Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 43925/16 և թիվ 43925/16
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 06.04.2023
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2023

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԵՎ ԱՅՎԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատներ թիվ 43925/16 և թիվ 43925/16)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

2 մարտի 2023 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Մանուկյանը և Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

2023 թվականի փետրվարի 2-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Այս գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ Դատարան ներկայացված գանգատների հիման վրա՝ կից ներկայացված աղյուսակում նշված տարբեր օրերին։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

3. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։

4. Դիմումատուները բողոք են ներկայացրել կալանավորման հիմնավոր և բավարար պատճառների բացակայության վերաբերյալ։ Թիվ 43925/16 գանգատի հիման վրա՝ դիմումատուն այլ բողոքներ է ներկայացրել Կոնվենցիայի դրույթների համաձայն։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ

 

5. Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ մեկ վճռում։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

6. Դիմումատուները բողոք են ներկայացրել կալանավորման հիմնավոր և բավարար պատճառների բացակայության վերաբերյալ։ Նրանք հստակորեն կամ ըստ էության հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա։

7. Կառավարությունը դիտարկումներ է ներկայացրել թիվ 3697/20 գանգատի առնչությամբ՝ վիճարկելով ենթադրյալ խախտումը։

8. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան իր ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ ձերբակալված անձը կատարել է հանցանք, շարունակական կալանքի իրավաչափության համար sine qua non (պարտադիր պայման) է, սակայն որոշ ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար: Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվում է հիմնավորված լինել ազատությունից զրկելը: Եթե այդօրինակ հիմքերը «հիմնավոր» և «բավարար» են, ապա Դատարանը նաև պետք է հստակեցնի, թե արդյոք վարույթն իրականացնելիս իրավասու ազգային մարմինները դրսևորել են «պատշաճ ջանասիրություն»։ Դատարանը նաև վճռել է, որ կալանքի ցանկացած ժամկետի համար հիմնավորումը՝ անկախ դրանց կարճ լինելու հանգամանքից, պետք է համոզիչ ձևով ապացուցվի մարմինների կողմից: Անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս մարմինները պարտավոր են դիտարկել այլընտրանքային միջոցներ՝ դատաքննությանը նրա ներկայությունն ապահովելու համար։ Ողջամիտ կասկածի առկայությունից բացի՝ դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կալանավորման համար «հիմնավոր» և «բավարար» պատճառներ ներկայացնելու պահանջն արդեն իսկ կիրառվում է նախնական կալանք նշանակելու մասին առաջին որոշումը կայացնելու ժամանակ, այսինքն՝ ձերբակալելուց «անմիջապես» հետո (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC], (թիվ 23755/07, §§87 և 102, 2016 թվականի հուլիսի 5):

9. Ինչ վերաբերում է թիվ 3697/20 գանգատին, ապա Դատարանը նշում է, որ 2018 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2019 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուի նկատմամբ մինչդատական կալանք կիրառելիս և երկարաձգելիս ներպետական դատարանները մասնավորապես հիմնվել են մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստմանը նրա մասնակցության հիմնավոր կասկածի առկայության, մեղադրանքների ծանրության, դիմումատուի՝ երկիրը կեղծ անձնագրով լքելու նախկին փորձի, ուրիշների վրա ազդելու վտանգի վրա՝ հաշվի առնելով, որ ենթադրյալ հանցագործությունը կատարվել է մի խմբի կողմից, և որ դիմումատուի հանցակիցները դեռևս բացահայտված չեն: Դատարանը պատրաստ է ընդունել, որ ենթադրյալ հանցագործությունների լրջությունը և դիմումատուի վարքագիծը կարող են ողջամտորեն բավարար փաստացի հիմքեր հանդիսանալ՝ արդարացնելով նրա մինչդատական կալանավորումը 2018 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2019 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ թիվ 3697/20 գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:

10. Եվ այդուհանդերձ, ներպետական դատարանները դիմումատուի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ իրենց հետագա որոշումներում սահմանափակվել են կալանավորման մի շարք հիմքեր վերացական և բանաձևային ձևով կրկնելով՝ չներկայացնելով որևէ պատճառ, թե ինչու են իրենք այդ հիմքերը համարել համապատասխան՝ դիմումատուի գործով գործի քննության ընթացքում: Նրանք նաև չեն նշել այդ հիմքերին առնչվող գործին հատուկ որևէ փաստ և չեն հիմնավորել դրանք համապատասխան և բավարար պատճառներով։ Դատարանները դիմումատուին կալանավորելու համար կիրառել են նաև կարծրատիպային ձևակերպում թիվ 43925/16 գանգատի հիման վրա։

11. Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, §§ 48 և հաջորդող մասեր, 2016 թվականի հոկտեմբերի 20) հիմնական գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել այս գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:

12. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը և կողմերի փաստարկները, չի հայտնաբերել այս բողոքների ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ ներկայիս գործում ներպետական դատարանները դիմումատուների մինչդատական կալանավորման ժամկետների համար չեն տրամադրել հիմնավոր և բավարար պատճառներ, ինչպես սահմանված է կից ներկայացված աղյուսակում։

13. Հետևաբար, այս բողոքներն ընդունելի են և դրանցով հայտնաբերվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-ին կետի խախտում։

 

III. ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԿԱՅՈՒՆ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

14. Թիվ 43925/16 գանգատի հիման վրա դիմումատուն ներկայացրել է մեկ այլ բողոք, բարձրաձայնվել է հարց Կոնվենցիայի շրջանակներում՝ հաշվի առնելով Դատարանի ձևավորված կայուն նախադեպային իրավունքը (տե՛ս կից ներկայացված աղյուսակում)։ Այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Ըստ այդմ, այն պետք է հայտարարվի ընդունելի։ Դատարանը, ուսումնասիրելով իր մոտ գտնվող բոլոր նյութերը, եզրահանգում է, որ իր եզրահանգումներով հայտնաբերում է նաև Կոնվենցիայի խախտում համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis). Մամեդովան ընդդեմ Ռուսաստանի [Mamedova v. Russia] (թիվ 7064/05, § 96, 2006 թվականի հունիսի 1), և Նիյազովն ընդդեմ Ռուսաստանի [Niyazov v. Russia] (թիվ 27843/11, § 163, 2012 հոկտեմբերի 16)։

 

IV. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

15. Թիվ 43925/16 գանգատի հիման վրա դիմումատուն բողոք է ներկայացրել՝ համաձայն Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 1–ին կետի առ այն, որ դիմումատուի նկատմամբ կալանավորումը հիմնված չի եղել հիմնավոր կասկածի վրա։ Դատարանը քննել է այս բողոքները և հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, և այնքանով, որքանով բողոքի հիմքում ընկած հարցերի քննությունն իր իրավասության սահմաններում է՝ գտնում է, որ կա՛մ դրանք չեն համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված ընդունելիության չափանիշներին, կա՛մ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ:

Այստեղից հետևում է, որ բողոքը պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետի։

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

16. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

17. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված Արա Հարությունյանի գործը, § 66)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից ներկայացված աղյուսակում նշված գումարները։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Որոշում է միացնել գանգատները,

2. Հայտարարում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ներկայացված բողոքները թիվ 43925/16 գանգատի հիման վրա, և 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքը՝ թիվ 3697/20 գանգատի հիման վրա՝ կից ներկայացված աղյուսակում նշված կալանավորման ժամկետի վերաբերյալ՝ ընդունելի, իսկ բողոքների մնացած մասը՝ անընդունելի,

3. Վճռում է, որ այս գանգատներով հայտնաբերվում է Կոնվենցիայի՝ կալանավորման ժամկետի վերաբերյալ հիմնավոր և բավարար պատճառների բացակայության վերաբերյալ կից ներկայացված աղյուսակում նշված 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում,

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բողոքի վերաբերյալ, որը ներկայացվել է Դատարանի ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ թիվ 43925/16 գանգատի հիման վրա (տե՛ս կից ներկայացված աղյուսակը),

5. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի մարտի 2-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վիկտորիա Մարադուդինա՝

Անյա Սիբերտ Ֆուա՝

 

Բաժանմունքի քարտուղարի

տեղակալի պաշտոնակատար

 

Նախագահ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը

(կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայությունը)

 

Թիվ

Գանգատ թիվ
Ներկայա-ցման ամսաթիվը

Դիմումա-տուի անունը
Ծննդյան ամսաթիվը

Ներկայա-ցուցչի անունն ու գտնվելու վայրը

Կալանա-վորման ժամկետը

Դատարանը, որը կայացրել է կալանա-վորման մասին որոշումը և քննել է բողոքը

Հատուկ թերու-թյուն-ները

Ձևա-վորված կայուն նախա-դեպային իրավունքի համաձայն ներկայա-ցված մյուս բողոքները

Դիմումատու-ներից յուրա-քանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը(եվրոյով)1

Յուրա-քանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի դիմաց շնորհվող գումարը(եվրոյով)2

1.

43925/16

31 օգոստոս 2016թ.

Արամ Մանուկյան

1994 թ.

Պետրոսյան Ինեսա

Երևան

27 հուլիսի 2016թ.
-
26 սեպտեմբերի 2016թ.

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան

Վերաքննիչ քրեական դատարան

դատա-րանների կողմից բերված պատճա-ռների ոչ կայուն բնույթը

 5-րդ հոդվածի 4-րդ կետ կալանա-վորման մասին դատական վերանայման չափազանց երկար տևողու-թյունը Քրեական գործերով վերաքննիչ դատարանն ուսումնա-սիրել է դիմումա-տուի բողոքը 23 օրվա ընթացքում։

2,600

250

2.

3697/20

30 դեկտեմբերի 2019թ.

Սամվել Այվազյան

1975թ.

Հովհաննիսյան Գուրգեն

Երևան

9 մայիսի 2019թ.
-
9 սեպտեմբերի 2019թ.

Երևանի ընդհանուր իրավա-սության դատարան

Վերաքննիչ քրեական դատարան

դատա-րանների կողմից բերված պատճա-ռների ոչ կայուն բնույթը

 

2,000

250

 

_______________________

1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան