Գլխավոր տեղեկություն
Համար
N 51
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.12.2001-22.05.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.11.27/20(83) Հոդ.172
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.05.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2001

603.0051.29.05.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

29 մայիսի 2001 թ.
ք. Երևան

N 51

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ անհատ ձեռնարկատերերի մասով բիզնես ռեգիստրի տվյալների բազայի ձևավորման համար տեղեկությունների հավաքագրումը ուղղակի աղբյուրներից գործում է 2003 թվականի հունվարի 1-ից:


Նախագահ`


Ս. Մնացականյան

 


Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
29 մայիսի 2001 թ. թիվ 51 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի (հետայսու` բիզնես ռեգիստր), վարման, ինչպես նաև դրանում պահվող տեղեկությունների օգտագործման կարգն ու պայմանները և մշակվել է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ով և «Հայաստանի Հանրապետության 2001-2003 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի կետ 6-ով և 4-րդ գլխի երկրորդ մասի կետ 4-ով սահմանված դրույթների:

Բիզնես-ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է, որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

 

2. ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱԳՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Բիզնես ռեգիստրի վարման բնագավառում ծագող հարաբերությունների մասնակիցների իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հայաստանի Հանրապետության 2001-2003 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով, ՀՀ ՎՊԽ կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրով», ինչպես նաև պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

 

3. ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐԸ

 

Բիզնես ռեգիստրը Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրական գտնվելու վայրի, գործունեության հիմնական և ոչ հիմնական տեսակների, աշխատողների թվաքանակի և սույն կարգի չորրորդ կետով սահմանված այլ ցուցանիշների մասին, մշտապես արդիականացվող տվյալների բազա է: Բիզնես ռեգիստրի ստեղծումը և վարումն իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում վարվող պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների հիման վրա:

 

4. ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

 

Բիզնես ռեգիստրի տվյալների բազայում ներառվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները:

 

5. ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ

 

Բիզնես ռեգիստրի տվյալների բազան ներառում է.

Իրավաբանական անձանց համար.

ա) իրավաբանական անձի ծածկագիրը (ՁԿԴ),

բ) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

գ) պետական ռեգիստրում գրանցման համարը,

դ) պետական գրանցման ամսաթիվը,

ե) իրավաբանական անձի լրիվ անվանումը,

զ) կազմակերպական-իրավական ձևը,

է) տեղեկություններ հիմնադիրների (մասնակիցների) վերաբերյալ (պետություն, համայնք, քաղաքացի, իրավաբանական անձ),

ը) իրավաբանական անձի գտնվելու վայրը (փոստային հասցեն), հեռախոսահամարը, ինչպես նաև հայեցողական կարգով` ֆաքսը և էլեկտրոնային փոստի հասցեն,

թ) գործունեության հիմնական տեսակը,

ժ) գործունեության ոչ հիմնական տեսակները,

ժա) հիմնական և ոչ հիմնական գործունեության տեսակների իրականացման հասցեները,

ժբ) արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) ըստ փաստացի իրականացվող գործունեության տեսակների,

ժգ) աշխատողների միջին ցուցակային թվաքանակը` ըստ փաստացի իրականացվող գործունեության տեսակների,

ժդ) գործում է, թե ոչ*,

ժե) տեղեկություններ ներկայացուցչությունների և մասնաճյուղերի (այդ թվում օտարերկրյա պետություններում) առկայության և հասցեների մասին:

Անհատ ձեռնարկատերերի համար.

ա) անունը, ազգանունը,

բ) հարկ վճարողի հաշվառման համարը,

գ) պետական ռեգիստրում գրանցման համարը,

դ) պետական գրանցման ամսաթիվը,

ե) բնակության վայրը,

զ) պետական գրանցման վայրը (եթե չի համընկնում բնակության վայրի հետ), հեռախոսահամարը, ինչպես նաև հայեցողական կարգով` ֆաքսը և էլեկտրոնային փոստի հասցեն,

է) գործունեության հիմնական տեսակը,

ը) գործունեության ոչ հիմնական տեսակները,

թ) արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) ըստ փաստացի իրականացվող գործունեության տեսակների,

ժ) աշխատողների միջին ցուցակային թվաքանակը` ըստ փաստացի իրականացվող գործունեության տեսակների,

ժա) անհատ ձեռնարկատերը աշխատում է (գործում է), թե ոչ*:

 

6. ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

Բիզնես ռեգիստրի տվյալների բազայի ձևավորման աղբյուրներն ըստ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի լինում են ուղղակի և անուղղակի:

Բիզնես ռեգիստրի բազայի ձևավորման ուղղակի աղբյուր են հանդիսանում վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից լրացվող բիզնես ռեգիստրի տարեկան հարցաթերթերը:

Բիզնես ռեգիստրի բազայի ձևավորման անուղղակի աղբյուրներ են հանդիսանում վարչական ռեգիստրներից ստացվող սույն կարգի 5-րդ կետում նշված տվյալներ պարունակող տեղեկությունները: Այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը պետք է հաստատվի բիզնես ռեգիստրի տարեկան հարցաթերթի միջոցով:

 

7. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ

 

Ուղղակի աղբյուրների դեպքում` բիզնես ռեգիստրի վարման համար անհրաժեշտ տեղեկությունները հավաքագրվում են բիզնես ռեգիստրի տարեկան հարցաթերթի միջոցով, որում պարունակվող ցուցանիշները և դրանց հաշվարկման մեթոդաբանությունը (հրահանգը) սահմանվում են ՀՀ ՎՊԽ որոշմամբ:

Բիզնես ռեգիստրի հարցաթերթը վիճակագրական տեղեկություններ տրամադրողներն ինքնուրույնաբար են ներկայացնում, եթե դրանց լրացման հրահանգում այլ բան նախատեսված չէ:

Բիզնես ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթերի լրացման և ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով, ՀՀ ՎՊԽ կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրով», ինչպես նաև պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

 

8. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ

 

Անուղղակի աղբյուրների դեպքում` բիզնես ռեգիստրի վարման համար անհրաժեշտ տեղեկությունները հավաքագրվում են վիճակագրական փաստաթղթերի տեսքով, անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային տարբերակով` հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ ՎՊԽ կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրով», ինչպես նաև պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները:

 

9. ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Բիզնես ռեգիստրի տվյալների բազան արդիականացվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ստեղծման, վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում), լուծարման և այլ դեպքերում:

Բիզնես ռեգիստրում պահվող տեղեկություններն արդիականացվում են ստորև նշված աղբյուրներից տեղեկությունների ստանալուն զուգընթաց.

ա) բիզնես ռեգիստրի տարեկան հարցաթերթերի (պետական վիճակագրական հաշվետվության) միջոցով հավաքագրվող տեղեկությունների դեպքում` սույն կարգի 7-րդ կետում նշված կարգով,

բ) ՀՀ ԱՎԾ կողմից հավաքագրվող այլ պետական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա,

գ) այլ վիճակագրական փաստաթղթերի միջոցով հավաքագրվող տեղեկությունների դեպքում` սույն կարգի 8-րդ կետում նշված կարգով, մասնավորապես`

- ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից,

- ՀՀ պետական եկամուտների նախարարությունից,

- ՀՀ լիցենզավորող մարմիններից,

- այլ աղբյուրներից,

դ) ՀՀ ԱՎԾ կողմից իրականացվող ընտրանքային հետազոտությունների հիման վրա,

ե) այլ աղբյուրներից:

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության տեսակների (հիմնական և ոչ հիմնական), աշխատողների միջին ցուցակային թվաքանակի և գործել-չգործելու վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ կատարվում են, եթե փոփոխությունը առկա է առնվազն մեկ տարվա ընթացքում (արձանագրվել է բիզնես ռեգիստրի տարեկան հարցաթերթում առնվազն երկու անգամ): Այս դեպքերի համար բիզնես ռեգիստրի վարման և արդիականացման համար հաշվարկային պահ է համարվում համապատասխան տարվա հոկտեմբերի 1-ը:

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տեղեկությունների պահպանման և դրանց արդիականացման նպատակով բիզնես ռեգիստրի բաժնում վարվում է էլեկտրոնային քարտարան:

 

* Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:


Գրանցված է
Հայաստանի Հանրապետության

 արդարադատության նախարարության կողմից
12 նոյեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 60301173 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.03.2003, N 06-Ն 22.05.2003, N 51
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան