Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 283
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.10.2001
Վավերացման ամսաթից
30.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 հոկտեմբերի 2001 թվականի

թիվ 283

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 31-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

2.1. նախագծում ավելացնել առանձին հոդված` նախորդ տարիներին կուտակված պարտքերից 8.3 մլրդ դրամ մարվող պարտքի կառուցվածքի վերաբերյալ.

2.2. վերացնել հոդված 10-ի «ե» կետի և հոդված 11-ի «ը» կետի միջև առկա հակասությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1

 

1. «ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարմանն առնչվող խնդիրները

 

Նախորդ երեք տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացություններում արծարծված խնդիրները դրսևորվել են նաև 2001 թվականին: Այդ առումով «ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունում ամբողջական ձևով ներկայացվում են 2001 թվականի բյուջեի կատարման հետ կապված խնդիրները, դրանց ազդեցությունը դրամավարկային քաղաքականության իրականացման և սղաճի վրա, ինչպես նաև բյուջեի ծրագրի ներքո տնտեսական քաղաքականությանն առնչվող ռիսկերը.

- Նշված փաստաթղթում առաջարկվում էր 2001 թվականի հարկային քաղաքականության և վարչարարության կատարելագործման միջոցով հարկերի հավաքագրման արդյունավետության բարձրացում, հարկային բազայի ընդլայնում: Այս միջոցառումները հնարավորություն էին տալու խուսափել հարկերի թերի հավաքագրման` նախորդ տարիներին առկա ռիսկից, որոնց իրականացման ուղղությամբ տարվա ինն ամիսների ընթացքում էական տեղաշարժեր չնկատվեցին: Այսպես, չնայած առաջին կիսամյակի արդյունքում հաջողվեց ապահովել ՀՀ պետական բյուջեի եկամուտների և հարկերի կիսամյակային ծրագիրը, սակայն երկրորդ կիսամյակի սկզբում իրավիճակը կտրուկ փոխվեց: Երրորդ եռամսյակում հավաքագրված ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշերը էապես շեղվեցին ծրագրվածից` կազմելով 38.9 մլրդ դրամ, կամ եռամսյակային ծրագրի 83.5%-ը:

 

Ծանոթություն. սույն փաստաթղթում բերված 1996-2000 թթ. տվյալները փաստացի են, 2001 թ. ինն ամիսների տվյալները ենթակա են ճշգրտման:

 

Նման պայմաններում զգալի լարվածություն կդիտվի հարկերի հավաքագրման գործընթացում, քանզի տարեկան ծրագրի կատարման համար չորրորդ եռամսյակին բաժին է ընկնում 56.1 մլրդ դրամ հարկային եկամուտների ապահովում:

- Արտաքին ֆինանսավորման թերստացումը, որը պայմանավորված էր Համաշխարհային բանկի և այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների` վարկերի տրամադրման նախապայմանների իրականացման վերաբերյալ ՀՀ կառավարության հետ անհամաձայնության առկայությամբ:

- Ակնհայտ է, որ արտաքին միջոցների թերստացումը, ուղեկցվելով հարկերի հավաքագրման վերը նշված լարվածությամբ, կնպաստի ապառքների և բյուջեի կողմից կուտակված պարտքերի աճին և լրացուցիչ բարդություններ կառաջացնի նաև մակրոտնտեսական հիմնական ցուցանիշերի` մասնավորապես սղաճի ծրագրված մակարդակների ապահովման գործընթացում:

- Արտաքին պարտքի վերաձևակերպումների ուշացումը, որը շարունակաբար դրսևորվեց նաև 2001 թվականի ընթացքում` մասնավորապես պայմանավորված լինելով այդ վերաձևակերպումների հետ կապված բանակցությունների ձգձգմամբ:

2001 թվականին, ըստ ՀՀ կենտրոնական բանկի գնահատականների, չի պահպանվելու ՀՀ պետական պարտքի կայունության նախապայմանը, որի համար անհրաժեշտ է ՀՆԱ-ում 3.0% առաջնային պակասուրդի կամ 16.8% եկամուտներ/ՀՆԱ (եկամուտների մեջ ներառված չեն ՀՀ ԿԲ շահույթը և պաշտոնական տրանսֆերտները):

Ինչ վերաբերում է ՀՀ 2001 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության մեջ ներկայացված տնտեսության մյուս հատվածների կողմից մակրոհաշվեկշռվածության վրա ազդող ընդլայնողական ռիսկերին, ապա դրանք տարվա ընթացքում ցայտուն չեն դրսևորվել: Միևնույն ժամանակ 2001 թվականին քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարության և այլ համահայկական միջոցառումների հետ կապված ֆինանսական հոսքերը էական ազդեցություն չեն ունեցել բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակի վրա: Այսպես, 2001 թվականի ինն ամիսների ընթացքում հավաքագրված հարկերը կազմել են ՀՆԱ-ի 14.0%-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14.4%-ի դիմաց: ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջարկվում էր առանձնացնել քրիստոնեության 1700-ամյակի հետ կապված և այլ միջոցառումների արդյունքում հարկային մուտքերում ակնկալվող փոփոխությունները, որպեսզի հնարավոր լիներ 2001 թվականի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը համեմատել նախորդ տարիների միտումների հետ: Ընդ որում, տնտեսական աճի աննախադեպ բարձր տեմպը էապես չի խթանել հարկային եկամուտների աճը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գնահատումների` 2001 թ. հունվար-սեպտեմբերին տնտեսական աճը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 9.9%: Ընթացիկ տարում նախորդ տարիների համեմատ նվազել է հարկերի էլաստիկությունը ՀՆԱ-ից, որը պայմանավորված է մի քանի գործոններով`

- զգալի աճ ցուցաբերած գյուղատնտեսության ճյուղից միայն հողի հարկի հավաքագրումով,

- տնտեսության ստվերային ոլորտի ընդլայնմամբ,

- ծառայությունների ոլորտում իրական աճի բարձր տեմպերով, երբ ոլորտի զգալի մասը ենթակա է հարկման հաստատագրված վճարով:

Քննարկենք նաև հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ծրագրերի իրագործման տեսանկյունից բյուջեի կատարման ընթացքում առաջացած խնդիրները: 2001 թվականի բյուջեի ծրագրային ցուցանիշերի հիման վրա հաշվարկված հարկաբյուջետային ազդակները ցույց էին տալիս, որ վերջիններս համախառն պահանջարկի վրա ունենալու էին չեզոք ազդեցություն, կամ, այլ խոսքերով ասած, 2001 թվականի պետական բյուջեի կատարումը բավարար կլիներ ամբողջական պահանջարկի ծրագրված մակարդակի ապահովման համար: Մինչդեռ ինն ամսվա արդյունքներով գրանցված բյուջեի կատարման մակարդակը, ինչպես նաև արտաքին աղբյուրների թերստացման և հարկերի թերի հավաքագրման առկա գնահատականների ներքո հաշվարկված հարկաբյուջետային ազդակների տարեկան ցուցանիշը ցույց է տալիս, որ հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա կունենա 2.1% զսպողական ազդեցություն` բնականաբար զսպելով նաև գների աճի տեմպերը:

Բացի վերը նշվածից, ինն ամիսների ընթացքում զուտ անուղղակի հարկեր/ ՀՆԱ ցուցանիշի նվազումը ծրագրվածի համեմատ (8.7 %-ը ծրագրված 9.7%-ի դիմաց) ուղղակիորեն մոտ 1%-ի չափով զսպողական ազդեցություն է թողել սղաճի վրա:

Նախորդ տարիներին առկա և 2001 թվական փոխանցված խնդիրների շարքում կարելի է առանձնացնել բյուջեի սեզոնայնության խնդիրը, որը զգալիորեն բարդացնում է ՀՀ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման աշխատանքները, ինչպես նաև բանկերի կողմից իրացվելիության կառավարումը: Այսպես`

- արտաքին պարտքի նախատեսվող վերաձևակերպումների ուշացումը 2001 թվականի ընթացքում հանգեցրել է կարճ ժամանակահատվածում ՀՀ ԿԲ քաղաքականության իրականացման կտրուկ տատանումների, որոնք բացասաբար են անդրադարձել բանկային համակարգի կողմից իրացվելիության կառավարման, ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահության և ֆինանսական շուկաների կայունության վրա.

- բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի սեզոնային համամասնությունների ավելի վառ դրսևորումները` հատկապես եռամսյակների վերջին ամիսների և ամսվա վերջին շաբաթվա կամ վերջին երեք օրերի ընթացքում: Այսպես, առաջին եռամսյակի ընթացքում միջին ամսական հարկային եկամուտների 40%-ը բաժին է ընկել ամսվա վերջին 3 օրվան, երկրորդ եռամսյակում` 31%-ը, իսկ երրորդում` 39%-ը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածներում այդ ցուցանիշերը կազմել են, համապատասխանաբար` 30%, 30% և 35%: Ինչ վերաբերում է բյուջեի ցուցանիշերի կիսամյակային բաշխվածությանը, ապա առաջին կիսամյակում ձևավորված ցուցանիշերի բարձր մակարդակը մեղմացրեց նախորդ տարիներին առկա կիսամյակային բաշխվածության անհամաչափությունը:

 

Աղյուսակ 1. ՀՀ պետբյուջեի առաջին կիսամյակի համամասնությունները տարեկանի նկատմամբ (%-ով)

 

   1998  1999  2000  2001 *
ՀՀ պետբյուջեի եկամուտները և դրամաշնորհները  42.2   39.6   40.8  48.1

ՀՀ պետբյուջեի հարկերը և տուրքերը

 44.6    39.9  41.1  45.1
ՀՀ պետբյուջեի ծախսերը     35.5  37.4   37.2  44.1
ՀՀ պետբյուջեի պակասուրդը  4.4  29.1  25.6  29.9

 

* 2001 թվականի համար դիտարկվել է առաջին կիսամյակի փաստացի ցուցանիշի հարաբերությունը 2001 թվականի տարեկան ծրագրվածին:

 

Եկամուտների հավաքագրման և պետական բյուջեի ֆինանսավորման հետ կապված վերը նշված խնդիրների դրսևորման հետևանքով 2001 թվականի ինն ամիսների արդյունքում չկատարված ծախսերը (հաշվարկված կանխիկ սկզբունքով) կազմել են ծրագրային ՀՆԱ-ի 2.1%-ը:

Բացի նշվածից, ինն ամիսների արդյունքում բյուջեի ծախսերի կատարման գործընթացում դրսևորվեցին նախորդ տարիներին առկա խնդիրները: Այդ տեսանկյունից նշենք`

- Կվազի-ֆիսկալ ոլորտներում գոյացած ճեղքերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ոչ բավարար մակարդակը: Մասնավորապես, էներգետիկ և կոմունալ ծառայությունների վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման փոխարեն ճեղքի ծածկման համար բյուջեից սուբսիդիաների տրամադրումը այն պարագայում, երբ վերջիններիս գծով կիսամյակի ֆինանսավորումը էականորեն գերազանցել է կիսամյակային ծրագրված ցուցանիշը (կիսամյակի ծրագրված 311 մլն դրամի դիմաց իրականացվել է 5.5 մլրդ դրամ), իսկ ինն ամիսների ընթացքում այն կազմել է տարեկան ծրագրված ցուցանիշի 90%-ը: Համանման պատկեր է ձևավորվել նաև բյուջեի զուտ վարկավորման հոդվածի գծով, այն է` ինն ամիսների ընթացքում ձևավորված փաստացի ցուցանիշը կազմել է տարեկան ծրագրվածի 104%-ը:

Այլ է պատկերը կապիտալ ծախսերի գծով, երբ կիսամյակի ընթացքում իրականացված կապիտալ ծախսերը կազմել են կիսամյակի համար ծրագրվածի 79 %-ը (թերի կատարումը առկա է և ներքին, և արտաքին աղբյուրների գծով), իսկ ինն ամիսների արդյունքներով` այն կազմել է տարեկան ծրագրվածի 56.8%-ը: Միևնույն ժամանակ, ինն ամիսների արդյունքներով գրանցվել է ընթացիկ ծախսերի տարեկան ծրագրի նկատմամբ 66% մակարդակ, ընդ որում, որոշ հոդվածների գծով` պահուստային ֆոնդ և երաշխիքներ` 99%, ապրանքների և ծառայությունների ձեռքբերում` 73%: Ծախսերի նման բաշխվածության պայմաններում պարզ չէ, թե առաջնայնության ինչ սկզբունքով են իրականացվել պետական ծախսերը, և ծրագրված համամասնություններից շեղումները ինչպիսի խնդիրներ կառաջացնեն մակրոտնտեսական տարեկան ծրագրված ցուցանիշերի ապահովման տեսանկյունից:

Անցած ինն ամիսներին ձևավորված տնտեսական միջավայրը չէր խթանում սղաճի ծրագրային մակարդակի ձևավորումը: Նախ` համաշխարհային տնտեսության գլոբալ անկումը, ուղեկցվելով գների անկմամբ, ուղղակի անդրադարձել է ՀՀ-ում գների մակարդակի վրա ներմուծման գների անկման միջոցով: Մյուս կողմից` տնտեսական աճի նման բարձր տեմպերը ձևավորվել են հիմնականում այն ճյուղերի հաշվին, որոնք ունեն աճի բարձր պոտենցիալ (գյուղատնտեսություն և ծառայություններ): Նշվածի արդյունքում արձանագրված ՀՆԱ-ի աճի բարձր տեմպը չհանգեցրեց գների համապատասխան աճի:

Դրամավարկային քաղաքականությունն իրականացվել է իրական հատվածում տեղի ունեցող զարգացումներին համապատասխան, փողի պահանջարկին համահունչ: Ինն ամիսների արդյունքներով այն ընդլայնողական բնույթ է ունեցել` չնայած սղաճի ցածր մակարդակին: Այսպես, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ փողի բազայի աճի տեմպը կազմել է 23.3%, իսկ դրամական զանգվածինը` 23.4%: Դրամական ցուցանիշերի նման աճի տեմպերը ուղեկցվել են և 6-9 ամսվա ժամկետայնությամբ պետական պարտատոմսերի տոկոսադրույքների նվազմամբ (նախորդ տարվա սեպտեմբերի 23.9%-ից մինչև այս տարվա սեպտեմբերի 17.7%), և բանկային համակարգում իրացվելիության բավարար մակարդակի, այն է` ինն ամիսների ընթացքում միջին` 1.3 մլրդ դրամ ավելցուկ պաշարների առկայությամբ:

Ամփոփելով նշենք, որ 2001 թվականի տարեկան ծրագրի կատարման ավարտին մնացած ամիսների ընթացքում առկա բազմաթիվ անորոշությունները կարող են հանգեցնել պարտքերի կուտակման և դրանց փոխանցմանը հաջորդ տարի: Մեկ անգամ ևս նշենք, որ ՀՀ պետբյուջեի կողմից ներքին պարտքերի կուտակումը, որպես կատարված աշխատանքի դիմաց չվճարում, լուրջ խոչընդոտ է տնտեսության բնականոն գործունեության համար:

 

2. «ՀՀ 2002 թվականի պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարմանն առնչվող խնդիրները

 

2001 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ընթացքը ևս մեկ անգամ վկայում է, որ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում առկա խնդիրներն ունեն անփոխարինելի և կենսական նշանակություն մակրոտնտեսական ծրագրված նպատակներին հասնելու` երկրի բնականոն զարգացումն ապահովելու հարցում: Չլուծվող խնդիրները, տարեցտարի տեղափոխվելով, չեն նպաստում այդ խնդիրների լուծմանը, այլ միայն բարդացնում են դրանց լուծման պայմանները: Ուստի, մինչ 2002 թվականի բյուջեի քննարկումը, անհրաժեշտ է անդրադառնալ միջինժամկետ տնտեսական ծրագրերին:

2002 թ. կանխատեսվում է ՀՆԱ-ի 6.0% իրական աճ` հիմնականում արդյունաբերության 7.5% (ազդեցությունը ՀՆԱ-ի աճի վրա` 1.5 տոկոսային կետ), ծառայությունների 3.5% (1.3 տոկոսային կետ), շինարարության 11.0 % (1.1 տոկոսային կետ), գյուղատնտեսության 3.5% (0.8 տոկոսային կետ) աճի շնորհիվ: Արդյունաբերության աճը հիմնականում կպայմանավորվի մի շարք գործարանների վերագործարկմամբ, ինչպես նաև էլեկտրաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհման արդյունքում էներգետիկայի ճյուղի բարելավմամբ:

 

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԻՆԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐ *

 

ՑՈՒՑԱՆԻՇԵՐ  1996  1997  1998  1999  2000  2001  2002  2003  2004   2005
ՀՆԱ, իրական աճ (%) *  5.8  3.3  7.3  3.3  6.0  7.5  6.0  6.5  6.5  6.5

Սղաճ, նախորդ տարվա վերջի նկատմամբ (%)

 5.6  21.7  -1.3  2.0  0.4  3.5  3.0  3.0  3.0  3.0
Սղաճ, նախորդ տարվա նույն ժամ. նկատմամբ (%)  18.7  13.8  8.7  0.6  -0.8  2.5  3.0  3.0  3.0  3.0
Փողի զանգվածի (ժամ.միջին) աճը (%)  33.8  39.0  27.5  21.4  21.1  28.6  14.7  20.0 19.0  18.0
Արտահանում/ /ՀՆԱ (%)  23.1  20.2  19.0  20.7  23.4  25.6  25.5  26.1   26.2  26.3
Ներմուծում/ /ՀՆԱ (%)  55.1  58.2  52.8  49.8  50.8  46.9  45.3   45.6  44.8  44.0
Վճ. հաշվի ընթացիկ հաշիվ (առանց պաշտոն. տրանսֆերտների) ՀՆԱ (%) -25.5 -27.8 -27.2 -21.7 -19.9 - 14.1 -13.1 -13.0 -11.5  -9.9
ՀՀ պետբյուջեի պակասուրդ (ներ.սեփ միջ.) /ՀՆԱ (%)  -8.7  -5.8  -4.3  -5.2  -4.8  -4.3  -4.6   -3.0  -2.5  -2.5
ՀՀ պետբյուջեի հարկեր/ՀՆԱ  10.6  12.0  13.6  16.1  14.8  14.8  15.5  16.9  17.7  18.1
Համախառն արտաքին պահուստներ (առանց. սեփ. միջ.) (ներմուծման ծածկույթ ամիսներով  2.3  3.0  3.5  4.0  3.9  4.1  3.8  3.6  3.5  3.5

 

* Ցուցանիշերը 1996-2000 թթ. փաստացի են, 2001 թ.` ծրագրային, իսկ 2002-2005 թթ.` ՀՀ ԿԲ գնահատականներ:

 

2002 թվականի հարկաբյուջետային քաղաքականության ծրագրված համամասնությունների պահպանման խնդրի ներքո առավելագույն ջանքեր է պահանջվում ՀՆԱ-ում հարկերի հավաքագրման մակարդակի բարձրացման ուղղությամբ: Կարևորագույն խնդիր է մնում ՀՀ հարկային և մաքսային համակարգերի գործունեության օրենսդրական ու նորմատիվային դաշտերի կատարելագործումը, որը կնպաստի ՀՀ պետբյուջեի ծրագրված համամասնությունների ապահովմանը:

Հարկաբյուջետային քաղաքականության բնագավառում դեռևս առկա են որոշ խնդիրներ, որոնց լուծումներից է կախված տնտեսությունում երկարաժամկետ և արդյունավետ ներդրումների համար բարենպաստ ու կայուն դաշտի ապահովումը: Միջոցառումների իրականացման լայնածավալ ծրագիր է անհրաժեշտ տնտեսության ստվերային հատվածի կրճատման ուղղությամբ, որոնցից, թերևս, կարելի է նշել կանխիկ շրջանառությամբ իրականացվող գործարքների ծավալների նվազեցումը: Վերջինս իր հերթին դրական կանդրադառնա ֆինանսական միջնորդության վրա, հետևաբար կընդլայնվեն տնտեսության ֆինանսավորման հնարավորությունները: Հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության ապահովման տեսանկյունից ցանկալի կլինի «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված համամասնությունների ապահովումը զուգորդել պետական ծախսերում կանխիկի շրջանառության կրճատմանն ուղղված առավելագույն ջանքերի ներդրմամբ:

Նախորդ տարիների և 2001 թվականի բյուջեի կատարման գործընթացում վերը նշված խնդիրների առկայությունը վկայում է, որ ծրագրերի կատարման համար վճռորոշ նշանակություն ունի ծրագրային ցուցանիշերի իրատեսական մակարդակների սահմանումը: Այդ տեսանկյունից «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ներկայացված 2002 թվականի հարկերի կանխատեսումները հիմնավորվածության մակարդակով զիջում են նախորդ տարիների կանխատեսումներին: 2002 թվականի հարկերի վերաբերյալ նախագծում ներկայացված կանխատեսումների և ընթացիկ տարում հարկերի հավաքագրման վերը նշված խնդիրների առկայության պայմաններում ռիսկային է դառնում 2002 թվականի հարկերի ծրագրված մակարդակի ապահովումը: Այդուհանդերձ, նպատակահարմար կլիներ ՀՀ 2002 թվականի պետբյուջեի հարկերի կանխատեսման բացատրագրի մեջ մանրամասն ներկայացնել 2002 թվականին հավաքագրվելիք հարկերը (ըստ բոլոր հարկատեսակների) ըստ հետևյալ բաշխվածության`

- օրենսդրության մեջ կատարվելիք փոփոխությունների հաշվին,

- տնտեսական աճի ծրագրված ցուցանիշի հաշվին (ըստ ճյուղային կառուցվածքի),

- վարչարարության ուժեղացման հաշվին,

- տնտեսության ստվերային հատվածի կրճատման հաշվին:

Նշվածը հնարավորություն կտա տարվա ընթացքում արդյունավետ կառավարել բյուջեի ցուցանիշերի ծրագրված համամասնությունների ապահովման գործընթացը, ինչպես նաև իրական նախադրյալներ կստեղծի հետագա տարիների բյուջեի ցուցանիշերի ծրագրավորման որակի բարելավման համար: Դրա հետ մեկտեղ, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման արդյունավետության բարձրացման շնորհիվ, հնարավոր կլինի ավելի հարթ ու սահուն ընթացքով ապահովել ծրագրված համամասնությունները:

2002 թ. բյուջեի ծրագրային ցուցանիշերի հիման վրա հաշվարկված հարկաբյուջետային ազդակները ցույց են տալիս, որ ամբողջական պահանջարկի վրա (6% տնտեսական աճ և 3.0% դեֆլյատոր) հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա չեզոք ազդեցություն (0.1%): Այսինքն` ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի կատարումը բավարար կլինի ամբողջական պահանջարկի վերը նշված ցուցանիշերի ապահովման համար:

2002 թվականի ՀՀ պետական պարտքի կայունության տեսանկյունից նպատակահարմար է հիմք ընդունել 2001 թվականի պարտք/ՀՆԱ ցուցանիշը կայուն պահելու պայմանը` առանց տվյալ տարում կուտակված և հաջորդ տարի փոխանցված ներքին պարտքերի: ԿԲ կողմից կատարված վերլուծությունների արդյունքում (պարտքի կայունության հաշվարկման մեթոդաբանությունը հրապարակվել է ՀՀ ԿԲ կողմից) անհրաժեշտ է 2002 թվականին ՀՀ պետբյուջեի առաջնային պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը պահպանել 2.5% մակարդակին` միաժամանակ ունենալով եկամուտներ/ՀՆԱ 16.8 % մակարդակ: ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի նախագծում այդ ցուցանիշերը կազմում են` առաջնային պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը` 2.4% և եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը` 17.0%, որից 1%-ը բաժին է ընկնում դրամաշնորհներ/ՀՆԱ ցուցանիշին, այն է` պահպանվում է պարտքի կայունության պայմանը:

2002 թվականին ՀՀ պետբյուջեի տարեկան ծախսերի 20.6%-ը և պակասուրդի 92.6%-ը արտաքին աղբյուրների հաշվին (նպատակային ծրագրեր, արտաքին վարկեր և դրամաշնորհներ) ֆինանսավորելը նախատեսելու հետևանքով ՀՀ պետական բյուջեի ծախսերի և պակասուրդի ծրագրային մակարդակների ապահովումը մեծապես կախված կլինի արտաքին միջոցների ստացումից այն պարագայում, երբ այդ միջոցների նախատեսված ժամկետներում և ակնկալվող ծավալներով ստացման գործընթացում վերջին տարիների ընթացքում մշտապես շեղումներ են արձանագրվել:

 

3. Առաջարկություններ «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

«ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հարկաբյուջետային քաղաքականության համամասնությունները ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ համադրելու և վերջիններիս կոորդինացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկում ենք վերը նշված օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Օրենքում առանձին տողով արտացոլել ՀՀ կառավարության կողմից 2002 թվականին տրամադրվելիք երաշխիքների հանրագումարը և դրանց գծով պարտավորությունների չկատարման դեպքում ՀՀ պետբյուջեի պահուստաֆոնդի հաշվին նախատեսվող ծախսերը: Նշվածը հնարավորություն կտա գնահատել բյուջեի պակասուրդի վրա պետության պայմանական պարտավորությունների ազդեցության չափը և ժամանակին ճշգրտել դրամավարկային քաղաքականության ծրագրային համամասնությունները:

2. «ՀՀ 2002 թվականի պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում առանձին հավելվածով ներկայացնել բյուջեի հաշվեկշռի հետ կապված հետևյալ հոդվածները`

- կուտակված հարկային ապառքները` ըստ հարկատեսակների,

- բյուջեի կողմից նախորդ տարիներին կուտակված պարտքերը` ըստ ծախսերի տնտեսագիտական դասակարգման,

- շրջանառության մեջ գտնվող մուրհակների ընդհանուր քանակը և գումարը:

 

3. Ներկայացնել 2002 թվականի ընթացքում սուբսիդիաների տրամադրման հիմքում ընկած հիմնավորվածությունը և նշված հոդվածի բացվածքը ըստ տնտեսության ճյուղերի:

 

Բացի վերոհիշյալներից, առկա են մի շարք խնդիրներ, որոնք դրսևորվել են նաև նախորդ տարիներին (նշված խնդիրներին անդրադարձել ենք նախորդ տարիների ՀՀ պետբյուջեի մասին ՀՀ օրենքների վերաբերյալ ՀՀ ԿԲ եզրակացություններում), և դրանց լուծումները կարևոր են բյուջեի կատարման համար: Դրանցից նշենք`

- համայնքների բյուջեների կատարման նկատմամբ վերահսկողության և հաշվետվելիության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև համախմբված բյուջեի վիճակագրության կատարելագործման և հրապարակայնության ապահովումը.

- նպատակային և այլ վարկային ծրագրերի արդյունավետության բարձրացումը և այդ միջոցների ծախսման հաշվետվությունների ու թափանցելիության ապահովումը.

- տարվա ընթացքում պետության կողմից կարգավորվող գների փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության նախօրոք ապահովումը:

 

4. Առաջարկություններ «ՀՀ 2002 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ուղերձի 2002 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին զեկույցի վերաբերյալ

 

1. Նախ և առաջ, ուղերձի «ՀՀ կառավարության զեկույցը 2002 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին» հատվածում նկարագրված դրույթները շատ ընդհանրացված են և կարիք ունեն քննարկվող ոլորտների վերաբերյալ առաջադրված խնդիրների իրականացման հնարավորությունների ու անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովվածության լրացուցիչ հիմնավորման:

2. ՀՀ 2002 թ. սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին զեկույցը ցանկալի է ուղղորդել կոնկրետ միջոցառումների, մասնավորապես 2000 թ. օգոստոսին ՀՀ կառավարության N 473 որոշմամբ ընդունված «ՀՀ կառավարության գործունեության ծրագիրն ապահովող միջոցառումների» ծրագրով:

3. Ուղերձում ներկայացված տնտեսության զարգացմանն ուղղված միջոցառումները ցանկալի է ներկայացնել ՀՀ կառավարության կողմից հաստատված «Աղքատության կրճատման միջանկյալ ռազմավարական ծրագրի» դրույթներին համապատասխան:

4. Առաջարկում ենք «Տնտեսության զարգացում» բաժնի «ա» կետից հանել «արդյունաբերության» բառը, քանի որ մասնավոր հատվածն ընդգրկում է արդյունաբերության մի մասը:

5. «Գյուղատնտեսություն» (էջ 8) բաժնի էջ 9-ի առաջին պարբերությունում խոսվում է գյուղատնտեսության վարկավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաև այդ բնագավառում բազմաթիվ խոչընդոտների վերացման մասին: Անհրաժեշտ է փաստաթղթում ավելացնել նաև նշված վարկավորման հնարավոր աղբյուրների և խոչընդոտների վերացման հիմնական ուղիների մասին տեղեկատվություն:

6. «Առողջապահություն» բաժնում առողջապահության սոցիալական ուղղվածության մասին հիշատակելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև այս ոլորտում գոյացած բյուջեի մեծածավալ ապառքներին և դրանց վճարմանն ուղղված միջոցառումներին:

7. «Էներգետիկայի բնագավառ» բաժնում (էջ 21) ներկայացնել կուտակված պարտքերի մարման ժամանակացույցը, ինչպես նաև անհրաժեշտ է ավելացնել համակարգի վճարունակության բարձրացման, ընթացիկ ճեղքվածքի գոյացման բացառման, գերկորուստների և տեղ գտած չարաշահումների կտրուկ նվազմանն ուղղված հիմնական ուղիներն ու մեթոդները:

8. «Տրանսպորտ» բաժնում (էջ 24) ընդհանրապես հիշատակված չէ Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին ճանապարհաշինության բնագավառում իրականացվող ծրագրերի մասին:

9. «Ջրային պաշարներ և ջրային տնտեսություն» բաժնում ցանկալի է պարզաբանել սուբսիդիաների տրամադրման կարգը, ինչպես նաև անդրադառնալ կուտակված պարտքերի մարման հիմնախնդրին:

10. «Հարկային քաղաքականություն» բաժնում 2002 թվականին իրականացվելիք հարկային վարչարարության բարեփոխումների ծրագիրը ներկայացված է շատ ամփոփ, մինչդեռ ցանկալի կլիներ այն տեսնել կոնկրետ միջոցառումների տեսքով:

11. Պետական ծախսերը նույնպես անհրաժեշտ է ներկայացնել առանձին բաժնում, որտեղ կներկայացվեն ծախսային քաղաքականության հիմնական սկզբունքները` ելնելով կայուն տնտեսական աճի և աղքատության կրճատման ապահովման նպատակներից, ինչպես նաև ծախսերի կառավարման բնագավառում 2002 թվականին իրականացվելիք միջոցառումները:

 

5. Առաջարկություններ «ՀՀ 2002 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ուղերձի 2002-2004 թթ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշերի կանխատեսումների հատվածի վերաբերյալ

 

- Նշված հատվածում մանրամասնորեն ներկայացնել ճյուղերի նկարագրված միտումների և բարեփոխումների ազդեցությունը 2002 թ. ՀՆԱ-ի իրական աճի վրա: Որպեսզի 2002-2004 թվականներին ՀՆԱ-ի ծախսային կառուցվածքում տեղի ունենան ներկայացված զարգացումները, անհրաժեշտ կլինի էապես բարելավել ՀՀ-ում ներդրումային միջավայրը և նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսության մրցունակության բարձրացման ուղղությամբ: Մինչդեռ, տեքստում ներկայացված չեն վերջիններիս իրականացման վերաբերյալ միջոցառումները: Այդ պարագայում անհրաժեշտ է նաև պարզաբանել 2003-2004 թթ. ծրագրային ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում:

- Տեքստում օգտագործված վիճակագրական տվյալների և 42-43 էջերի աղյուսակային տվյալների միջև առկա է անհամապատասխանություն. մասնավորապես, էջ 35-ի 3-րդ պարբերությունում առևտրային հաշվեկշռի պակասուրդի 2000 թվականի ցուցանիշը տրվում է 27.4, իսկ աղյուսակից ստացվում է 24.3:

- Վճարային հաշվեկշռին վերաբերող հատվածի 6-րդ պարբերությունում նշված ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի կրճատումը և միջինժամկետ հատվածում վերջինիս միջազգային չափանիշերով ընդունելի սահմանների ապահովումը վիճելի է: Տարբեր երկրների վճարային հաշվեկշիռների վերլուծությունները ցույց են տալիս, որ չկան նշված ցուցանիշի գծով միասնական սահմանված չափանիշեր` կախված ոչ պարտքային աղբյուրներով ընթացիկ հաշվի պակասուրդի ֆինանսավորման առկայությունից, արտաքին պարտքը սպասարկելու կարողությունից, ներդրումների աճից ու դրանց օգտագործման արդյունավետությունից և մի շարք այլ գործոններից:

- Պետական պարտքին վերաբերող հատվածում բացակայում են արտաքին պարտքի ցուցանիշերը և վերլուծությունը: Բացի այդ, նշված հատվածում ներկայացված պարտքի ռազմավարությունը, այն է` մինչև 2004 թվականը ՀՀ տոկոսադրույքների հետագա իջեցման և պարտատոմսերի թողարկման ծախսերի նվազմանը զուգընթաց պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրների փոխարինումը ներքին աղբյուրներով, ԿԲ կարծիքով, ունի լրացուցիչ հիմնավորման կարիք: Նպատակահարմար կլիներ ներկայացնել նշվածին հասնելու համար անհրաժեշտ գործիքների և տեղաբաշխման մեխանիզմների կատարելագործման ուղիները:

- «Գներ և փոխարժեք» հատվածում նշված է, որ 2001 թվականի հոկտեմբերից սկսած` ՀՀ ԿԲ-ն իրականացրել է ընդլայնողական քաղաքականություն, մինչդեռ վերջինիս կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունն ամբողջ տարվա ընթացքում է կրել ընդլայնողական բնույթ, իսկ հոկտեմբերից` առավել ընդլայնողական, որպեսզի չեզոքացվեր համախառն պահանջարկի և սղաճի վրա հարկաբյուջետային քաղաքականության զսպողական ազդեցությունը:

 

6. «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կատարման ներքո մակրոտնտեսական քաղաքականությանն առնչվող ռիսկերը

 

Առկա են երկու խումբ ռիսկեր.

1. ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության հետ կապված այն ռիսկերը, որոնք համախառն պահանջարկի վրա կթողնեն կրճատողական ազդեցություն: Այդպիսի ազդեցություն կարող են թողնել հետևյալ հավանական զարգացումները`

- 2001 թվականի բյուջեով նախատեսված հարկային եկամուտների թերհավաքագրումը, որի հետևանքով կաճեն հաջորդ տարիներ տեղափոխվող ապառքները.

- արտաքին ֆինանսավորման թերստացումը` պայմանավորված Համաշխարհային բանկի և այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման նախապայմանների ժամանակին չիրականացման հետ.

- դրամաշնորհների` 2002 թվականին նախատեսված ծավալների թերի ստացումը, որը առկա էր նաև նախորդ մի քանի տարիներին.

- արտաքին պարտքի վերաձևակերպումների ձգձգումը:

2. Ռիսկեր, որոնք համախառն պահանջարկի վրա կունենան ընդլայնողական ազդեցություն: Այդպիսի ազդեցություն կարող են թողնել հետևյալ հավանական զարգացումները`

- նախորդ տարիների ընթացքում չկատարված բյուջետային ծախսերի գծով կուտակված պարտքերի չնախատեսված վճարումներ, որը կարող է պայմանավորված լինել Ռուսաստանի Դաշնության կամ այլ վարկատուներին մարվող պարտքերի հետաձգման հետևանքով առաջացած խնայողություններով, կամ արտաքին վարկերի ստացմամբ.

- քանի որ ՀՀ կառավարության կողմից ներկայացված առանց սեփականաշնորհման միջոցների ծախսումների բյուջեի ծրագիրը համադրելի է ՀՆԱ-ի ծրագրային 9.2% անվանական աճին (ըստ գնահատված ազդակների), ապա սեփականաշնորհման միջոցների լրացուցիչ ծախսումները կհանգեցնեն համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ավելի ընդլայնողական ազդեցության:

Վերոնշյալ ռիսկերի դրսևորումները կանդրադառնան հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման վրա և կթուլացնեն այդ քաղաքականությունների արդյունավետությունը:

Ամփոփելով նշենք, որ ներկայացված խնդիրների լուծումների և նշված ռիսկերի նվազեցման, ինչպես նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններ իրականացնող կառույցների կոորդինացման, հաշվետվելիության մակարդակի բարձրացման պայմաններում հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ կառավարել ամբողջական պահանջարկը` ապահովելով և սղաճի, և տնտեսական աճի ընտրված մակարդակները: Մեկ անգամ ևս նշենք, որ ԿԲ կարծիքով, լավագույն մոտեցումը հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների եռամսյակային հաշվետվությունների ներկայացումն է ՀՀ Ազգային ժողով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան