Գլխավոր տեղեկություն
Համար
N 536
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2001-05.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.01/24(156) Հոդ.579
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.04.2003

041.0536.17.07.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2001 թվականի N 536
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ստեղծելու մասին» N 603 որոշման 2-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կոլեգիայի անդամների թիվը` 7 մարդ:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
հուլիսի 17-ի N 536 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեն (այսուհետև` կոմիտե) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմին է:

2. Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

3. Կոմիտեն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

4. Կոմիտեն իրավապահ մարմին է:

5. Կոմիտեի աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն շնորհվում են հատուկ և դասային կոչումներ:

6. Կոմիտեի պաշտոնատար անձանց համար նախատեսվում է ծառայողական համազգեստ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կրելու կանոնները` կոմիտեն:

7. Կոմիտեի պաշտոնատար անձինք իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու և օգտագործելու հաշվեցուցակային հրազեն:

8. Կոմիտեն, նրա մաքսատները և մաքսային կետերն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվամբ կնիքներ, դրոշմակնիքներ ու ձևաթղթեր:

9. Կոմիտեի պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

10. Կոմիտեի գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Կոմիտեի համակարգը կազմված է վերադաս մաքսային մարմնից (կոմիտե), մաքսատներից (այդ թվում` տարածաշրջանային) և մաքսային կետերից:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Կոմիտեի հիմնական խնդիրներն են`

ա) իր իրավասության սահմաններում համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը.

բ) մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ապահովումը և մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) մաքսային վճարների գանձման և դրանք ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ապահովումը, մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտավորությունների գանձման գծով աշխատանքների կատարումը.

դ) մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը, կանխումն ու բացահայտումը.

ե) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման ապահովումը.

զ) մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացման ապահովումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.

է) մաքսանենգության, ինչպես նաև մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների դեմ պայքարը, թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական և հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների և բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելը.

ը) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցելը.

թ) սպառողների շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացմանն աջակցելը.

ժ) մաքսային գործին վերաբերող հարցերում միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, համագործակցությունն օտարերկրյա պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ.

ժա) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության վարումը.

ժբ) մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը և մաքսային գործի բնագավառում խորհրդատվական աշխատանքների կատարումը.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան` կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում քաղաքացիների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետև` անձինք) մասին տեղեկությունների (այդ թվում` անձանց կողմից իրականացված և իրականացման ենթակա մաքսային վճարումների) հավաքագրումը.

բ) իր իրավասության սահմաններում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, պետական տուրքի, մաքսատուրքի, այլ պարտադիր վճարների հաշվարկման, գանձման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխելիս մաքսասակագնային մեխանիզմների կիրառման, ներմուծման ու արտահանման սահմանված կարգի կիրառման, ինչպես նաև մաքսային ռեժիմների նկատմամբ հսկողության ապահովումը.

դ) մաքսային հսկողության ու ձևակերպումների կազմակերպումը և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) կրկնակի մաքսային հսկողության իրականացումը.

զ) մաքսային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային մեխանիզմների կատարելագործումը.

ը) մաքսային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, օտարերկրյա պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների և քննարկումների կազմակերպումը, համատեղ համաձայնագրերի, պայմանագրերի, հուշագրերի և այլ նախագծերի պատրաստումը.

թ) մաքսային վիճակագրության վարման նպատակով տեղեկությունների հավաքագրումը.

ժ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հետաքննության վարումը.

ժա) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացումը.

ժբ) մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը.

ժգ) Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման նպատակով օրենքով սահմանված իրավասության սահմաններում միջոցառումների իրականացումը.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի փոփոխությունների մասին անձանց իրազեկման ապահովումը.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորման իրականացումը և այդ գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Կոմիտեն պարտավոր է`

ա) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, անձանց իրավունքներն ու օրինական շահերը,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականներով մշակել և իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան միջոցառումներ,

գ) օրենքով նախատեսված դեպքերում կատարել հետաքննություն,

դ) անձանց մասին տեղեկություններն օգտագործել բացառապես ծառայողական նպատակներով, չհրապարակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առևտրային և բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները,

ե) բացահայտել կոմիտեի աշխատողների կողմից կատարված օրինախախտումները,

զ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

15. Կոմիտեն իրավունք ունի`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնելու անձանց մասին տեղեկությունների (այդ թվում` անձանց կողմից իրականացված և իրականացման ենթակա մաքսային վճարումների) հավաքագրում,

բ) մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով մուտք գործելու անձանց այն շինություններն ու տարածքները, որտեղ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ և տրանսպորտային միջոցներ, մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթեր, իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնց հսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով իրականացնելու փաստաթղթերի և տեղեկությունների ստուգումներ, հաշվառման ու հաշվետվության համակարգերի կիրառման ստուգումներ,

դ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող անձանցից մաքսային հսկողության նպատակով պահանջելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր և տեղեկություններ,

ե) իրականացնելու ծառայողական քննություն` կոմիտեի օրինախախտումներ կատարած աշխատողների նկատմամբ,

զ) աշխատանքների կազմակերպման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներգրավելու մասնագետների, փորձագետների, այլ քաղաքացիների,

է) իրականացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` ուղղված մաքսային իրավախախտումների բացահայտմանը, կանխմանն ու կանխարգելմանը,

ը) անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կիրառելու համապատասխան պատասխանատվության միջոցներ,

թ) դիմելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, դատական մարմիններին` պաշտոնատար և այլ անձանց այն գործողությունների կանխման նպատակով, որոնք խոչընդոտում են կոմիտեի աշխատողների ծառայողական պարտականությունների կատարմանը,

ժ) հայցեր ներկայացնելու դատարան,

ժա) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Կոմիտեն`

ա) կազմակերպում և վերահսկում է մաքսատների և մաքսային կետերի աշխատանքները,

բ) վերլուծում է կոմիտեի համակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերի կիրառման պրակտիկան, մշակում և սահմանված կարգով ապահովում է մաքսային, ինչպես նաև դրան առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների հետագա ընթացքը` դրանք ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն և (կամ) վարչապետի քննարկմանը,

գ) սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի մշակմանը, քննարկմանն ու կնքմանը,

դ) կազմակերպում է ուսուցում և խորհրդատվություններ, զարգացնում և համակարգում է համագործակցությունն այլ երկրների մաքսային մարմինների հետ,

ե) կազմակերպում է համակարգի աշխատողների որակավորման բարձրացման ուսուցում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում աշխատողների ատեստավորում,

զ) իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` այն փաստացի տվյալների ճշտությունն ու ամբողջությունը պարզաբանելու, արձանագրելու, ստուգելու համար, որոնք կարող են ապացույց հանդիսանալ կամ օգնել իրավախախտումների կանխմանը, կասեցմանը և բացահայտմանը,

է) ապահովում է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ ներգրավված քաղաքացիների իրավական պաշտպանվածությունը,

ը) ստեղծում է առանձնացված ստորաբաժանումներ` մաքսային իրավախախտումները նախազգուշացնելու, կանխելու, հայտնաբերելու, մաքսային իրավախախտումների վերաբերյալ գործերով հետաքննություն կատարելու, կոմիտեի մարմինների գործունեության անվտանգությունն ապահովելու, կոմիտեի աշխատողներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս հակաօրինական գործողություններից պաշտպանելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

17. Կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում են օպերատիվ-հետախուզական (մաքսանենգության և մաքսային այլ իրավախախտումների դեմ պայքարի գծով) միջոցառումներ (այսուհետև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)` նախապատրաստվող, կատարվող կամ կատարված մաքսային իրավախախտման մասին առկա տեղեկությունների, ինչպես նաև մաքսային իրավախախտումների կատարման մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար հիմք հանդիսացող տեղեկություններ կարող են պարունակվել քաղաքացիների, պաշտոնատար անձանց, զանգվածային լրատվության միջոցների հայտարարություններում և հաղորդումներում, իրավապահ կամ այլ մարմինների նյութերում:

18. Օպերատիվ-հետախուզական գործունեության սուբյեկտներ են կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները:

19. Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում արգելվում են`

ա) սույն կանոնադրությամբ նախատեսված հիմքերի բացակայության դեպքում սկսել օպերատիվ-հետախուզական միջոցառումները,

բ) կատարել այնպիսի գործողություններ, որոնք վտանգ են սպառնում անձանց կյանքին, առողջությանը և գույքին,

գ) քաղաքացիների նկատմամբ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցներ` կախված նրանց ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից,

դ) քաղաքացիներին ստիպել և հրահրել օրինազանցությունների կատարման,

ե) գործադրել բռնություն, սպառնալիքներ, շանտաժ, քաղաքացիների և պաշտոնատար անձանց իրավունքները, ազատությունն ու օրինական շահերը սահմանափակող և այլ անօրինական գործողություններ:

20. Օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է օրինականության, պետական մարմինների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ու քաղաքացիների հետ համագործակցության, անօրինական գործողությունների կանխման, հրապարակային և անլուր միջոցառումների համատեղման, մասնագիտական էթիկայի պահանջների խիստ պահպանման ու հանցագործություններին ակնհայտ կերպով առնչություն չունեցող քաղաքացիների նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կիրառման բացառման հիման վրա:

21. Օպերատիվ-հետախուզական միջոցների ձեռնարկման պատճառ հանդիսացող տվյալների չհաստատման, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների առկայության դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվում են:

22. Կոմիտեն գլխավորում է կոմիտեի նախագահը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

23. Կոմիտեի նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով կոմիտեի նախագահի հետ:

24. Կոմիտեի նախագահի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը` Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ կոմիտեի նախագահի գրավոր հանձնարարությամբ:

25. Կոմիտեի նախագահը`

ա) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է կոմիտեի` սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,

բ) սահմանում է իր տեղակալների, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունները, հաստատում կոմիտեի կենտրոնական ապարատի, մաքսատների, մաքսային կետերի և այն կազմակերպությունների գործառութային պարտականությունները, որոնց պետական բաժնեմասերի տնօրինման լիազորությունները վերապահված են կոմիտեին,

գ) ներկայացնում է կոմիտեն Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում,

դ) իր իրավասության սահմաններում կամ օրենքով սահմանված դեպքերում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետությունը այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության անունից ստորագրում է միջազգային պայմանագրեր,

ե) հաստատում է մաքսատների, մաքսային կետերի կառուցվածքը, աշխատողների թիվը և դրանց պահպանման ծախսերի նախահաշիվները,

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թիվը,

է) տալիս է լիազորագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, մաքսատների և մաքսային կետերի աշխատողներին` բացառությամբ մաքսատները և մաքսային կետերն սպասարկող անձնակազմի աշխատողների, որոնց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է մաքսատան պետը` համաձայնեցնելով կոմիտեի նախագահի հետ,

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է կոմիտեի համար,

թ) կոմիտեի աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է հատուկ և դասային կոչումներ,

ժ) ծառայողական պարտականությունները խախտելու, պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև արատավոր արարքներ թույլ տալու համար, որպես կարգապահական տույժ, իջեցնում է հատուկ կամ դասային կոչումը,

ժա) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի համակարգի ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները,

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում կոմիտեի աշխատողներին,

ժգ) հաստատում է կոմիտեի կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման ու անցկացման կարգը,

ժդ) ըստ անհրաժեշտության ստեղծում է աշխատանքային հանձնաժողովներ և հանձնախմբեր,

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

26. Կոմիտեի կառավարման հարցերը քննարկվում և լուծվում են կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:

27. Կոմիտեում ստեղծվում է կոլեգիա, որպես կոմիտեի նախագահին առընթեր խորհրդակցական մարմին, որի անդամների թիվն ու անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` կոմիտեի նախագահի ներկայացմամբ: Կոլեգիայի կազմի մեջ մտնում են կոմիտեի նախագահը (կոլեգիայի նախագահ), կոմիտեի նախագահի տեղակալները` ի պաշտոնե, և կոմիտեի կենտրոնական ապարատի և (կամ) մաքսատների այլ ղեկավարներ: Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցերին առնչվող այլ անձինք:

28. Կոլեգիայի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ:

29. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են կոմիտեի նախագահի հրամաններով:

30. Կոմիտեի նախագահի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում կոմիտեի նախագահը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

31. Կոմիտեն ունի խրախուսման նպատակային ֆոնդ, որի միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան օգտագործվում են մաքսային գործի զարգացման և մաքսային մարմինների նյութատեխնիկական և սոցիալական բազայի ապահովման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված նախահաշվին համապատասխան:

32. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է մաքսային մարմինների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
հուլիսի 17-ի N 536 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

Մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատակազմ

Մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչություն

Մաքսային վիճակագրության և եկամուտների կանխատեսումների վարչություն

Մաքսասակագնային կարգավորման վարչություն

Տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչություն

Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն

Հետաքննության և իրավաբանական վարչություն

Մաքսային վերահսկողության վարչություն

Ֆինանսահաշվային վարչություն

Գործերի կառավարչություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.03.2003, N 90-Ն 05.04.2003, N 536
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան