Գլխավոր տեղեկություն
Համար
N 861
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.01.2002-31.12.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.25/41(173) Հոդ.1019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2002

041.0861.10.12.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2001 թվականի N 861
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՁԵՎԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հասարակական, քաղաքական, գիտական, կրթական, հոգևոր և մշակութային ասպարեզներում ներդրած ավանդի և ունեցած վաստակի գնահատման նպատակով`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր` շնորհակալագիր (ձևը կցվում է), հուշանվեր, դրամական պարգևատրում:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացնելու և խրախուսման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
դեկտեմբերի 10-ի N 861 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետը խրախուսում է շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ` մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների, տնտեսության, ճարտարագիտության, առողջապահության, դիվանագիտության, իրավագիտության, քաղաքագիտության, պետական և հասարակական-քաղաքական գործունեության, նշանակալի բարեգործական գործունեության, սպորտի և այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի, ինչպես նաև վաստակած հանգստի ուղարկելու համար:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի առջև խրախուսանքի միջնորդություն կարող են հարուցել Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները, Հայաստանի Հանրապետության մարզպետները (Երևանի քաղաքապետը) ու հասարակական միավորումները:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետը խրախուսման հարց է բարձրացնում անձնական նախաձեռնությամբ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները 20-օրյա ժամկետում քննարկում և ամփոփում են Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացվող` իր ոլորտին առնչվող կամ համակարգի մեջ մտնող մարմինների (կազմակերպությունների) առաջարկությունները:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացվում միջնորդություն ներկայացնող մարմնի (կազմակերպության) ղեկավարի կողմից:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին կարող են ներկայացվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ ու քաղաքացիություն չունեցող անձինք և կոլեկտիվներ:

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացվող անձի վերաբերյալ կարող են հարուցվել մեկից ավելի միջնորդություններ:

8. Միջնորդագրի հետ միասին Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացվում խրախուսման ներկայացվող անձի`

ա) կենսագրական տվյալները,

բ) բնութագիրը` դրանում ներառելով առանձին ասպարեզներում մատուցած ծառայությունները և ունեցած վաստակը:

9. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացված անձանց մասին միջնորդագրերը քննարկելիս կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ, վերադարձվել լրացուցիչ քննարկման կամ չեզոք կարծիքի:

10. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է վերանայել միջնորդված խրախուսանքի ձևը կամ մերժել միջնորդությունը:

11. Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիրը, հուշանվերը դրամական պարգևատրումը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա հանձնարարությամբ` համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

 Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր

 

 _____________ բնագավառում ունեցած վաստակի, ակտիվ գործունեության և ներդրած ավանդի համար ______________ ին պարգևատրել շնորհակալագրով:

 

 

քաղ. Երևան ___ ________ 2001 թ. N ___