կամ ողջամիտ ժամկետում արտահայտվելը:
2.3. Համաձայնության մասնակիցների կողմից ապրանքային շուկայում խտրական գների, գների արհեստական բարձրացման, իջեցման կամ պահպանման դրսևորումների ապացուցման նպատակով օգտագործվում է Իրացման կամ ձեռքբերման (արհեստական) գնի որոշման կարգով նախատեսված բացահայտման ընթացակարգը: Եթե հետազոտությունների և վերլուծության ընթացքում հաստատվում է միևնույն ապրանքային շուկայում խտրական գների սահմանման, գների արհեստական բարձրացման, իջեցման կամ պահպանման մասին վկայող որևէ փաստ, ապա ուսումնասիրվում է դրա հետևանքով սույն կարգի 1.10. կետով նախատեսված՝ մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման պայմաններից առնվազն մեկի առկայության հարցը: Եթե այդ պայմաններից որևէ մեկն առկա է, և սույն կարգի և հորիզոնական համաձայնության մասնակիցների համատեղ բաժինը գերազանցում է տվյալ ապրանքային շուկայի իրացման ընդհանուր ծավալի 20 տոկոսը, ապա սույն կարգի 2.1. կետով սահմանված հիմքերով հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված:
2.4. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությամբ շուկայի բաժանումը տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, սպառողների կամ մատակարարների խմբերի կամ այլ կերպ բացահայտելու համար պարզվում են տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտները, իրացման կամ ձեռքբերման ծավալում նրանց բաժինները: Եթե տվյալ ապրանքային շուկայում առկա են մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, որոնց համատեղ բաժինը գնահատվում է էական մրցակցության չհանդիպող, ապա ուսումնասիրվում է տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը: Եթե պարզվում է, որ այդ համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտները կատարել են սույն կարգի 1.8. կետով նախատեսված գործողություններից որևէ մեկը և, միաժամանակ, առկա է սույն կարգի 1.10. կետով նախատեսված պայմաններից որևէ մեկը, ապա հորիզոնական հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված.
2.4.1. Ուղղահայաց կամ խառը հակամրցակցային համաձայնությամբ շուկայի բաժանումը տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, սպառողների կամ մատակարարների խմբերի կամ այլ կերպ բացահայտելու համար սույն կարգի 2.4. կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պարզվում է նաև համաձայնության մասնակից մատակարար տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) բաժինը տվյալ ապրանքային շուկայի մատակարարման ընդհանուր ծավալում: Եթե պարզվում է, որ մատակարարման ընդհանուր ծավալում համաձայնության մասնակից մատակարար տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) բաժինը (համատեղ բաժինը) գերազանցում է տվյալ ապրանքային շուկայի մատակարարման ընդհանուր ծավալի 1/3-ը, այդ տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) կողմից տվյալ ապրանքների մատակարարումը կատարվել է միայն հորիզոնական համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտներին՝ նրանց տալով լրացուցիչ արտոնություն (գնային զեղչ, առանց կանխավճարի, ապառիկ, առանց երաշխիքի և այլն) և խտրական պայմաններ ստեղծելով տվյալ ապրանքային շուկայի մրցակից մյուս տնտեսվարող սուբյեկտների հանդեպ, ինչպես նաև եթե պարզվում է, որ այդ համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտները կատարել են սույն կարգի 1.8. կետով նախատեսված գործողություններից որևէ մեկը և, միաժամանակ, առկա է սույն կարգի 1.10. կետով նախատեսված պայմաններից որևէ մեկը, ապա ուղղահայաց կամ խառը հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված:
2.5. Այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելը (սահմանափակելը) կամ շուկայից նրանց դուրս մղելը բացահայտելու համար ուսումնասիրվում է տվյալ ապրանքային շուկայում ապրանքների ազատ շրջանառության համար հնարավոր խոչընդոտների առկայությունը: Այդ նպատակով պարզվում է տվյալ ապրանքային շուկայում համաձայնության մասնակիցների կողմից ապրանքներ իրացնելուց կամ ձեռքբերելուց հրաժարվելու դեպքերի, ապրանքների իրացման կամ ձեռքբերման հետ անմիջապես չառնչվող լրացուցիչ պայմանների պարտադրանքի կամ ապրանքային շուկայի մուտքը խոչընդոտող (սահմանափակող) կամ շուկայից նրանց դուրս մղելուն նպաստող այլ հանգամանքների առկայությունը:
2.5.1. Եթե տվյալ ապրանքային շուկայում սույն կարգի 2.5. կետով նախատեսված՝ համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտների համատեղ բաժինը գնահատվում է որպես տվյալ ապրանքային շուկայում էական մրցակցության չհանդիպող, ինչպես նաև եթե պարզվում է, որ այդ համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտները կատարել են սույն կարգի 1.9. կետով նախատեսված գործողություններից որևէ մեկը և, միաժամանակ, առկա է սույն կարգի 1.10. կետով նախատեսված պայմաններից որևէ մեկը, ապա հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.03.2008, N 17-Ն | 25.04.2008, N 122-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|